15
11, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա: Առավոտյան Հանրապետության Նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար:

Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, Նախագահ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած մշակութային գործիչների ուղեկցությամբ դիտել է եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած շուրջ երկու տասնյակ խաչքարեր։

Այնուհետև Նախագահը եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում դիտել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում բացված՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որն ունի երկու խոշոր թեմատիկ բաժիններ՝ Հայաստանի պատմությունը բրոնզե դարից մինչև Ուրարտու և քրիստոնեության ընդունումից մինչև մեր օրեր: Ցուցահանդեսում ներկայացված են եկեղեցական պարագաներ, հնագույն ձեռագրեր, հին դրամներ և հուշամեդալներ, եզակի գտածոներ, հայ նշանավոր նկարիչների կտավներ։

***

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բանակցությունների ընթացքում ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և մշակութային ոլորտներում: Նախագահներ Սարգսյանը և Պուտինը բարձր են գնահատել փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Հարգելի՛ բարեկամներ, գործընկերներ,
Մենք շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում: Կցանկանայի նշել, որ մեր բոլոր թիմերը լարված աշխատում են մեր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին Ռուսաստան կատարած Ձեր այցի ընթացքում: Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում և տնտեսական ոլորտում, որտեղ անցած տարի սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է: Ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել:

Դուք այս անգամ ժամանել եք «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» մեկնարկի կապակցությամբ: Մենք շատ ուրախ ենք, որ այս ուղղությամբ էլ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Հիմա մենք Ձեզ հետ միասին կմեկնենք Տրետյակովյան պատկերասրահ, ցուցահանդեսը կդիտենք, այնտեղ ևս մեկ միջոցառում է նախատեսված:
Դուք գիտեք՝ մեր իրավապահ մարմինները վերադարձնում են Հայաստանում գողացված Վրուբելի նկարը: Վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի կերպարվեստի սիրահարների շրջանում: Կցանկանայի Ձեզ շնորհակալություն հայտնել, որ աջակցել եք այդ ցուցահանդեսի կազմակերպմանը, և մենք էլ մեր կողմից ամեն ինչ կանենք, որ Հայաստանի քաղաքացիները ժամանակակից պայմաններում, ժամանակակից միջավայրում հնարավորություն ունենան առնչվելու ռուսական արվեստի ձեռքբերումներին և այն ամենին, ինչով մենք հպարտանում ենք: Այս ուղղությամբ հետագայում էլ համատեղ կաշխատենք»,-հանդիպման սկզբում ասել է Վլադիմիր Պուտինը:

«Շնորհակալություն, Վլադիմի՛ր Վլադիմիրի:
Ես ուրախ եմ մեր հանդիպման համար: Եվ Դուք ճիշտ եք՝ ակնհայտ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով: Սոչիում մեր վերջին հանդիպումից հետո մենք ունեցել ենք Ռուսաստանի Դաշնության կառավարության մակարդակով պաշտոնական այց: Հոկտեմբերին անցկացրել ենք Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, Եվրասիական գործընկերության երկրորդ համաժողովը և Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Ամսվա սկզբին կայացել է Միջկառավարական հանձնաժողովի հոբելյանական 30-րդ նիստը:

Մարդկանց միջև սերտ շփումները, մշակութային, կրթական, գիտական կապերը մեզ համար ունեն հատուկ նշանակություն. անցյալ տարի Հայաստանում հաջողությամբ են անցել «Ռուսաստանի մշակույթի օրերը», իսկ բառացիորեն այսօր մենք մեկնարկ ենք տալիս «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում մի շարք միջոցառումների, որոնք անցկացվելու են ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում:

Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

***

Մոսկվայում Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառումը մեկնարկել է հայազգի մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Սարյանի մոտ երեք տասնյակ բացառիկ աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից, որոնք ստեղծվել են անվանի վարպետի կողմից Մերձավոր Արևելքի երկրներում ճանապարհորդության ընթացքում, ինչպես նաև դրանց մասին հիշողությունների հիման վրա:

Ցուցահանդեսը դիտելուց հետո Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելի սրահում հանդես են եկել ելույթներով: Միջոցառման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել 1995 թվականին Հայաստանից գողացված մեծանուն նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը: Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին ՌԴ նախագահը հայտնել էր դեռևս ս.թ. մարտի 15-ին՝ Մոսկվայում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողության ժամանակ

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Հարգելի՛ բարեկամներ,

Մեծագույն հաճույք է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ միասին մասնակցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողությանը համաշխարհային ճանաչում ունեցող խոշորագույն թանգարաններից մեկում՝ Տրետյակովյան պատկերասրահում:

Այսօրվա միջոցառումը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին: Սրանք նշանակալի տարեթվեր են, որոնք վկայում են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների որակական նոր մակարդակի մասին` կառուցված բարեկամության բազմադարյա կապերի վրա, որոնցով միահյուսված են մեր եղբայրական ժողովուրդների ճակատագրերը: Մենք մշտապես միասին ենք եղել ՝ և՛ խաղաղ ժամանակ, և՛ ծանր փորձությունների տարիներին: Մեր հայրերն ու պապերը մեկ անգամ չէ, որ միասին ուս ուսի տված մարտնչել են ռազմաճակատներում: Օգտվելով առիթից ՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել և երախտագիտությամբ նշել Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի կիսանդրու բացումը Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում:

Ժամանակի ընթացքում մեր երկրների ու ժողովուրդների կյանքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, սակայն անփոփոխ են մնացել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ ջերմությունն ու անկեղծությունը՝ փոխկապակցված պարզ մարդկային ճակատագրերով:

Վերջին քառորդ դարի ընթացքում տպավորիչ առաջընթաց է արձանագրվել նաև հումանիտար կապերի զարգացման գործում: Ավանդական արժեքներին ու ազգային ինքնատիպությանը հավատարիմ մեր ժողովուրդները մշտապես եղել են բաց և խորապես հետաքրքրված մշակույթների փոխներթափանցմամբ: Մեզ շատ բան է մտերմացնում: Դա և՛ սրտաբացությունն է, և՛ բարյացակամությունը, և՛ մարդամոտությունը, և՛ զգացմունքայնությունը, և՛ իհարկե, ամեն նորի հանդեպ ընկալունակությունը: Ռուսաստանն իրավացիորեն համարում են համաշխարհային մշակույթի կենտրոններից մեկը: Պատահական չէ, որ Հայաստանի մշակույթի գործիչների զգալի մասը՝ մեր գրողները, երաժիշտները, ճարտարապետներն ու նկարիչները, դարձել են ոչ միայն ռուսական արվեստի դպրոցի շրջանավարտներ, այլև նրա փառահեղ ավանդույթների շարունակողներ, ովքեր բազմապատկում են ընդհանուր հոգևոր-մշակութային ժառանգությունը:

Այսօր Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի մշակույթը, անհնար է պատկերացնել առանց այնպիսի մեծությունների, որոնցից են՝ Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Միքայել Թարիվերդիևը և շատ այլ ականավոր գործիչներ, ովքեր դարձել են հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշեր:

Պատահական չէ, որ Հայաստանի մշակույթի օրերը մենք բացում ենք 20-րդ դարի մեծ գեղանկարիչներից, համարձակ նորարար Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսով, ով վարպետորեն միավորել է Արևելքի գեղարվեստական ավանդույթները 20-րդ դարի ռուսական և եվրոպական մշակույթի նոր միտումների հետ:Իսկ տառացիորեն այսօր Մոսկվայում բացվել է մեծ վարպետին նվիրված հուշատախտակ այն տան պատին, որտեղ նա ժամանակին ապրել է: Դեռ կես դար առաջ Սարյանն ասել է. «Արվեստը կարող է մարդկայնացնել, մոտեցնել մարդկանց գիտության և տեխնիկայի բոլոր զարմանալի հայտնագործություններին»: Այսպիսին էր սարյանական աշխարհընկալումն ու մշակույթի ընկալումը, որը հավերժացած է նրա արվեստում համամարդկային և վերժամանակային արժեքներով:
Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կունենանք նոր սարյաններ ու այվազովսկիներ, խաչատրյաններ ու թարիվերդիևներ, իսկ մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը կհարստանա տպավորիչ և հետաքրքիր նախագծերով:

Հարգելի՛ բարեկամներ,

Հատկանշական է, որ «Հայաստանի մշակույթի օրերն» անցկացվում են ոչ միայն Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, այլև Ռուսաստանի տարածաշրջաններում: Սա հրաշալի հնարավորություն է առավել մոտիկից ծանոթանալու միմյանց հետ, բացահայտելու մեր երկրի պատմության, մեր ժողովրդի մշակույթի անհայտ էջերը: Համոզված եմ, որ մշակութային այս մեծ նախագիծը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և դրանց հետագա փոխհարստացման համար:

Ռուսական մշակույթի բացառիկ գրական և երաժշտական ժառանգությունը, Ռուսաստանի ճարտարապետական հուշարձանները, Ռուսաստանի ժողովրդի ավանդույթները միշտ մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր երկրում: Կարծում եմ՝ դա փոխադարձ է, և «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում կազմակերպված միջոցառումները հավասարապես հետաքրքրական կլինեն ինչպես մշակույթի և արվեստի գործիչների, այնպես էլ լայն հասարակայնության, մասնավորապես, երիտասարդ սերնդի համար:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին իր մասշտաբով եզակի այս իրադարձությանն աջակցելու համար: Հենց նմանատիպ նախաձեռնություններից էլ ձևավորվում է մեր բարեկամության կենդանի հենքը:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև հռչակավոր նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը Հայաստանից գողացվել էր դեռևս 1995 թվականին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուսաստանցի բարեկամներին` այսօրվա ցուցահանդեսի անցկացմանը հիմնավորապես և, ինչը շատ կարևոր է, սրտանց մոտենալու համար, ինչպես նաև` միջոցառումների ամբողջ շարքին, որոնք կայանալու են Մշակույթի օրերի շրջանակներում:

Մաղթում եմ բոլոր ներկաներին, առաջիկա միջոցառումների բոլոր մասնակիցներին վառ, հետաքրքիր տպավորություններ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողության ժամանակ


Հարգարժան Սերժ Ազատի՛, հարգելի՛ բարեկամներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ պետական Տրետյակովյան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման հանդիսավոր արարողությանը: Այսօր Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքում մենք համակարծիք էինք մեր երկրների բազմաշերտ փոխգործակցությունը բարձր գնահատելու հարցում: Այն հաջողությամբ և դինամիկ զարգանում է բոլոր ուղղություններով, ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների` ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այս տարի մենք նշում ենք մի շարք կարևոր, մեզ համար նշանակալի տարեդարձներ: Ապրիլին լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, իսկ օգոստոսին` Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-ամյակը:

Ռուսաստանին և Հայաստանին միավորում են իրապես դաշնակցային հարաբերություններ: Մեր երկրներն անկեղծորեն ձգտում են փոխշահավետ համագործակցության և բոլոր ուղղություններով գործընկերային ռազմավարական փոխգործակցության ամրապնդման: Մեզ միավորում է ընդհանուր բազմադարյա պատմությունը, հոգեհարազատությունը, միմյանց ավանդույթների և սովորույթների հանդեպ անկեղծ հետաքրքրությունը: Դարերի խորքը գնացող մարդկային, ընկերական, ընտանեկան կապերը փոխանցվում են սերնդեսերունդ: Եվ պատահական չէ այն հատուկ ուշադրությունը, որ մենք հատկացնում ենք հումանիտար համագործակցությանը, մշակույթի, կրթության, արվեստի ոլորտներում սերտ շփումների պահպանմանը: Հայաստանի մշակույթի օրերը ևս մեկ հնարավորություն են Ռուսաստանի քաղաքացիների համար ծանոթանալու մեր բարեկամ երկրի հինավուրց ժողովրդի պատմական-մշակութային ժառանգության նոր սահմաններին: Եվ այստեղ կցանկանայի շեշտել սպասվող միջոցառումների հագեցվածությունն ու բազմազանությունը, որոնք մինչև նոյեմբերի վերջ կանցկացվեն Ռուսաստանի ամողջ տարածքում:

Այդ միջոցառումներից են՝ Երևանի դրամատիկական թատրոնի ներկայացումները, պետական երիտասարդական նվագախմբի և պարի անսամբլի համերգները, ֆիլմերի ցուցադրությունները, թանկարժեք իրերի և ազգային հագուստների ցուցադրությունները: Այսօր Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական համալիրում հաջողությամբ կայացել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթը: Հյուրեր է ընդունել նաև ճարտարապետական հուշարձանների` խաչքարերի ցուցահանդեսը: Տրետյակովյան պատկերասրահում բացվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը, ով իր ստեղծագործության մեջ համահունչ կերպով միավորել է ռուսական դպրոցի ոճը, Արևելքի ավանդույթները և 20-րդ դարի եվրոպական արվեստը: Նրա աշխատանքները, անունը` մեր ընդհանուր ժառանգությունն է: Իհարկե, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հպարտությունը: Հենց նման վառ, բաց նախագծերը, ինչպիսիք են մշակույթի օրերը, մերձեցնում և միավորում են մեզ, մարդկանց մոտ առաջացնում են անկեղծ զգացմունքներ, ծառայում են բարեկամության և համագործակցության ամրապնդմանը: Համոզված եմ, որ առաջիկայում ևս հումանիտար ոլորտը կարևոր դեր կխաղա մեր փոխգործակցության մեջ, որը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ես ուրախ եմ Սերժ Սարգսյանին այսօր փոխանցել Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը: Այն ստեղծվել է 1891թ. և մտնում է Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի մոտիվներով արված նկարազարդումների շարքի մեջ: Այս կտավը ունի բարդ, ես կասեի՝ դրամատիկ պատմություն: Ավելի քան 20 տարի առաջ` 1995թ. այն գողացվել է Երևանում Ռուսական արվեստի թանգարանից: Անցած տարի կտավը գտնվել է: Տրետյակովյան պատկերասրահի լավագույն վերականգնողները կտավին վերադարձրել են սկզբնական տեսքը: Հենց նոր մեզ այդ մասին պատմում էին` յոթ ամիս աշխատել են ամեն օր: Եվ այժմ Երևանում Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կրկին կկարողանան տեսնել հայտնի ռուս նկարչի աշխատանքը:

Եզրափակելով խոսքս` կցանկանայի շնորհակալություն հայտնել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, իսկ նրանց հյուրերին մաղթում եմ վառ, հիշարժան տպավորություններ: Շնորհակալություն ուշադրության համար:

← Վերադառնալ