09
06, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ի երեկոյան հյուրընկալող երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Աստանա այցելած այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ «Համագումարների» կենտրոնում ներկա է գտնվել «Ապագայի էներգիա» խորագիրը կրող «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Մինչ այդ Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է ցուցահանդեսային համալիրում, որտեղ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո, այցելել է «Նուր-Ալեմ» կոչվող կենտրոնական տաղավար, որից միևնույն հեռավորության վրա տեղակայված են բոլոր ազգային տաղավարները:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում մասնակից երկրները ներկայացնում են էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները:

Երեկոյան տեղի կունենա նաև ցուցահանդեսի բացմանը նվիրված ընդունելություն:

 

***

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 10-ի առավոտյան այցելել է «Աստանա էքսպո 2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավար, որը գտնվում է «Մետաքսի ճանապարհ» կոչվող հավաքական տաղավարում:

Հայաստանին տրամադրված տարածքում ցուցադրված են ոչ միայն այլընտրանքային էներգետիկայի հայաստանյան առաջարկները, այլև զուգահեռաբար ներկայացված են Հայաստանի մշակույթի, պատմության, տնտեսության, զբոսաշրջության և ներդրումային հնարավորությունները։ 

«Աստանա էքսպո 2017» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակված տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ցուցահանդեսի ՀՀ ազգային օպերատոր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել են հայկական տաղավարում իրականացված աշխատանքները, ցուցադրված նյութերն ու առաջիկա երեք ամիսներին այստեղ նախատեսվող աշխատանքները: Աստանայի ցուցահանդեսի շրջանակներում մինչև սեպտեմբերի 10-ը նախատեսվում է կազմակերպել նաև մասնակից-երկրների ազգային օրեր: 

Ավարտելով աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

← Վերադառնալ