07
04, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Պորտուգալիայի Հանրապետություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ապրիլի 7-9-ը մեկնել է Պորտուգալիայի Հանրապետություն:

Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս կմասնակցի Horasis վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է:

«Horasis»-ն անկախ միջազգային թինք-թանք է, որը համագործակցության ու գիտելիքներ փոխանակելու համար հարթակ է տրամադրում մասնավորապես զարգացած երկրներին ու զարգացող շուկաներին: Վերլուծական կենտրոնն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: Կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպումների ընթացքում առաջարկվում են ռազմավարական լուծումներ այն խնդիրների ու մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և խոշոր ընկերությունները:

Հանրապետության նախագահը որպես բանախոս ելույթ կունենա «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում:

Այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի և վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ:

Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ: Այն ստեղծվել է 1956 թվականին՝ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկայնի կտակի համաձայն: Հիմնադրամն իրականացնում է տարատեսակ ծրագրեր՝ ուղղված գիտության, կրթության ու արվեստի զարգացմանը, ամեն տարի կրթաթոշակներ և դրամաշնորհներ տրամադրում տարբեր ինստիտուտների, կազմակերպությունների ու անհատների՝ այս ոլորտներում գործունեություն իրականացնելու նպատակով:  

 

***

 

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է:

Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս ելույթ է ունեցել «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում:

Քննարկման մասնակիցները խոսել են ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու դրանց լուծման տարբերակների մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ցանկացած երկիր տարբեր կերպ է մոտենում ի հայտ եկող խնդիրների լուծմանը: «Հայաստանի դեպքում բանաձևը շատ պարզ է։ Փոքրը գեղեցիկ է։ Եվ փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում»։

Հանրապետության նախագահն անդրադարձել է չորրորդ ինդուստրիալ հեղափոխությանը` նշելով, որ գործ ունենք մշտական հեղափոխության ու էվոլյուցիոն զարգացման երկարատև գործընթացի հետ: «Գիտական նորույթների և տեխնոլոգիական նվաճումների հսկայական քանակը, համատեղած մարդկանց այն մեծ թվի հետ, որոնք ներգրավված են ստարտափների ու նորարարական այլ գործընթացների մեջ, խոսում են այն մասին, որ այս գործընթացները լինելու են շատ դինամիկ և դրամատիկ։ Մենք առաջիկայում ականատեսն ենք լինելու, թե ինչպես են աճելու քվանտային մոդելավորման, նոր տեխնոլոգիաների ու մեծ տեղեկատվության կառավարման ծավալները, և իհարկե, այս ամենի գագաթնակետում լինելու է արհեստական բանականությունը, որը, կարծում եմ, կիրառություն է գտնելու ամեն տեղ»,- նշել է Սարգսյանը։

Նախագահը համոզված է` չպետք է վախենալ արհեստական բանականությունից։ «Սա նույն պատմությունն է, ինչ 30-40 տարի առաջ, երբ մարդիկ վախենում էին տեղեկատվական տեխնոլոգիաներից, մտածում էին, թե համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն աշխատանքը։ Բայց ոչ, արհեստական բանականության շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Այն, ինչը փոխվելու է, լինելու է մարդկանց գործունեության որակը և տեսակը։ Մենք շարժվում ենք դեպի ավելի նորարար աշխարհ»,- ընդգծել է նա։

Արմեն Սարգսյանը նշել է, որ այս հեղափոխությունը տեղի է ունենում ոչ միայն տնտեսության ու տեխնոլոգիաների մեջ, այլև մեր մարդկային վարքագծում. «Սա բացարձակ նոր աշխարհ է, որը ես անվանում եմ քվանտային աշխարհ»։

Քննարկման կարևոր թեմաներից մեկը կլիմայական փոփոխություններն ու մարդու գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասներն էին: «Մենք պետք է խոսենք ոչ թե կլիմայական փոփոխությունների, այլ այն վնասի մասին, որը հասցնում ենք բնությանը։ Իրականությունն այն է, որ աշխարհը շատ քայլեր է ձեռնարկում այս իրավիճակի դեմ պայքարելու համար։ Առաջ գնալու ճանապարհը կանաչ տեխնոլոգիաներն են, վերականգնվող էներգետիկան՝ հիդրոէներգիան, քամին, արևային էներգիան։ Սակայն անգամ լավագույն սցենարի դեպքում մեզնից պահանջվելու են տասնամյակներ, որպեսզի մեր անցյալից, որը բացարձակ սև էր, քանի որ այրում էինք ածուխը, անցում կատարենք կանաչ ապագայի»,- ասել է նախագահ Սարգսյանը։ Նա նշել է, որ այս խնդրի կարգավորման համար անհրաժեշտ են ճիշտ տեխնոլոգիաներ, քաղաքական կամք ու ներդրումներ, միաժամանակ նաև հավաքական պատասխանատվություն: «Պետք է լրջորեն նայենք այն իրականությանը, որն ունենք, պետք է հսկայական, բազմազգ ջանքեր գործադրենք ողջ աշխարհով մեկ` ունենալու կանաչ ապագա»,- նշել է նա:

Խոսքի ավարտին` նախագահ Սարգսյանն անդրադարձել է տեխնոլոգիական նվաճումների` մեր կյանքում ունեցած դերին ու նշանակությանը: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք դրամատիկորեն փոխելու են մեր սոցիալական ու քաղաքական վարքագիծը: «Մեծ թվով մարդիկ քաղաքականության մեջ ազդեցություն են ունենալու՝ պարզապես օգտագործելով իրենց էլեկտրոնային սարքավորումները, գրառումներ անելով «Թվիթեր»-ում, «Ֆեյսբուք»-ում։ Սա է քաղաքականությամբ զբաղվելու նոր ճանապարհը։ Մենք առերեսվում ենք բացարձակ նոր մի աշխարհի հետ, որտեղ անհատների ձայները շատ բարձր են լսվելու, և նրանք լուրջ ազդեցություն են ունենալու որոշումների կայացման վրա»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։

 

***

 

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ «Հինդուջա գրուպ» (Hinduja Group) ընկերության եվրոպական տարածաշրջանի նախագահ Պրակաշ Հինդուջայի հետ։

Նախագահ Սարգսյանը և գործարարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունների և առկա ներուժի արդյունավետ իրացման վերաբերյալ։

Պրակաշ Հինդուջան ասել է, որ «Հինդուջա գրուպ» ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաների, գիտության ոլորտներում փոխգործակցությամբ և համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ։

Նախագահ Սարգսյանը հրավիրել է Պրակաշ Հինդուջային՝ մասնակցելու հունիսին Հայաստանում անցկացվող «Armenian Summit of Minds» միջոցառմանը։

«Հինդուջա գրուպ»-ը խոշորագույն ընկերություն է՝ հիմնված Հինդուջա եղբայրների կողմից։ Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, բանկային, անշարժ գույքի ոլորտներում։ Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 150 հազարը։ Հինդուջա ընտանիքն աշխարհի ամենահարուստ ընտանիքների շարքում է՝ 18 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ։

 

***

 

«Horasis» վերլուծական կենտրոնի ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Horasis» միջազգային կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ:

Զրուցակիցները, խոսելով համագործակցության հնարավոր ուղիների մասին, ընդգծել են կենտրոնի ապագա ծրագրերից մեկը Հայաստանում կազմակերպելու մտադրությունը։ Նշվել է, որ կդիտարկվի Horasis China 2020 հանդիպումը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։

«Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: «Horasis»-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, գործարարներ, հասարակական գործիչներ։

 

***

 

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ։

Անդրադառնալով երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ջերմ պատմական կապերին ու հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովրդի պանծալի զավակներից մեկի՝ Գալուստ Գուլբենկյանի անունը յուրաքանչյուր հայ հպարտությամբ է հիշում։

Պորտուգալիայի վարչապետն իր հերթին ընդգծել է Գալուստ Գյուլբենկյանի գործունեության ու նրա թողած ժառանգության, Գալուստ Գյուլբենկյան բարեգործական ու գիտամշակութային հիմնադրամի դերը Պորտուգալիայի համար:

Հայաստանի նախագահը և Պորտուգալիայի վարչապետը մտքեր են փոխանակել գործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն կրթության և գիտության ոլորտներում՝ այդ համատեքստում առաջարկելով իրականացնել ուսանողների ու գիտնականների փոխանակման, ինչպես նաև գիտահետազոտական համատեղ ծրագրեր:

Նշելով, որ տեղյակ է Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը պատրաստակամ է կիսվել այս ոլորտում իր գիտական ներուժով ու փորձառությամբ, որը հայտնի է դեռևս խորհրդային տարիներից։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Պորտուգալիան փոխգործակցության մեծ ներուժ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բնական գիտությունների, արհեստական բանականության ոլորտներում։

Նախագահ Սարգսյանը հավելել է, որ հայ-պորտուգալական համագործակցության առավել արդյունավետ ոլորտներից մեկը կարող է դառնալ զբոսաշրջությունը: «Հայաստանը և Պորտուգալիան հրաշալի երկրներ են և միմյանց բացահայտելու կարիք ունեն»,- նշել է նախագահը։

Զրուցակիցները խոսել են նաև երկու երկրների միջև ուղիղ օդային կապի հաստատման հնարավորության մասին` պայմանավորվելով ուսումնասիրել հարցը:

 

*** 

 


Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 8-ին այցելել է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան։

Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանի ցուցասրահներով, որտեղ պահվում են Պորտուգալիայի ամենանշանակալի արվեստի գործերն ու հավաքածուները՝ նկարներ, քանդակներ, ոսկյա և արծաթյա զարդեր, կահույք, դեկորատիվ արվեստի գործեր։

Արմեն Սարգսյանը դիտել է ներկայացված մշակութային ժառանգությունը և արվեստի այն գործերը, որոնք Պորտուգալիայի կողմից հայտարարվել են որպես «ազգային գանձեր»։

Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարանը ստեղծվել է 1884 թվականին, այստեղ պահվում են շուրջ 40 հազար ցուցանմուշներ, որոնք թվագրվում են միջին դարերից մինչև 19-րդ դարասկիզբ, և կարևոր են ոչ միայն պորտուգալական, այլև համաշխարհային արվեստի ժառանգության պահպանման տեսանկյունից։

 

***

 

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ։

Նշելով, որ վերջին անգամ այս հաստատությունում եղել է 15 տարի առաջ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Միշտ էլ հաճելի է ու հպարտ վերադառնալ այս վայր։ Գալուստ Գյուլբենկյանի վաստակն ու բարեսիրական գործունեությունը վերածվել են ուսանելի օրինակի ու փորձառության»։

Հիմնադրամի նախագահ տիկին Իզաբել Մոտան ներկայացրել է հաստատության մարդասիրական և բարեգործական լայնածավալ գործունեությունը, մասնավորապես անդրադարձել Հայաստանում և Սփյուռքում իրականացվող ծրագրերին:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու մեծ ներդրումը հայապահպանության ու հայագիտության զարգացման գործում։

Հանրապետության նախագահը խոսել է հիմնադրամի կողմից իրականացվող գիտահետազոտական ծրագրերի մասին՝ մասնավորապես հիշատակելով, որ կառույցը դեռևս խորհրդային տարիներից աջակցում է Մատենադարանին:

«Կարծում եմ՝ լավ գաղափար կլինի, եթե հիմնադրամը դիտարկի Մատենադարանը որպես միջազգային նախագիծ: Մատենադարանն իր հարուստ ֆոնդերով ու գիտական-մասնագիտական հարուստ փորձով կարող է դառնալ հին ձեռագրերի պահպանման, վերականգնման, գնահատման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային ու միջազգային կենտրոն»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ առաջարկելով դիտարկել այս ծրագիրն ու համատեղ քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու նպատակով: Նախագահը տեղեկացրել է նաև, որ այս ծրագրի շուրջ քննարկումներ է ունեցել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Արմեն Սարգսյանը հիմնադրամի ղեկավարությանն առաջարկել է ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ մեծացնելով նաև հիմնադրամի շարունակական աջակցությունից օգտվող ուսանողների, գիտնականների ու հետազոտողների թիվը։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել համատեղ գիտահետազոտական նախաձեռնությամբ «Հորիզոն 2020» ծրագրին դիմելու հնարավորության մասին։ Նկատի առնելով, որ տարին հոբելյանական է՝ նշվում է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը, նախագահ Արմեն Սարգսյանը հիմնադրամի տնօրենին է նվիրել այդ առիթով թողարկված նամականիշների հավաքածուն:

Հանրապետության նախագահը դիտել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամում բացված` մեծ հային, գործարարին ու բարերարին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը։

Արմեն Սարգսյանն այցելել է նաև Գալուստ Գյուլբենկյանի թանգարան, շրջել ցուցասրահներով։ Գալուստ Գյուլբենկյանը արվեստի մեծ երկրպագու էր և այս թանգարանում ներկայացված է արվեստի գործերի նրա հարուստ հավաքածուն՝ նկարներ, քանդակներ, մետաղադրամներ, գրքեր, կիրառական արվեստի նմուշներ։

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահը նշել է, որ թեպետ պորտուգալահայ համայնքը փոքրաթիվ է, սակայն փոքրը միշտ հարաբերական է: «Դուք փոքր եք, բայց Գալուստ Գյուլբենկյանն ընդամենը մեկն էր` շատ հզոր ազգային ինքնությամբ: Բավական է ընթերցես կամ հետևես նրա կյանքի պատմությանը, որպեսզի մեկ անգամ ևս համոզվես, թե որքան ուժեղ և հզոր է եղել նրա մեջ հայկականությունը: Լինելով, իհարկե, համաշխարհային մակարդակի ստեղծագործ գործարար մարդ՝ նա ոչնչից հսկայական գործընթացներ է սկսել, ընկերություններ ստեղծել: Գյուլբենկյանն իսկապես ստեղծագործ մարդ էր»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ բացի մեծ գործարար լինելուց՝ Գյուլբենկյանը նաև մարդկային հարաբերությունների մեծ վարպետ էր: «Իրականում, անհնար էր ոչնչից ստեղծել հսկայական արդյունք՝ առանց լինելու մարդկային հարաբերությունների պրոֆեսոր, մեկը, ով շատ լավ հասկանում էր տարբեր մշակույթներ, մարդ, ով իրար էր կապել ողջ աշխարհը՝ Վենեսուելայից սկսած մինչև Ավստրալիա, Եվրոպայից մինչև արաբական աշխարհ: Հանձին Գյուլբենկյանի՝ ունեինք մի հայ, ով իր մեջ կրում էր համաշխարհային մշակույթը և այսպես կոչված բանակցային արվեստը: Եթե Գալուստ Գյուլբենկյանը չզբաղվեր գործարար կյանքով, թերևս լիներ աշխարհի լավագույն դիվանագետներից մեկը»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Նա խոսել է նաև Գյուլբենկյանի բարձր ճաշակի և արվեստի նկատմամբ տածած սիրո մասին, որն ամփոփվել է նրա հսկայական հավաքածուում:

«Այս շարքը կարելի է շարունակել, քանի որ գործ ունենք իրականում հանճարեղ մի մարդու հետ, սակայն այս ամենից առաջ Գալուստ Գյուլբենկյանը հայ մարդ էր և մեծ հայ: Նա ոչ միայն իր ծագմամբ էր հայ, այլև իր մտածելակերպով, իր ամենօրյա գործունեությամբ: Հայկականությունն ամեն տեղ էր՝ սկսած հարգանքից ծնողների, մշակույթի հանդեպ, մինչև վերաբերմունքը մեր ողջ ժողովրդի նկատմամբ», - ասել է Հանրապետության նախագահը՝ ընդգծելով, որ բնական է, որ Պորտուգալիա այցի շրջանակում պետք է լիներ այստեղ ու հանդիպեր հայ համայնքի հետ:

Դիմելով Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան: Վերադառնալու է և իր հետ բերելու գիտության, արվեստի, մշակույթի, գործարար կյանքում ունեցած հաջողությունները: Վերադառնալու եք Հայաստան ձեր փոքրիկների հետ, բերելու եք և նրանց վերադարձնեք հայրենիք, որովհետև նրանք են մեր ապագան ու մեր ամենամեծ արժեքը»:

 

***

 


Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է այդ երկրի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մանուել Հեիտորի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև գիտատեխնիկական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման ծրագրի նկատմամբ, քանի որ այս ոլորտում ունի մեծ գիտական ներուժ:

 

***

 

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի հետ։

Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Պորտուգալիա։

Ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչությունները՝ Պորտուգալիայի նախագահը մեծագույն ակնածանքով է խոսել պորտուգալահայ հայտնի գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի ու նրա անունը կրող հիմնադրամի գործունեության մասին։

Նախագահ Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մարդասիրական ու մշակութային գործունեությունը և նշել է, որ հիմնադրամը յուրատեսակ կամուրջ է հայ-պորտուգալական հարաբերություններում։

Հայաստանի և Պորտուգալիայի նախագահները մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Նրանք համակարծիք են եղել, որ երկու երկրները հաջող գործընկերներ կարող են լինել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում։

Անդրադառնալով Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման ծրագրին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս ոլորտում ունի մեծ գիտական ներուժ։

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն՝ զրուցակիցներն առանձնացրել են նաև զբոսաշրջության ոլորտը։ Նշելով, որ Հայաստանից ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ կարող են այցելել Պորտուգալիա և ավելի մեծ թվով պորտուգալացիներ կարող են գալ և բացահայտել Հայաստանը՝ կողմերը կարևորել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության բարելավման խնդիրը և հնարավորությունների ուսումնասիրումը։

Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է Պորտուգալիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան։

Իր հերթին նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան հրավիրել է Հայաստանի իր գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարել Պորտուգալիա։

← Վերադառնալ