14
02, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Նախագահի այցի առաջին կանգառը Հայդելբերգում էր, որտեղ նա հանդիպել է քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը խոսել են գիտական ոլորտում համագործակցության մեծ ներուժի մասին։ Վյուրցները նշել է, որ Հայդելբերգը Գերմանիայի ամենաարագ զարգացող քաղաքներից է։ Նա ընդգծել է, որ քաղաքը մեծ ներուժ ունի գիտության, մասնավորապես բժշկության բնագավառում։ «Հուսով ենք, որ ապագայում կարող ենք գործակցել այս և այլ ոլորտներում»,- ասել է պրֆեսոր Վյուրցները։

Ի պատասխան՝ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։«Այս քաղաքի զարգացումը հիասքանչ է, այն գիտության, կրթության, նոր տեխնոլոգիաների համակցումն է»,- ընդգծել է նախագահը։ Նա խոսել է Հայաստանի Դիլիջան քաղաքը ՏՏ ոլորտի ու արհեստական բանականության մշակման առաջատար կենտրոն դարձնելու ցանկության մասին։ Միաժամանակ, Հանրապետության նախագահն Էքարտ Վյուրցներին հրավիրել է Հայաստան՝ կիսվելու քաղաքի կառավարման ոլորտում ունեցած իր փորձառությամբ։ 

 

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։

Նախագահը հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարության՝ մասնավորապես ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել բուհի իրականացրած կրթական ծրագրերին, քննարկել հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։

Հայդելբերգի համալսարանի գրադարանում ծանոթանալով այնտեղ պահվող միջնադարյան գրքերի, դրանց պահպանման աշխատանքների հետ՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Երևանի «Մատենադարան» հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հարուստ գործունեությունն ու փորձը և ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր ծրագրեր կարող են իրականացնել։

Օրվա ավարտին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել համալսարանի ուսանողների և դասախոսների առաջ։ Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհի միտումների, նոր աշխարհում տեխնոլոգիական զարգացման, նորարարության կարևորության մասին։

«Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկում է, և մենք պետք է այն առերեսվենք իրականությանը, որ կանգնած ենք տարբեր քաղաքակրթությունների, ճակատագրերի, հավատալիքների ու գաղափարների, կրոնների սահմանին,- նշել է Արմեն Սարգսյանը:

Հիմա՝ 21-րդ դարում, աշխարհը փոխվում է դրամատիկ կերպով։ 21-րդ դարը լինելու է մի դարաշրջան, երբ գիտության, տեխնոլոգիաների և կրթության նոր ուղիների շնորհիվ հայտնագործությունների հանդեպ ոգևորությունը հսկայական է լինելու, և դա անդրադառնալու է նոր աշխարհի հանրային ու քաղաքական կյանքի վրա»։

Նախագահն ընդգծել է, որ նոր աշխարհում կարևոր դեր է վերապահված Հայաստանին։ «Մենք փոքր, բայց իսկապես համաշխարհային ազգ ենք՝ շատ սերտ փոխկապակցված. մի ազգ, որի համար դարեր շարունակ կարևոր է եղել կրթությունը։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ապրել են տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու կրոնների խաչմերուկում ու կարողացել վերապրել։ Սա ևս մեկ հատկանիշ է, որը 21-րդ դարում կարևոր է։

Մեր երկրում, որտեղ բնական պաշարները շատ չեն, մենք ունենք գիտության և տեխնոլոգիաների շատ լավ դպրոց, որը զարգացել է ավելի քան հարյուր տարի առաջ։ Ունենք մեծ մշակութային ժառանգություն, քրիստոնյա ժառանգություն։

Մենք երիտասարդ ազգ և պետություն ենք, որը հիանալի հնարավորություն ունի կառուցելու նոր երկիր նոր աշխարհում՝ հիմնվելով գիտության ուժի, բացահայտումների և նորարարությունների ու կրթության որակի վրա»,- նշել է Հայաստանի նախագահը։ Արմեն Սարգսյանը կարևորել է մեր երկրի ավանդույթները բնական գիտությունների ոլորտում։

«Նոր աշխարհի նոր Հայաստանում կան շատ ուղիներ, որոնցով կարող ենք աշխատել Գերմանիայի, մասնավորապես՝ Հայդելբերգի հետ։ Եվ այդ համագործակցության հարցում պետք է կենտրոնանանք ապագայի, նոր տեխնոլոգիաների, տեխնոլոգիական կրթության վրա։ Մենք ունենք լավ մաթեմատիկոսներ, ովքեր կարող են օգտակար լինել արհեստական բանականության մշակման հարցում։ Կարող ենք ֆիզիկայի և մեթամատիկայի բնագավառում նոր ուսումնասիրություններ անել միասին։ Եվ այս համատեքստում դուք կարող եք օգտագործել հայկական համաշխարհային ցանցը, քանի որ երբ ասում եմ Հայաստան, նկատի չունեմ միայն Հայաստանում ապրող հայերին, նկատի ունեմ աշխարհով մեկ սփռված բոլոր հայ ուսումնասիրողներին, գիտնականներին ու գործարարներին։

Ես իսկապես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր։ Այս հարցում առաջ պետք է ընթանալ ընկերների հետ, և ես Հայդելբերգի համալսարանը դիտարկում եմ որպես գործընկեր։ Ակնկալում եմ կամուրջներ կառուցել հայկական համալսարանների ու Հայդելբերգի միջև»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։

Այնուհետև ներկաներն իրենց հարցերն են հղել Հայաստանի Հանրապետության նախագահին։

 Այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ քայլեր պետք է իրականացնի կառավարությունը, որպեսզի երկրում փոքր խմբերն ավելի ազատ ու անկախ լինեն իրենց նորարարություններում, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել երիտասարդներին։ Մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ նրանք հաջողության կհասնեն։Այլապես նրանք կհեռանան։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Մեծ տաղանդները սկսում են գնալ այնպիսի վայրեր, որտեղ կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարներն ու նորարարությունները։ Քանի որ աշխարհն ի վերջո փոքր է, պարտադիր չէ ֆիզիկապես գնալ Կալիֆորնիա կամ Սիլիկոնյան հովիտ։ Լինելով Հայաստանում՝ մենք պետք է լինենք Սիլիկոնյան հովտի գործընթացի մասը։ Սա է, որ պետք է կարողանանք անել Հայաստանում»։

 Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչպիսին է նախագահը տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի։ Ինձ համար չկա այլ ուղի, քան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար։ Եվ այստեղ կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։ Այս տարածքում կենտրոնացած են տարբեր հետաքրքրություններ, մարտահրավերներ։ Սա իսկապես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Սիրիան, Մերձավոր Արևելքը շատ հեռու չեն, կամ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Այստեղ անգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու։ Ուստի կա միայն մեկ ուղի՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։ Եվ ես հուսով եմ, որ հակամարտության կարգավորումը հիմնված կլինի բանականության, մարդկային արժեքների վրա։ Հուսով եմ, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները»։

 Ներկաներից մեկի հարցին, թե՝ որո՞նք են համաշխարհային փոխկապակցվածության բացասական կողմերը, և ի՞նչ խորհուրդ կտա Արմեն Սարգսյանն այդ հնարավոր բացասական ազդեցությունների հաղթահարման համար, Հանրապետության նախագահը պատասխանել է. «Աշխարհը բարդ համակարգ է։ Երբ համաշխարհային ազգ ես, դա նշանակում է մեծ թվով հայեր ունես, ովքեր ապրում են արտասահմանում՝ Հայաստանից դուրս, սակայն մեծ ազդեցություն ունեն երկրում տեղի ունեցող գործընթացների վրա։ Փոխկապակցվածությունը տարբեր կողմեր ունի՝ թե՛ դրական, թե՛բացասական։

Գլոբալացման, արդյունաբերական, գիտական հեղափոխությունների, մարդկային ստեղծարարության, կրթության նշանակության կողքին կա մեկ կարևոր գործոն, որը կոչվում է բարոյականություն։ Եթե չունես մարդկային բարոյականություն, քո տեխնոլոգիական առաջադիմությունը գործիքի փոխարեն կդառնա զենք։ Այս ամենը շղթայական փոխկապակցվածություն ունի։

Կա մի պարզ ճշմարտություն. բոլորս մարդիկ ենք և ինչ էլ անենք, պետք է մարդկային տրամաբանություն ու բարոյականություն ունենալ, ինչպես նաև որոշակի ոգի այն ամենի հիմքում, ինչ անում ենք։ Հակառակ դեպքում մենք ունակ ենք վատ արարքների։ Կարևոր չէ, թե ով ես, ինչ ազգություն ունես, դու պետք է մարդ լինես»։

 

***

 

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ։

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ կա համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ։ Հայաստան-Լատվիա համագործակցությունը հատկապես կարևորվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում. նախագահ Սարգսյանն առաջնային է դիտարկել ԵՄ անդամների կողմից Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։

Նախագահ Սարգսյանը որոշ ոլորտների բարեփոխումների լատվիական փորձը օգտակար և ուսանելի է համարել Հայաստանի համար: Իր հերթին նախագահ Վեյոնիսն ասել է, որ պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձառությունը կիսել հայ գործընկերների հետ։

Նշելով, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք կարող ենք միմյանց օգնել և միմյանցից սովորել»։

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Մյունխենում հանդիպել է խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները խոսել են համագործակցության, Հայաստանում «Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։Նախագահ Արմեն Սարգսյանը և Ռոլանդ Բուշը մասնավորապես անդրադարձել են արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցելու հեռանկարներին՝ նախանշելով հնարավոր փոխգործակցության ուղղությունները։

«Մեծ կարողություններ կան արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական նոու հաուի ոլորտներում։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ կարող ենք մտածել ավելին անելու մասին։ Աշխարհում արհեստական բանականության մասնագետների մեծ կարիք կա, և սա լավ հնարավորություն է»,- ասել է Ռոլանդ Բուշը։ Նա նախագահ Սարգսյանի հրավերով առաջիկայում կայցելի Հայաստան։

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Հիանալի հանդիպում ունեցանք և լավատեսորեն ենք տրամադրված հնարավոր համագործակցության ապագայի վերաբերյալ»։

 

***

 

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացմանը մասնակցել են բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, անվտանգության ոլորտի փորձագետներ։

 

***

 

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  հանդիպել է Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի հետ՝ ալբանական կողմի նախաձեռնությամբ։

Զրուցակիցները նշել են, որ երկկողմ հարաբերություններում չիրացված մեծ ներուժ կա և կարևորել են հետևողական աշխատանքը փոխգործակցության զարգացման ուղղությամբ։

Խոսելով տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է.

«Որևէ երկրի կողմից ի նպաստ հակամարտության այս կամ այն կողմի հայտարարությունները չեն կարող որևէ կերպ օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը։ Գոյություն ունի ձևաչափ, որի շրջնակում տեղի են ունենում բանակցությունները»։

Նշելով, որ Ալբանիան լավ հարաբերություններ ունի թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի հետ՝ նախագահ Իլիր Մետան ասել է. «Երկու երկրներին մաղթում ենք հաջողություններ՝ լուծումներ գտնելու այս խնդրում »։

 

***

 

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Մյունխենում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ։

Զրուցակիցները խոսել են առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։

Բիսլին նշել է, որ աշխարհում հակամարտությունների ու պատերազմների հետևանքով աճում է քաղցի հետևանքով մահացողների թիվը։

«Հայաստանի նախագահն այն գործիչներից է, ով մտածում է ոչ միայն իր երկրի ժողովրդի մասին, այլև հետաքրքրված է, թե ինչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը հակամարտությունների ու դրանց հետևանքով առաջացած քաղցի հարցի հաղթահարման գործում։ Սրանք մեզ համար կարևոր հարցեր են, ուստի Հայաստանը կարող է կարևոր գործընկեր լինել մեզ համար»,- նշել է Բիսլին։ Նա ընդգծել է, որ իրենք ակնկալում են Հայաստանի հետ գործակցության ոլորտում անել ավելին, քան արվում է այսօր։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է Պարենային համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը ոչ միայն նրանց գաղափարներից, նոու հաուից, կառավարման համակարգերից, նրանց գնահատականներից օգտնվելու տեսանկյունից։

«Կազմակերպությունն ուղղակի ճանապարհ է, դարպաս, դուռ դեպի արտաքին աշխարհ, որը հսկայական քանակությամբ սննդի և ջրային արտադրանքի կարիք ունի։Կարծում եմ՝ Հայաստանը, զարգացնելով իր գյուղատնտեսությունը և սննդի արդյունաբերությունը, պետք է մտածի ոչ միայն իր մասին, այլև քայլեր ձեռնարկի արտահանման ուղղությամբ։ Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը երկկողմ շահավետ կարող է լինել։ Այն կարող է մեզ աջակցել, որպեսզի մեր ներքին խնդիրները լուծենք, ավելի օգտակար, բարձրորակ սննդով ապահովենք քաղաքների ու գյուղերի մեր բնակչությանը, միաժամանակ զարգացնենք մեր գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը, լոկալից դառնանք միջազգային և դրանով լինենք ավելի ամուր, հաջող և հարուստ»,- ասել է նախագահ Սարգսյանը։

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Մյունխենում հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նրանք խոսել են տարբեր ոլորտներում ռազմավարական համագործակցության ընդլայնման, սննդի անվտանգության և ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցերի մասին։

Արմեն Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության մեծ հնարավորություններ և Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի արտադրության ու մատակարարման հարցում։

Հայաստանի նախագահը Կատարի էմիրին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան։

Իր հերթին Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին Հայաստանի նախագահին հրավիրել է այցելել Կատար։

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի (Rockefeller Brothers Fund) նախագահ Ստեֆան Հայնցի հետ։

Զրուցակիցները խոսել են գիտական հետազոտությունների բնագավառում, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների ու ջրային պաշարների կառավարման ոլորտներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։

«Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ը ստեղծվել է 1940 թվականին՝ Ռոքֆելեր ընտանիքի անդամների կողմից։ Հիմնադրումից ի վեր այն մշտապես աջակցել է փոփոխություններին, որոնք միտված են ավելի քաղաքակիրթ, կայուն ու զարգացած աշխարհի կառուցմանը։

 

***

 

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ։

Հայաստանի և Սերբիայի նախագահները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ-սերբական հարաբերությունները, երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն ու ընդհանուր արժեքները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության զարգացման համար։

Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը, ինչը նոր խթան կարող է հանդիսանալ փոխգործակցության խորացման գործում։

Զրուցակիցները խոսել են տնտեսական, առևտրային, կրթական, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության հեռանկարների, մասնավորապես արհեստական բանականության մշակման հարցում գործակցության, ինչպես նաև երկկողմ զբոսաշրջությունն ակտիվացնելու հնարավորությունների մասին։

 

***

 

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները:

Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային ազդեցիկ հարթակներից մեկի կայացման գործում։

Նախագահ Սարգսյանը և դեսպան Իշինգերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների մասին։

Արմեն Սարգսյանը հրավիրել է դեսպան Իշինգերին` այս տարվա հունիսին մասնակցելու առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող «Armenian Summit of Minds» գագաթնաժողովին, որն անցկացվում է Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո:

 

***

 

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան։

Համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման սկզբում համալսարանի նախագահ Վոլֆգանգ Հերմանը, ողջունելով Արմեն Սարգսյանի այցը ուսումնական հաստատություն, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին, ով նաև գիտնական է: Նա ներկայացրել է համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես` բնական գիտությունների ու բժշկության ոլորտներում:

Նշելով, որ գիտության ոլորտում մեր ունեցած ավանդույթները ոչ միայն պետք է պահպանել, այլև զարգացնել և հասցնել նոր մակարդակի, նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Ես ցանկանում եմ զարգացնել համագործակցությունը հայկական և գերմանական համալսարանների, երկու երկրների գիտնականների միջև»:

Նա ընդգծել է, որ Հայաստանը հիմնվում է ոչ թե բնական պաշարների, այլ մարդկային ռեսուրսների վրա: «Մեր հիմնական լոկոմոտիվը լինելու են նոր տեխնոլոգիաները, նորարարությունները, ստարտափները: Ես այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար և աջակցելու եմ բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են զարգացնելու Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը` հրավիրելով ներկաներին այցելել Հայաստան:

Վոլֆգանգ Հերմանը, բարձր գնահատելով Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերը, նշել է, որ պատրաստ են համագործակցության` հատկապես ընդգծելով, որ Մյունխենի տեխնիկական համալսարանն իրականացնում է միջազգային փոխանակման բարձրակարգ ծրագրեր:

 

***

 

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է:

Նախագահ Արմեն Սարգսյանի և աստղադիտարանի ղեկավար կազմի հանդիպմանը գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քսավիե Բարկոնը ներկայացրել է հաստատության գործունեությունը, իրականացվող հետազոտություններն ու ուսումնասիրությունները: Նա նշել է, որ միջազգային այս հեղինակավոր հաստատությունը ունեցել է բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, բայց Արմեն Սարգսյանն առաջին պետության նախագահն է, ով այցելում է աստղադիտարան։

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է հայկական գիտական մտքի նվաճումների ու կրթական ոլորտում հայ մասնագետների գրանցած հաջողությունների մասին:

«Որպես Հայաստանի նախագահ` իմ նպատակն է երկիրը դարձնել գիտական կենտրոն, վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները»,- նշել է Հանրապետության նախագահը: Նա ներկայացրել է հայկական գիտական մտքի ձեռքբերումները՝ մասնավորապես խոսելով Բյուրականի աստղադիտարանի, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի գործունեության մասին: «Ես ցանկանում եմ առաջ մղել Հայաստանը` իբրև երկիր, որը հիմնված է գիտության, կրթության, գաղափարների վրա: Մենք պատրաստ ենք համագործակցել ձեզ նման հեղինակավոր միջազգային կենտրոնի հետ, լինելու ձեր գործընկերը»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Հանրապետության նախագահը կազմակերպության ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան` մասնակցելու այս տարվա հունիսին առաջին անգամ մեր երկրում կայանալիք «Մտքերի գագաթնաժողովին»:

Պրոֆեսոր Քսավիե Բարկոնը ողջունել է նախագահի առաջարկն ու համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել Եվրոպական հարավային աստղադիտարանի տարածքում, ծանոթացել աշխարհում ամենամեծ օպտիկական աստղադիտակի կառուցման աշխատանքներին:

1962 թվականին ստեղծված Եվրոպական հարավային աստղադիտարանի անդամ է 16 պետություն՝ Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը:

Կազմակերպությունը, որի աստղադիտարանները գտնվում են Չիլիում, առաջատար դերակատարում ունի աստղագիտության ոլորտում միջազգային համագործակցության նախաձեռնման ու կազմակերպման մեջ:

 

← Վերադառնալ