Արտերկրյա այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Փարիզ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակում Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ և քննարկել հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։
Նախագահ Սարգսյանը մասնավորապես այցելել է հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերություն, ծանոթացել ընթացիկ ծրագրերին և գործունեությանը։ Ընկերության ղեկավարության հետ Արմեն Սարգսյանին կապում են վաղեմի ու ջերմ բարեկամական հարաբերությունները:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին խումբ գործուղել Հայաստան` համագործակցության հստակ ծրագիր քննարկելու նպատակով։
«Դասո սիստեմս»-ը գործում է «Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմաարդյունաբերական ոլորտի համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Քննարկվել են հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին և ներդրումներին վերաբերող հարցեր։
«THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:
***
Նախագահ Արմեն Սարգսյանի և «OpenClassrooms» կազմակերպության հիմնադիր Պիեռ Դուբուքի հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանում ձեռնարկության մասնաճյուղ բացելու վերաբերյալ։
«OpenClassrooms»-ը կրթական առցանց հարթակ է, որը դասընթացներ է տրամադրում տեղեկատվական տեխնոլոգիաների, ձեռնարկատիրության, թվային տեխնոլոգիաների ոլորտներում: Այն ողջ աշխարհում ունի 2.5 մլն օգտատեր, դասավանդումներն իրականացվում են անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն: Ընկերության նպատակը կրթության հասանելիության ապահովումն է:
***
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:
Հանրապետության նախագահը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են կազմակերպության շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, մեր երկրի մշակույթն ու արժեքներն այս կառույցում լավագույնս ներկայացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Իրաքի Մոսուլ քաղաքի մշակութային ժառանգության վերականգնմանը նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը։ Այդ համատեքստում քննարկվել է նախաձեռնության շրջանակում Երևանի Մատենադարանի հետ համատեղ ծրագրի իրագործումը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ու հաջողված փորձը Սիրիայի փախստականների ինտեգրման, այդ թվում կրթության իրավունքի ապահովման հարցում։
Կողմերն ընդգծել են կրթամշակութային համատեղ ծրագրերի միջոցով մշակութային բազմազանության, համամարդկային արժեքների և հանդուրժողականության խրախուսման անհրաժեշտությունն ու կարևորությունը։
Հանրապետության նախագահը նաև ուշադրություն է հրավիրել Գյումրի քաղաքի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը, պատմաճարտարապետական արժեքավոր շինություններին: Նշելով, որ դրանցից շատերն այսօր գտնվում են բավականին անմխիթար վիճակում՝ նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը դրանց պահպանման ու վերականգնման աշխատանքներին: Այդ առումով քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Գյումրիում պատմամշակութային արժեք ունեցող որևէ կառույցի վերականգնման հնարավորությունները: