Արտերկրյա այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ի երեկոյան հանդիպել են Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ովքեր ոչ միայն համայնքային կազմակերպությունների, այլև Բելառուսի գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ էին։ «Ինձ համար կարևոր ու հաճելի է արտերկիր այցերն սկսել հայ համայնքի հետ հանդիպումներով, քանի որ դրանք հարազատ վայրում գտնվելու զգացողություն են հաղորդում։ Կուզենայի, որ երկխոսություն ծավալվի, և լսեի ձեզ հուզող հարցերի ու Հայաստանի իշխանություններից ձեր ակնկալիքների մասին»,- ասել է նախագահ Սարգսյանը։
Անմիջական զրույցի ընթացում խոսվել է հայ-բելառուսական հարաբերությունների, երկկողմ տնտեսական և մշակութային կապերի խորացման գործում հայ համայնքի դերի, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների, ինչպես նաև համայնքային կյանքին վերաբերող հարցերի մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան - Սփյուռք հարաբերություններին, սփյուռքի ներուժն օգտագործելու հնարավորություններին, Հայաստանի զարգացման հեռանկարներին։
Նախագահը պատասխանել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև տեղեկություններ ներկայացրել այցի շրջանակում նախատեսվող հանդիպումների մասին։
Անդրադառնալով Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը Հայաստանի պատվիրակության մասնակցությանը՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային տարբեր կազմակերպություններում և հեղինակավոր հարթակներում Հայաստանի ներկայությունը, ինչը հնարավորություն է տալու երկրին նորովի հանդես գալ միջազգային հարաբերություններում։
Համայնքի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի ղեկավարության հետ նման շփումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս իրենց հայրենիքի մի մասնիկը զգալ, տեղեկանալ Հայաստանում կատարվող գործընթացներին և հնարավորինս ներգրավվել տնտեսապես ուժեղ և բարեկեցիկ հայրենիք կառուցելու գործում։
***
Մինսկում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է Արմեն Սարգսյանի այցը Մինսկ՝ նշելով, որ ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման շրջանակում հյուրընկալել Հայաստանի իր գործընկերոջը։
«Լավ է, որ եկել եք Բելառուս: Վաղը մենք կարևոր միջոցառում ունենք անվտանգության հարցերի վերաբերյալ, որը տեղի կունենա Մյունխենյան խմբի շրջանակում: Ձեր այցը Մինսկ և մասնակցությունն այս թեմայով հանդիպմանը խոսում է այն մասին, որ Հայաստանին ոչ թե պարզապես անհանգստացնում է այս խնդիրը, այլև այն խիստ կարևոր է հայ ժողովրդի համար:
Դուք պետք է իմանաք, որ անկախ տարատեսակ դատողություններից՝ ժողովրդավար Հայաստանում դուք ի դեմս Բելառուսի ունեցել և մշտապես ունենալու եք լավ ու վստահելի ընկերներ: Մենք ձեզ հետ աշխատում ենք տնտեսական միասնական հարթակում՝ ԵԱՏՄ-ում, աշխատում ենք ռազմաքաղաքական միությունում՝ ՀԱՊԿ-ում, և հետևողականորեն կատարում ենք մեր պայմանավորվածությունները և այն ամենը, ինչ մտնում է այս կազմակերպությունների շրջանակում:
Ինչ վերաբերում է մեր հարաբերությունների հիմքերին՝ ապրանքաշրջանառությանը, պետք է ասել, որ այն աճում է: Նախորդ տարի բարձր աճ ենք գրանցել, որը կազմում է մոտ 45-50 մլն ԱՄՆ դոլար: Սա լավ արդյունք է, սակայն եթե խոսենք ներուժի մասին այն ապրանքների մասով, որոնք ձեզ մոտ մեծ պահանջարկ ունեն և այն ապրանքների մասով, որոնք մեզ մոտ պահանջարկ ունեն, ապա դա մեծ ցուցանիշ չէ: Մենք այսօր կարող էինք ունենալ 150 մլն ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն, ինչը մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհաներ:
Դուք գիտեք մեր հնարավորությունները, մենք գիտենք ձեր հնարավորությունները: Հետևաբար ցանկացած առաջարկ, որը կանի Հայաստանը, մենք կդիտարկենք կարճ ժամկետում և կընդունենք համապատասխան որոշում։ Գիտեմ, որ դուք բարդ ժողովրդավարական փոփոխություններ եք ապրում, դրանից ոչ մի տեղ չես փախչի, և, իհարկե, տեղեկություն ստանալ առաջին ձեռքից, իմ ընկերոջից, գործընկերոջից, ինձ համար շատ կարևոր է»,-նշել է Բելառուսի նախագահը։
Նշելով, որ Բելառուսի համար կարևոր էր հետևել բարեկամ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է․ «Մենք ի դեմս Ձեզ տեսնում ենք այն մարդուն, ով օբյեկտիվ է, իրատես ու պատրաստ է աջակցել Բելառուսի հետ հարաբերություններին, և մենք փոխադարձ պատասխան ենք տալիս այս ամենին»:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել․
«Ես էլ էի ցանկանում սկսել հենց այդ ապրիլ-մայիս ամիսների դրամատիկ օրերից և օգտագործել հնարավորությունն այստեղ՝ հիասքանչ Մինսկ քաղաքում, անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ այն աջակցության և բարեկամության համար, որ Դուք դրսևորել եք այդ օրերին: Ես և՛ որպես նախագահ, և՛ որպես մարդ երբեք չեմ մոռանա այն ուշադրությունը, որը ստացել եմ Ձեզնից: Ձեր զանգերը պարզապես դիվանագիտական կամ քաղաքական զանգեր չէին, դրանք զանգեր էին ընկերոջից, ում ոչ թե միայն հետաքրքրի է, այլ ում համար և՛ ցավալի է, և՛ ուրախալի, մարդ, ընկեր, ով ցանկանում է իմանալ և օգնել: Այդ օրերին դա մեծագույն աջակցություն էր ինձ համար, երբ մենք երկրում ապրում էինք մեծագույն փոփոխություններ:
Հարցին մակերեսորեն անդրադառնալու պարագայում, թվում էր, թե ամեն բան լավ էր՝ առանց դրամայի, փա՛ռք Աստծո, առանց մարդկային զոհերի, սակայն ամեն դեպքում հեշտ չէր: Եվ ես շատ բարձր եմ գնահատում Ձեր աջակցությունն ու ցանկանում եմ, որ Դուք այդ մասին իմանաք, ուստի ուզում եմ անձամբ Ձեզ շնորհակալություն հայտնել:
Այո, ես ժամանել եմ այստեղ՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Շատ հաճելի է լինել Մինսկում, որն առանձնահատուկ քաղաք է: Կարծում եմ, որ Բելառուսն այսօր կայունության և կանխատեսելիության օրինակ է: Այս նոր աշխարհում, որում մենք ապրում ենք, շատ հազվադեպ կարելի է հանդիպել նման որակներ: Աշխարհը միայն տարածաշրջանները չեն, աշխարհը դարձել է անկանխատեսելի, աշխարհը դարձել է անկայուն, և այն պետությունները, որոնք իրականում ունեն այս երկու որակները, բարձր գնահատանքի են արժանանում իմ, Բելառուսի իմ ընկերների, և առհասարակ համաշխարհային հասարակության կողմից:
Պատահական չէ, որ հերթական նման համաժողովը՝ Մյունխենյան համաժողովը, որը աշխարհի ամենահեղինակավոր համաժողովներից մեկն է, տեղի է ունենում այստեղ՝ Մինսկում»:
***
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Բելառուսի ազգային ակադեմիա։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջին անգամ Բելառուսի ԳԱԱ այցելել է երիտասարդ տարիքում՝ 1976 թվականին, երբ մասնակցել է ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի աշխատանքներին։ Նախագահի խոսքով՝ մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև բարեկամությունն ու համագործակցությունն ունեն հսկայական արժեք։
Բելառուսի ազգային ակադեմիայի ղեկավար Վլադիմիր Գուսակովի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ակադեմիայում գործող «Հայրենական գիտության ձեռքբերումները՝ տնտեսությանը» խորագրով ցուցահանդես, ծանոթացել էներգետիկայի և էներգախնայողության, լազերային և նանոտեխնոլոգիաների, պաշտպանունակության և ազգային անվտանգության ու մի շարք այլ ոլորտներում իրականացված մշակումներին։ Նախագահը եղել է նաև ակադեմիայի պատմության թանգարանում, գրառում կատարել պատվո հյուրերի մատյանում։
Այնուհետև Բելառուսի ազգային ակադեմիայի ղեկավարության և աշխատակիցների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը խոսել է երկու երկրների միջև գիտատեխնիկական համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև ակադեմիաների միջև կապերը սերտացնելու մասին։
«Մեր անկախ հանրապետություններից յուրաքանչյուրն այսօր գնում է իր ճանապարհով, բայց, կարծում եմ, մենք շատ ընդհանուր բաներ ունենք. դրանցից են գիտությունն ու կրթությունը։ Այդ իսկ պատճառով համագործակցությունն ակադեմիաների միջև մեծ նշանակություն ունի։ Հայաստանը փոքր երկիր է, բայց ունի զարգացած ակադեմիական, գիտական համակարգ, և դա արտացոլվելու է Հայաստանի ապագայի վրա։ Ես ձեր ակադեմիայում ևս ապագա տեսա։ Գնահատելի է, որ ձեր սպեկտրը շատ լայն է ՝ սկսած ագրարայինից մինչև ամենաժամանակակից ոլորտները»,-նշել է նախագահը։
Նա հատկապես ողջունելի է համարել այն հանգամանքը, որ Բելառուսի ակադեմիան սերտորեն կապված է արտադրության հետ, և արտադրության մեջ ներդրվող շատ գիտական հետազոտություններ դուրս են գալիս հենց ակադեմիայից։
Նախագահի խոսքով՝ գործակցելու շատ ուղղություններ կան․ թե՛ լազերային ու թվային տեխնոլոգիաների, թե՛ միջուկային էներգետիկայի, թե՛ սննադամթերքի արտադրության և հատկապես՝ սննդամթերքի անվտանգության ոլորտներում։
«Ինքս տեսնում եմ մի շարք ուղղություններ, որոնցում մենք կարող ենք համագործակցել և նորից միասին աշխատել, արդեն՝ ուղիղ ձևով։ Այսօր ներդաշնակեցնելու ժամանակն է։ Այսինքն՝ ժամանակն է, որ մենք գտնենք ընդհանուր խնդիր, որը կարող ենք համատեղ ուժերով լուծել և գտնել այն տեղերը, որտեղ կարող ենք միմյանց փոխլրացնել»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։ Նա ավելացրել է, որ իր կողմից կանի ամեն ինչ՝ երկու երկրների միջև գիտական ոլորտում գործակցությունը զարգացնելու համար։
Վլադիմիր Գուսակովն իր հերթին նշել է, որ Բելառուսի և Հայաստանի գիտությունների ակադեմիաները հատման շատ կետեր ունեն․ «Մենք միասին կաշխատենք, և կարող ենք շատ բան անել երկու երկրների տնտեսությունների զարգացման համար»։
Նախագահ Սարգսյանը եղել է նաև Բելառուսի ԳԱԱ Բ․ Ստեպանովի անվան ֆիզիկայի ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության ուղղություններին ու կատարված մշակումներին։
Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահն այցելել է նաև համակարգչային խաղերի արտադրության ոլորտում հանրահայտ Wargaming ընկերություն, որը հայտնի World of Tanks խաղի մշակողն է։
Ընկերության ղեկավարությունը նախագահին ներկայացրել է գործունեության ուղղությունները, իրենց հաջողության պատմությունն ու զարգացման ծրագրերը։
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացվող Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպման՝ Արևելք-Արևմուտք հարաբերությունների քննարկմանը նվիրված կլոր սեղանին։ Այն բացել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ քննարկումները վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը:
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խումբը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման ազդեցիկ և ներկայացուցչական հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում բարձրաստիճան մասնակիցներին քննարկել միջազգային անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցեր:
Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ելույթով հանդես կգա տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը, իսկ երեկ Հայաստանի Հանրապետության նախագահը մասնակցել է ի պատիվ Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման մասնակից պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը։
***
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ:
***
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում հայ- ղազախական փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
***
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով Մինսկում մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը, նոյեմբերի 1-ին հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների շուրջ։
***
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։
Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը՝ նշելով, որ ցանկանում է իր դիտարկումներով կիսվել պարզապես որպես քննարկման մասնակից և չի պատրաստվում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ Հայաստանում իրավիճակի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չնայած քննարկումներն անցկացվում են Մինսկում, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացով զբաղվող ԵԱՀԿ խումբը կոչվում է Մինսկի խումբ։ «Ես հուսով եմ, որ մի գեղեցիկ օր այս խմբի օգնությամբ կհասնենք խաղաղ կարգավորման»,-ասել է Հայաստանի նախագահը։
Անդրադառնալով հնչած կարծիքներին և մասնավորապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մատնանշած` կայունության հարցին, նախագահ Սարգսյանն ասել է, որ եթե չկա կայունություն, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է լինելու վաղը։ Քննարկված թեմաներից մեկը վերաբերել է երկբևեռ, միաբևեռ ու բազմաբևեռ աշխարհին։ «Սա վկայում է այն մասին, որ մենք թևակոխում ենք մի ժամանակահատված, որտեղ ոչ թե մեկ կամ երկու ձայն, այլ բազմաթիվ ձայներ են վճռորոշ լինելու»,-ասել է Արմեն Սարգսյանը և անդրադարձել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի նկատառմանը, թե ինչպիսի դեր ունեն փոքր պետությունները համագործակցության, փոխգործակցության և մրցակցության գործընթացներում. փոքր պետությունները, ընդհանրապես զրկվա՞ծ են ձայնի իրավունքից, թե՞ ամեն դեպքում կարող են ներդրում ունենալ անվտանգության ապահովման գործում:Այս հարցին պատասխանելու համար ցանկանում եմ նշել, որ այսօր աշխարհն արագ փոփոխվում է»,-ասել է Հայաստանի նախագահը:
«Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տեխնոլոգիական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, սրընթաց դառնալու են մարտահրավերներից մեկը, և մենք պետք է հասկանանք, թե ինչ պահվածք ենք ցուցաբերելու այս ոլորտում: Կարծում եմ, որ այստեղ հիմնականը լինելու է կանխատեսելիությունը»:
Ըստ Հայաստանի նախագահի` նոր աշխարհում պետք է լսելի լինեն բոլորի ձայները. «21-րդ դարում, երբ մենք բախվում ենք բազմաթիվ վտանգների ու ռիսկերի, փոքր, անգամ սառեցված հակամարտությունները կարող են դառնալ մեծ խնդիրների աղբյուր: Դրանք կարող են վերածվել տարածաշրջանային հակամարտությունների ու անգամ դուրս գալ տարածաշրջանների սահմաններից: Մենք այսօր դրա ականատեսն ենք, օրինակ, Դոնբասում։
Մենք պետք է զգուշություն ցուցաբերենք փոքր, սառեցված հակամարտությունների մասին խոսելիս: Դրանք կարող են շատ վտանգավոր դառնալ: Սա վերաբերում է նաև այն հակամարտությանը, որին բախվել է իմ երկիրը. խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Ցավոք, այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարելի է որակել որպես լարման բարձր մակարդակ:
Կարծում եմ, որ 20 տարի առաջ ավելի շատ կարող էինք հույս դնել կայունության վրա: Ուզում եմ կոչ անել բոլոր մասնակիցներին, խոշոր պետությունների ներկայացուցիչներին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների, այդ թվում և՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միլիտարիզացիան: Այն փոքր տարածք է, սակայն դրա հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանն ավելացնում են սպառազինությունը: Իհարկե, դա միջուկային սպառազինություն չէ, սակայն բարդացնում է իրադրությունը, քանի որ այսօր տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են զարգանում, և զենքերն այսօր ավելի վտանգավոր են դառնում:
Մեր կյանքում ամենակարևոր բանը ժամանակն է: Գնել կարելի է ամեն բան, սակայն, ցավոք, մենք չենք կարող կանգնեցնել ժամանակը»:
Քննարկման մասնակիցների հարցերին պատասխանելիս անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ժամանակի գործոնի դերին` նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․
«Մենք գիտենք, որ ժամանակը հարաբերական հասկացություն է: Եթե այն աշխատում է հօգուտ խաղաղության, ապա մենք կարող ենք սպասել, իսկ եթե աշխատում է պատերազմի օգտին, ապա այն շատ կարճ է։ Ես խորապես մտահոգված եմ՝ տեսնելով ադրբեջանական կողմի միլիտարիզացիան, և թե որքան գումար է ներդրվում այս գործում։ Այդ ամենը վկայում է, որ այստեղ կուտակվում է մեծ ռազմական ներուժ: Եթե ուշադրություն դարձնեք դրան, կտեսնեք, որ ժամանակը չի գործում հօգուտ խաղաղության: Կա՞ հավանականություն, որ կլինի շղթայական ռեակցիա՝ այո: Մենք պետք է սկսենք ոչ միայն խոսել, այլև գործել խաղաղության ժամանակ:
Հայաստանում շուտով կլինեն ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվեն լեգիտիմ կառավարություն ու խորհրդարան, կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան Ադրբեջանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Իրականում ամեն բան կախված է ժողովրդի կամքից»:
Կոչ անելով ականջալուր լինել Արցախի Հանրապետության ժողովրդին` Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին այն ջանքերի համար, որոնք կազմակերպությունը ներդնում է հանուն խնդրի կարգավորման: «Կա հակամարտության կարգավորման միայն մեկ՝ խաղաղ ճանապարհ, ռազմական ճանապարհներ չկան,-ասել է նախագահ Սարգսյանը: -Եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, կտուժեն բոլորը՝ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում բնակվող ժողովուրդներն ու ամբողջ աշխարհը: Այսինքն` կա միայն մեկ՝ խաղաղ հանգուցալուծման ուղին, որը կարող է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»: