06
02, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն այդ ոլորտներում ։

Ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ Հանրապետության նախագահը քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։

Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների ու մասնագետների, լավ գործընկեր կարող է լինել ֆրանսիական կողմի համար։ Համաձայնություն է ձեռքբերվել ապրիլ ամսին ֆրանսիական ընկերության ներկայացուցիչների՝ Հայաստան այցելության մասին՝ հստակեցնելու գործակցության կոնկրետ ծրագրերը։

«Դասո սիստեմս»-ը գործում է«Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում կմասնակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին։ Նշենք, որ Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է: 

 

 ***

 

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյի հետ։

Նախագահ Սարգսյանը և գործարարը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, ջրային պաշարների արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները։

Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում առկա մեծ ներուժն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ նշելով, որ Հայաստանը հարուստ է վերականգնվող էներգիայի աղբյուրներով, և այլընտրանքային էներգետիկան բիզնեսի հեռանկարային տեսակ է մեր երկրի համար։

Զրուցակիցները պայմանավորվել են, որ որպես առաջին քայլ, նշված ոլորտներում մեծ փորձառություն ունեցող գործարարն առաջիկա ամիսներին կայցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումները շարունակելու և գործակցությանն առավել առարկայական ընթացք տալու համար։

 

***

 

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ։

Շարունակելով քննարկումները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ՝ զրուցակիցները հստակեցրել են, որ փետրվարի վերջին ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։

Հայաստանի զարգացման գործում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր»։

Նա հատկապես կարևորել է նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականությանր տարրերով հագեցած ժամանակակից համակարգերի դերակատարումը։

Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարել միմյանց կապել նոր տեխնոլոգիաներն ու այն հմտությունները, որոնք ունենք, խթանել նորարարություններն ու ստարտափերը։

«THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

 

***

 

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության և քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին։

Հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ՀԲԸՄ- ն և՛ համաշխարհային, և՛ մաքուր հայկական կառույց է, որը ծառայում է ոչ միայն մեր ժողովրդի, այլև ողջ մարդկության շահերին:

«Մենք մուտք ենք գործում սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջան,- ասել է նախագահ Սարգսյանը:- Դրա ակունքներում 20-րդ դարում արված հետազոտություններն են, գիտական հայտնագործությունները մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ոլորտներում, նոր աշխարհի օրենքների հայտնագործումը, որոնք քվանտային օրենքներ են, քվանտային մեխանիկան՝ մինչև հարաբերականության տեսությունը, գրավիտացիան և այլն: 20-րդ դարում մենք զբաղվում էինք հետազոտություններով որպես ակադեմիական աշխատանք: Սակայն եկել է ժամանակը, երբ այդ հետազոտությունների արդյունքները դառնում են ինդուստրիալ»:

Նոր տեխնոլոգիաների ու բացահայտումների շարքում անդրադառնալով արհեստական բանականությանը՝ Հայաստանի նախագահը նշել է, որ այն մեծ ու առանցքային դերակատարում է ունենալու և մեծ ու դրամատիկ փոփոխություններ մտցնելու մեր կյանքում: «Այն ազդելու է մեր կյանքի վրա՝ սկսած խոշոր քաղաքները կառավարելուց մինչև այդ քաղաքներում կյանքը հեշտացնելը,-նշել է նախագահ Սարգսյանը:- Երևանն ունի նույն խնդիրները, ինչ Փարիզը: Ի վերջո, այդ խնդիրների լուծումը լինելու է արհեստական բանականությունը»:

Նրա խոսքով, արհեստական բանականությունը փոփոխություն է մտցնելու նաև առողջապահության ոլորտում, ինչի արդյունքում առողջապահական հետազոտության արդյունքները կարող են ստացվել րոպեների ընթացքում: Սա մեծ ազդեցություն կունենա այդ ոլորտի աշխատանքի արդյունավետության վրա: Նույնը վերաբերում է նաև իրավունքի ոլորտին: «Արհեստական բանականության միջոցով կարող ենք հրաշքներ գործել,- ասել է նախագահ Սարգսյանը: - Մենք կարող ենք բարելավել մեր իմունային համակարգը, պայքարել քաղցկեղի դեմ, ապրել ավելի երկար: Այսինքն, այս ամենը կարող է հիմնովին փոխել մեր կյանքը»:

Հաջորդը, որ կարևորել է Հայաստանի նախագահը, ստարտափներն են: «Դրանք հրաշալի գաղափարներ են, բիզնես սկսելու նոր՝ 21-րդ դարի տարբերակը՝ ազատություն տալով մարդկանց նորարարական ուժին,- ասել է Արմեն Սարգսյանը: - 21-րդ դարում երիտասարդներն ունեն բավարար գործիքներ՝ ՏՏ գործիքները, նորարարությունները կամ տեղեկատվությունը՝ լինելու ստեղծարար: Նայեք աշխարհի ամենախոշոր ընկերություններին, արդյոք դրանք հին, մեծ, ինդուստրիալ ընկերություններն են, կապված են բնական պաշարների հետ: Ո՛չ: Microsoft, Google, Facebook և այլն. բոլորն էլ սկիզբ են առել մի քանի անհատից կողմից, ովքեր նորարարության ուժն են ունեցել»:

Իր ելույթի հաջորդ թեման հանրապետության նախագահն անվանել է իրականություն և վիրտուալ աշխարհ: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վիրտուալի ու իրականի միջև սահմանները վերանում են,-նշել է նա: -Մտածեք, թե օրական որքան շատ ժամանակ եք անցկացնում վիրտուալ աշխարհում՝ ձեր հեռախոսի, համակարգչի կամ հեռուստացույցի մոտ: Վիրտուալն ու իրականը ձուլվում են, իսկ սահմանները՝ վերանում: Ի վերջո, վիրտուալը գնալով ավելի գերիշխող է դառնում: Սակայն վիրտուալը համաշխարհային, փոխկապացված աշխարհում միայն մեր կյանքը, բանկային հաշիվները, մեր կյանքի մասին տեղեկատվությունը չէ: Այն վերածվում է այն ամենի, ինչ մենք անում ենք: Օրինակ, դիտարկենք սպորտը՝ իբրև 20-րդ դարի խոշորագույն նվաճում. սպորտային մրցումները, միջազգային մրցաշարերը ողջ աշխարհում դիտում են միլիոնավոր մարդիկ: Սակայն ներկայում երիտասարդ սերունդն ավելի շատ դիտում է իր ընկերներին, ովքեր մրցում են համակարգչային խաղերով: Վիրտուալ մրցումները դիտող մարդկանց թիվն այսօր նույնքան է, որքան իրական խաղերը դիտողներինը: Ուստի, վիտուալն ու իրականը ձուլվում են»:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում ասել է, որ 21-րդ դարում դասական ինստիտուտները, կազմակերպություններն աստիճանաբար ավելի ու ավելի քիչ ռելևանտ են լինելու, քան ուղղակի մոտեցումը, գաղափարը, շարժումը, ներշնչանքն ու էներգիան: «Փոքրը կարող է շատ հզոր լինել,- նշել է նա:-Այսուհետ փոքրը կարևոր է»:

Երիտասարդներին դիմելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Եթե ես լինեի մեկը, ում՝ որպես պրոֆեսորի, խնդրում են խորհուրդ տալ, թե ինչ անել կյանքում հաջողակ լինելու համար, արդյոք պետք է լինել ուսուցիչ, իրավաբան, բժիշկ կամ մեկ այլ բան, իմ պատասխանը կլինի հետևյալը՝ պետք չէ մտածել ինչ-որ մեկը դառնալու մասին: Նախ և առաջ բացահայտիր ինքդ քեզ, հասկացիր՝ ով ես, ինչ որակներ ունես, քանի որ ամեն երեխա ծնվում է ինչ-որ տաղանդով: Մեկն ունի երաժշտության, մյուսը՝ մաթեմատիկայի, երրորդը՝ արհեստավորի տաղանդ , մյուսը՝ լսելու կամ խոսելու: Ուստի բացահայտիր ինքդ քեզ, և երբ դա անես, դու պետք է հասկանաս, թե որքան կարևոր է կրթությունը: Հայաստանը կարող է նոր գաղափարներ ստեղծել կրթական ոլորտում: Կրթությունը կարևոր է, սակայն այն կփովի: Այսօր 2-ամյա տղայի կամ աղջկա ձեռքում հայտնվող առաջին գործիքը հեռախոսն է, iPad-ը: Նրանք այնքան տաղանդավոր են, որ կարողանում են շատ արագ գտնել այն, ինչ փնտրում են: Երբ դառնում են 3 տարեկան, նրանց տալիս են գիրք: Եվ ո՞րն է լինում նրանց ռեակցիան գրքին: Նրանք մտածում են, թե գիրքը կոտրված iPad-ն է, որը չի աշխատում: Իհարկե, ի վերջո նրանք կկարդան այդ գիրքը, սակայն կրթությունը տարբեր կլինի»:

Իր խոսքի վերջում նախագահն անդրադաձել է բարոյականության սկզբունքին: «Մենք կարող ենք ունենալ արհեստական բանականություն, մեծ հաջողություններ տեխնոլոգիաներում, սակայն եթե չունենք բարոյականություն, ապա դատապարտված ենք,- ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը: - Մարդկությունը հայտնաբերեց կրակը, որը դրական նվաճում էր, դրա միջոցով ուտելիք էինք պատրաստում, այն մեզ ջերմացնում էր, հանդիսանում զարգացման շարժիչը: Սակայն այդ նույն կրակը մարդկության կողմից օգտագործվեց ավերելու համար: Կամ մուրճը, որը ստեղծվեց տուն կառուցելու, որևէ օգտակար քայլ անելու համար, սակայն մեկ այլ տեսակի մուրճ օգտագործվեց սպանելու համար:
Միջուկային էներգիան ստեղծվեց մեծ օգուտ ստանալու համար, սակայն, միևնույն ժամանակ, վերածվեց մեծ վտանգի: Այսինքն, խնդիրը տեխնոլոգիան, գործիքը չեն, խնդիրը մենք ենք և մեր արժեքները: Եթե դրանք ճիշտ արժեքներ են, մարդկային են, տանում են դեպի ապագա, ապա Աստված մեզ օրհնի: Սակայն եթե դրանք կործանող արժեքներ են, ապա՝ Աստված մեզ պահապան:

Ո՞րն է այս ամենի մեջ Հայաստանի տեղը: Հայաստանում ևս սկսվել է էվոլյուցիա տեխնոլոգիաների, գիտության, քաղաքական կառուցվածքի ոլորտներում: Մենք կարող ենք այս ամենի մեջ լինել աշխարհում առաջատարը, քանի որ սրընթաց էվոլյուցիայի շարժիչ ուժը գլոբալիզացիան է, գլոբալ փոխկապակցվածությունը: Մենք յուրահատուկ ազգ ենք՝ փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ, որը փոխկապակցված է և ինտերակտիվ: Ուստի, մենք այս աշխարհում շատ լավ դիրք ունենք: Մենք խոսեցինք արհեստական բանականության մասին: Այստեղ կան մարդիկ, ովքեր ինժեներներ են, գիտականներ, ովքեր գիտեն Հայաստանում ու, դրանից դուրս, մաթեմատիկայի, ֆիզիկայի ուժը: Ձեզնից շատերը չեն ծնվել Հայաստանում, սակայն եկել են այստեղ ու ստեղծել շատ արժեքավոր բաներ: Նոր աշխարհում չեն կառավարելու բնական պաշարների, մեծ ինդուստրիալ հոսքերի հարստությամբ: Ես կանխատեսում եմ, որ 10 կամ գուցե և 5 տարի հետո մենք կփոխարինենք Ֆորդի հայտնագործությունը, քանի որ հաջորդ մեքենաները կհավաքվեն առևտրի կենտրոնում՝ 3D գործիքով: Մեքենայի ստեղծումը կդառնա նոու հաու, դրա համար մեծ կազմակերպությունների կարիք չի լինի: Հայաստանն ու հայերն այստեղ փոքր առավելություն ունեն:

Կամ ստարտափները. ողջ աշխարհում հայերն այս ոլորտում հանդես են գալիս փայլուն գաղափարներով: Ես ունեմ շուրջ 50 ընկերության ցուցակ, որոնք շատ հաջողակ գործունեություն են ծավալում աշխարհով մեկ: Ստարտափների մշակույթը շատ տարածված է Հայաստանում: Մեր երկրում կա «Seaside Startup» նախագիծը, որն ամեն տարի միավորում է ստարտափների տարբեր վայրերում՝ Դուբայում, Ավստրալիայում, իսկ այս տարի՝ նաև Սևանա լճի մոտ: Ես այս տարի եղա այնտեղ, դա պարզապես ֆանտաստիկ էր: Արտադրության, նորարարության նոր մշակույթը կարևոր է, և մենք կարող ենք հաջողակ լինել այստեղ: Անգամ խոշոր ընկերությունները հասկանում են, որ հաջողակ լինելու համար պետք է խրախուսեն նորարարություններն ու ստարտափները: Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը և մենք այստեղ շատ լավ դիրքերում ենք:

Երիտասարդները նաև պետք է ադապտացվելու կարողություն ունենան: Եկեք հիշենք, թե ով ենք մենք. մենք սերունդներն ենք նրանց, ովքեր տառապել են 1915 թվականի ցեղասպանության հետևանքով: Այն իրականացվեց մեզ ոչնչացնելու համար, սակայն մենք ունենք վերածնվելու ու վերակենդանանալու հզոր ուժ: Ուստի, ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է: Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չեն կարող ոչնչացվել: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք վեր հառնել մոխրից: Մենք ունենք ողջ մնալու այս ֆանտաստիկ որակը, ինչը և կարևոր է 21-րդ դարի նոր աշխարհում: Դու պետք է լինես մեկը, ով կարող է շատ արագ ադապտացվել, ընդունել ճիշտ որոշում: Մենք կարող ենք անել դա: Նոր աշխարհը նաև մեր աշխարհն է: Ուստի ուզում եմ ասել երիտասարդներին՝ դուք նոր աշխարհի զավակներն եք: Եվ երբ ես ասում եմ նոր Հայաստան կամ նոր հայեր, նկատի ունեմ, որ մենք նոր աշխարհում կարևոր տեղ ունենք: Մենք պետք է կառավարենք մեր երկիրը՝ որպես 21-րդ դարի առաջադեմ ու հզոր երկիր»։

 

***

 

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ, ով տարբեր տարիների զբաղեցրել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները։

Նախագահ Արմեն Սարգսյանը և փորձառու պետական ու քաղաքական գործիչը մտքեր են փոխանակել միջազգային քաղաքականության ու անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

Արմեն Սարգսյանը պատմել է նաև այն ծրագրերի ու նախագահական նախաձեռնությունների մասին, որոնց իրականացմանը հետամուտ է՝ նշելով, որ դրանք ապագային միտված ծրագրեր են և նպատակ ունեն Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների, նորարարության և ստարտափների կենտրոն։

Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը ընդունվել է նրա կողմից։

 

***

 

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում։

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 90-րդ Ընդհանուր ժողովին։
Երկու տարին մեկ գումարվող Ընդհանուր ժողովին ներկա էին պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը խոշորագույն հայկական հասարակական կազմակերպությունն է, որը տարբեր կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի միջոցով իր նպաստն է բերում հայկական ինքնության և ժառանգության պահպանմանն ու զարգացմանը՝ ձգտելով հատկապես երիտասարդ սերնդի մոտ սերմանել հետաքրքրություն ազգային հարուստ ժառանգության և ավանդույթների նկատմամբ:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է:

 

***

 

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրեն Մաուրիցիո Փաթառնելոյի հետ:

Նշելով, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, և մեր երկրի խմելու ջուրը լավագույններից է աշխարհում՝ զրուցակիցները խոսել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։

Նրանք համակարծիք են եղել, որ կան փոխգործակցության լուրջ հեռանկարներ և պայմանավորվել են, որ Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենն առաջիկայում կայցելի Հայաստան՝ երկխոսությունը շարունակելու և քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրներին։

Nestlé Waters-ը գործում է Nestlé Group ընկերության կազմում, շշալցված ջրի արտադրությամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերություններից է: Nestlé Waters-ը նաև իրականացնում է ուսումնասիրություններ և կրթական ծրագրեր՝ ցույց տալու ջրի կարևորությունը մարդկանց կյանքում և առողջության պահպանման գործում:

← Վերադառնալ