03
11, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Հնդկաստանի Հանրապետության

Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով աշխատանքային այցով Հնդկաստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակից: Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը
«Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովում

Ձերդ Գերազանցություն պարո՛ն վարչապետ,
Մեծարգո՛ նախարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Հնդկաստանի ժողովրդին և մասնավորապես՝ հարգարժան վարչապետ Մոդիին՝ այս տպավորիչ ֆորումը կազմակերպելու համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։ Հաջողություն եմ մաղթում ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին:

Համաժողովի մասնագիտական և աշխարհագրական բազմազանությունը վկայում է համաշխարհային պարենային շուկայում Հնդկաստանի ունեցած ծանրակշիռ ներուժի և դերակատարության մասին, որը ձեռք է բերվել անկախության 70 տարիների արդյունավետ աշխատանքի շնորհիվ։ Օգտվելով առիթից՝ սրտանց շնորհավորում եմ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին այդ պատմական հոբելյանի կապակցությամբ։

Հատկանշական է, որ հազարամյակների պատմություն ունեցող Հնդկաստանին այս կարճ ժամանակահատվածում հաջողվել է տպավորիչ արդյունքներ արձանագրել երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ դառնալով համաշխարհային տնտեսության գլխավոր շարժիչ ուժերից մեկը։

Որպես Հնդկաստանի բարեկամ երկիր՝ Հայաստանում ուրախությամբ արձանագրում ենք, որ բարեփոխումների և հետևողական աշխատանքի շնորհիվ Հնդկաստանն այժմ ոչ միայն ապահովում է իր պարենային ինքնաբավությունը, այլև դարձել է համաշխարհային սննդարդյունաբերության շուկայի ճանաչված առաջատարներից՝ լինելով գյուղատնտեսական մի շարք ապրանքների մասով աշխարհի հիմնական արտադրող և արտահանող։

Այդ մասին վկայում է այս ցուցահանդեսը, որն անխոս, սննդի արդյունաբերության ոլորտում Հնդկաստանի կուտակած փորձի փոխանակման, նոր շուկաների բացահայտման և գործընկերների հետ համագործակցության հաստատման լավագույն հարթակ է հանդիսանում:

Գյուղատնտեսական մթերքների վերամշակումը և պարենային ապրանքների արտահանումը կարևոր նշանակություն ունեն նաև Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Հայ արտադրողներն ավանդական փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համատեղման արդյունքում մրգերի և բանջարեղենի վերամշակման գործում կուտակել են մեծ դրական փորձ, որի արդյունքում արտաքին շուկաներում հայկական սննդարդյունաբերական արտադրանքի հանդեպ պահանջարկն անշեղորեն աճում է։ Մեր գործարարներն առաջին քայլերն են ձեռնարկում դրանք նաև հնդկական շուկայում ներկայացնելու ուղղությամբ։

Հեռանկարային ենք համարում նաև սննդի արդյունաբերության ոլորտում Հնդկաստանի գործարարներին հայկական որոշ ապրանքատեսակների արտադրության փորձի փոխանցման շուրջ համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն մեծացնել մրգերի և բանջարեղենի վերամշակման արդյունավետությունը և նոր շուկաներում ներկայացվածությունը, այլև ստեղծել նոր արտադրություններ, ձևավորել նոր աշխատատեղեր։

Տնտեսական համագործակցության ակտիվացման համար նպաստավոր եմ համարում հայ-հնդկական համագործակցության ծավալումը նաև բազմակողմ ձևաչափով` հաշվի առնելով, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ինչպես նաև Եվրոպական միության հետ ունի արտոնյալ առևտրային ռեժիմ: Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող գործարարները հնարավորություն ունեն օգտվելու այն բարենպաստ պայմաններից, որոնք առաջարկում է Հայաստանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ բազմաթիվ խնդիրներ պահանջում են համատեղ և համապարփակ լուծումներ: Այդպիսի խնդիրներից է օրինակ՝ պարենային ապահովությունը: Հայաստանը 2015թ. սեպտեմբերին կայացած՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովում ընդունել է Կայուն զարգացման հռչակագիրը և օրակարգը, որտեղ 17 նպատակներից մեկը պարենային ապահովությունն է, ինչպես նաև գյուղատնտեսության կայուն զարգացման խթանումը:

Հայաստանը հետևողականորեն աշխատում է այս նպատակներին հասնելու համար, և թե՛ ներքին քաղաքականության իրականացման, թե՛ ճկուն արտաքին տնտեսական քաղաքականության շնորհիվ մենք տարիներ շարունակ հաջողություններն ենք գրանցում դրանց հասնելու ուղղությամբ:

Ավարտելով խոսքս՝ թույլ տվեք մեկ անգամ ևս հաջողություն մաղթել վարչապետ Մոդիի կառավարությանը ձեռնարկված խոստումնալից բարեփոխումների և ծրագրերի կյանքի կոչման գործում, իսկ ֆորումի մասնակիցներին ՝ արգասաբեր աշխատանք։
Շնորհակալ եմ ուշադրության համար։ 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Հանդիպման սկզբում վարչապետ Մոդին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին այցի հրավերն ընդունելու և համաժողովին մասնակցելու համար` հույս հայտնելով, որ Նախագահ Սարգսյանի այցը նոր խթան կհաղորդի հայ-հնդկական հարաբերություններին և կբարձրացնի դրանք նոր մակարդակի: Վարչապետը նշել է, որ եվրասիական տարածքում Հայաստանը հանդիսանում է Հնդկաստանի վստահելի և կարևոր գործընկերը: Նրա խոսքով, հայ վաճառականները առաջիններից էին, որ եկան Հնդկաստան և խթանեցին առևտրային կապերը Հնդկաստանի ու տարբեր երկրների միջև:

Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանում հաջողությամբ կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում ՀՀ Նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը նշել է, որ շնորհակալությամբ է ընդունել հրավերը և ուրախ է Հնդկաստանի նման հրաշալի երկրում գտնվելու համար: Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է ներկայացրել առավոտյան բացված Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովից և ցուցահանդեսից: Նախագահն ընդգծել է, որ հիացած է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը համարվող Հնդկաստանի հաջողություններով` հատկապես սննդարդյունաբերության բնագավառում գրանցած առաջընթացով և ընդգծել, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար:

Նշելով, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ամենաամուր հիմքն են երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ իր այցելությունը նոր շունչ կհաղորդի հայ-հնդկական դարավոր բարեկամությանը:

Հանդիպման պատեհ առիթով Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է վարչապետ Մոդիին և բարեկամ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության անկախության 70-ամյակի առթիվ և նշել, որ որպես Հնդկաստանի բարեկամ երկիր՝ Հայաստանը ուրախությամբ է հետևում Հնդկաստանի հաստատուն առաջընթացին և ականատեսը լինում միջազգային ասպարեզում նրա տարեցտարի աճող դերին ու հեղինակությանը:

Հիշատակելով, որ այս տարի Հայաստանը և Հնդկաստանն արդեն հատել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդդարյա շեմը, Նախագահ Սարգսյանը և վարչապետ Մոդին համակարծիք են եղել, որ այդ հոբելյանը լավագույն առիթն է ի մի բերելու համատեղ ձեռքբերումները և նախանշելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությունները, որի համար առկա են բոլոր նախադրյալները: Զրուցակիցների համոզմամբ, չնայած փոխհարաբերությունների բարձր մակարդակին, երկու բարեկամ երկրների միջև առկա է զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք օգտագործման և այս հարցում շոշափելի առաջընթաց գրանցելու համար զգալի աշխատանք կա իրականացնելու:

Փոխգործակցության ընդլայնման հարցում Սերժ Սարգսյանը և Նարենդրա Մոդին կարևորել են Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը` անհրաժեշտ համարելով հանձնաժողովի նիստերը համալրել նոր, առավել թիրախավորված օրակարգով:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է նպաստավոր պայմաններ ապահովել հնդկական ընկերությունների գործունեության համար: Նախագահը նաև հնդկական կողմի ուշադրությունն է հրավիրել Իրանի հետ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի ազատ տնտեսական գոտու վրա, որը ևս կարող է համագործակցության արդյունավետ հարթակ դառնալ: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ըստ Նախագահ Սարգսյանի, փոխգործակցության արդյունքում բարեկամ Հնդկաստանին ևս անարգել մուտք կապահովի այդ հսկայական շուկա:

Հանդիպմանն անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային մի շարք ոլորտներում ու տնտեսության առանձին ճյուղերում, ինչպիսիք են օրինակ` ոսկեգործությունը, ադամանդագործությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակման արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, գիտությունը և մշակույթը, փորձի փոխանակում ու ակտիվ համագործակցություն իրականացնելու հնարավորություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նարենդրա Մոդին գոհունակությամբ են նշել, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ համագործակցություն նաև բազմակողմ ձևաչափով, ինչը լավագույնս դրսևորվում է միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին և առկա մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:

Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում, նշելով, որ երախտապարտ է այն ջերմ ընդունելության համար, որին արժանանում է բարեկամ Հնդկաստանում, որի հետ Հայաստանը կիսում է ժողովրդավարության ու համամարդկային բարձր արժեքները:

 

***

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Վենկայա Նայդուի հետ:

Շնորհակալություն հայտնելով բարեկամ Հնդկաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար` Նախագահը հայ-հնդկական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը: Ջերմությամբ հիշելով ընթացիկ տարվա գարնանը Հայաստանում Հնդկաստանի նախկին փոխնախագահ Մոհամմեդ Համեդ Անսարիի հետ հանդիպումը և հայ-հնդկական հարաբերություններին առնչվող հարցերի արդյունավետ քննարկումը` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստան այցելելու հնարավորություն կգտնի նաև պարոն Նայդուն, ում` որպես ասիական տարածաշրջանի խորհրդարանական ամենամեծ ժողովրդավարության լուրջ ավանդույթներ ունեցող երկրի փոխնախագահի, սիրով կհյուրընկալեն մեր երկրում: Այդ այցը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, մեծ ազդեցություն կունենա երկկողմ միջպետական կապերի և հատկապես խորհրդարանական հարաբերությունների սերտացման գործում:

Փոխնախագահ Նայդուն, ողջունելով բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ հինավուրց պատմություն ու հարուստ մշակույթ ունեցող հնդիկ և հայ ժողովուրդները քաղաքակրթական ու արժեքային բազմաթիվ ընդհանրություններ և սերտ առնչություններ ունեն, նրանք արարող, խաղաղասեր և հյուրընկալ են, ուստի անհրաժեշտ է երկուստեք հետևողականորեն շարունակել դարավոր բարեկամությունը պահպանելու և ամրապնդելու ուղղությամբ աշխատանքը, ինչպես նաև` միավորելու ջանքերը համամարդկային արդի մարտահրավերների դեմ պայքարում, որոնցից մեկն էլ ահաբեկչությունն է: 

Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահը և Նախագահ Սերժ Սարգսյանը համակարծիք են եղել, որ երկու երկրների հայացքներն ու մոտեցումները համընկնում են նաև միջազգային կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի բարեփոխումների անհրաժեշտության հարցում, որպեսզի վերջիններս կարողանան ժամանակի պահանջներին համահունչ արձագանքել մարտահրավերներին:

 Նախագահը զրուցակցին տեղեկացրել է, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում արդեն ձևավորվել է Հնդկաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբ և հայ-հնդկական կապերի ակտիվացման գործում կարևոր է համարել ինչպես խորհրդարանական խմբերի, այնպես էլ բարձրաստիճան փոխայցերի հաճախակի կազմակերպումը: Զրուցակիցները երկուստեք տեսակետ են հայտնել, որ միջխորհրդարանական միջազգային հարթակներում ևս երկու բարեկամ երկրների պատվիրակները կարող են հաջողությամբ շարունակել ու խորացնել համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին ու առկա մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Փոխնախագահ Նայդուն կարևորել է բոլոր հակամարտությունները բացառապես երկխոսության և խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ:

Շնորհակալություն հայտնելով հայկական պատվիրակությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար՝ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ Հնդկաստանի բարգավաճմանն ու հնդիկ ժողովրդի բարեկեցությանն ուղղված նրա պատասխանատու գործում:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախագահ Քովինդի հետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Հանրապետության Նախագահը բավականին տպավորիչ է համարել Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովը և ցուցահանդեսը, որի բացմանն իր գլխավորությամբ մասնակցել է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Հնդկաստան իր աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Մոդիի և փոխնախագահ Նայդուի հետ կայացած արդյունավետ հանդիպումների մասին, որոնց ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել միջխորհրդարանական և միջկառավարական մակարդակներով հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Անդրադառնալով հայ-հնդկական դարավոր բարեկամությանը` Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների հարաբերությունների մասին մեծ թվով հիշատակումներ կան պատմիչների գործերում. բազմաթիվ աղբյուրների պնդմամբ, հայ և հնդիկ առևտրականներն ամուր կապեր են հաստատել դեռևս մեր թվարկության առաջին հազարամյակում: Նախագահ Սարգսյանը պատահական չի համարել, որ 16-րդ դարից սկսած Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում ձևավորվել են զգալի թիվ կազմող հայկական համայնքներ, որոնք ակտիվ դերակատարություն են ունեցել Հնդկաստանի հասարակական ու քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Հայկական համայնքներից միայն Կալկաթայի համայնքի մասին խոսելիս Նախագահը նշել է, որ 17-19-րդ դարերում այդ համայնքը շատ կենսունակ էր և ակտիվ հասարակական-քաղաքական մասնակցություն ուներ ոչ միայն Հնդկաստանի, այլ նաև ողջ հայության կյանքում: Այդ համատեքստում Նախագահը հիշատակել է 1794թ. Մադրասում տպագրված հայկական առաջին տպագիր պարբերականը` «Ազդարարը», ինչպես նաև գրեթե նույն ժամանակահատվածում հրատարակված Հակոբ Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը, որը ուրվագծել է անկախ հայոց պետության ապագա Սահմանադրությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի նախագահին և հնդիկ ժողովրդին Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Նշելով, որ վաղն այցելելու է Ագրա քաղաքում գտնվող Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ, Նախագահը ուրախությամբ է փաստել, որ այդ հոյակերտ հուշարձան-դամբարանի կառուցմանը մասնակցել են նաև հայ շինարարներ:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները վերածել միջպետական ջերմ և գործընկերային հարաբերությունների: Նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` այդ նշանակալից հոբելյանի կապակցությամբ հղած շնորհավորանքի համար և հույս հայտնել, որ բարձր մակարդակի պարբերական հանդիպումները կօգնեն լիարժեքորեն բացահայտելու երկու երկրների միջև առկա համագործակցության մեծ ներուժն ու նախանշելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությունները:

Հնդկաստանի նախագահը գործընկերոջը շնորհավորել է նաև Հայաստանում իրականացված բարեփոխումների և պետական կառավարման նոր համակարգի անցնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում Հանրապետության Նախագահի գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:

Հանդիպմանը հայ-հնդկական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգի հարցերից բացի, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նախագահ Ռամ Նաթ Քովինդը վերահաստատել է հակամարտությունները խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով լուծելու` իր երկրի դիրքորոշումը և ընդգծել, որ Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետություն աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է երեկոյան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին, որում անդրադարձել է հայ-հնդկական պատմամշակութային առնչություններին, երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում Հնդկաստանի հայ համայնքի մեծ դերին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, հայրենիքի ու համայն հայության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց դիմակայելու հնարավոր ուղիներին, ինչպես նաև Հայաստանի կյանքում վերջին շրջանում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին, այդ թվում` հանրաքվեի միջոցով կառավարման նոր` լիարժեք խորհրդարանական համակարգին անցնելուն:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց հաջողության պատմությունները, խնդիրները, դրանց լուծման հարցում հայրենիքից ակնկալիքները, ինչպես նաև համայնքային կյանքում նրանց գործունեության մասին: Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով, Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հնդկաստանի բարձր ղեկավարության հետ այսօր իր ունեցած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերն ու ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք միտված են առավել ամրապնդելու երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերը:

Հանդիպման ժամանակ Նախագահը նշել է, թե հաճելի է տեսնել, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է նաև Երևանի բժշկական համալսարանի շրջանավարտների միության նախագահ դոկտոր Դալջիթ Սինգհ Չաուհանը: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ հայաստանյան բուհերի հնդիկ շրջանավարտների հոծ բազմությունը ևս մի բարեկամության կամուրջ է երկու երկրների միջև, որը պետք է ավելի ամրապնդվի ու ընդլայնվի:

Նախագահ Սարգսյանը ուրախությամբ է արձանագրել, որ Հնդկաստանում Հայաստանի դեսպանության հետ իր ջանքերն է միավորում նաև պատվո հյուպատոս Շիվկումար Իշվարանը և հույս է հայտնել, որ նրանց համատեղ ձեռնարկներն արգասաբեր կլինեն:

«Բոլոր մարտահրավերներին դիմակայելու, մեր խնդիրները լուծելու ճանապարհին մենք պարտավոր ենք լինել միասնական: Մեր մեծ մտածողները մշտապես խոսել են միասնության մասին, և գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը համարում է, որ մենք միասնական ենք լինում, երբ մեր հայրենիքին, մեր հողին վտանգ է սպառնում: Այսօր մեր խնդիրն է, որպեսզի այդ միասնականությունը տարածենք նաև հարաբերական խաղաղ պայմաններում, որովհետև մեր մարտահրավերները շատ սուր են, և դրանց դիմակայելը ավելի մեծ ջանքեր է պահանջում: Մենք ունենք ուժի մեծ աղբյուր, ունենք միասնության գաղափարը անհրաժեշտ, պարտադիր դարձնելու հանգամանքներ, դրանք են՝ անկախ Հայաստանը, ազատ Արցախը և մեր զորեղ սփյուռքը: Միշտ կրկնում ենք՝ Հայաստանն ուժեղ է սփյուռքով, սփյուռքը հավերժ է Հայաստանով»,-ողջույնի խոսքի ավարտին ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Հայ-հնդկական միջպետական հարաբերությունների օրակարգի և զարգացման հեռանկարի, առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության ներուժի, հայ և հնդիկ ժողովուրդների պատմամշակութային առնչությունների և մի շարք այլ հարցերի շուրջ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև հարցազրույց է տվել հնդկական «Դուրդարշան» պետական հեռուստաընկերությանը:

 ***

Հնդկաստան աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Ագրա քաղաք, որտեղ այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:

Հանրապետության Նախագահը գրառում է կատարել հռչակավոր ճարտարապետական այդ կառույցի պատվավոր հյուրերի մատյանում:

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ուրախ եմ, որ Հնդկաստան կատարած իմ այցելության շրջանակներում առիթ եղավ այցելելու նաև այս աշխարհահռչակ և միևնույն ժամանակ խորհրդավոր վայրը:

Հիացած եմ ճերմակաթույր այս տաճարի ու կոթողային համալիրի ճարտարապետական վեհությամբ, որում իրենց ներդրումն են ունեցել նաև հայ վարպետները: Իրապես աշխարհի ութերորդ հրաշալիք համարվող, հավերաժական սիրո խորհրդանիշ և սրբավայր հանդիսացող շքեղաշուք այս տաճարը դեռ դարեր շարունակ գերելու է յուրաքանչյուր այցելուի հոգին»,-գրել է Նախագահը։

← Վերադառնալ