Արտերկրյա այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Վաշինգտոն
Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արեւելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շարքը:
Միջոցառմանը Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի առաջին հանրապետության դերին ու նշանակությանը, կարեւորել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը, խոսել հզոր ու զարգացած երկիր ունենալու մասին, որով աշխարհի բոլոր հայերն իրենց հպարտ կզգան:
«Մեր այսօրվա ուղերձը հստակ է: Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք ու աշխարհում մեզ հպարտ կզգանք, որ հայ ենք»,-մասնավորապես նշել է նախագահը:
Ընդունելությանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, ամերիկահայ համայնքի` ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ:
***
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր:
Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, ով իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան Կայսրությունում հայերի ու քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Թեոդոր Ռուզվելտը նաեւ հայտնի էր Ցեղասպանությունից տուժածների իրավունքների պաշտպանության հարցում իր համարձակ դիրքորոշմամբ:
***
Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայազգի աշխատակիցների ակումբի անդամների մի խումբի հետ:
***
Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ի առավոտյան աշխատանքայի նախաճաշ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմի հետ:
Նախագահը կարեւորել է երկկողմ տնտեսական գործակցության խթանմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաեւ ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հետ համագործակցության վերսկսմամբ:
Նախագահ Սարգսյանը կարեւորել է նաեւ բարձր մակարդակի այցելությունների ակտիվացումը:
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացման արարողությանը:
Փառատոնի շրջանակում ներկայացվել է հայկական մշակույթն ու ավանդույթները: Նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, շրջայց է կատարել տաղավարներում, դիտել հայկական կենցաղը, խոհանոցն ու արհեստները ներկայացնող ցուցադրությունները, շփվել մասնակիցների ու այցելուների հետ:
Ժողովրդական կենցաղի եւ մշակութային ժառանգության Սմիթսոնյան կենտրոնի կողմից կազմակերպված հեղինակավոր փառատոնում Հայաստանի եւ սփյուռքի ավելի քան 170 ներկայացուցիչ՝ արհեստագործներ, նկարիչներ, դիզայներներ, երաժիշտներ, խոհարարներ, գինեգործներ ներկայացնում են մեր երկրի մշակութային ժառանգությունը. հայկական կենցաղը, խոհանոցն ու արհեստները: Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիրն է, որը ներկայացվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում անցկացվող այս փառատոնում:
***
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին հանդիպում եւ հարց ու պատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, ինչպես նաեւ այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ:
Նույն օրը Հանրապետության նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Ռամկավար-ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ:
***
Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությանը: 1918-1920 թվականներին Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանի կիսանդրին տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան բակում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է այն կարեւոր դերը, որն ունեցել է Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ընդգծելով, որ այն վերածնվում է ամեն անգամ՝ մեր յուրաքանչյուր կարեւոր ձեռքբերման հետ: Նա նաեւ գնահատանքի խոսքեր է հնչեցրել առաջին դեսպանի հիշատակին:
***
Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությանը: 1918-1920 թվականներին Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանի կիսանդրին տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան բակում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է այն կարեւոր դերը, որն ունեցել է Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ընդգծելով, որ այն վերածնվում է ամեն անգամ՝ մեր յուրաքանչյուր կարեւոր ձեռքբերման հետ: Նա նաեւ գնահատանքի խոսքեր է հնչեցրել առաջին դեսպանի հիշատակին:
***
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ։
Հանրապետության նախագահը ողջունել եւ կարեւորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։
***
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեոյի հետ:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը եւ պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
Հանրապետության նախագահը գրառում է կատարել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի գրքում։