23
11, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն

 Նախագահ Սերժ Սարգսյանն Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հետ:

Հանրապետության Նախագահը և Բելգիայի Թագավորը իրենց հանդիպումը և Նախագահ Սարգսյանի բրյուսելյան այցը լավ հնարավորություն են համարել ամփոփելու Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քառորդդարյա ուղին, ինչպես նաև անդրադառնալու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարին։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցի արդյունքում հայ-բելգիական բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն համագործակցության նոր նախաձեռնություններով։

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջպետական հարաբերություններին բնորոշ է եղել փոխադարձ վստահությունը, բոլոր հարցերում փոխըմբռնման հասնելու և միմյանց սատարելու ցանկությունը, ինչը, Նախագահի համոզմամբ, մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական անցյալով։ Նախագահը նշել է, որ Բելգիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես` ԵՄ-ում։ Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը և Բելգիայի Թագավոր Ֆիլիպն անդրադարձել են ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի օրակարգին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման դինամիկային, նաև ԵՄ աջակցությամբ Հայաստանում մինչ այժմ իրականացված և ընթացող բարեփոխումներին, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։

Նկատի առնելով, որ Բելգիան ԵՄ-ում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, երկկողմ քաղաքական հարաբերություններից բացի կողմերը քննարկել են նաև հայ-բելգիական առևտրատնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները:

Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Բելգիային` ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ:

Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորել նման շփումները Հայաստանի բարեկամների հետ, ովքեր, Նախագահի գնահատմամբ, կարևոր և պատասխանատու առաքելություն են ստանձնել: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանի կողքին լինելու և մշտապես սատարելու համար, նշելով, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը, եվրոպական հարթակներում հնչեցնելով Հայաստանի ձայնը, համակողմանի ներկայացնելով երկրին վերաբերող հարցերն ու բարձրացնելով Հայաստանի մասին տեղեկացվածության մակարդակը Եվրոպայում և այդպիսով Հայաստանի մասին կարծիք ձևավորելով, արժեքավոր ու նշանակալի աշխատանք են կատարում` միաժամանակ նպաստելով եվրոպական երկրների ու կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը և համախմբելով Հայաստանի բարեկամներին:

Հանրապետության Նախագահը ներկայացրել է Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում իր հանդիպումների ու քննարկումների հագեցած օրակարգը, խոսել ՀՀ-ԵՄ համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարի, Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի ու տարածաշրջանային զարգացումների մասին: Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

***

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարում է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:

Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկում են համաեվրոպական նշանակության արդիական խնդիրներն ու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որի ժամանակ անդրադարձ կկատարվի 2015թ. Ռիգայում կայացած գագաթնաժողովում սահմանված առաջնային ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և հարաբերությունների զարգացման դինամիկային, Հայաստանի համար ԵԺԿ և Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովներում քննարկվող հարցերի կարևորությանը, ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաև միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին: Նշելով, որ այս տարի լրանում է ԵԺԿ-ին ՀՀԿ անդամակցության 5-րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին՝ համատեղ աշխատանքի շնորհիվ ՀՀԿ-ն լիարժեքորեն ինտեգրվեց եվրոպական այս ընտանիքին: ԵԺԿ-ի հետ ՀՀԿ համագործակցությունը, Նախագահի գնահատմամբ, Հայաստանի համար դարձել է նաև եվրոպական քաղաքականությանը ներգրավման կարևորագույն հարթակներից մեկը:

Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Եվրոպական խորհրդարանի ս.թ. նոյեմբերի 15-ի բանաձևում Հայաստանը որակվում է որպես մի երկիր, որը հաջողությամբ համատեղում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին և մասնակցությունը ԵՄ հարևանության ռազմավարությանը: Նախագահը վստահեցրել է, որ ապագայում ևս Հայաստանը շարունակելու է առաջնորդվել համակեցության հենց այս բանաձևով:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վաղվա քննարկումներն արդյունավետ կլինեն, և կհաջողվի համատեղ ձեռնարկը դարձնել առավել նպատակային, իսկ արդյունքները՝ ավելի տեսանելի և շոշափելի հասարակությունների համար։

***

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն  հանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի ակտիվացնելու հայ-բելգիական երկխոսությունը, բազմաբնույթ դարձնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Բելգիայի հետ։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերութ-յունների հաստատման անցած 25 տարիներին Հայաստանը և Բելգիան հարաբերությունները կանոնավոր զարգացրել են բազմաթիվ ոլորտներում՝ հիմնվելով փոխվստահության ու փոխըմբռնման վրա։

Նախագահ Սարգսյանը և վարչապետ Միշելը համակարծիք են եղել, որ այս հանդիպումը հետագա համագործակցության ուղիները նախանշելու լավ առիթ է և մեծապես կարևորել են փոխգործակցության ընդլայնումը նաև միջազգային հարթակներում, հատկապես` ԵՄ շրջանակներում։
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին` Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ և նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության ու անդամ պետությունների, այդ թվում՝ Բելգիայի հետ հարաբերությունների հետագա խորացման համար:

Հայ-բելգիական երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից Հանրապետության Նախագահը կարևորել է բարձրաստիճան քաղաքական շփումների ակտիվացումը և հույս հայտնել, որ Հայաստանի և բարեկամ ու վստահելի գործընկեր Բելգիայի երկխոսությունը շարունակական կլինի, ինչպես նաև փոխայցերն ավելի ակտիվ բնույթ կկրեն:

Հանդիպմանը Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բելգիան Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, ում սերունդները կազմում են բելգիահայ համայնքի կորիզը: Նախագահը վարչապետ Շառլ Միշելին հայ ժողովրդի գնահատանքն է հայտնել 2015թ. հունիսի 18-ի նրա հայտարարության համար, որին հաջորդեց հուլիսի 23-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որով ամբողջացավ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. դեռևս 1998թ. Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

Զրուցակիցները երկուստեք դրվատանքով են խոսել Բելգիայի հայ համայնքի մասին, կարևորել նրա դերը երկկողմ հարաբերությունների ակ-տիվացման գործում:

Սերժ Սարգսյանը և Շառլ Միշելը քննարկել են հայ-բելգիական առևտրատնտեսական հարաբերություններին և փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն առաջարկել է, որ բելգիական ընկերությունները դիտարկեն ՀՀ-ում գործունեություն ծավալելու հնարավորությունը՝ հաշվի առնելով երկրում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ներգրավվածությունը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ակտիվ անդամակցությունը ևս, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն է ֆրանկոֆոն կառույցներում Բելգիայի հետ գիտակրթական, մշակութային, քաղաքային կառավարման և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար: Նշելով, որ 2018թ. Հայաստանը կհյուրընկալի կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, Նախագահը շնորհակալություն է հայտնել Բելգիային աջակցության համար և, օգտվելով հանդիպման առիթից, վարչապետ Միշելին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2018թ. հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին։

***

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին մասնակցում է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում

Հարգելի՛ նախագահ Տուսկ,

Հարգելի՛ Բարձր ներկայացուցիչ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալ եմ այս գագաթնաժողովը համբերատարությամբ նախապատրաստելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։
Կցանկանայի նշել, որ 2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարևոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները:

Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական և հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարևորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից: Հենց այս համատեղ արժեքների վրա հիմնված զարգացումն է միջազգային հանրության յուրաքանչյուր պատասխանատու անդամի երկարաժամկետ և կայուն առաջընթացի գրավականը։ Շնորհակալ եմ Եվրոպական Միության ղեկավարությանն այս գործընթացում ցուցաբերած աջակցության համար:

Այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով. մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր՝ առաջնորդելով շահերի հաշտեցման ու համադրման, համագործակցության և համակեցության ոգով, ինչը չափազանց պարտավորեցնող է։ Ուզում եմ ընդգծել, որ այս ողջ գործընթացում Հայաստանի նպատակն ի սկզբանե եղել է մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա խորացումը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է և կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար: Շնորհավորում եմ բոլորիս այս կապակցությամբ։


Հարգելի գործընկերներ,

Վերջին երկու տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով, մասնավորապես՝ Համատեղ հռչակագրում ամրագրված՝ Հայաստանին վերաբերող դրույթների իրականացման համար գործադրված համատեղ ջանքերով։ Հայաստանը, թերևս, ԵՄ այն գործընկերներից է, որին հաջողվեց գրեթե ամբողջովին իրագործել 2015թ․ ստանձնած հանձնառությունները։ Հավատացած ենք, որ այս գործընթացում Հայաստանի, ինչպես նաև ԵՄ մեր գործընկերների հաստատակամությունն առաջիկայում հանգեցնելու է մեր հասարակությունների առավել մերձեցմանը, ինչի համար, իհարկե, էական նշանակություն ունի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մենք ժամանել ենք Բրյուսել այն համոզմամբ, որ գագաթնաժողովը կարևոր հանգրվան է լինելու Արևելյան գործընկերության համար։ Հայաստանն ի սկզբանե սատարել է համագործակցության այս ձևաչափն այն գիտակցությամբ, որ այս գործընկերությունը կոչված է խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը և, հանդիսանալով միավորող գործոն, ջնջելու է բաժանարար գծերը՝ հիմնվելով մարդու և ժողովուրդների հիմնարար իրավունքների վրա:

Պարո՛ն նախագահող, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Որքան էլ Ադրբեջանը պատեհ կամ անպատեհ փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության և դրա խաղաղ կարգավորման էությունը, միևնույնն է, հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի 3 սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք առաջարկվել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս համատեքստում հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է:
Ցանկանում եմ նաև ընդգծել, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, էությամբ ու կարգավորման հիմքերով, և այս առումով սխալ են հակամարտությունները մեկ ընդհանրության մեջ դիտարկելու փորձերը:

Մեկ նկատառում ևս. Միավորված ազգերի կազմակերպությունը երբեք բանաձև չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով: 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված չորս բանաձևերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչից Ադրբեջանը հրաժարվել է: Եվ հիմա՝ 25 տարի հետո, խոսել այն մասին, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ՝ այժմեական չէ:

Լիահույս եմ, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանում առկա հիմնահարցերի կարգավորումը թույլ կտա ունենալ ավելի խաղաղ և բարեկեցիկ Եվրոպա:

Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խաղաղության ամրապնդման և կայուն զարգացման իր տեսլականին։

Շնորհակալություն։

***

Բրյուսելում քիչ առաջ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

 

← Վերադառնալ