19
06, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Փարիզ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես:

Փարիզի Լը Բուրժե օդանավակայանի տարածքում երկու տարին մեկ կազմակերպվող հանրահայտ միջազգային ավիասալոնն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ տարածքով, թե՛ մասնակիցների թվով:

Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացրած նմուշներին և դրանց տեխնիկական հնարավորություններին, դիտել ավիաշոուն:

Լը Բուրժեում ցուցադրվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ինչպես նաև ներկայացվում են ավիատիեզերական ոլորտի ժամանակակից նվաճումներն ու նորարարությունները,աերոտիեզերական տեխնոլոգիաները:

Ավիասալոնի այցելուների շարքում են ինչպես ավիատիեզերական սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացած համաշխարհային առաջատար ընկերություններ, այնպես էլ տարբեր երկրների պատվիրակություններ:

2017 թվականին կայացած նախորդ ցուցադրությունն ունեցել է 322 հազար այցելու, 98 երկրից ներկա է եղել 290 պատվիրակություն:

 

 

***

 

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար:

«Լեոնարդո» ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին են ներկայացրել ցուցադրվող իրենց արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները:

Նախագահ Սարգսյանն այնուհետև առանձնազրույց է ունեցել «Լեոնարդո» -ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:

Պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության ու աերոտիեզերական արդյունաբերության մեջ մասնագիտացած «Լեոնարդո» ընկերությունն իր արտադրությունում լայնորեն կիրառում է բարձր տեխնոլոգիաները, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղության զարգացմանը:

Նախագահ Սարգսյանն ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։

 

***

 

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում այցելել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ընկերության արտադրանքին, որոնց թվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ռազմաարդյունաբերական և ավիատիեզերական սարքավորումներ:

Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության փոխնախագահներ Ֆլորենս Վերզըլենի ու Վալերի Ֆերեի և կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեի հետ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել է Հայաստանի հետ համագործակցության ուղղություններին,ինչպես նաև փոխնախագահ Քրիստիան Նարդենի և Քսավիե Ֆուրժեի՝ վերջերս Հայաստան կատարած այցին:

Ընկերության ղեկավարները տեղեկացրել են, որ այցի արդյունքներով պատրաստվել է առաջարկությունների փաթեթ՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ, որը փոխանցվել է նախագահ Սարգսյանին: Նշվել է, որ նախատեսվելիք ծրագրերն ուղղված են լինելու կրթության և տնտեսության միջև կապի ապահովմանը՝ նորագույն տեխնոլոգիաները տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը ծառայեցնելու նպատակով:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել առաջարկությունների համար՝ նշելով, որ փաթեթը կփոխանցի համապատասխան կառույցներին՝ դրանք ուսումնասիրելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերել, որ առաջիկա ամիսներին ընկերության պատվիրակությունը ևս մեկ անգամ կայցելի Հայաստան՝ ծրագրերն ավելի հստակեցնելու նպատակով:

«Դասո սիստեմս»-ը ծրագրային ապահովում է տրամադրում ռազմաարդյունաբերական, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերին և Լը Բուրժեի ցուցահանդեսին ներկայանում է տեխնոլոգիական նորարար լուծումներով:

 

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցելության շրջանակում հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի հետ:

«Dassault Group» -ը և, մասնավորապես, «Dassault Aviation»-ը միջազգային հեղինակավոր այս ավիասալոնում ներկայացնում է ընկերության ռազմական և բիզնես դասի ինքնաթիռները:

Նախագահ Սարգսյանն ու Օլիվիե Դասոն զրուցել են Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունների մասին: Անդրադարձ է եղել «Dassault Group»-ի կազմի մեջ մտնող՝ «Dassault systemes» ընկերության ներկայացուցիչների՝ վերջերս Հայաստան կատարած այցին և արդեն ուրվագծվող համագործակցությանը:

«Մեր երկրների միջև հարաբերությունները շատ կարևոր են, մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Հուսով ենք՝ «Dassault systemes»-ը, միգուցե նաև՝ «Dassault Aviation»-ը Հայաստանի հետ համատեղ աշխատանքներ կիրականացնեն»,-ասել է Օլիվիե Դասոն:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամության և համագործակցության պատրաստակամության համար. «Նախ և առաջ ակնկալում եմ, որ «Dassault systemes»-ի հետ հետազոտական կենտրոն կունենանք Հայաստանում, որը ներդրումներ կիրականացնի արհեստական բանականության, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Եվ այս ամենի շնորհիվ «Dassault Group»-ն ու Հայաստանը երկարաժամկետ գործընկերներ կդառնան»:

Այնուհետև նախագահ Սարգսյանն ու Օլիվիե Դասոն շրջայց են կատարել ավիասալոնի տարածքում, ծանոթացել «Dassault Aviation»-ի ներկայացրած մոդելներին և դրանց տեխնիկական հնարավորություններին:

 

***

 

Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության տաղավար:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Elettronica Group» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնզո Բենինիի հետ: Ընկերությունը ծառայություններ է մատուցում պաշտպանության, անվտանգության ու կիբերանվտանգության ոլորտներում և համարվում է աշխարհում առաջատարներից մեկը:

Էնզո Բենինին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ այցելության և իրենց ընկերության գործունեության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: «Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել մեր տաղավարում: Անկախ մեր անձնական բարեկամությունից՝ այս այցը չափազանց կարևոր է, և Հայաստանի նախագահին այսօր այստեղ ընդունելը մեծ պատիվ է մեր ընկերության ու, առհասարակ, այս ցուցադրության համար: Իտալիայի և Հայաստանի միջև բարեկամությունը շատ ամուր է, և մենք ցանկանում ենք այն էլ ավելի ամրապնդել»,-նշել է նա:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է առաջատար «Elettronica Group» -ի հետ կիբերանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցությամբ՝ ընդգծելով, որ նշված ոլորտներում մեր երկիրը զարգացման մեծ ներուժ ունի: Հանդիպմանը խոսվել է նաև ընկերության հակադրոնային նորարարական լուծումների և այդ ոլորտում ևս համագործակցության հնարավորությունների մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա ամիսների ընթացքում ընկերության պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ տեղում համագործակցության ներուժին ծանոթանալու և հնարավոր գործընկերներին հանդիպելու համար:

 

***

 


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է ֆրանսիական տեխնոլոգիական առաջատար «THALES Group» ընկերության տաղավար։ Ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին ներկայացրել են ցուցադրվող արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները:

Նախագահ Սարգսյանն այնուհետև հանդիպել է «THALES Group» ընկերության նախագահ Պատրիս Քեյնի և ընկերության ղեկավար կազմի հետ:

Պատրիս Քեյնը ողջունել է նախագահ Սարգսյանի այցը միջազգային ավիացիոն ցուցահանդես և ներկայացրել այն նորույթները, որոնցով ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում ծառայություններ մատուցող իրենց ընկերությունը ներկայանում է հեղինակավոր ավիասալոնում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ընկերության ներկայացուցիչների՝ վերջերս Հայաստան կատարած այցին և հնարավոր համագործակցության ուղղություններին: Նշվել է, որ այցից հետո պատրաստվել է փոխգործակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Մասնավորապես հեռանկարային են համարվում արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստեղծելու աշխատանքային խմբեր՝ ուսումնասիրելու համագործակցության կոնկրետ ուղղությունները: Առաջիկայում տեղի կունենա «THALES Group»-ի ներկայացուցիչների հերթական այցը Հայաստան:

 

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի ընթացքում հյուրընկալվել է ռուսական United Aircraft Corporation-ի տաղավարում:

Ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված՝ ռուսական արտադրության օդանավերի ժամանակակից մոդելներին, նրանց հզորություններին ու տեխնիկական հնարավորություններին:

Ռուսական United Aircraft Corporation-ի գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքացիական և ռազմական նշանակության ավիացիոն տեխնիկայի արտադրությունը, շահագործումը, մոդեռնիզացիան, սպասարկումը և այլն:

United Aircraft Corporation-ը ներառում է շուրջ 30 ընկերություն և համարվում է միջազգային շուկայում խոշորներից մեկը: Նրա կազմի մեջ մտնող ընկերությունները տնօրինում են «Սու», «ՄիԳ», «Իլ», «Տու», «Յակ», ինչպես նաև SSJ,МС-2 հայտնի բրենդները:

 

***

 

Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար:

Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված նոր մոդելների
տեխնիկական հնարավորություններին ու դրանցում կիրառվող նորարարական լուծումներին:

Ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, առաջարկել այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ առկա ներուժին: Նա մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում, որոնք հեռանկարային կարող են լինել Airbus-ի հետ համագործակցության առումով: Airbas-ի ներկայացուցիչները Հայաստան այցելելու պատրաստակամություն են հայտնել:

***

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Air Asia ընկերության տաղավար: Ընկերությունը համարվում է ասիական տարածաշրջանի ամենահայտնի և ամենապահանջված լոուքոսթերը:

Air Asia ընկերության գործադիր տնօրեն Թոնի Ֆերնանդեսի հետ նախագահ Սարգսյանը քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները և առաջարկել գործունեության համար դիտարկել նաև հայաստանյան շուկան: Նախագահ Սարգսյանը նրան հրավիրել է այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ փոխգործակցության հնարավորություններին:

Թոնի Ֆերնանդեսը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդունել է Հայաստան այցելելու հրավերը:

 

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում հյուրընկալվել է ֆրանսիական Safran խոշոր ավիատիեզերական ընկերության տաղավարում։

Ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է նրանց ներկայացրած վերջին նորույթներին ու նորարական համակարգերին։

Safran-ը բարձր տեխնոլոգիական միջազգային առաջատար ընկերություն է, որը նոր սերնդի համակարգեր և սարքավորումներ է մատակարարում աերոտիեզերական և ռազմարդյունաբերության ոլորտներին։

Նախագահ Սարգսյանն ընկերության՝ միջազգային հարաբերությունների հարցերով տնօրեն Ժան Պիեռ Ռայսաքի հետ քննարկել է Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները։

 

 

 

 

 

← Վերադառնալ