16
05, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սագսյանը հանդիպում է ունեցել նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր հրավերն ընդունելու և տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար, որն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո:

«Ձեր մասնակցությունը, անկասկած, ավելի նշանակալի կդարձնի տնտեսական համաժողովը: Մեր երկրներն ունեն բարեկամական և գործընկերային փոխհարաբերություններ, և այդ համագործակցության ակունքներում մեր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է: Նա մշտապես մեծ ուշադրություն էր դարձնում Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմանը, և այսօր կարող ենք վստահորեն ասել, որ մեր երկրների միջև հարաբերությունները շատ լավ հիմքերի վրա են: Մենք սերտորեն համագործակցում ենք նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի կազմակերպությունների շրջանակում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ն»,-նշել է Ղազախստանի նախագահը:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆորումին մասնակցելու հրավերի համար և նշել, որ ուրախ է գտնվել բարեկամ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որն արդեն կրում է առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը, ով նշանակալի ավանդ ունի ինչպես իր երկրի, այնպես էլ հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:

«Մեր երկու ժողովուրդները շփվում են դարեր ի վեր: Մեր պետությունների միջև հարաբերությունները պատմականորեն խորը արմատներ ունեն, և բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են: Մենք 21-րդ դարում ենք, որն էականորեն տարբերվելու է 20-րդ դարից: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ թե՛ տնտեսության ոլորտում՝ ներառելով նոր տեխնոլոգիաները, թե՛ մշակույթի ոլորտում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Հայաստանի և Ղազախստանի նախագահներն անդրադարձել են երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցերին: Կարևորվել է առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործակցության խորացումը։

Նախագահներն առանձնահատուկ ընդգծել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման տեսանկյունից: Նախագահ Տոկաևը ջերմությամբ է խոսել հայ համայնքի մասին՝ նշելով, որ նրանք Ղազախստանի արժանի քաղաքացիներ են և իրենց ներդրումն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: 

 

***

 

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  Նուր-Սուլթանում մասնակցել է տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի բացմանը։

Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումին մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկա ու նախկին ղեկավարներ, բիզնես-առաջնորդներ, տնտեսագետներ, որոնք քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները:

Ֆորումի բացման պլենար նիստի հիմնական բանախոսներ են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Խան Չժենը և այլք։

Շնորհակալություն հայտնելով Ղազախստանի նախագահին ֆորումին հրավիրելու համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես խոսել է տեսլական ունենալու կարևորության մասին. «Ամեն բան սկսվում է տեսլականից, երազանքից: Լավ հիշում եմ 90-ականների սկիզբը, երբ առաջին անգամ եկա այստեղ. սա փոքր քաղաք էր Ղազախստանի կենտրոնում: Այն ավելի շատ գեղեցիկ տարածք էր հիշեցնում, քան քաղաք: Սակայն կար երազանք, տեսլական, որը ստեղծվեց և իրականացվեց նախագահ Նազարբաևի կողմից: Ընդամենը մի քանի տասնամյակ է անցել: Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ երազանքի ու տեսլականի հետ: Մենք այժմ հիանալի քաղաքում ենք՝ Նուր-Սուլթանում, որը ինչ-որ առումով Եվրասիայի սիրտն է: Իսկապես, ամեն բան սկսվում է տեսլականից»:

Տեսլականներից մեկն էլ, նախագահի խոսքով, վերաբերում է նրան, թե ինչպիսի աշխարհում ենք ցանկանում ապրել առաջիկա 20-30 տարիներին: «Արդյոք ցանկանում ենք ապրել մի աշխարհում, որը բաժանված է, որտեղ ավելի ու ավելի շատ են բեռլինյան պատերը, թե՞ մի աշխարհում, որն իսկապես գլոբալ է: Մենք արդեն իսկ գլոբալ ինտեգրացված աշխարհ ենք, որտեղից հետ ճանապարհ չկա: Եվ սա սկսվել է ոչ թե 20 տարի, այլ հարյուրավոր տարիներ առաջ, երբ կառուցվեցին առաջին Մետաքսի ճանապարհները:

Ո՞րն է մեր տեսլականն առաջիկա 20-30 տարվա համար: Որպեսզի մտածենք դրա մասին, պետք է 20-30 տարով հետ գնանք, տեսնենք, թե որտեղ ենք եղել: Արդյո՞ք դուք ունեիք այն փոքր սարքերը, որոնք այսօր ղեկավարում են մեր ողջ կյանքը՝ սկսած ընտանեկան լուսանկարներից մինչև ողջ տեղեկատվությունն ու ֆինանսական վերլուծությունները: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու 20-30 տարի անց, երբ մենք կկիրառենք արհեստական բանականությունը, որն ամբողջությամբ փոխելու է, օրինակ, մեր առողջապահությունը: Որտե՞ղ ենք մենք լինելու, երբ հաղորդակցությունն ամբողջությամբ տարբեր է լինելու, ավելի բարձր որակով, երբ բոլոր արդյունաբերական արտադրանքները կապված են լինելու արհեստական բանականության ու մեծ տեղեկատվության կառավարման հետ: Արդյոք մենք վախենալու ենք դրանից: Պատասխանը հետևյալն է՝ ոչ: Քանի որ սրանք իրականում մեծ առավելություններ են: Դրանք չեն նվազեցնելու աշխարհում աշխատատեղերի քանակը, հակառակը, կտրուկ ավելացնելու են: Սա նոր դարաշրջան է: Սա մի աշխարհ է, որը պետք է գրկաբաց ընդունենք: Արդյոք մենք պատրաստ ենք դրան: Հարյուր տոկոսով վստահ չեմ: Կարո՞ղ ենք պատրաստ լինել դրան: Հարյուր տոկոսով վստահ եմ՝ այո: Մենք պետք է սկսենք պատրաստ լինել և պետք է կենտրոնանանք կրթության վրա՝ նախապատրաստելով մեր երեխաներին իրական 21-րդ դարի հաջորդ փուլին»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 21-րդ դարում լոկոմոտիվ են դառնում ոչ թե բնական պաշարներով զբաղվող ընկերությունները, այլ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության վրա: «Այդ փոփոխության հիմքում երկու գործոն կա: Առաջինը մարդն է: Այսինքն, փոփոխության ակունքներում լինելու է նորարար մարդը, ով ունի չորրորդ ինդուստրիալ հեղափոխության գործիքները: Գործիքներ, որոնք թույլ են տալիս ցանկացած անհատի լինել ստեղծարար՝ անգամ տանը լինելով: Եվ սա կտրուկ կերպով փոխելու է մեր մոտեցումը բիզնեսի նկամամբ, փոխելու է այն, թե ինչպես ենք մեր նպաստն ունենալու տնտեսության մեջ: Անհատը կարող է ստեղծարար աշխատանք տանել անգամ տանը կամ սրճարանում՝ ստարտափների միջոցով:

Տեսեք, թե ինչպես են ստեղծվել ներկայիս մեծ ընկերությունները՝ ավտոտնակում, սրճարանում՝ անհատների երազանքների և որակյալ նորարարությունների շնորհիվ: Այսինքն, 21-րդ դարում շարժիչ ուժը նորարարական ու ստեղծագործ աշխատանքն է:

Իսկ երկրորդ գործոնը չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, սակայն այս դեպքում ես կպնդեմ, որ կա մեկ այլ հեղափոխություն: Մենք շարժվում ենք դեպի հեղափոխական էվոլյուցիա: Փոփոխությունները տեղի չեն ունենալու երեսուն տարում: Աշխարհը փոխվելու է ամեն օր, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-ավելացրել է նախագահը:

Խոսելով գլոբալ աշխարհում Հայաստանի տեղի մասին՝ նա նշել է. «Ես նայում եմ իմ պետության ու ժողովրդի ապագային դրական զգացումներով ու տեսլականով: Մեր փոքր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային ազգի տունն է, քանի որ մեր երկրում բնակվում է նույնքան հայ, որքան Ռուսաստանում, հայաբնակ ամենամեծ քաղաքը Երևանից հետո Լոս Անջելեսն է, միլիոնավոր հայեր են բնակվում Ֆրանսիայում, նրանք տարածված են Սինգապուրից մինչև Արգենտինա: Ուստի ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք: Մենք 21-րդ դարի մաս ենք՝ համաշխարհայնորեն ինտեգրացված: Եվ ես քաջալերում եմ բոլորին անել նույնը՝ լինել համաշխարհայնորեն ինտեգրացված, ստեղծարար ու դիմացկուն՝ փոփոխությունների հանդեպ: Քանի որ այս աշխարհը փոփոխվելու է ամեն օր, մենք պետք է պատրաստ լինենք սրան: Ամեն բան սկսվում է երիտասարդ սերնդից ու կրթությունից: Ամեն բան սկսվում է տեսլականից»:

 

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ֆինանսական այս կառույցի հետ մեր երկրի փոխգործակցությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն ընդյալնելու հնարավորությունների շուրջ և ընդգծել դրա համար առկա մեծ ներուժը։

Նշելով, որ մեր երկիրն ունի կայացած բանկային ու ֆինանսական համակարգ՝ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի և այն իրագործելու հնարավորությունների մասին, ինչը թույլ կտա ոչ միայն երկիրը դարձնել ավելի գրավիչ, այլև՝ ավելի որակյալ ու արդյունավետ ծառայություններ մատուցել։

 

***

 

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Նուր-Սուլթանում հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, ընդգծել արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու կարևորությունը։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած մշակույթից մինչև գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, էներգետիկա, ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն, հսկայական ներուժ ունի, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի երկու բարեկամ երկրներն ավելի խորը և փոխշահավետ համագործակցություն ունենան:

 

***

 

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը:

Քննարկման թեմաները մասնավորապես վերաբերել են աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին ու մարտահրավերներին, նոր տեխնոլոգիական հեղափոխության հնարավոր հետևանքներին, հակադիր թվացող հասկացությունների միջև հավասարակշռությանը:

Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, աշխարհն արագ փոփոխվում է, սակայն պետք չէ վախենալ այդ փոփոխություններից, քանի որ դրանք նոր հնարավորություններ են ստեղծում: «Նրանք, ովքեր ունեն հստակ տեսլական, թե ինչ են անում, նրանք, ովքեր ներդաշնակության մեջ են ժամանակի հետ, կշահեն: Ինձ համար սա սպառնալիք չէ, սա հնարավորություն է հրաշալի աշխարհ կառուցելու, որտեղ պետք է ապրենք: Մարտահրավերներ նետող, բայց հետաքրքիր աշխարհ»,-ասել է Հանրապետության նախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ 21-րդ դարը հայերի դարն է: «Մենք համաշխարհային ազգ ենք, մենք կարող ենք փոխվել, ադապտացվել, մենք նորարար ենք»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ նկատելով, որ խիստ լավատեսական է տրամադրված ապագայի հանդեպ:

Պատասխանելով հեղափոխական էվոլյուցիայի մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տեխնոլոգիաները փոխվում են և աշխարհը տարբեր է լինելու: «Ես համոզված եմ, որ ինչ-որ կերպ մենք կկարողանանք լուծումներ գտնել ներկայիս այն խնդիրների համար, որոնց առերեսվում ենք: Տարբեր երկրներ զարգանում են տարբեր արագությամբ, զարգացնում են տարբեր ճյուղեր: Եվ եթե կենտրոնանանք տեխնոլոգիական նոր սերնդի, արհեստական բանականության, մեծ տվյալների կառավարման, բիոտեխնոլոգիաների վրա, մի քանի տարի հետո ավելի հեշտ կլինի կողմնորոշվել անորոշություններով լի աշխարհում»:

 

***

 

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գերմանական հանրահայտ «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ։ Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որի նպատակն է ծառայություններ մատուցել բիզնեսի զարգացման ոլորտում և ակտիվացնել ներդրումների հոսքը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

Նշելով, որ հետաքրքրված են ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ Ուլֆ Շնայդերը մեր երկրի կարևորագույն առավելություններից մեկն է դիտարկել այն, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ՝ բարիդրացիական հարաբերություններ ունի Եվրամիության հետ և կարող է ծառայել որպես բնական կամուրջ մեր տարածաշրջանի և Եվրոպայի ու եվրասիական տարածքի համար: «Սա օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր հնարավորություններ»,-ընդգծել է նա:

Հանրապետության նախագահը և «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիրը խոսել են ներդրումային հնարավորությունների մասին՝ համաձայնելով, որ փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու և կապերը խորացնելու մեծ ներուժ կա: Ուլֆ Շնայդերը հեռանկարային է համարել գործակցությունը նոր տեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներում։

Գերմանական «Շնայդեր գրուպ» ընկերությունն արդեն 15 տարի ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում: Ընկերության ծառայություններն ընդգրկում են շուկա մուտք գործելու ռազմավարության մշակումը, հաշվապահական հաշվառումը, հարկային, արտահանման հարցերով խորհրդատվությունների տրամադրումը, վեճերի լուծման իրավական աջակցությունը, ինչպես նաև իրավաբանական տարբեր հարցերի` աշխատանքային, պայմանագրային և կորպորատիվ իրավունքների ոլորտներում խորհրդատվությունը:


***

 

Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ։

Խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն արագորեն փոփոխվում է տեխնոլոգիաների, հետևաբար նաև՝ Nokia-ի նման ընկերությունների շնորհիվ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը նորարարությունների, ստարտափների հարթակ է, և երկրի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ։

Զրուցակիցները հատկապես կարևորել են կրթական համակարգի դերը՝ այն դիտարկելով որպես այդ ամենի հիմքը։

Նշելով, որ մեր երկիրը Խորհրդային Միությունից ժառանգել է բավականին լավ կրթական համակարգ, նախագահ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը բաց է դեպի նորը։ «Մենք մեծ կարևորություն ենք տալիս կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին՝ խրախուսելով երիտասարդներին առաջարկելու նոր գաղափարներ, յուրացնելու նոր տեխնոլոգիաներն ու ստեղծելու ստարտափեր»,-ընդգծել է նա:

Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ասել է, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով: Նա նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում հաջողակ լինելու են այն երկրները, որոնք լավ հիմք են պատրաստում այդ փոփոխությունների համար։

Նախագահ Սարգսյանը ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Nokia Corporation-ը մասնագիտացած է հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրական սարքերի արտադրության ոլորտներում: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում ու զգալի միջոցներ է ներդնում տեխնոլոգիական նոր լուծումների հայթայթման, դրանք իրենց արտադրանքում կիրառելու վրա:

 

***

 

Աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն  այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն (ԱՄՖԿ)։

Կենտրոնի կառավարիչ Կայրաթ Կելիմբետովի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է միջազգային ֆինանսական կենտրոնում, ծանոթացել գործունեության նպատակներին, սկզբունքներին ու հեռանկարներին։

Նշելով, որ ֆինանսական այս հանգույցի գործունեությունը հիմնված է բրիտանական իրավունքի սկզբունքների վրա՝ Կայրաթ Կելիմբետովն ասել է, որ այս հանգամանքը կենտրոնի գործունեությունը եզակի է դարձնում ինչպես Ղազախստանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածաշրջանում։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կենտրոնի ղեկավարների հետ խոսել է համագործակցության հնարավորությունների մասին: Կայրաթ Կելիմբետովն իր հերթին նշել է, որ իրենք ևս ցանկություն ունեն համագործակցելու Հայաստանի հետ և աշխատելու այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ակտիվների, մասնավոր իրավունքի կառավարումը, ֆինանսական տեխնոլոգիաները:

Նշելով, որ տպավորված է կենտրոնի գործունեությամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կա տեսլական՝ ունենալու նման ինստիտուտ նաև Հայաստանում, ընդհանուր համագործակցություն հաստատել նաև ձեզ հետ: Մենք պետք է ուսումնասիրենք սա: Ես մեծապես տպավորված եմ և իմ տպավորությունները կիսելու եմ կառավարության ու Կենտրոնական բանկի հետ: Գուցե սկսենք մտածել, թե ինչ կարող ենք անել միասին»։

Նա նշել է, որ Հայաստանը, Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով, սերտ հարաբերություններ ունի նաև Եվրամիության հետ, ուստի կարող է կամրջի դեր կատարել, ինչը համագործակցության պարագայում միայն դրականորեն կազդի ԱՄՖԿ գործունեության վրա:

 

***

 

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուզբեկստանից ժամանած մեր հայրենակիցներ։

Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակալի է համարել հայ համայնքի ներդրումը Ղազախստանի զարգացման գործում: «Շատ կարևոր է, որ դուք Ղազախստանի լավ քաղաքացի լինեք: Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանաք, թե ինչ կրոն ու մշակույթ եք ներկայացնում, պետք է հպարտությամբ ներկայացնեք հայ ազգը»,- նշել է Հանրապետության նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ամենակարևոր ռեսուրսը ոչ թե բնական պաշարներն են, այլ մարդկային ռեսուրսը: Այս առումով, նա մեծապես կարևորել է սփյուռքի ներուժի օգտագործումն ու հայ ժողովրդի միասնական լինելը: «Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է: Պետք է սովորենք միասին ապրել ու աջակցել իրար: Մենք քիչ ենք, սակայն մեկ ազգ ենք և պարտավոր ենք իրար աջակցել: Առաջնայինը մեր ազգային միասնությունն է: Հաջողության հասնելու այլ ուղի չկա: Սա հաջողության գրավականներից մեկն է»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Որպես հաջողության մյուս գրավական՝ Հանրապետության նախագահն առանձնացրել է ազնիվ ու նվիրված աշխատանքը:

Միևնույն ժամանակ, Արմեն Սարգսյանը կարևորել է նոր սերնդին բարձրակարգ կրթությամբ ապահովելը՝ որպես ավելի ամուր ու վստահելի ապագայի երաշխիք: «Մենք ունենք հարստություն, դա մարդկային հարստությունն է, դա դուք եք և ձեր երեխաները: Ինձ համար շատ էական է հաջորդ սերունդը: Մենք դպրոցից սկսած պետք է կարողանանք երեխաներին ճիշտ կրթել: Որպես նախագահ՝ իմ պարտականությունն եմ համարում առաջնորդել ժողովրդին որոշակի հստակ տեսլականներով: Եվ տեսլականներից առաջինն այն է, որ երկրում երեխաների նկատմամբ ուշադրությունը պետք է լինի ամենաառաջնայինը: Վաղը հայրենիքը պաշտպանող զինվորն այսօրվա երեխան է: Որպեսզի նա կարողանա վաղը երկիրը պաշտպանել, պետք է ունենա ամենավերջին տեխնոլոգիան, քանի որ հրացանով չի պաշտպանելու, այլ դրոններով: Ու դրա համար պետք է ճիշտ կրթություն ստացած լինի: Հայաստանը ինքը պետք է արտադրի իր դրոնը: Իսկ որպեսզի դրոն արտադրի, պետք է ունենա բարձրորակ կրթական համակարգ՝ մանկապարտեզից մինչև համալսարան»,- նշել է նա:

Հանրապետության նախագահը հայտարարել է, որ 21-րդ դարը հայերի դարն է, և մենք ունենք հնարավորություն ու ներուժ՝ դառնալու հաջողակ ազգ:

Ելույթի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը լսել է հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին:

 

***

 

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ:

Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ նման այցելությունները նպաստում են երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: «Մեր երկների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է, սակայն այն ամբողջությամբ իրացված չէ: Մեր կողմից կա լիակատար ցանկություն՝ զարգացնելու տնտեսական հարաբերությունները երկկողմ հետաքրություն ներկայացանող բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Ասկար Մամինը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ է երկու բարեկամ երկների միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարները քննարկել վարչապետի հետ: Հայաստանի նախագահը և Ղազախստանի վարչապետը համագործակցության համար հեռանկարային են համարել մասնավորապես գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ենթակառուցվածքների, կրթության և զբոսաշրջության ոլորտները:

Վարչապետ Մամինն իր հերթին ասել է, որ հետաքրքրված են նշված և այլ ոլորտներում Հայաստանի հետ լիարժեք համագործակցությամբ և պատրաստ են մանրամասն քննարկել գործակցության բոլոր հնարավորությունները:

Վարաչպետ Մամինի խնդրանքով նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

 

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև տնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Դարիգա Նազարբաևան շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Ալմաթիում կայնալիք Եվրասիական մեդիա ֆորումին մասնակցության և ֆորումի կայացմանը աջակցության համար:«Դուք շատ բան եք արել արևմտյան մեդիա հանրույթում այս ֆորումի առաջխաղացման համար»,-նշել է նա:

Դարիգա Նազարբաևան հայտնել է, որ իրենք ցանկանում են ընդլայնել համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ, լիարժեքորեն օգտագործել խորհրդարանական բարեկամական խմբերի ողջ ներուժը:

Զրուցակիցները խոսել են նաև երկու երկների միջև համագործակցության հեռանկարային ուղղություների մասին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները և փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: «Ներկայիս գործակցության ծավալը շատ փոքր է ու չի համապատասխանում առկա ներուժին և մեկ տնտեսական գոտում գտնվող բարեկամ երկրների հարաբերություններին»,- ասել է նա: Նախագահը հատկապես կարևորել է համագործակցության զարգացումն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունն ու սննդի անվտանգությունը:

Նախագահը Դարիգա Նազարբաևայի խնդրանքով անրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդն ունի իմաստնություն՝ հաղթահարելու խնդիրներն ու առանց ցնցումների անցնել զարգացման նոր ճանապարհով:

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ղազախստանի առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի հետ:

Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությունը զարգացնելուն վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշել են, որ մի շարք ոլորտներում առկա է փոխշահավետ գործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործումը կխթանի երկու երկրների միջև տնտեսական կապերն ու կնպաստի առևտրաշրջանառության ծավալների աճին: Անդրադարձ է եղել նաև ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության հարցերին:

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի բացմանը։

Ամենամյա ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհն այսօր. ձևափոխվող իրականություն» խորագրով, մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և պետական ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը:

Ֆորումի բացմանը հնչել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ալմաթիի քաղաքապետի ողջույնի խոսքերը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի աշխատանքների մեկնարկի առթիվ: Նա ընդգծել է, որ 2000-ականների սկզբին իր դերակատարումն է ունեցել ֆորումի ստեղծման աշխատանքներում: «Ես կարող եմ այս ֆորումն անվանել ինստիտուտ, որը հսկայական ազդեցություն ունի ոչ միայն լրագրողական միջավայրի, այլև ընդհանրապես եվրասիականության հասկացության ու ողջ մեդիայի վրա:
Երբ մտածում եմ Եվրասիական մեդիա ֆորումի մասին, բնականաբար, մտքիս գալիս են երկու-երեք գաղափարներ, հասկացություններ: Դրանցից առաջինը կոչվում է Եվրասիա: Ի՞նչ է Եվրասիան: Այն ոչ միայն աշխարհագրություն է, այլև մեծ պատմությունն է քաղաքակրթությունների, որոնք ծնվում էին հազարամյակներ առաջ: Դրանցից որոշները չապրեցին մինչև մեր ժամանակները, իսկ որոշներն այսօր դարձան իսկապես հզոր քաղաքակրթություններ»,
- նշել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Եվրասիան այսօր աշխարհում տեղի ունեցող մեծ զարգացման ու իրադարձությունների կենտրոնն է:

«Երբ խոսում ենք Եվրասիայի մասին, չենք կարող չմտածել Ղազախստանի մասին, քանի որ այն այսօր ոչ միայն ֆիզիկապես, այլև քաղաքական ու տնտեսական առումով գտնվում է հենց կենտրոնում: Իզուր չէ, որ հենց այստեղ են ծնվել տնտեսական համագործակցության մասին գաղափարները, որոնք իրականություն դարձան հետխորհրդային տարածաշրջանում: Իրականություն է դարձել Եվրասիական տնտեսական համագործակցությունը, որը, հուսով ենք, կդառնա ևս մեկ կամուրջ՝ ծառայելու այն գլխավոր նպատակին, որի մասին մտածում ենք: Դա ժողովուրդների, մշակույթների ու քաղաքակրթությունների փոխադարձ բարեկամությունն է: Եվ ես ուզում եմ տեսնել այն օրը, երբ Եվրասիական տնտեսական համագործակցությունն ու Եվրամիությունը լուրջ բանակցություններ կսկսեն խորը համագործակցության մասին»,- ասել է Հանրապետության նախագահը:

Արմեն Սարգսյանն անդրադարձել է երկրորդ հասկացությանը՝ մեդիային՝ նշելով, որ մեդիայի գաղափարը վերջին տարիներին մեծ փոփոխություններ է կրել: «Երբ տարիներ առաջ խոսում էինք մեդիա ֆորումի մասին, այդ ֆորումը դիտարկվում էր որպես հարթակ լրագրողների համար: Սակայն տեսեք, թե 20 տարվա ընթացքում ինչպես է փոխվել մեդիան: Հիմա երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մասին:

Կարծում եմ, որ Եվրասիական մեդիա ֆորումի ապագան իրական մեդիան է, այն վիրտուալ կյանքը, որն ապրում ենք: Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի մի քանի ժամ, իսկ ոմանք՝ շատ ավելի ժամանակ են անցկացնում վիրտուալ տարածքում, որը դարձել է շատ ավելի ընդգրկուն, քան պարզապես լուրերը, լրագրությունը կամ տեղեկատվության հաղորդումը: Դա մեր կյանքի մասն է: Սա ինդուստրիալ հեղափոխության փոքր գործիքը կամ արտադրանքն է, որն իր մեջ ներառում է տեղեկատվություն մեր կյանքի, մեր տնտեսական հարաբերությունների, մեր լուսանկարների, ընտանիքի, բանկերի հետ մեր ֆինանսական հարաբերությունների մասին»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ այս վիրտուալ կյանքը փոխում է մեր ընկալումը տարբեր երևույթների նկատմամբ, օրինակ, թե ինչպես ենք զբաղվում գիտությամբ, կրթությամբ, առողջապահությամբ, տնտեսությամբ ու նաև քաղաքականությամբ:

«Մեդիայի, վիրտուալ տարածքի դերակատարումը մեծ ազդեցություն է ունենում, թե ինչպես է ծնվում քաղաքականությունը, գաղափարները, ինչպես են դրանք իրականություն դառնում: Այն մեդիան, որից սկսել էինք 20 տարի առաջ, այլևս նախկինը չէ: Այդ մեդիան այն երկրորդ վիրտուալ աշխարհն է, որում ապրում ենք: Այն ավելի ու ավելի շատ է ազդեցություն ունենում այն իրական աշխարհի վրա, որում ֆիզիկապես ենք ապրում, և ինչ-որ առումով, դրանք ձուլվում են: Շատ կարևոր մարդկային արժեքներ, ներառյալ այն, թե ինչպես ենք վերաբերվում այս մոլորակին, ժողովրդավարությանը, ևս փոխվելու են: Մենք պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց»,- նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Եվ որպես երրորդ հասկացություն՝ նա անդրադարձել է ֆորումին և շնորհակալություն հայտնել դրա կազմակերպիչներին, մասնավորապես, Դարիգա Նազարբաևաին ու Ղազախստանի կառավարությանը: «Բնականաբար, ֆորումն այն մարդիկ են, ովքեր հիմնել են այն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, նրանց, ովքեր ստեղծել են այս ֆորումը, մաղթել մեզ բոլորիս, որ այս ֆորումը շարունակվի երկար տարիներ, քանի որ խնդիրները, որոնք մեր առջև կան, որոնք կան մարդկության առջև, հսկայական են, և դրանք փոխվում են ամեն օր»,- ելույթի ավարտին ասել է Արմեն Սարգսյանը:

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի շրջանակում մասնակցել է «Դեգլոբալիզացիա. աշխարհը զարգացման նոր մոդելների փնտրտուքում» խորագրով քննարկմանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը, քննարկման սկզբում անդրադառնալով դեգլոբալիզացիայի գաղափարին, նշել է, որ չի հավատում այդ եզրույթին: «Գլոբալիզացիան չի ավարտվել, այն շարունակվելու է և լինելու է ավելի արագ: Այն չի սկսվել այսօր, տարիներ կամ տասնամյակներ առաջ, այն սկսվել է հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ՝ Մետաքսի ճանապարհից ու դրանից էլ առաջ: Աշխարհն այդ ժամանակ արդեն իսկ գլոբալիզացվել էր և գլոբալիզացիայի տարբերակներն այլ էին: Այսօր գլոբալիզացիան շարունակվում է»,- նշել է նա: Արմեն Սարգսյանը համաձայնել է քննարկման մասնակիցների հետ, որ գլոբալիզացիայի գործընթացում դժվարություններ կան տարբեր մակարդակներում, և այսօրվա կարևորագույն հարցը վերաբերում է այդ գործընթացը կառավարելուն:

«Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, և կարծում եմ, որ մենք կլինենք այն ժողովուրդը, որը գիտի, թե ինչպես ադապտացվել: Ժողովուրդ, որը պատմության ընթացքում անցել է հսկայական ողբերգությունների միջով և կյանքը սկսել է նորից: Սա կարևոր որակ է նոր աշխարհում, որտեղ ավելի քիչ են որոշակիություններն ու ավելի շատ են անորոշությունները»,- ասել է Հանրապետության նախագահը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը եղել ու շարունակում է մնալ խաչմերուկում: «Հայաստանը խաչմերուկ է: Այդ պատճառով մեր երկիրը սովորել է աշխատել բոլորի հետ և սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ: Սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, և ես այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում: Ավելին, Հայաստանն ունի առավելություն, և միջազգային հանրությունը պետք է փորձի օգտվել այդ առավելությունից, քանի որ Հայաստանը միակն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի և Եվրասիայի հետ: Ուստի ինչո՞ւ չօգտագործել որպես կամուրջ հանդես եկող Հայաստանի հնարավորությունները»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահը պատասխանել է դաճլիում ներկաների տարաբնույթ հարցերին: Մասնավորապես, անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք սոցիալական մեդիան կարող է փոխարինել ավանդական մեդիային՝ նա նշել է. «Չեմ կարծում: Ի վերջո դրանք միաձուլվելու են: Ոչ թե մեկը փոխարինելու է մյուսին, այլ երկուսը դառնալու են մեկ ամբողջություն»:

Նախագահը նկատել է, որ գլոբալիզացված աշխարհում սոցիալական ցանցերն այսօր միավորում են մարդկանց: Նա խոսել է համաշխարհային քաղաքականության քվանտային բնույթի մասին՝ նշելով, որ մեր օրերի քաղաքական առաջնորդները կարողանում են ճիշտ օգտվել նոր գործիքներից՝ սոցիալական ցանցերից:

Պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին առնչվող հարցին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ ներկայում երկու պետությունները բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Նա հիշեցրել է, որ հայկական կողմից բանակցությունները վարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ արտգործնախարարը, իսկ ադրբեջանական կողմից՝ նախագահ Իլհամ Ալիևն ու այդ երկրի ԱԳ նախարարը: «Ես իմ լիակատար աջակցությունն եմ ցուցաբերում խնդրի խաղաղ կարգավորմանը: Սակայն այս խնդիրը Հայաստանին չի հեռացնում՝ միջազգային հարաբերությունների, Եվրասիայի ու Եվրամիության միջև համագործակցության հարթակ լինելու հնարավորությունից»,- նշել է Արմեն Սարգսյանը:

 

← Վերադառնալ