03
10, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Նյու Յորք

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը եւ ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես:

Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4-րդից մինչեւ 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր գրքեր եւ այլ բարձրարժեք ցուցանմուշներ, ներառյալ՝ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Հակոբ Ջուղայեցու ստեղծագործությունները:

Նշելով, որ այս տարի հայկական մշակույթն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցուցադրվում է շատ ընդգրկուն ձեւով, նախագահ Սարգսյանն ասել է, որ ամիսներ առաջ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի (Folklife Festival) բացմանը, որի շրջանակում եւս ներկայացվել են հայկական մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ «Մետրոպոլիտենի» յուրահատուկ ցուցահանդեսն իր եզակի ցուցանմուշներով մի քանի ամիս շարունակ Միացյալ Նահանգներից եւ աշխարհի տարբեր անկյուններից եկած թանգարանի բազմահազար այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ առաջին քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմական ժառանգությանը եւ յուրահատուկ մշակույթին:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է նման ցուցադրությունները եւ վստահություն հայտնել, որ դրանք շարունակական կլինեն՝ աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելով հայոց բազմադարյա պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը։ 

 

***

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ:

 Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի եւ, մասնավորապես, նրա նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից մեր երկրում իրականացվող գիտական, կրթական, մարդասիրական ծրագրերը։

 Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում «Կարնեգի» հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Խոսելով հիմնադրամի գործունեության մասին՝ Վարդան Գրեգորյանն ասել է, որ իրենք պատրաստ են աջակցել այն նախաձեռնություններին ու գաղափարներին, որոնք կնպաստեն Հայաստանի առաջընթացին։ Նախագահ Սարգսյանը հատկապես կարեւորել է կրթական ծրագրերը՝ նշելով, որ զարգացած եւ առաջադեմ երկիր ունենալու հիմնական գրավականը կրթությունն ու գիտելիքն են։

 Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, համահայկական կարեւորություն ունեցող օրակագային հարցերի, հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

 

***

Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։

Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկել փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ եւ որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: Անցած տարիներին Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլերը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին եւ այլք:

Ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Մրցանակը հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Ռոս Փերոթն իր ողջյունի խոսքում մասնավորապես նշել է.

«Պատիվ ունենք Ջոն Էդվին Մրոզի անվան պետական գործչի մրցանակը հանձնել Հայաստանը ներկայացնող Նորին Գերազանցություն Արմեն Սարգսյանին՝ որպես պետական գործիչ նրա երկարամյա կարիերայի եւ արձանագրած նվաճումների, ինչպես նաեւ համաշխարհային զարգացմանն ուղղված նրա նշանակալի ներդրումների համար:

Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելը եկավ լրացնելու ֆիզիկայի, մասնավոր սեկտորի եւ պետական կառավարման ոլորտներում նրա ունեցած մեծ փորձառությունը: Այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանն ապրում է փոփոխությունների շրջան, Սարգսյանին վստահվեց կայունության հաստատումն ու իր երկրի համար նոր տեսլականի առաջարկումը, որը վստահ ենք կտանի դեպի ավելի ժողովրդավար ու բարգավաճ ապագա:

Արեւելք-Արեւմուտք ինստիտուտը շարունակում է հանձնառու լինել նորարարական ու ստեղծարար լուծումների զարգացմանը՝ կարգավորելու մեր օրերի խնդիրներն ու նախապատրաստվելու ապագայի մարտահրավերներին: Այնպիսի անհատները, ինչպիսին Սարգսյանն է, հնարավոր են դարձնում մեր ջանքերը»:

Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ Հայաստանի կամրջող դերի մասին է խոսել «Թավիթյան» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը, իսկ Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը։

Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ այն իր համար շատ կարեւոր է, իսկ Արեւելք-Արեւմուտք ինստիտուտը պարզապես աշխարհում գոյություն ունեցող թինք-թենքներից (think tank) մեկը չէ, այլ՝ հատուկ կառույց։ Նախագահի խոսքով՝ երբ կա կարեւոր գաղափար, ինստիտուտն անպայման մասնակից է դառնում այն կյանքի կոչելուն. «Դուք ունեք այդ մեծ էներգիան՝ մտածելու որեւէ բանի մասին, հավատալու դրան ու այն կյանքի կոչելու, փորձելու կատարել այդ փոքր, սակայն կարեւոր փոփոխությունը»: 

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել իմ ժողովրդին ու պետությունը: Ես իսկապես ունեմ ապագայի մասին երազանք կամ տեսլական, որը ներառում է նաեւ այն փաստը կամ իրողությունը, որին մենք առերեսվում ենք. այն է՝ ուր է շարժվում աշխարհը»,- նշել է նախագահ Սարգսյանը: 

«Եթե 20-րդ դարը բնական պաշարների եւ, դրանից ելնելով, քաղաքական ու այլ ուժերի դարն էր, ապա 21-րդ դարն ուրիշ է լինելու:

21-րդ դարը հետազոտությունների զարգացման, նոր տեխնոլոգիաների դար է: 21-րդ դարն այն ժամանակաշրջանն է, երբ ամեն բան արվելու է եւ ղեկավարվելու է նոր գաղափարների, նոր հետազոտությունների միջոցով, նրա՛նց կողմից, ովքեր արագ են, երիտասարդ՝ անկախ տարիքից, եռանդուն: Սա է լինելու 21-րդ դարը, քաղաքականությունն այլ կերպ է իրականացվելու:

Ժան Ժակ Ռուսոն ասում էր. «Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որեւէ հասարակության մասին»: Ազատությունն ու ապրելու իրավունքը ոչ միայն բացարձակ ու անսակարկելի արժեքներ են, այլեւ հենց այն հատման կետերը, որոնք պետք է միավորեն բոլորի շահերը: 

Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է, հետեւաբար, կարծում եմ, որ մենք հաղթանակած ենք լինելու: Ուրախ եմ հայ ազգի մասը լինել:

Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ՝ 21-րդ դարի ազգ: Շատ չեն այսպիսի ազգերը, սակայն ես հավատացած եմ, որ փոքր պետություն ունեցող, բայց համաշխարհային ազգերը, որոնք ունեն համաշխարհային փոխկապակցվածություն, կարող են համախմբվել ու կառուցել իրենց երկիրը: Հենց դա է ապագան:

Հավատացած եմ, որ այնպիսի կենտրոնները, ինչպիսին Արեւելք-Արեւմուտք ինստիտուտն է, լինելու են 21-րդ դարի առաջնորդող կառույցներից մեկը:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այս հրաշալի մրցանակի համար: Այն ինձ կհիշեցնի, որ դեռեւս շատ անելիքներ կան, կհիշեցնի հրաշալի մարդկանց մասին, ում իմ կյանքի ընթացքում հանդիպելու հնարավորություն եմ ունեցել այս ինստիտուտի շրջանակում: Այն ինձ մշտապես կհիշեցնի մի հրաշալի մարդու մասին, ում անունն է Ջոն Մրոզ: Այն կհիշեցնի ինձ, որ դեռ այնքա՜ն անելիքներ կան մեր աշխարհում: 

Եւ ես պարտականություն ունեմ ծառայելու իմ ժողովրդին ու իմ երկրին՝ մի երկրի, որը 21-րդ դարում լինելու է աշխարհի առաջատարներից մեկը»: 

 

***

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը:

Հանրապետության նախագահը եւ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության եւ միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, մասնավորապես, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

Արմեն Սարգսյանը եւ Հենրի Քիսինջերը վաղեմի բարեկամներ են: Հայաստանի նախագահը եւ ԱՄՆ նախկին պետքարտուղարը մշտապես օգտագործում են հանդիպումների առիթները՝ քննարկելու միջազգային, այդ թվում՝ տարածաշրջանային տարբեր խնդիրներ՝ դրանց անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերում:

Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից։

Հենրի Քիսինջերը 1973 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի Վիետնամում պատերազմի դադարեցման եւ խաղաղության վերականգնման մասին Փարիզի համաձայնագիրը կնքելու ջանքերի համար:

 

***

Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ:

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ավելի քան 70 երկրներից պետական, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, ովքեր քննարկումներ են ունենում միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերի, մասնավորապես անվտանգության ներկա եւ ապագա մարտահրավերների շուրջ:

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Իշինգերը կարեւորել են անվտանգության հարցերի շուրջ հանգամանալից քննարկումների անցկացումը, համաշխարհային, այդ թվում՝ տարածաշրջանային առկա խնդիրներին երկխոսության միջոցով լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:

Դեսպան Իշինգերը հրավիրել է նախագահ Սարգսյանին՝ ելույթ ունենալու Մյունխենի
անվտանգության միջազգային համաժողովում։

Հանրապետության նախագահը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական եւ ազդեցիկ է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության ոլորտում արդի մարտահրավերները: Նա կարեւորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային կարեւորագույն հարթակներից մեկի կայացման գործում։

 

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։

Ռիչարդ Հաասը 1989-1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հատուկ խորհրդականի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի գլխավոր խորհրդականը։

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ռիչարդ Հաասը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության, միջազգային անվտանգության, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարներին։

← Վերադառնալ