30
11, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով:

Մայրաքաղաք Մինսկում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախագահները կքննարկեն ՀԱՊԿ հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների ողջ համալիրը:
Կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում են նաև միջազգային իրավիճակի զարգացման միտումների, միջազգային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ քննարկումները, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը և կազմակերպության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև քարտուղարության և ՀԱՊԿ միասնական շտաբի կառուցվածքի, շտաբում զինծառայողների պաշտոնների քվոտայով բաշխման, 2018թ. ՀԱՊԿ բյուջեի ընդունման վերաբերյալ հարցերը:

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 25-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հռչակագիրը, ինչպես նաև ստորագրել տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցությանն ու անօրինական միգրացիային հակազդելու միջոցների կատարելագործմանն առնչվող համապատասխան փաստաթղթեր: Նախագահների քննարկմանն ու հաստատմանը կներկայացվի նաև «Մինչև 2025թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ծրագրի մասին» որոշման նախագիծը:

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնող երկրի` Ղազախստանի նախագահը խորհրդի անդամներին կներկայացնի կազմակերպությունում իր երկրի նախագահության ժամանակահատվածում առաջնայնությունները:

Նախագահները կլսեն նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցը 2016-2017թթ. կազմակերպության գործունեության և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նիստի որոշումների իրականացման մասին: 
 

***
 

Մինսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը:

Նստաշրջանի շրջանակներում քննարկված ավելի քան երկու տասնյակ հարցերի շարքում ընդունվել են նաև քաղաքական հայտարարություններ, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

← Վերադառնալ