04
04, 2018

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ և աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ ապրիլի 5-ի առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերություններին նրա նվիրվածության ու մշտական հոգածության, ձևավորված անկեղծ և ջերմ երկխոսության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում սա արդեն 5-րդ հանդիպումն է Նորին Սրբության հետ, ինչն ինքնին խոսուն է: Նախագահը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ յուրաքանչյուր հանդիպում մեծագույն պատիվ է համարել և ջերմությամբ հիշել 2016թ. «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո Հայաստան կատարած նրա այցը, ինչպես նաև 2015թ. իր այցը Վատիկան և մասնակցությունը Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբության կողմից մատուցված պատարագին, որը պատմական դարձավ նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի հանճարեղ զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսը և նա ճանաչվեց կաթողիկե եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը:

Նշելով, որ կաթոլիկ աշխարհի սրտում՝ Վատիկանում, մեծ սրբերի կողքին այսուհետ վեր է խոյանալու նաև հայ ժողովրդի զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը, որի բացմանն այսօր պատիվ կունենա մասնակցելու, Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապին այդ որոշման համար և տեղեկացրել, որ արձանի մեկ օրինակ էլ տեղադրվելու է Հայաստանյայց Եկեղեցու հոգևոր կենտրոն Էջմիածնում: Այդպիսով, Գրիգոր Նարեկացին ու նրա թողած ժառանգությունը, ըստ Նախագահի, դառնում են քրիստոնյա երկու համայնքների համերաշխության հավերժական խորհրդանիշ:

Առանձնազրույցի ժամանակ Հանրապետության Նախագահը և Հռոմի Պապը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու զարգացնել և խորացնել Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները, սերտացնել երկու երկրների միջև առկա հոգևոր և մշակութային կապերը:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի Պապին նվիրել է Սուրբ Գայանե եկեղեցու արծաթե մանրակերտը: Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Նախագահին նվիրել է վատիկանյան թանգարաններում պահվող Սուրբ ընտանիքը պատկերող քանդակի մարմարե կրկնօրինակը, ինչպես նաև իր հեղինակած վերջին երեք գրքերի օրինակները: 

***

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել պետքարտուղարին Սուրբ Աթոռում ջերմ հյուրընկալության համար` նշելով, որ ամեն անգամ իր այցերը բարեկամ Վատիկան ուղեկցվում են երկուստեք մեծ խորհուրդ ունեցող իրադարձություններով։ Դրանցից մեկը` Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի բացումը Վատիկանում, Նախագահի համոզմամբ, մեկ անգամ ևս հաստատում և ապացուցում է Հայաստանի հոգևոր կապը Սուրբ Աթոռի հետ: Հանրապետության Նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնելու և խորացնելու հոգևոր և մշակութային կապերը Վատիկանի հետ՝ խարսխված նույնակունք քրիստոնեական արժեքների և մշակութային ժառանգության վրա:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի գործունեությունը, նաև որի շնորհիվ, Նախագահի գնահատմամբ, նորովի ամրապնդվեց Վատիկանի դերը միջազգային ասպարեզում՝ որպես խաղաղության հաստատման, հանդուրժողականության, փոխըմբռնման և մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ պետքարտուղար Պարոլինը կշարունակի իր հոգածության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման հետագա քայլերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի պետական քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

***

Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։

Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:
Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Նախագահի հրամանագրերով դիվանագետի օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ Մարիամ Երեմյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, մարդասիրական և բարեգործական անխոնջ գործունեության համար բարերար Սմբատ Կարապետյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Իտալիայի Հանրապետության Սենատի Հայաստան-Իտալիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, սենատոր Ալդո դի Բիաջոյին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

***

Հանրապետության Նախագահն այսօր ներկա է գնվել Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Բարեխնամ Ուխտի (Մալթայի Ինքնիշխան Ուխտ) միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմանը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ դիվանապետ Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը:

Համաձայնագիրը ստորագրվել է` հաշվի առնելով 1998 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Մալթայի Ուխտի` որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի և Հայաստանի միջև ավանդաբար գոյություն ունեցող գերազանց հարաբերությունները, համագործակցության երկարատև ավանդույթը բժշկության, առողջապահության և սոցիալական ոլորտներում և երկուստեք ցանկություն ունենալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը, նպաստել Մալթայի Ինքնիշխան Ուխտի մարդասիրական աջակցության իրականացմանը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Համագործակցության համաձայնագրի նպատակն է ձևավորել համագործակցության ընդհանուր շրջանակ և սահմանել ուղենիշեր կողմերի միջև՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում Մալթայի Ինքնիշխան Ուխտի կողմից իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահական գործողությունների խթանմանը:

Հայաստանը և Մալթայի Ինքնիշխան Ուխտը կհամագործակցեն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, ինչպես նաև այլ ոլորտներում՝ փոխադարձ համաձայնությամբ:

Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն ԶԼՄ–ների առջև հանդես են եկել հայտարարություններով:


***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մալթայի Ինքնիշխան Ուխտի հետ ՀՀ-ի համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո

Ձե´րդ Գերազանցություն,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախ շնորհակալ եմ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հյուրը լինելու և այս ջերմ ընդունելությունը վայելելու համար։ Ես շատ ոգեշնչված եմ, քանի որ այսօր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ միասին մասնակցեցի «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված հայ ժողովրդի զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը։ Այն մենք համարում ենք երկու քրիստոնյա համայնքների համերաշխության ևս մի հավերժ խորհրդանիշ:

Ինձ համար այս այցը նույնպես մեծ խորհուրդ ունի․ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։ Հետադարձ հայացք նետելով այս անցած տարիներին՝ ուրախ եմ, որ մենք այսօր արձանագրելու բան ունենք։ Դեռևս 1998 թվականին Մալթայի Ուխտը դեսպան հավատարմագրեց Հայաստանում, և մենք տարիներ առաջ փոխադարձեցինք այդ քայլը։

Մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ նոր էջ բացեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ Վարպետի՝ 2016 թվականի անդրանիկ այցը Հայաստան՝ նոր որակ հաղորդելով բարեկամական ոգով զարգացող մեր համագործակցությանը: Եթե հավելենք նաև իմ այսօրվա այցը, ապա կարող ենք վստահորեն փաստել, որ բարձր մակարդակի երկխոսության այս դինամիկան պահելու ցանկությունը երկուստեք է, ինչը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել մեր հարաբերություններում առկա ներուժը։

Րոպեներ առաջ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ուխտի միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը նպատակ ունի խթանելու մարդասիրական, առողջապահական բնագավառներում համատեղ գործունեությունը։ Այս համաձայնագիրը համագործակցության ներուժի բացահայտման մի դրսևորում է, և այն երկուստեք պետք է առավելագույնս ծառայեցնենք իր նշանակությանը։

Ինչպես հայտնի է, առաջին քրիստոնյա երկրի և քրիստոնյա հնագույն ուխտի միջև դեռ միջնադարում ձևավորվել են քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ առնչություններ՝ հիմնված փոխըմբռնման և միմյանց սատարելու ցանկության վրա, որոնք՝ քրիստոնեական նույնակունք արժեհամակարգի հետ միասին դարձել են Հայաստանի և Մալթայի Ուխտի միջպետական հարաբերությունների ամուր հիմքը։
Անշուշտ, ամենաբարձր դրվատանքի է արժանի Մալթայի Ուխտի ծավալած մարդասիրական գործունեությունն աշխարհում, որից անմասն չէ նաև մեր երկիրը։ Շնորհակալ ենք, որ 1988 թվականի երկրաշարժի դժվարին օրերից ի վեր Մալթայի Ուխտը մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում և դարձել է մեր երկրի լավագույն բարեկամը։

Այս համատեքստում առանձնակի ուզում եմ կարևորել այն փաստը, որ Մալթայի Ուխտի ասպետների և հազարավոր կամավորների կողմից աշխարհի 120 երկրներում, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, իրականացվող մարդասիրական ծրագրերի հիմքում ընկած են համերաշխության, մարդասիրության և կարիքի մեջ գտնվողներին օգնելու քրիստոնեական սկզբունքները։

Այս գործունեությունը լիարժեքորեն տեղավորվում է Մալթայի Ինքնիշխան Ուխտի մարդասիրական առաքելության ներքո, այն լիարժեքորեն տեղավորվում է հայ ժողովրդի՝ դարերով կոփված հանդուրժողականության և համերաշխ համակեցության տեսլականի ներքո։ Մալթայի Ուխտը միշտ այնտեղ է, որտեղ օգնությունն ամենապահանջվածն է՝ լինի դա Սիրիայում, Կոնգոյում, Հաիթիում թե Աֆղանստանում։ Հայաստանն էլ, չնայած իր համեստ հնարավորություններին, Սիրիայի համար ամենածանր օրերին, մարդասիրական օգնություն ուղարկեց սիրիացի եղբայր ժողովրդին։

Եվ հենց այս արժեքներն են, որ մեզ միավորում են, հենց այս արժեքների խթանումն է, որ կարող է դիմակայել աշխարհում ծավալվող այլատյացության ու ծայրահեղականության մերօրյա դրսևորումներին:
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար:


***
Մեծ վարպետի տեղապահի հայտարարությունը ՀՀ-ի հետ Մալթայի Ինքնիշխան Ուխտի համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո

Շատ ուրախ եմ ընդունել այսօր պաշտոնական այցով ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և նրան ուղեկցող նախարարական պատվիրակությանը: Ընդամենը 2 տարի է անցել Մեծ Վարպետի առաջին անգամ Հայաստան կատարած այցից, որը վառ վկայություն է համատեղ կամքի՝ հզորացնելու արդեն ձևավորված լավագույն հարաբերությունները և ընդլայնելու համագործակցությունը առողջապահության և մարդասիրական ոլորտներում:

Այս առիթով, Մալթայի Ինքնիշխան Ուխտը և Հայաստանի Հանրապետությունը կնքել են համագործակցության համաձայնագիր 10 տարի տևողությամբ: Խոսքը գնում է մի համաձայնագրի մասին, որը հիմնվում է 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների արդյունքում ձեռքբերված ամուր կապերի վրա և որի նպատակը Հայաստանի տարածքում Մալթայի Ուխտի կողմից իրականացվող բժշկական և սոցիալական գործունեության ամրապնդումն է:

Հայաստանում իրականացվող հիմնական գործունեություններից, որ Մալթայի Ուխտը ծավալում է շնորհիվ մեր դեսպան Ժան Միշել Ուղուրլյանի նվիրված աշխատանքի, ցանկանում եմ հիշատակել Զվարթնոցի մանկատունը, որի խնամքի տակ են գտնվել ավելի քան 100 երեխա, Դիլիջանի բուժկենտրոնը, որը զբաղվում է տուբերկուլյոզի բուժմամբ և կանխարգելմամբ, լսողության խանգարումներով տառապող երեխաների համար դպրոցական կառույցը և Էջմիածնի հիվանդանոցին մեր Ուխտի կողմից տրվող աջակցությունը:

Սյսօրվա հանձնառությունը համապատասխանում է անցյալին, երբ մեր կամավորները միավորվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ փախստականներին, ինչպես նաև տասնամյակներ անց 1988թ. 25000 զոհ պատճառած երկրաշարժից տուժածներին օժանդակելու նպատակով: Այդ առիթով Մալթայի Ուխտը աղետի վայր էր ուղարկել բժիշկների և փրկարարների ջոկատներ և կազմակերպել բազմաթիվ վիրավոր երեխաների տեղափոխությունն արտերկիր, ովքեր կարիք ունեին առավել բարդ վիրահատական միջամտության:

Ամենահին քրիստոնյա ազգի՝ հայերի և ամենահին կաթոլիկ կրոնական կառույցներից մեկի՝ Մալթայի Ուխտի միջև ամուր կապերը ոչ միայն հումանիտար և սոցիալական ասպեկտներն են, որոնք, անշուշտ, շարունակում են մնալ գերակայություն, այլև ընդգրկում են մեր հնագույն ավանդույթները և դժվարին պատմությունները՝ սկսած Միջին Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունից:

Ես այս իմաստով հիշում եմ, որ Մալթայի Ուխտի մասնակցությունը 2015թ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված արարողություններին, ինչպես նաև դրան նախորդած հիշատակման արարողություններին, որոնց ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ խոսեց հայերի բնաջնջումից՝ որպես քսաներորդ դարի սկզբի առաջին ցեղասպանություն:

Հայաստանի Հանրապետությունը և Մալթայի Ինքնիշխան Ուխտը կապված են այնպիսի թելերով, որոնց ակունքները տանում են դեպի սարսափելի ողբերգություն: Համոզված եմ, որ այսօրվա այցը նշում է համագործակցության նոր փուլի սկիզբը, որը նաև ընդհանուր ջանքերի միջոցով է անցնում, որպեսզի խուսափենք, որ պատմությունը երբևէ ականատես լինի այլ ողբերգությունների, ինչպես մեկ դար առաջ հայ ժողովրդի կողմից ապրածն էր:

Մալթայի Ուխտը կաթոլիկ հաստատություն է՝ չեզոք և ապաքաղաքական: Դիվանագիտական ցանցի միջոցով Մալթայի Ուխտը ծառայում է պատերազմի, սովի, հալածանքի և աղքատության պատճառով դժվարությունների մեջ ապրող ժողովուրդներին: Չի հետապնդում կանխորոշված օրակարգեր, այլ միայն իրեն նվիրում է մարդկային տառապանքները թեթևացնելուն և առավել խոցելի մարդկանց պաշտպանելուն ուղղված առաքելությանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին Հայաստանի և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Բարեխնամ Ուխտի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո հանդիպում է ունեցել Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Մալթայի Մարտական Ուխտում Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ընդունելության համար և ջերմությամբ հիշել Մալթայի Ուխտի Մեծ Վարպետի անդրանիկ այցը Հայաստան, որը Նախագահ Սարգսյանը համարել է Հայաստանի և Մալթայի ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ նշանակալի իրադարձություն: Այն, Հանրապետության Նախագահի գնահատմամբ, նոր էջ է բացել բարեկամական ոգով զարգացող երկկողմ համագործակցության առավել խորացման և ընդլայնման համար:

Հանրապետության Նախագահն ու Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահը երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի և Մալթայի ուխտի միջև հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և վստահություն են հայտնել, որ երկխոսության նման դինամիկայի շարունակականությունը թույլ կտա ապագայում առավել արդյունավետ օգտագործել այդ ներուժը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում Հայաստանի և Մալթայի ուխտի միջև համագործակցությանը՝ բարձր գնահատելով այսօր ստորագրված համագործակցության համաձայնագիրը:

Հանդիպման ավարտին Նախագահը գրառում է կատարել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Պատվավոր հյուրերի գրքում.

«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել հնագույն հոգևոր Ուխտի Հռոմի Վարպետաց առանձնատանը: Երախտապարտ եմ ցուցաբերված ջերմ՝ բարեկամական ընդունելության համար:

Մեր կապերը, որ սերում են պատմությունից, լի են փոխադարձ հարգանքի ու միմյանց սատարելու բազմաթիվ դրսևորումներով։ Վստահ եմ, որ նույն ոգով մենք շարունակելու ենք առավել սերտացնել ու հարստացնել Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հարաբերությունները՝ ի շատ բոլորիս։

Մալթայի Ուխտի ղեկավարությանը, անդամներին և հազարավոր կամավորականներին մաղթում եմ ամենայն հաջողություն աշխարհի չորս կողմերում հավատքը պաշտպանելու և կարիքավորներին աջակցելու իրենց պատմական առաքելության մեջ»,-գրել է Սերժ Սարգսյանը:

Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության, Մալթայի Ուխտի Մեծ Վարպետի տեղապահի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ Հանրապետության Նախագահը և Մալթայի Ուխտի Մեծ Վարպետի տեղապահը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով` անդրադարձել հայերի և Մալթայի Ուխտի պատմական առնչություններին և ձևավորված բարեկամությանը:

***

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան Սենատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում վաղուց իրենց հաստատուն տեղը զբաղեցնող միջխորհրդարանական կապերը կշարունակվեն ընդլայնվել և ամրապնդվել նաև տիկին Կազելատիի անձնական ջանքերի շնորհիվ։

Սերժ Սարգսյանը կարևորել է օրենսդիր մարմինների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու գործում և նշել, որ Հայաստանը շահագրռված է առավել սերտ կապեր հաստատել երկու երկրների խորհրդարանների միջև և հարաբերությունները զարգացնել նաև միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում, ինչը, Նախագահի համոզմամբ, Հայաստանին և Իտալիային թույլ կտա կարևոր հարցերի շուրջ միմյանց համակողմանի աջակցություն ցուցաբերել:

Ընդգծելով, որ հայ-իտալական առանձնահատուկ կապերի հիմքում ընկած են երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները անցած քառորդ դարում զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով, և այսօր երկու երկրները նշանակալի համագործակցություն ունեն տնտեսական, պաշտպանական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և հումանիտար ոլորտներում: Հայաստանի և Իտալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության կարևոր ևս մեկ օրինակ էլ, Հանրապետության Նախագահի համոզմամբ, Լիբանանում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո, հայ զինվորների արդյունավետ ծառայությունն է։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը, որը նաև հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարևոր ուղղություններից է:

Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Սենատի նախագահ Կազելատին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

***

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունից ապրիլի 5-ի երեկոյան հանրահայտ պատկերասրահ՝ «Դորիա Պամֆիլի» պալատում կազմակերպվել է ընթրիք՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի: Ընդունելությանը մասնակցել է ավելի քան երկու հարյուր հրավիրյալ:

***
Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի ելույթը


Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապա՛հ,
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Վսեմաշու՛ք տեր կարդինալ Սանդրի,
Սուրբ Աթոռի, Մալթայի Ուխտի, Իտալիայի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչնե՛ր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչնե՛ր, սրբազաննե՛ր, սիրելի՛ ընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեծ հաճույքով նաև իմ գործընկեր Վիկտորյա Բաղդասարյանի անունից ձեզ բարի գալուստ եմ մաղթում այս երեկոյին, որի ընթացքում տոնում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի պաշտոնական բացումը վատիկանյան պարտեզներում: Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր աջակցել են անդադար ջանքերով լի մի ճանապարհի, որը մեզ հասցրել է այստեղ:
Ճանապարհը, որը հասցրել է Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցու Վարդապետի» տիտղոսին և դրան հաջորդող նախաձեռնություններին, ինչպիսին էր այսօրվա միջոցառումը, երկար էր: Այն սկսվել էր դեռ երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդի հարցումով, շարունակվել՝ շատերի անդադար աշխատանքով, ովքեր այսօր այստեղ են՝ արքեպիսկոպոս Զեքիյան, Կարդինալ Սանդրի, Կարդինալ Կոխ, Կարդինալ Ամատո: Ձեր աշխատանքի արդյունքը հասցրեց հարցումը մինչև Նորին Սրբություն Ֆրանցիսկոս, ով այն հաստատեց 2015 թվականի փետրվարին: Նույն տարվա ապրիլի 12-ին մենք Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցեցինք պատարագի, որի ընթացքում Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեցին «Տիեզերական Եկեղեցու Վարդապետ»:

Հաճույքով եմ հիշում էկումենիկ ոգին, որը տիրում էր անմոռանալի այդ միջոցառմանը: Այն այսօր նույնպես շարունակում է սնուցել մեր հարաբերությունները: Դրա ապացույցն է այսօրվա զուսպ աղոթքը: Եվ հույս ունեմ այդ ոգին ներկա կլինի նաև ապագայում, երբ երկրորդ արձանը տեղադրվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ համաձայն Նորին Սրբություն Գարեգին 2-րդի կամքի:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Նախագահին այս ծրագիրը խթանելու՝ երկու տարի առաջ Հայաստանում խնդրանքով Պապին դիմելու՝ Սրբազան Քահանայապետին նվեր տրվող փոքր արձանի նմանօրինակ մեծ չափերով արձանը վատիկանյան պարտեզներում տեղադրելու համար: Իսկ Նորին Սրբության Ֆրանցիսկոսին խորին երախտագիտությունս եմ հայտնում՝ հիշատակելով նրան իմ աղոթքների մեջ:
Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Կարդինալ Սանդրիին, ով հնարավոր դարձրեց այս ամենը, արքեպիսկոպոս Բարսամյանին և Մոնսինյոր Բորջիային՝ ամբողջ գործընթացում մեզ հզոր ձեռք մեկնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում քանդակի հեղինակ Դավիթ Երևանցուն՝ բրոնզի միջոցով Սուրբ Գրիգոր Նարեկացուն բարդ տիեզերքին հաղորդակից դարձնելու համար: Շնորհակալությու՛ն այս արտառոց աշխատանքի համար:

Շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ջանիբեկյանին, ով միանալով ինձ, առատաձեռնորեն ֆինանսավորել է այս արձանի իրագործումը: Շնորհակալություն Միքայել Հասրաթյանին ճարտարապետական աջակցության համար, Վատիկանի կառավարչության տեխնիկական ծառայությունների գրասենյակին՝ հանձինս տնօրեն դոն Ռաֆայել Գարսիա դե լա Սերանայի, ինչպես նաև ճարտարապետ Բարբարա Բելլանոյին և ինժեներ Մարկո Բարջելլինիին ու բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել ծրագրի իրականացման գործում: Հատուկ շնորհակալություն ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանին. նրա դերը առանցքային էր:

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը վերջին տարիներին ձեռնամուխ է եղել մի շարք նախաձեռնությունների, որոնք տարածել են Սրբի անունը և գործը: Մի նախաձեռնություն, որ տեղ է գտել իմ սրտում՝ Հռոմի Սանտա Չեչիլիա Ազգային ակադեմիայի երգչախմբի հետ համագործակցությունն էր՝ Ալֆրեդ Շնիտկեի խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը: Շնիտկեն ստեղծագործել էր Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» աշխատությունը կարդալուց հետո: Այսօր մենք լսեցինք այդ աշխատանքից մի կտոր:

Շնորհակալություն բոլորին:

***

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 6-ին հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Նախագահ Մատարելլան ողջունել է հյուրին և մեծ պատիվ համարել Նախագահ Սարգսյանի հետ երեք տարի առաջ ունեցած իր վերջին հանդիպումից հետո կրկին հյուրընկալել նրան Հռոմում: Իտալիայի նախագահը խորհրդանշական է համարել, որ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը կայանում է հենց Իտալիա: Սերջիո Մատարելլան երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում հայ-իտալական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար բոլոր մակարդակներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային:

Իտալիայի Նախագահը նշել է, որ Հայաստանը և Հարավային Կովկասն ընդհանրապես, իր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն: Նա Նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է այս տարվա ընթացքում` հավանաբար ամռանը, Հայաստան այցելելու և հայ-իտալական բարեկամությունը ևս մեկ անգամ վերահաստատելու իր մտադրության մասին: Զրուցակիցների համոզմամբ՝ դա նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Նախագահներ Սարգսյանը և Մատարելլան երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին շրջանում ակտիվացած հայ-իտալական տնտեսական հարաբերությունների մասին՝ փաստելով նաև ապրանքաշրջանառության ծավալների աճը: Այս համատեքստում կարևորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումն ու գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել ընդամենը մի քանի ամիս առաջ: Նախագահ Սերջիո Մատարելլան նշել է, թե ուրախ է, որ Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումները գնալով աճում են՝ այս պահին կազմելով շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանյան շուկայում իտալական ընկերությունների ներկայացվածությունը, նրա դիտարկմամբ, ևս մեծանում է:

Խոշոր ներդրումների շարքում Սերժ Սարգսյանը հատկապես նշել է Երևանում իտալական «Ռենկո» և գերմանական «Սիմենս» ընկերությունների ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում կկառուցվի տարածաշրջանում իր մեծ արդյունավետությամբ առանձնացող ՋԷԿ: Իտալիայի նախագահը դա համարել է տնտեսական ոլորտում փոխգործակցության գերազանց օրինակ:
Սերջիո Մատարելլան ուրախությամբ է փաստել նաև մշակութային համագործակցության խորացումը և Հայաստանում իտալական մշակույթի ու իտալերենի հանդեպ աճող հետաքրքրությունը, որը նրա գնահատմամբ, վկայում է հայերի և իտալացիների միջև առկա փոխադարձ համակրանքի մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Իտալիայի Նախագահը շնորհավորել է Հայաստանին՝ այդ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:
Սերջիո Մատարելլան այս կապակցությամբ նշել է, որ Հայաստանը առաջատար դեր ունի որպես համագործակցության կամուրջ և, իրոք, վառ օրինակ է, որտեղ Արևելքը և Արևմուտքը ոչ թե հակադրվում են, այլ՝ մեկ ամբողջություն են: Հայաստանի օրինակը, ըստ Իտալիայի նախագահի, նաև լավ ազդակ է, թե որքան օգտակար կարող է լինել համագործակցությունը բոլորի համար: Ըստ նրա, այսկերպ հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել նաև ԵԱՏՄ երկրների հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Ընդգծելով, որ Հայաստանն աջակցում է 2018թ. ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթություններին՝ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ՝ Իտալիայի հավասարակշռված մոտեցումը հիմնախնդրի կարգավորման հարցում, ինչպես նաև աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ու նրանց մոտեցումներին:

Իտալիայի նախագահը շեշտել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ լուծմանը և չի պատրաստվում բանակցությունների այլ ձևաչափ քննարկել՝ հույս ունենալով, որ կազմակերպությունը հակամարտող կողմերի հետ միասին կգտնի լուծման ճիշտ ճանապարհ, և հիմնախնդիրը փոխզիջումների ճանապարհով հնարավորինս շուտ կլուծվի: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններից մեկն էլ ձգձգվող հակամարտությունների լուծումն է:
Սերջիո Մատարելլան, Նախագահ Սարգսյանից տեղեկանալով, որ մի քանի օրից Հայաստանը լիովին անցնում է խորհրդարանական կառավարման համակարգին, նշել է, որ հիացմունքով է հետևում, թե որքան սահուն է կատարվում այդ անցումը կառավարման մի համակարգից մյուսին: Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական հանրապետության անցնելու համար Հայաստանին օրինակ է ծառայել նաև Իտալիան, որի սահմանադրական որոշակի սկզբունքներ կիրառվել են նաև մեր երկրում:

Նախագահները Հայաստանի և Իտալիայի բարեկամության ևս մեկ օրինակ են համարել միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում Լիբանանում հայ-իտալական համատեղ խաղաղապահ առաքելությունը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 6-ին հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:

Հանդիպման սկզբում Պատգամավորների պալատի նախագահը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է Իտալիա և Վատիկան նրա այցի ընթացքով: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է բավականին ջերմ մթնոլորտում կայացած այցի հագեցած օրակարգը և արդյունքները` հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտո Ֆիկոյին` Պատգամավորների պալատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել արգասաբեր աշխատանք և հույս հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա նաև հայ-իտալական միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման գործում:

Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների օրակարգի ընդլայնման գործում և զրուցակցին տեղեկացրել, որ Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձևավորել: Նախագահ Սարգսյանն ընդգծել է` ժամանակն է նոր մակարդակի բարձրացնել նաև հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցությունը՝ հատկապես, որ դրա համար առկա են բոլոր նախապայմանները: Սերժ Սարգսյանն այս համատեքստում ընդգծել է, թե լոկ այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում Հայաստանի հետ նախորդ բարեկամության խումբն աշխարհի խորհրդարաններում երկու ամենամեծ խմբերից մեկն էր, ինքնին խոսուն է: Հայաստանի` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո, Հանրապետության Նախագահի համոզմամբ, համագործակցության շատ ավելի մեծ հնարավորություններ և ներուժ կա, որն անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել:

Նախագահը հույս է հայտնել, որ այս տարվա մարտին Իտալիայում անցկացված խորհրդա-րանական ընտրություններից հետո հնարավորինս արագ կվերաձևավորվի Հայաստանի հետ բարեկամության խումբը, և նորակազմ խորհրդարանի հետ կշարունակվի հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցության խորացումը:

Ռոբերտո Ֆիկոյի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել Իտալիա կատարած իր նախորդ այցի շրջանակներում նրա ծննդավայր Նեապոլում հյուրընկալվելը և նշել, որ այդ քաղաքն առավել քան հոգեհարազատ է հայերին: Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահն ընդգծել է, որ քաջատեղյակ է այդ ամենին և գիտի, որ Նեապոլում է գտնվում Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցին, որտեղ պահվում են Գրիգոր Լուսավորչի մասունքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Հանրապետության Նախագահը զրուցակցին հանգամանորեն ներկայացրել է գործընթացի վերջին զարգացումները և հայկական կողմի մոտեցումները, որոնք համահունչ են ԵԱՀԿ ՄԽ սկզբունքներին ու մոտեցումներին:

Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր «Լա Ստամպա» պարբերականին:

← Վերադառնալ