Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն
Սոչիում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել է աշխատանքային այցով այսօր Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նիստում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Պետությունների ղեկավարները նեղ կազմով նիստում մտքերի փոխանակում են իրականացրել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են ԱՊՀ-ում նախագահության և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման օրն ու վայրը:
Ընդլայնված կազմով նիստում քննարկվել են տնտեսական, մշակութային-հումանիտար, պաշտպանական քաղաքականության, արտաքին սահմանների պահպանության, ահաբեկչությանը հակազդեցության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ինչպես նաև նոր իրողություններին ԱՊՀ-ի ադապտացիայի վերաբերյալ հարցեր:
Խորհրդի նեղ, ապա դրան հաջորդող ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարների քննարկման արդյունքները, այդ թվում` ստորագրված փաստաթղթերի մասին տեղեկատվություն, ԶԼՄ-ների հետ հանդիպմանը ներկայացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Այսօր ավելի ուշ Սոչիում նախատեսված է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում
Հարգելի՛ պարոն նախագահող,
Պետությունների և պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ և առաջ ԱՊՀ հետագա զարգացմանը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողություններին ադապտացիան:
Կցանկանայի անդրադառնալ, մեր տեսանկյունից, ԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների: Մեկնարկել են մի շարք հարցերի շուրջ առարկայական քննարկումները, որոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջ: Մենք աջակցում ենք այդ գործընթացին, որը պետք է իր իրական դրսևորումը գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետությունների համագործակցության մեջ:
Համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն:
Հետաքրքրված լինելով հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնմամբ՝ կարծում ենք, որ «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրն օգտակար նախաձեռնություն է ԱՊՀ պետությունների մշակութային կապերի պահպանման և զարգացման գործում:
Հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել Համագործակցության մշակութային մայրաքաղաք: Հրավիրում ենք ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք այդ տարվա ընթացքում կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում:
Կցանկանայի նաև ընդգծել 2019թ. Գրքի տարի, իսկ 2020թ. Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի տարի հռչակելու կարևորությունը:
Հինգ տարի առաջ՝ հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ մի իրադարձություն, որը մենք լայնորեն նշեցինք հյուրերի մասնակցությամբ, այդ թվում նաև՝ ԱՊՀ երկրներից: Մարդկային կապիտալի զարգացմանը մեծ նշանակություն տալով՝ մենք որպես բազմաթիվ միջոցառումների լեյտմոտիվ ընտրեցինք ընթերցողների շրջանակի ընդլայնումը, քանի որ ընթերցող, զարգացած հասարակություն ունենալը մեզ համար կենսական կարևորություն ունեցող պայման է:
Համոզված եմ, որ Մեծ Հաղթանակի առաջիկա հոբելյանը ևս մեկ առիթ է հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը: Հայաստանում չկա որևէ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը հետ չի վերադարձել: Սա նաև լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի և ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար:
Հայաստանը բազմիցս ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը այնպիսի դրսևորումների դեմ պայքարում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և կազմակերպված հանցավորությունը: Աջակցում եմ համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք կանոնակարգում են ԱՊՀ երկրների համագործակցությունը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման, ահաբեկչության ֆինանսավորման, թմրաբիզնեսի և միջազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում:
Վերջում կցանկանայի հաջողություն մաղթել մեր տաջիկ գործընկերներին և անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնին, ով ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու նախատեսված ծրագրերի իրականացմանը՝ ի շահ ԱՊՀ-ի:
Շնորհակալություն:
***
Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Նիստին մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Խորհրդի նիստի օրակարգում ներառված են տեղեկատվայնացման, մաքսային կարգավորման, մրցակցության, բնական մենաշնորհների և արդյունաբերության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև միջազգային գործունեության վերաբերյալ հարցեր:
Առանցքային թեմաներից մեկը մինչև 2025թ. Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների քննարկումն է: Նիստին ներկայացվել են 2018թ. ընթացքում Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները: Նախագահներին տեղեկատվություն է ներկայացվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անդամները ծանոթացել են անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի և 2016թ. մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցին: Քննարկման է ներկայացվել նաև «ճանապարհային քարտեզի» մշակման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարականը՝ ուղղված բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցմանը:
Օրակարգի մյուս հարցը Երկրի հեռակա զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և գեոտեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցությունն էր: Պետությունների ղեկավարները նիստում հաստատել են ԵԱՏՄ Դատարանի նախագահին և նրա տեղակալին: Գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր Միության մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահությանը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում
Եվրասիական տնտեսական խորհրդի հարգելի՛ անդամներ,
Նիստի հարգելի՛ մասնակիցներ,
Նախ և առաջ կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին այսօրվա գագաթնաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ղրղզ գործընկերներին Եվրասիական միությունում Ղրղզստանի նախագահության համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Եվրասիական միության գրեթե եռամյա գործունեության ընթացքում բավականին մեծ ծավալի աշխատանքի է իրականացվել ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների գործնական իրականացման մասով: Մշտապես լրացվում է իրավապայմանագրային բազան, արդեն իսկ սահմանված են Միության առաջնահերթությունները, իրականացվում է տնտեսության կարևորագույն ոլորտներում քաղաքականության համատեղ կոորդինացիա, հետևողականորեն ընդլայնվում է ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության ընդգրկումը:
Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին փոխադարձ առևտրի ծավալի շուրջ 28 տոկոս աճ ունենք՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: 2017թ-ի հունվար-հուլիս ամիսներին, 2016թ-ի համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ, Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրների շուկա ապրանքների արտահանման 29 տոկոս աճ է գրանցվել: Երրորդ երկրների հետ անդամ պետությունների արտաքին առևտրի ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 26 տոկոսով, և Վլադիմիր Պուտինը ներկայացրեց շատ թվեր, որոնք հաստատում են մեր ընդունած որոշման ճշմարտացիությունը: Այս միտումը պետք է ամրապնդել, ապահովել նրա կայուն բնույթը:
Դրա համար, մեր պատկերացմամբ, անհրաժեշտ է.
Առաջին հերթին շարունակել համատեղ աշխատանքը ոչ միայն առկա խոչընդոտներն ի հայտ բերելու, այլև վերացնելու ուղղությամբ, ապահովել առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու համար անհրաժեշտ նախադրյալները: Պայմանագրային բազայի ընդլայնման ուղղությամբ աշխատանք տանելով՝ անհրաժեշտ է շեշտը դնել այն նորմատիվ ակտերի վրա, որոնց ընդունումից հետո մեր երկրների տնտեսվարող սուբյեկտները գործնականում կզգան դրանց ընդունման հիմնավորվածությունը:
Երկրորդ հերթին ակնկալում ենք, որ թվային օրակարգը պետք է նպաստի համագործակցության թափանցիկության առաջխաղացմանը, արտադրողականության բարձրացմանը, ծառայությունների որակի բարելավմանը: Կիսում ենք հարցի արդիականության մասին տեսակետը և կարծում ենք, որ այն պետք է լուծել՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները. ծրագրերի տնտեսական հիմնավորվածության գնահատականները, մեր երկրների տնտեսությունների համար դրանց նշանակությունը և ինտեգրացիոն բաղադրիչները, Միության անդամ պետություններում նմանատիպ ծրագրերի իրականացման դրական փորձը, համաձայնեցված չափանիշների հավաքագրումը, որի հիման վրա կարելի է գնահատել ծրագրերի համապատասխանությունը անդամ պետությունների և, ընդհանուր առմամբ, Միության շահերին:
Կարծում եմ, որ թվային որոշումների մշակումը կարելի է սկսել էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումից: Քանզի հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումը առանցքային է մի շարք թվային նախաձեռնությունների համար, այդ թվում՝ վերահսկողության և էլեկտրոնային առևտրի համար, առաջարկում եմ, որ պետությունների կառավարությունները Հանձնաժողովի հետ համատեղ հնարավորինս սեղմ ժամկետներում մշակեն այդ հարցը: Կարևոր է նաև, որ թվային օրակարգով հետագա գործողությունները բիզնեսը զերծ պահեն վարչական և նոր ֆինանսական անհամաչափ հնարավոր ծանրաբեռնվածության աճից:
ԵԱՏՄ ամրապնդման ևս մեկ քայլը, և դա արդեն երրորդն է, միջազգային մակարդակում համագործակցությունն է: Ելնում ենք նրանից, որ ինչպես Միության, այնպես էլ առանձին պետությունների մակարդակներում, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև համագործակցությունը, բնականաբար, մեր ստանձնած պարտավորությունների պահպանմամբ, կարող է իր կարևոր ներդրումն ունենալ փոխլրացնող և փոխշահավետ, առանց բաժանարար գծերի տարածքի ձևավորման գործում՝ ի շահ բոլոր պետությունների:
Գոհունակությամբ ենք նշում ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբունքային ավարտը: Դա հնարավոր դարձավ նաև Չինաստանի հետ մեր երկրների երկկողմ համագործակցության կուտակած փորձի շնորհիվ: Կարծում ենք, որ փոխգործակցության տվյալ ձևաչափը պետք է նպաստի ամբողջ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև հավասարապես ԵԱՏՄ համագործակցությունն այս կամ այն ուղղությամբ պետք է հարստացնի մեր պետությունների երկկողմ հարաբերությունները:
Կարծում ենք, որ միասնական եվրասիական առևտրատնտեսական տարածքի և տրանսպորտային միջանցքի ստեղծումը հնարավոր է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման միջոցով՝ միավորելով ԵԱՏՄ-ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ՝ Միության բոլոր երկրների ներգրավմամբ: Դա թույլ կտա նվազագույնի հասցնել ինտեգրացիայի համար առկա ենթակառուցվածքային բոլոր սահմանափակումները, և, որպես հետևանք, ձևավորել տրանսպորտային ուղիների փոխկապակցված ցանց:
Կցանկանայի նաև հաստատել Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը, և ես վստահ եմ, որ դա մեր ընդհանուր մոտեցումն է: Հայաստանի վարչապետի կողմից՝ երեկ Իրան կատարած այցի ընթացքում, այս հարցին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ: Ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են շարունակել և ավարտել բանակցությունները առաջիկայում:
Վերջում կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, և առաջիկայում փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան վավերացման: Հուսով ենք, որ հետագայում ևս մեր երկրներում բոլոր հարցերը լուծվելու են կառուցողական հունով՝ ի շահ մեր ժողովուրդների և ի բարգավաճում մեր երկրների:
Շնորհակալություն ուշադրության համար: