25
06, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին Ցյուրիխ քաղաքում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնը, որը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, նպատակ ունի ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդին:

STARMUS-ի 5-րդ փառատոնին այս տարի մասնակցում են տիեզերագնացության «Ապոլոն» ծրագրի մասնակից 7 տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի 12 դափնեկիրներ և արվեստի ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, որոնք քննարկումներ են անցկացնում մասնավորապես միկրոբիոլոգիայի ու կենսաքիմիայի, աստղագիտության և նեյրոգիտության վերաբերյալ:

Փառատոնը բացել է նրա գաղափարի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում:

Ելույթով հանդես է եկել հետազոտության, գիտության և նորարարության գծով Եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջույնի խոսքում փառատոնը համարել է ֆանտաստիկ երևույթ, որը միավորում է գիտնականների ու արվեստագետների։ «Բոլորը մտածում են, որ սա մեր՝ քաղաքական գործիչների վայրը չէ։ Բայց ես այստեղ եմ մի քանի պատճառով։ Դրանցից առաջինը կանվանեմ երազանք, երազանք, քանի որ Գարիկը երազող է։ Նա խենթ բաների մասին է երազում, և դրանք իրականություն են դառնում»,-նշել է նախագահը։

Խոսելով STARMUS-ի մյուս բաղադրիչի՝ արվեստի, մասնավորապես, երաժշտության ազդեցության մասին, նա նշել է, որ Բեռլինի պատը, մյուս պատնեշները չափազանց ցածր էին արգելափակելու երաժշտությունը։ «Կարծում եմ՝ այդ երաժշտությունը հսկայական ազդեցություն է ունեցել աշխարհը, Խորհրդային Միությունը փոխելու, շատ ազգերի, այդ թվում՝ և իմ ազգն անկախ ու ազատ դարձնելու գործում»։

Փառատոնին ներկա գտնվելու կարևոր պատճառը նա վերնագրել է «STARMUS և Հայաստան»։ «Ես հրավիրում եմ հաջորդ՝ վեցերորդ STARMUS-ին գալ Հայաստան։ Ուրախ կլինենք բոլորիդ՝ գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, երաժիշտների, արտիստների, քաղաքական գործիչների տեսնել Հայաստանում,-ընդգծել է նախագահը, նշելով, որ Հայաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է։ - Ես շատ ուրախ կլինեմ ցույց տալ ձեզ յուրահատուկ կրթական վայրեր, քանի որ ձեր թեմաները՝ տեխնոլոգիաները, երաժշտությունը, կրթությունը, մարդկանց ավելի են մոտեցնում գիտությանը»: Նախագահը խոսել է նաև ավելի քան 2800-ամյա Երևանի, ինչպես նաև Մեծամորի՝ ուրարտական շրջանի աստղադիտարանի մասին, մասնավորապես նշելով․ «Հայերը 4500 տարի առաջ նայում էին երկնքին, գրանցում էին տվյալները քարերի վրա։ Ուզում եմ ձեզ ցույց տալ նաև հայտնի Բյուրականի աստղադիտարանը։ Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը»։

Հայաստանի նախագահը ներկայացրել է նախագահական նոր նախաձեռնությունները, որոնցից մեկը կոչվում է ATOM (Advanced tomorrow) և ունենալու է մի քանի բաղադրիչ: Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, ստեղծվելու է նաև «Վաղվա թանգարան», ոչ թե անցյալի գիտության ու տեխնոլոգիաների, այլ՝ ապագայի թանգարան։

Մյուս նախաձեռնությունը «Մեծ պայթյուն» անվանումով նախագահական նոր մրցանակի հիմնումն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այն հանձնվելու է ամեն տարի՝ նորարարությունների, գիտության, տեխնոլոգիաների, կրթական ոլորտներում այն նվաճումների համար, որոնք մեծ պայթյունի ազդեցություն կունենան 21-րդ դարի վրա։ Նախագահը STARMUS-ի հիմնադիրներին և անդամներին՝ հայտնի երաժիշտների, գիտնականների, աստղագետների, հրավիրել է ընդգրկվել ստեղծվելիք խորհրդի կազմում՝ արդեն հաջորդ տարվա հաղթողներին որոշելու համար։

Ցյուրիխյան փառատոնի շրջանակում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ հայտարարվել են 2019 թվականի Սթիվեն Հոքինգի մեդալին արժանացածների անունները: Բրիտանացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբանի անունը կրող մեդալը շնորհվում է նրանց, ովքեր ներդրում են ունեցել արվեստի միջոցով գիտությունը և գիտական բացահայտումները ներկայացնելու ու տարածելու գործում:


***

 


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում զրուցել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանակակից աշխարհում գիտության դերի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացման միտումների շուրջ:

Նախագահն աշխարհահռչակ գիտնականին հրավիրել է STARMUS-ի 6-րդ փառատոնի շրջանակում այցելել Հայաստան:

 

***

 

Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է հետազոտությունների, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդաշի հետ:

Նրանք անդրադարձել են Հայաստանի՝ հետազոտությունների եվրոպական տարածքին ինտեգրվելու, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալու, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում ակտիվ դերակատարությամբ հանդես գալու հնարավորություններին։ Խոսվել է նաև Եվրամիության՝ հետազոտությունների և նորարարության ոլորտների զարգացմանն ուղղված «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին:

 

***

 

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխ քաղաքում անցկացվող միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հանդիպել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը: Խոսքը մասնավորապես վերաբերել է նախագահական նոր՝ ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը: Նախատեսվում է, որ մի քանի բաղադրիչից բաղկացած այս նախաձեռնության շրջանակում ստեղծվելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, կստեղծվի նաև ապագայի թանգարան։

 

***

 

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին: Աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ իրենց տեսակետներն են ներկայացրել օրակարգային թեմաների վերաբերյալ։ Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Լիարժեք ապրելու համար մենք պետք է ամեն օր ինչ-որ նոր բան սովորենք, բացահայտենք, սիրենք ու լինենք ստեղծագործ: Ցանկացած առաքելություն սկսվում է երազանքից, որն այնուհետև դառնում է ստրատեգիական ծրագիր, վերջինս էլ՝ առաքելություն ողջ ազգի համար։ Վստահ եմ, որ մենք առաքելություն ունենք մեր երկիրը դարձնել տեխնոլոգիաների, գիտության ու կրթության կենտրոն, որի համար կան բոլոր նախադրյալները»։

STARMUS փառատոնի շրջանակում նախագահ Սարգսյանը նաև հանդիպումներ է ունեցել մի շարք մասնակիցների հետ։

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կանարյան կղզիների Աստղագիտական ինստիտուտի տնօրեն Ֆրանցիսկո Սանչեսի հետ, քննարկել Բյուրականի աստղադիտարանի հետ համագործակցության հնարավորությունները։

Կանադացի հայտնի ֆիզիկոս, 2018թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Դոննա Սթրիքլենդի հետ նախագահ Սարգսյանը խոսել է գիտության դերի և զարգացման արդի միտումների մասին: Զրուցակիցներն ընդգծել են գիտությամբ զբաղվելու նպատակով երիտասարդությանը խրախուսելու և ոգեշնչելու անհրաժեշտությունը։ Իբրև օրինակ՝ Հայաստանի նախագահը նշել է Դոննա Սթրիքլենդի գիտական նվաճումները և նշանակալի է համարել նրա ավանդը լազերային ֆիզիկայի բնագավառում:

Գիտատեխնիկական առաջընթացն ու Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն են եղել նախագահ Սարգսյանի և «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հանդիպման առանցքային թեմաները: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017 թվականին Թոնի Ֆադելն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին։

Հանդիպումներից հետո պատասխանելով STARMUS -ի նշանակությանը վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակի դափնեկիրների, տասնյակից ավելի տիեզերագնացների (մասնավորապես «Ապոլլո» հայտնի առաքելության աստղագնացներին), ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների համախմբող փառատոնը գիտությունը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է: «STARMUS-ը փառատոն է, որտեղ միասին են հանդես գալիս արվեստը, գիտությունը, աստղագիտությունը, մեծ գիտնականները, մեծ երաժիշտները»,-ասել է Արմեն Սարգսյանը: «Երբ ուսումնասիրում ես տիեզերքը, բացի գիտական արժեքից, բացի այն ձևերից, մեթոդներից, որոնք օգտագործում ենք՝ հասկանալու տիեզերքը, վերջինս ունի մի այլ գեղեցկություն: Հետևաբար, այն նաև արվեստ է և ինչ -որ իմաստով ունի բացարձակ ներդաշնակություն, որը կարող ես գտնել նաև երաժշտության մեջ»:

Գիտատեխնիկական զարգացման թեմայի համատեքստում խոսելով ազգերի միջև մրցակցության մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես ասել է. «Եթե ազգն ունի առաքելություն, ապա նա իր ողջ ներուժը հավաքում է մի տեղ, որ այդ նպատակին հասնի: Ես կարծում եմ՝ մեր ազգի նպատակներից մեկը պետք է լինի դառնալ առաջատար տեխնոլոգիական, գիտական երկիր»: Նա գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում շատ երեխաներ ուզում են, օրինակ, ծրագրավորող դառնալ: «Կուզենայի, որ նրանք երազեն ոչ միայն ծրագրավորող, այլ նաև գիտնական՝ մաթեմատիկոս, ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան կամ արհեստական բանականության մասնագետ դառնալու մասին, որովհետև ապագան նրանցն է: Որպեսզի նման մասնագիտությունները դառնան գրավիչ՝ շատ բան ունեն անելու և՛ նախագահը, և՛ կառավարությունը և՛, ընդհանրապես, պետությունը»,-ասել է նախագահը: Նա կարևոր է համարել, որ երիտասարդները ոգևորվեն և հասկանան, որ գիտությամբ զբաղվելը պարտականություն չէ: «Գիտությամբ կամ տեխնոլոգիաներով զբաղվելը պետք է ուղղակի հաճույք պատճառի նրանց, և նրանք միաժամանակ զգան, որ իրենք զբաղվում են ամենաժամանակակից, ամենահետաքրքիր գործով, որի նկատմամբ խորը հարգանք ունեն բոլորը»,-նշել է Արմեն Սարգսյանը: «Նոբելյան մրցանակն աշխարհի ամենաբարձր մրցանակներից մեկն է գիտության ոլորտում, բայց այս փառատոնի սրահում մարդիկ կան, որոնք հայտնի արվեստագետներ են, երաժիշտներ են: Եվ նրանք պարզապես իրենց գլուխն են խոնարհում աշխարհահռչակ գիտնականների առջև»:

Եվս մեկ անգամ անդրադառնալով STARMUS -ի հաջորդ փառատոնը Հայաստանում անցկացնելու իր առաջարկ-հրավերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ դա մեր երկիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը դառնա աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների, տիեզերագնացների, աշխարհի հայտնի երաժիշտների հանդիպման վայր: «Հույս ունեմ, որ 6-րդ STARMUS-ը նաև մեր երիտասարդներին կոգևորի զբաղվել ոչ միայն երաժշտությամբ, արվեստով, այլև՝ գիտությամբ»,-ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը:

 

***

 

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հարցազրույց է տվել Monocle միջազգային ամսագրին և ռադիոյին։

Խոսելով STARMUS փառատոնի մասին, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն շատ հաջող փառատոն է, որը ներկայացնում է 21-րդ դարի արժեքները։ Դրանց նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև իր՝ «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» վերնագրով գրքում, որը լույս կտեսնի շուտով: Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ մարդիկ փոխկապակցված են, իսկ փոխկապակցված աշխարհը դարձել է ժամանակակից կյանքի կարևոր մասը:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե՝ ինչպե՞ս կարելի է նախկին աշխատանքի ժամանակ ձեռք բերած փորձառության տարրերը կիրառել ներկայիս քաղաքական պաշտոնում, նախագահ Սարգսյանը նշել է, որ այն հայելային կերպով չի անդրադառնում իր իրական կյանքի վրա։ «Իրական կյանքն ապացուցում է իմ տեսությունը, որ մեր կյանքում շատ բաներ կարելի է բացատրել՝ հասկանալով փոխկապակցված տարրական մասնիկների վարքագիծը,- ասել է հանրապետության նախագահը։- Գիտելիքը, որն այս վարքագծի վերաբերյալ ունենք մաթեմատիկայում, կարելի է կիրառել սոցիալական վարքագծի կամ քաղաքականության վրա»։ Մասնավորեցնելով ասելիքը STARMUS -ի օրինակով՝ նախագահ Սարգսյանը հիշել է, թե ինչպես է փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը պատմել, որ երբ նախաձեռնել է փառատոնը, պատկերացում չի ունեցել, թե այն ինչ ավարտ է ունենալու։ «Այսինքն, այստեղ կար անորոշության սկզբունքը, որը կիրառելի է ինչպես քվանտային մեխանիկայի, այնպես էլ, ստացվում է, STARMUS -ի դեպքում»,-ասել է նախագահ Սարգսյանը։ Նա նշել է, որ փառատոնի մասնակիցները լուրջ մարդիկ են, այդ թվում՝ 10-20 նոբելյան մրցանակակիրներ, ովքեր և երբեք չեն վատնում ժամանակը, մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հատուկ թեմաների՝ մաթեմատիկայից մինչև տեսական ֆիզիկա, գրավիտացիա, աստղաֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, քիմիա և այլն։ «Այս մարդիկ գալիս են փառատոնին, քանի որ սա է նոր աշխարհը,-ասել է Արմեն Սարգսյանը։ -Դրա ամենապարզ բացատրությունը կարող եմ բերել մի օրինակով։ 30-40 տարի առաջ ես հետազոտություն էի իրականացնում հարաբերական աստղաֆիզիկայում, իրականացնում նեյտրոնային աստղի բարդ մոդելավորում։ Երբ անում էի այդ մոդելավորումը, անհրաժեշտ էր համակարգիչ օգտագործել: Սակայն 40 տարի առաջ ամենահզոր անձնական համակարգիչը 10 կիլոբայթանոց էր։ Այսօր իրական ժամանակում այդ մոդելավորումը կարող ես ունենալ և անգամ ցույց տալ մարդկանց, ու դա պարզապես հիանալի է։

Երկրորդ կետը, որ կարևոր է, գիտությունը կրկին հանրաճանաչ դարձնելն է։ Երբ ես երիտասարդ էի, ոգևորված էի մարդու՝ տիեզերք թռչելու գաղափարով։ Հայաստանը նախկին Խորհրդային Միությունում շատ առաջադեմ երկիր էր, որն ուներ էլեկտրոնային արագացուցիչ, Բյուրականի աստղադիտարան և այլն։ Գիտնական լինելը շատ գրավիչ էր»։ Մեր օրերում, նախագահի խոսքով, շատ գրավիչ է ծրագրավորողի մասնագիտությունը: «Սակայն ապագան ծրագրավորումը չէ, ապագան բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորումն է, արհեստական բանականությունը, մեծ ծավալի տվյալների կառավարումը, -ասել է Հայաստանի նախագահը։- Ուստի, որպեսզի երիտասարդ անհատը ոգևորված լինի զբաղվել դրանով, պետք է ստեղծել ոգևորություն: Իսկ ո՞րն է ոգևորելու ավելի լավ ճանապարհը, քան այսպիսի փառատոնը, որտեղ հիասքանչ երաժիշտներ, արտիստներ են, ովքեր սիրում են գիտությունը, որտեղ հիանալի գիտնականներ են, ովքեր սիրում են արվեստը, և մեծ տիեզերագնացներ, ովքեր գիտության դեսպաններն են, քանի որ նրանք թռչում են սարքերով, որոնց հեղինակը մեծն գիտնականներն են»:

Կարո՞ղ են տիեզերական ծրագրերը դեռ ունենալ նույն ազդեցությունը, ինչ խորհրդային ծրագրերը գործեցին ԽՍՀՄ-ի երեխաների վրա։ Անդրադառնալով լրագրողի այս հարցադրմանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ երեխաները կամ առհասարակ հասարակությունը կարող է ոգևորվել նաև այլ բաներով: «Մենք հիանալի արդյունքներ ենք գրանցում առողջապահության ոլորտում, որի մասին երեսուն տարի առաջ չէինք էլ կարող երազել,-ասել է Արմեն Սարգսյանը։- Այս առաջադիմությունը շատ ավելի ֆենոմենալ կլինի, երբ կիրառենք արհեստական բանականությունը, որը կօգնի ավելի լավ հասկանալու ԴՆԹ-ն ու դրա վարքագիծը, հասկանալու մեր սեփական տիեզերքը, որը մեր մարմնում է, մեր ուղեղի մեջ։ Մեծ հայտնագործություններ կան կենսաբանության, արհեստական բանականության ոլորտում, որոնք կոգևորեն երեխաներին։ Դա ինձ էլ է ոգևորում։ Ես իսկապես հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում»։

 

***

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։

Հանդիպումը կազմակերպվել է Ժնևի կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Պալատի գլխավոր տնօրեն Վինսենթ Սուբիլիան նշել է, որ Հայաստանն ունի մեծ հավակնություններ՝ դառնալու առաջատար տեխնոլոգիական, նորարարական երկիր: «Մեծ պատիվ է ընդունել Հայաստանի նախագահին Ժնևի առևտրի պալատում, որը 115 տարի է խորհրդատվություն է տրամադրում բիզնես հանրությանը,-ասել է պալատի գլխավոր տնօրենը: -Նախորդ տարի ես պատիվ եմ ունեցել այցելել Ձեր երկիր և լսել Ձեր հիասքանչ ելույթը ԹՈՒՄՈ-ում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ։ Այն առանցքային էր՝ հասկանալու, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանը աշխարհին»։

Վինսենթ Սուբիլիան ավելացրել է, որ մանրամասն ծանոթացել է նախագահ Սարգսյանի՝ Financial Times-ում հրապարակված հարցազրույցին և համոզված է, որ Հայաստանն իսկապես 21-րդ դարի ստարտափ երկրներից է։ Սուբիլիայի խոսքով՝ Հայաստանի նախագահի հետ հանդիպումը յուրահատուկ հնարավորություն է լսելու նրան և խոսելու երկու երկրների հնարավորությունների և համագործակցության հեռանկարների շուրջ։ «Ժնևում զգացեք Ձեզ ինչպես տանը։ Դուք գիտնական եք, և այժմ գտնվում եք համացանցի հայրենիքում, Դուք նաև տաղանդավոր դիվանագետ եք, իսկ Ժնևը համաշխարհային կառավարման կենտրոնն է։ Ես հավատացած եմ, որ այս երկու գործոնների համար Դուք կարող եք Ժնևը կոչել ձեր տունը»,-ասել է առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրենը։

Իր խոսքում նախագահ Սարգսյանը կարևորել է մարդկանց, ազգերի ու երկրների առաքելությունն աշխարհում, մասնավորապես նշելով. «Առաքելություն չունեցող ազգը կամ մարդը կորած է։ Առաքելությունը համախմբում է ժողովրդին՝ հասնելու հաջողության»։ Այս համատեքստում, անդրադառնալով Հայաստանին, նախագահ Սարգսյանն ասել է. «Օրինակ, ես առաքելություն ունեմ, աշխատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, հնագույն ձեռագրերի ինստիտուտը՝ Մատենադարանը, դարձնել ողջ աշխարհում հնագույն մշակույթների ու ձեռագրերի միջազգային կենտրոն։ Մյուս առաքելությունն է վերակենդանացնել Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, որը մեծապես տուժել է 1988 թվականի երկրաշարժի պատճառով: Ես ցանկանում եմ այն կյանք վերադարձնել, աշխուժացնել զբոսաշրջությունը, քանի որ Գյումրին հիասքանչ քաղաք է, ունի յուրահատուկ մշակույթ»։

Հայաստանի նախագահը նշել է ևս երկու նախաձեռնությունների մասին։ Դրանցից մեկի նպատակն է Հայաստանը դարձնել հանգույց նոր տեխնոլոգիաների ու գիտության համար։ «Ապագան ամենուր՝ թե՛ գյուղատնտեսության մեջ, թե՛ տիեզերքում, թե՛ սննդի արդյունաբերության կամ ժամացույցների պատրաստման գործում հիմնված է լինելու նոր տեխնոլոգիաների վրա,-ասել է Արմեն Սարգսյանը։- Ես ցանկանում եմ, երազում եմ, առաքելություն ունեմ Հայաստանը դարձնել հանգույց արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների համար։ Այստեղ մենք կարող ենք լինել հաջողակ։

Մյուս ծրագիրը կոչվում է ATOM: Դրա հիմքում լինելու է գիտական պարկը, որտեղ հաճախելու են երեխաները: Իսկ երկրորդ մասը լինելու է «Վաղվա թանգարանը»»: Նախագահ Սարգսյանն ասել է, որ նախնական պայմանավորվածություններ կան մի շարք հայտնի ընկերությունների՝ «Դասո»-ի, «Թալես»-ի հետ, աշխատանքներ են տարվում «Սաֆրան»-ի, «Լեոնարդո»-ի, «Էլետրոնիկա»-ի, Հայդելբերգի, Քեմբրիջի համալսարանների, Սկոլկովոյի հետ։

Որպես ևս մեկ առաքելություն՝ նախագահ Սարգսյանը նշել է Հայաստանը սննդի անվտանգության հանգույց դարձնելը։ «Դա նշանակում է, որ մենք ոչ թե արտադրելու ենք շատ սնունդ, այլ լինելու ենք հանգույց, որտեղ այն կարող է հավաքվել մեկ վայրում։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ստեղծվում են լոգիստիկ պայմաններ Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում»,-ասել է նախագահը։

Հանդիպման մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով անդրադարձել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներին:

 

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը:

Crans Montana Forum-ը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող միջազգային ազդեցիկ հարթակ է: Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նիստի հիմնական թեմաներ են խաղաղության, զարգացման և կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք հաղթահարելուն ուղղված արդյունավետ համագործակցության խթանումը: Ինչպես ամեն տարի՝ նիստին մասնակցում են պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, խորհրդարանների անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, գործարարներ ու վերլուծաբաններ ավելի քան 100 երկրից: Ֆորումի շրջանակում տեղի ունեցող հանդիպումները գործարարների ու կառավարությունների ներկայացուցիչների համար լավագույն առիթ են՝ կապեր հաստատելու և գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար:

Բացելով միջոցառումը՝ Crans Montana Forum-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Ժան Պոլ Քարթերոնը դիմել է Հայաստանի նախագահ Սարգսյանին. «Մեծ պատիվ է ընդունել Ձեզ, որովհետեւ Դուք մեկն եք նրանցից, ովքեր գիտեն, թե ինչ պետք է անել, որ աշխարհում իրավիճակը բարելավվի, և արդյունավետ քայլեր կատարվեն ժողովուրդների համար»:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել հեղինակավոր ֆորումին մասնակցելու հրավերի համար՝ նշելով, որ արդեն 30 տարի է, ինչ այն մեկ հարկի տակ է հավաքում անվանի քաղաքական գործիչների, վերլուծաբանների, առաջնորդների և գործարարների՝ քննարկելու աշխարհի ներկային ու ապագային վերաբերող մարտահրավերները: «Երեսուն տարին կարճ, բայց միաժամանակ հսկայական ժամանակահատված է,-ասել է նախագահը:- Այս երեսուն տարում աշխարհը հսկայական փոփոխությունների է ենթարկվել՝ կայսրություներ են փլուզվել, նոր երկրներ են ստեղծվել: Այս 30 տարում միգուցե հարյուրամյակի կյանք ենք ապրել: 

Այնպես որ, շնորհավորանքներս ֆորումին այս ձեռքբերման՝ 30 տարի իրական քաղաքականությունում լինելու համար և հուսով եմ, որ մի հրաշալի օր այս ֆորումը Հայաստանում նույնպես կանցկացվի»:

Անդրադառնալով համաժողովի հիմնական հարցին, թե արդյո՞ք խաղաղությունը, զարգացումը և կայունությունն այլևս երազանք են դառնում, նախագահ Սարգսյան ասել է, որ այդ հարցին իր պատասխանը «ոչ» է: «Որպեսզի խաղաղությունը, զարգացումն ու կայունությունը երազանք չդառնան և լինեն իրականություն, մենք բոլորս դրանց մաս պիտի դառնանք, պիտի հավատանք, որ ամեն օր շարժվում ենք խաղաղության ուղղությամբ և զարգացումն անշրջելի է, իսկ կայունությունը՝ հասանելի: Կարծում եմ՝ առաջին հերթին ինքներս պետք է սկսենք փոխվել: Որպեսզի վերադառնանք դեպի խաղաղություն, զարգացում և կայունություն, պետք է մի պարզ բան գիտակցենք՝ այս աշխարհն ուրիշ է: Այն ուրիշ է, քան 30 կամ 50 տարի առաջ էր: Այն ուրիշ է ոչ միայն այն պատճառով, որ Բեռլինյան պատը փլուզվել է, որ սառը պատերազմը դադարել է, կամ որ ֆինանսական ճգնաժամեր կամ մի շարք կարևոր իրադարձություններ են կատարվել, այլև՝ այն կարևոր պատճառով, որ մենք թևակոխել ենք 21-րդ դար: Ոմանք այն անվանում են չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն, սակայն ես այն անվանում եմ սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջան, երբ տեխնոլոգիական հեղափոխությունները տեղի են ունենալու ամեն օր, ամիս, տարի։ Մեր կյանքը շատ արագ է փոփոխվելու»։ 

Նախագահ Սարգսյանը նշել է, որ իրականում մենք մուտք ենք գործում մի նոր աշխարհ, որտեղ նաև արագ տեմպով տեխնոլոգիաներն են փոխվում ու զարգանում: «Մենք կանգնած ենք նոր աշխարհի դարպասների մոտ, որտեղ բնակվող 7 մլրդ մարդկանց միջև կա 55 մլրդ կապ։ Մեզնից յուրաքանչյուրը միջինն ունի 7-9 կապ համացանցի հետ։ Վաղն այն կդառնա տասը, ապա՝ տասնհինգ… Սա մի աշխարհ է, որտեղ զվարճանքն ավելի մեծ տեղ է զբաղեցնում։ Խաղի կանոնները փոխվել են: Մենք պետք է սկսենք մտածել՝ ինչպես ապրել այս նոր աշխարհում, քանի որ այս տարիների ընթացքում մեր կողմից փայփայված շատ հիմնարար գաղափարներին, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, պետք է վերաբերվենք որպես խաղի, ոչ թե այն պատճառով, որ դրանք պակաս արժեքավոր են, այլ՝ պարզապես տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը գործի է դրվում ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ՝ ամեն օր՝ «Ֆեյսբուք»-ի, «Թվիթեր»-ի միջոցով։ Հասարակությունն ամեն օր իր արձագանքն է տալիս»։ 

Արմեն Սարգսյանի խոսքով՝ աշխարհը, որտեղ մուտք ենք գործում, բացարձակ տարբեր է լինելու, ուստի պետք է փոխենք ինքներս մեզ, պետք է հստակեցնենք 21-րդ դարում մեր մարդկային արժեքները: «Եվ երբ դա անենք, այլևս չենք վախենա ամենօրյա փոփոխություններից, անկանխատեսելի աշխարհից, քանի որ դա թույլ կտա հասկանալ, թե ինչպես կանխատեսել ու գործել նոր աշխարհում»,- նշել է Հայաստանի նախագահը՝ ավելացնելով. «Իմ ուղերձը հետևյալն է՝ եկեք ընդունենք, որ աշխարհն այլևս այլ է։ Եվ այն տարբեր է լինելու ամեն օր։ Արժեքը, որը կարևոր է լինելու մեզ համար, փոփոխությանն ադապտացվելու կարողությունն է։ Փոխվել ոչ թե տասը կամ հարյուր տարին մեկ, այլ ամեն օր, քանի որ աշխարհն այդպիսին է:

Ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլև որպես հայ ու պարզապես մարդ՝ ես հավատացած եմ, որ այս նոր աշխարհում փոքրը կարող է լինել հաջողակ։ Հատկապես այս նոր աշխարհում, որտեղ խոշորագույն ընկերությունները ոչ թե բնական ռեսուրսների ընկերություններն են, այլ Apple-ը, Facebook-ը և շատ այլ ՏՏ ընկերություններ։ Մենք մի ժամանակաշրջան ենք մուտք գործում, որտեղ ստարտափի գաղափարը կարող է լինել ավելի հզոր, քան որևէ այլ բան։ 

Մենք փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։ Մենք պատրաստ ենք 21-րդ դարին, քանի որ ունենք համաշխարհային ցանց։ Հայաստանը տքնաջան աշխատող մարդկանց երկիր է, մի ժողովուրդ, որը կարող է նոր տեխնոլոգիաներ բերել իր երկիր։ Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը կարող է լինել ոչ միայն գերտերությունների, այլև նրանց ժամանակաշրջանը, ովքեր, լինելով փոքր, հաջողակ են։ Հայաստանի նման երկրների համար կարևոր է ունենալ առաքելություն։ Այն համախմբում է մարդկանց։ Իմ երկրի առաքելություններից մեկը լինելու է աշխարհում արհեստական բանականության ու տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկիր լինելը։ Փոքրը կարող է լինել գեղեցիկ։ Հայաստանը գեղեցիկ երկիր է, այն կարող է լինել նաև հաջողակ։ Ես շատ լավատես եմ»։

 
***
 
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությանը՝ ի դեմս Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգի, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսի, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջիի:

GLF-ի ներկայացուցիչներն օգտակար ու կարևոր են համարել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով վերջերս մեր երկիր կատարած այցը, որի ընթացքում տարբեր հանդիպումների, քննարկումների ու մտքերի փոխանակության միջոցով հնարավորություն են ունեցել տեղեկանալ, թե որ ոլորտներում և ինչպես կարող են իրենց աջակցությունը բերել Հայաստանի առաջընթացին։

Կարևորելով ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը երկրի զարգացման գործընթացում՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս առումով «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի խորհրդատվական աջակցությունն օգտակար ու արժեքավոր կարող է լինել։

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ը անկախ կառույց է, որը ողջ աշխարհում աջակցում է քաղաքական առաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով պետությունների ու կառավարությունների նախկին ղեկավարների, բարձրաստիճան նախկին պաշտոնյաների, հայտնի գործիչների փորձառությունը։

Հիմնադրումից ի վեր՝ 2004 թվականից հիմնադրամը խորհրդատվություն է մատուցել բազմաթիվ ոլորտներում: Հիմնադրամի անդամները պետությունների կամ կառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք են: 2006-2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել նաև Արմեն Սարգսյանը:

 

***

 


Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ժնևի կարմիր խաչի նախագահ Մաթեո Փեդրազինիի հետ։

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ժնևի կարմիր խաչին՝ մարդասիրական գործունեության և մեր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնք հիմնականում ուղղված են խոցելի խմբերի խնդիրների լուծմանը։

Հանդիպմանը խոսվել է նաև այս տարվա հոկտեմբեր ամսին կարմիր խաչի կողմից Ժնևում նախատեսվող բարեգործական դրամահավաքի մասին, որի հասույթն ուղղվելու է Հայաստանում և աշխարհում իրականացվող մարդասիրական ծրագրերին։

 

***

 

President Armen Sarkissian, who is in Switzerland on a working visit, met with the Secretary General of UNCTAD Mukhisa Kituyi at the UN Headquarters in Geneva.

The Secretary General of the UNCTAD thanked the President of Armenia for accepting the offer and joining the discussion of the UNCTAD Panel of Eminent Persons. This group, which comprises 7 individuals, provides counsel to the Secretary General of UNCTAD on the critical current and urgent economic development challenges, generates ideas to overcome them through the international initiatives.

Noting that the Conference on Trade and Development is one of the UN's most important bodies, the President of Armenia hailed the activities of the structure. He also expressed gratitude to the Conference and personally Secretary General for initiating a complimentary report on Armenia’s investment policies. The proposal was made by President Armen Sarkissian and the relevant agreement was reached last year during their meeting in Geneva. The President of Armenia stressed the importance of preparing such a document from the viewpoint of attracting foreign investments. Armen Sarkissian expressed hope that the UNCTAD team’s recent visit to Armenia was useful for preparing the report which will be ready come October.

“For Armenia, now is the time of opportunities, and we need to continue to work really closely,” the President underscored and added that Armenia can do a lot, learn and invest through the cooperation with the Conference.

After the meeting, the Director of Investment and Enterprise at the United Nations Conference on Trade and Development James Zhan said in particular that President Sarkissian’s proposal – in preparing Armenia related report to conduct the analysis on the framework of investment policies and institutional structure based on the existing global challenges and opportunities – is totally appropriate. “All these challenges have become the base for the rapid changes in the global political and economic geopolitics. In this context, not only Armenia but other countries, too, should review their development strategies, trade and investment policies. President Sarkissian presented his vision regarding Armenia’s development in the 21st century,” James Zhan said. “His progressive views are very useful for us, and we will take them into consideration for the development of Armenia’s investment policy guidelines. In coming months, we will be working hard to develop Armenia’s investment policy to meet President Sarkissian’s expectations. We will visit Armenia in September to report to him and the government on the recommendations and to work jointly to call them to life, based on our discussions and decisions.”

 

***

 

On June 28, the official ceremony of bestowing the PRIX DE LA FONDATION 2019 of Crans Montana Forum took place in Geneva.

The event was attended by prominent state, public, and political figures, diplomats, entrepreneurs, representatives of the Armenian community of Switzerland. This prestigious international structure traditionally bestows its annual award on the individuals representing areas of social responsibility, those who stand out for their leadership, innovation, and ability to act as pioneers of change. Since 1989, this award has been uniting actors who work for peace, freedom, and democracy. 

This year, PRIX DE LA FONDATION 2019 has been awarded to the President of Armenia Armen Sarkissian, President of Slovenia Borut Pahor and First Lady of the Republic of Guinea Djene Kaba Condé. 

Handing the award to President Sarkissian, the founder and Honorary Chairman of the Crans Montana Forum Jean-Paul Carteron said in particular, “Mr. President, it’s always a pleasure to listen to you. We appreciate your words not because those are words of a scientist but because they are instructive and precise. Armenia is a small country but is located on a rather important and complex crossroads. Assuming the position of president, you have brought hope and serenity.

Together, we have a lot to do and jointly we can turn it into a reality. I would like to thank you for everything you are doing.”


President Sarkissian expressed gratitude for the honorable award and said, “This is a very important and precious award.

I receive it as a gift, also as credit for my future life and future deeds. It is very important since Crans Montana is a special venue and value not only in my heart and my mind but in the world.

First and foremost, it is a unique organization which works actively from the times of empires and up to the end of the Cold War, from unipolar world up to the uncertainties of our times. I am confident that it will play its special role also tomorrow when the future is closer. 

Second, I view it as litmus paper.
The ideas of Crans Montana are applicable anywhere in the world – from South Africa to Near East, Balkans where you see problems, including shades of hidden problems which people as a rule don't talk about. And this is a great achievement. 

Third, this is a pretty young organization, young in the spirit and has a very young chairman who is not shy to learn every day, possesses great energy. In my vocabulary youth and age are about ability to act and engage people in that activity. They are also related to the ability to learn and to teach, make friends. The Chairman and structure of Crans Montana have all these characteristics.

And finally, this is an excellent place to find friends and to prove that everything you believe in is true. I am glad that spending a day and a half here, I was able to make friends from African countries, Europe, Near East. However, the most important thing is that I have found people who share my ideas.

Just 5 or 10 minutes ago, I was talking to the President of Ghana about the importance of connecting people electronically throughout the world. And because of that 5 minutes I believe that Armenia is much closer to Ghana. And evidently we have the same mission – you in Africa, we in Central Eurasia. I would love to see you all in Armenia one day. 

I want you all to visit Armenia for the Crans Montana Forum and to use that litmus paper in the Mediterranean and Eurasia to understand what is going on from Afghanistan to China to Spain. 

Thank you all, and hope to see you in Armenia.”


Among previous receivers of the Crans Montana PRIX DE LA FONDATION are the former Prime Minister of Israel Yitzhak Rabin, President of USSR Mikhail Gorbachev, former leader of Palestine Yasser Arafat, former Prime Minister of Pakistan Benazir Bhutto, former President of Poland Lech Valenza, former President of Chile Michelle Bachelet, Portuguese political and state figure, former President of the European Commission Jose Manuel Barroso, American diplomat, Assistant Secretary of State Richard Holbrooke, former Prime Minister of Lebanon Rafik Hariri, President of the European Commission Jean-Claude Juncker, and others.
 

 

 

 

 

 

← Վերադառնալ