15
05, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Կատարի Պետություն

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Էմիրի դիվանում մինչ այդ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հանդիպման ժամանակ Նախագահը շնորհակալություն է հայտնել Էմիրին բարեկամ Կատարի Պետություն այցելելու հրավերի և իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար:

Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանը նշանակալի տեղ է զբաղեցնում, և արաբական աշխարհի հետ Հայաստանը ունի յուրահատուկ հարաբերություններ` հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության վրա, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է Կատարի Պետության հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ:

Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ Հայաստանի Նախագահի Կատար առաջին այցի արդյունքներն իրենց լուրջ ներդրումը կունենան հայ-կատարական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Նրանք խորհրդանշական են համարել, որ այցելությունը տեղի է ունենում Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում, որը, կողմերի համոզմամբ, պատեհ առիթ է հայ-կատարական հարաբերությունները վերաիմաստավորելու և դրանց նոր խթան հաղորդելու համար:

Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական շփումների, մասնավորապես՝ արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, որը հնարավորություն կտա տեսակետներ փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի խնդիրների, միմյանց համար զգայուն հարցերի և դիրքորոշումների վերաբերյալ:

Գոհունակությամբ արձանագրելով, որ տարեցտարի ավելանում են Ծոցի երկրներից, այդ թվում՝ Կատարից զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան, որում էական դերակատարում ունեն կատարական ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքները, զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև մուտքի արտոնագրի ազատականացման հնարավորությունը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով կատարական ավիաընկերության հետ փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարը:

Հանրապետության Նախագահը և Կատարի Էմիրը փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության խթանման տեսանկյունից կարևորել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը:

Հայկական կողմից քննարկման համար առաջարկվել են տարբեր ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրեր: Դիտարկվել է Հայաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործումը, հատկապես` Հայաստանի միջոցով մուտքը դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ:

Հանրապետության Նախագահի առաջարկով Կատարի Էմիրը հանձնարարել է Կատարի էկոնոմիկայի նախարարին, ով միաժամանակ Կատարի ներդրումային կազմակերպության նախագահի տեղակալն է, առանձին հանդիպում ունենալ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Կատարում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ և առավել հանգամանորեն քննարկել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ու հեռանկարը: Այցի շրջանակներում նման քննարկումներ իրականացնելու հանձնարարություն ՀՀ Նախագահից և Կատարի Էմիրից ստացել են նաև երկու երկրների ավիացիայի բնագավառի պատասխանատուները:

Երկկողմ հարաբերություններից բացի, զրուցակիցները քննարկել են բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը և Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում Կատարի Էմիրը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը` ընդգծելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով այլընտրանք չունի:

Հանդիպումից հետո ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից տրվել է պաշտոնական ճաշ:  

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ:

Զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում է վերապահել «Կատար Էյրվեյս» ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքներին. «Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա է մուտք գործել 2016թ. մայիսից` իրականացնելով Դոհա-Երևան-Դոհա երթուղով կանոնավոր օդային փոխադրումներ: 

Նախագահի համոզմամբ, տարեցտարի Ծոցի երկրներից, այդ թվում՝ Կատարից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացման գործում վճռորոշ դեր ունի ուղիղ ավիաչվերթերի առկայության հանգամանքը:

Նշելով, որ 2013 թվականից Հայաստանը որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականություն՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի կողմից վարվող այդ քաղաքականությունը նոր հնարավորություններ է ընձեռում թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան ավիաընկերություններին՝ ապահովելով բոլորի համար հավասար և ազատ մրցակցային պայմաններ: 

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի և կաջակցի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն բնագավառում կատարցի ներդրողներին:

«Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ Նորին Վսեմություն Կատարի Էմիրից արդեն ստացել է հանձնարարություն` իր գլխավորած ոլորտում Հայաստանի հետ զարգացնելու փոխգործակցությունը և վստահեցրել է, որ կանի ամեն ինչ այդ հանձնարարությունը իրականացնելու համար: Աքբար Ալ Բաքրը նշել է, որ ավիաընկերությունը տեսնում է համագործակցությունը զարգացնելու ներուժ և ձգտում է զարգացնել փոխշահավետ հարաբերություններ:

 

***

Կատարի Պետությունում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: 

Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նշելով, որ ուրախ է Կատարի Պետությունում նորակազմ, փոքրաթիվ, բայց ամրակուռ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորության համար, Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել, որ ապրելով և արարելով Կատարում, հայկական համայնքն իր ներդրումն է բերում այդ երկրի զարգացման գործին՝ փորձելով պահպանել հայկականությունն ու հայեցի ոգին: Այս գործում, Նախագահ Սարգսյանը կարևորել է «Մեսրոպյան» մեկօրյա վարժարանի դերակատարությունը: 

Նման պայմաններում, ըստ Նախագահի, նորովի է արժևորվում Ծոցի արաբական երկրներում հայկական համայնքների գոյությունն ու բարգավաճումը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-կատարական երկկողմ հարաբերություններում կա մեծ չիրացված ներուժ, և տեղի հայկական համայնքի աջակցությամբ պետք է ջանքեր գործադրել նոր բովանդակություն հաղորդելու այդ հարաբերություններին: 

Իր ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումները և կարգավորման գործընթացում ներկայումս առկա մտահոգությունները: «Այսօր էլ ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ գնահատելով խաղաղության արժեքը, մենք երբեք չենք երկնչի միասնական բռունցք դառնալու և տեր կանգնելու արցախահայության արդարացի պահանջին, ինչպես դա արել ենք քառորդ դար առաջ, ինչպես դա արեցինք անցյալ տարվա ապրիլին»,-ընդգծել է Նախագահը: 

Սերժ Սարգսյանը խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Վստահ եմ՝ բոլորդ հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ոգևորվելով մեր յուրաքանչյուր ձեռքբերումով և տխրելով մեր ձախողումների համար: Եվ այսօր կարծում եմ՝ բոլորդ հպարտ եք, որ տևական ժամանակ մեր երկրում իրականացվող բարեփոխումները տվեցին իրենց սպասված արդյունքը: Խոսքս, իհարկե, վերջին խորհրդարանական ընտրությունների մասին է, որ արժանացան բոլոր միջազգային կառույցների դրական գնահատականին: Բայց սա ամենևին էլ վերջակետ չէ: Ինչպես ես բազմիցս հայտարարել եմ, սա մի նոր սկիզբ է, որ ավելի պարտավորեցնող է: Մենք նոր եռանդով ենք լծվելու մեր երկրում բարեփոխումների իրականացմանը՝ այս գործընթացում ապավինելով նաև ձեր ներուժին, ձեր իմացությանը, ձեր տաղանդին: Չէ՞ որ մեր նպատակը նույնն է՝ հզոր և կայուն Հայաստան ունենալը: Ինչպես պատմության բոլոր փուլերում, այսօր էլ հայ ժողովրդի հարատևման ու զարգացման կարևորագույն երաշխիքը մեր միասնականությունն է: 

Ուրեմն, եկե՛ք մեր բոլոր ջանքերը, ուժն ու եռանդը, կարողություններն ու տաղանդը ներդնենք զարգացնելու և հզորացնելու Հայոց պետությունը՝ ոչ միայն հայ մնալով ու գալիք սերունդներին հայ դաստիարակելով, ոչ միայն ազգանվեր ու հայանպաստ գործունեություն ծավալելով, այլև տնտեսական ծրագրեր նախաձեռնելով և իրականացնելով՝ նույնիսկ առօրեական ծրագրեր, նույնիսկ փոքրիկ ծրագրեր: 

Եկե՛ք միասին հարթենք հայ ժողովրդի հավերժության ուղին»,-Կատարի հայկական համայնքի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ