14
03, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Այցի շրջանակներում Նախագահը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:  

 

***

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Նախագահը բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ ինստիտուտի նախասրահում դիտել է Լազարյաններից ժառանգություն մնացած արժեքավոր մի շարք հրատարակությունների ցուցադրությունը, որը պահվում է բուհի գրադարանում և այսօր ցուցադրության է ներկայացվել ՀՀ Նախագահի այցի կապակցությամբ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ, որից հետո կայացել է ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Ռեկտոր Տորկունովը ողջունել է ՀՀ Նախագահին Ռուսաստանի հեղինակավոր բուհերից մեկում՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, լսարանին հակիրճ ներկայացրել Նախագահ Սարգսյանին, որից հետո հրապարակել է բուհի գիտխորհրդի որոշումը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին «ՄՄՀՊԻ Պատվավոր դոկտորի» կոչում շնորհելու մասին: Ռեկտոր Տորկունովը Նախագահին հանձնել է «Պատվավոր դոկտորի» վկայականը և շնորհավորել այդ կապակցությամբ: Կոչումը շնորհելու արարողությունից հետո Հանրապետության Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո` անցած շուրջ երեք տարիներին առևտրատնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարին, սահմանադրական բարեփոխումների արդյունքում կառավարման նոր` խորհրդարանական համակարգի անցնելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության վրա այդ փոփոխության հնարավոր ազդեցությանը, ՀՀ ԶՈՒ մարտունակության աստիճանին և ԼՂ հիմնախդրի կարգավորման ուղղությամբ ներկայումս գործադրվող ջանքերին ու մի շարք այլ թեմաների:

Ուսանողներից մեկը հետաքրքրվել է նաև ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանից, թե նրա կարծիքով դեպի ուր է շարժվում համաշխարհային շախմատը:
Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հաջողություն մաղթել բուհին:


•••
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում


Հարգելի՛ Անատոլի Վասիլիի,

Հարգելի՛ գիտխորհրդի անդամներ,

Հարգելի՛ պրոֆեսորներ, դասախոսներ,

Հարգելի՛ ուսանողներ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու բարձր պատվի համար:

Մեծ հետաքրքրությամբ ընդունեցի Ձեր համալսարան այցելելու հրավերը, որը, հիրավի, դասվում է միջազգայնագետների պատրաստման՝ աշխարհի լավագույն կենտրոնների շարքին:

Անցած տասնամյակների ընթացքում ՄՄՀՊԻ-ն տվել է հայտնի դիվանագետների, քաղաքագետների, պետական գործիչների, գիտնականների, գործարարների, լրագրողների մի մեծ աստղաբույլ:
Գոհունակությամբ պետք է նշեմ ՄՄՀՊԻ-ի կարևոր ներդրումը նաև Հայաստանի Հանրապետության համար կադրերի պատրաստման գործում, որոնք այս պատկառելի հաստատությունում ձեռք բերած գիտելիքները կիրառել և կիրառում են միջազգային հարաբերությունների ոլորտում, այդ թվում նաև մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման համար:

Ջերմությամբ եմ հիշում Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանից սկիզբ առնող ՄՄՀՊԻ-ի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովը Երևանում:

Հարգելի՛ ուսանողներ,

Շուտով դուք ներգրավվելու եք արտաքին քաղաքական, միջազգային, տնտեսական և այլ բնագավառներում տարաբնույթ խնդիրների լուծման գործընթացներում: Ձեր վաղվա հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու նրանով, թե որքան հստակ եք պատկերացնում աշխարհում տեղի ունեցող գործընթացները, այս կամ այն երկրի քաղաքականությունը, տնտեսությունն ու անցած պատմական ուղին:

Ինչպես գիտեք, նախորդ տարի մենք տոնեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Մենք անցել ենք դժվարին, բայց արժանապատիվ ուղի: Մեկնարկել ենք ծանր պայմաններում: Թերևս, Խորհրդային Միության նախկին հանրապետություններից ոչ մեկը չուներ նման անբարենպաստ մեկնարկային դիրք: Չնայած նրան, որ անհրաժեշտ էր հաղթահարել 1988 թվականի երկրաշարժի, պարտադրված պատերազմի և դրան հաջորդած փախստականների մեծ ներհոսքի հետևանքները, շրջափակումը, արտաքին աշխարհի հետ խարխլված տնտեսական կապերը, էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներ, Հայաստանը ձեռնարկեց համարձակ քայլեր իր անկախ պետականության վերականգման ուղղությամբ: Եվ այսօր համապետական բարեփոխումների նոր փուլ թևակոխած մեր երկրի համար պատասխանատվությունն աստիճանաբար ստանձնում է անկախության սերունդը:

Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո ապրիլի 2-ին առաջին անգամ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Այսօր իրականացվող բարեփոխումները մեկ տարի անց կհանգեցնեն լիարժեք խորհրդարանական համակարգի, քաղաքական ընդդիմության առավել ակտիվ և սահմանադրորեն պաշտպանված դերակատարման, առավել թափանցիկ և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորմանը:
Նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է, և միջազգային կազմակերպությունների առաջին արձագանքները խոսում են այն մասին, որ ընտրական գործընթացների անցկացման համար մեզ հաջողվել է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հաշվի առնելով լսարանի ակնհայտ հետաքրքրությունները` կցանկանայի կենտրոնանալ արտաքին քաղաքական որոշ հարցերի վրա:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային փոխգործակցության հետևողական խորացումն ու ընդլայնումը:

Վերջին տարիներին մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններն իրենց ինտենսիվությամբ և հագեցվածությամբ հասել են ամենաբարձր մակարդակի: Եվ ամենակարևորը՝ դրանք հիմնված են փոխադարձ վստահության և մեր գործընկերության ամրության ու հեռանկարայնության երկուստեք առկա համոզմունքի վրա: Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագրի 20-ամյակը:

Բազում հարյուրամյակներ շարունակ Հայաստանին և Ռուսաստանին կապում է մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը: Մենք ուս ուսի հաղթահարել ենք ժամանակի և պատմության բոլոր փորձությունները, ինչն էլ իր հերթին կանխորոշել է մեր միջպետական հարաբերությունների զարգացումը ռազմավարական դաշնակցության ոգով:

Հայ-ռուսական աննախադեպ համագործակցությունն այսօր բնութագրվում է բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ: Դրա վկայությունն է ռազմական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար բնագավառներում սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև ակտիվ միջխորհրդարանական և միջտարածաշրջանային համագործակցությունը:

Հայաստանն ու Ռուսաստանը զարգացնում են բազմակողմ արդյունավետ համագործակցություն ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում:

ՀԱՊԿ-ի շրջանակում դեռևս 2000 թվականին ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ արձանագրված է. «Պայմանագրի անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ»: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչև ռազմական համագործակցություն:

Շարունակելով այս թեման` չեմ կարող չնշել, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում Կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից:
Նախորդ տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մշակման ընթացքում մենք առաջնորդվում էինք դաշնակցային փոխգործակցության և շարունակականության սկզբունքներով Կազմակերպության հետագա զարգացման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության արդի մարտահրավերները:

Հենց այս մտայնությամբ մենք մեզ համար սահմանեցինք հավակնոտ նպատակ` ավարտին հասցնել մինչև 2025 թվականը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները, և դա մեզ հաջողվեց: Անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում ընդունված ՀԱՊԿ ռազմավարությունում ամրագրվեցին Կազմակերպության զարգացման հետագա ուղենիշները համագործակցության բոլոր հիմնական ուղղություններով: Կարևոր է նաև այն, որ Կազմակերպության երևանյան գագաթնաժողովում պետությունների ղեկավարների կողմից ընդունվեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման անթույլատրելիության վերաբերյալ:

Սիրելի՛ բարեկամներ,

Անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական:

Մինչև 2016 թվականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչություն և հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները:
2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության:

Ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին հստակ ամրագրվել է 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը: Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ: Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպես և անցյալում, խուսափում է այդ պայմանավորվածությունների կատարումից:

Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և նոր լարվածություն թույլ չտալու նպատակով: Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի:

Պատերազմը խնդրի լուծման միջոց չէ՛: Բանակցություններին այլընտրանք չկա:

Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:


Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Բնականաբար, չեմ կարող չանդրադառնալ միջազգային հարաբերությունների այսօրվա օրակարգի ամենաարդիական թեմային՝ Մերձավոր Արևելքի իրադրությանը: Հայաստանը բազմիցս քննադատել է ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված հանցագործությունները: Նրանց գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող ժողովուրդների անվտանգության համար: Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն ունի երկրի քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք ինքնության հողի վրա կատարված հանցագործությունների պատճառով բախվում են գոյության սպառնալիքների: Բռնությունը չի շրջանցել նաև սիրիահայերին, որոնց շրջանում կան շատ զոհեր: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային հաստատությունները հողին են հավասարեցվել: Հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունից հետո, հայ փախստականները ապաստան գտան շատ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին կրկին ստիպված են լքել իրենց տները:

Միայն Սիրիայից ավելի քան քսան հազար մարդ ապաստան է գտել Հայաստանում: Մենք լավ գիտակցում ենք, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների: Հայաստանի կառավարությունը զգալի միջոցներ է ձեռնարկել փախստականներին օգնություն և ինտեգրման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու համար: Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ապահովել ավելի ընդարձակ միջազգային համագործակցություն մարդկանց զանգվածային տեղաշարժերի և միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրների լիարժեք լուծման համար:

Ցանկանում եմ ընդգծել զանգվածային տեղաշարժերի հիմնական պատճառների վերացման կարևորությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխման, հակամարտությունների խաղաղ կարգավորման և երկարաժամկետ քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերման ճանապարհով:

Նախորդ տարվա աշնանը և այս տարվա փետրվարին ռուսական ինքնաթիռներով Սիրիա առաքվեց Հայաստանի տրամադրած մարդասիրական օգնությունը: Մենք երախտապարտ ենք ռուսական կողմին՝ տեղափոխման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայտնի է, որ կայուն զարգացումն անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է:

Վերջին տարիների գործընթացները վկայում են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում Հայաստանին հաջողվեց ձևավորել ճկուն տնտեսական համակարգ: Որպես օրինակ բերեմ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը, որը վերջին տարիներին դարձել է մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Մեր ՀՆԱ կառուցվածքում այդ ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4 տոկոս, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ:

Մեր կառավարությունը հանդես է եկել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել կառավարման որակը, երկրի ներդրումային գրավչությունը, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:

Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է օտարերկրյա ներդրումների ներգրավման հետևողական քաղաքականությունը: Հայաստանի ներդրումային համեմատական առավելություններից մեկն այն է, որ մեր երկիրն ունի արտոնյալ առևտրային ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում Հայաստանն օգտվում է արտոնյալ առևտրային ռեժիմներից, այսպես կոչված՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգերից (GSP), իսկ ԵՄ երկրների հետ՝ Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից (GSP+):

Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում զբոսաշրջության զարգացմանը: Փետրվարի 23-ից սկսած՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով: Համոզված եմ, որ դա ամենադրական ազդեցությունը կունենա Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքերի աճի վրա: Բայց այդ պայմանավորվածությունն ինքնին ունի ավելի կարևոր նշանակություն՝ արտահայտելով մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը:

Հայաստանի տնտեսական զարգացումը մենք տեսնում ենք տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ակտիվ ներգրավվածության միջոցով: Այս համատեքստում առանձնակի կարևոր տեղ է հատկացվում ԵԱՏՄ-ին: Չնայած բոլոր տնտեսական դժվարություններին` դրական ձեռքբերումներն ակնհայտ են: Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ամուր հենքի շնորհիվ հաջողվել է զգալիորեն մեղմել գլոբալ արտաքին տնտեսական զարգացումների բացասական հետևանքները, որոնք անդամ երկրների համար առավել զգալի կլինեին ԵԱՏՄ ներքին շուկայի բացակայության պարագայում: Մեր անդամակցությունը Միությանը հնարավորություն տվեց մուտք գործել մեծ՝ գրեթե 180-միլիոնանոց շուկա, իսկ դա մեծածավալ շուկա է Հայաստանի համար, որը մենք հաջողությամբ յուրացնում ենք:

Ուրախացնում է այն փաստը, որ աշխարհում աճում է հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ: Ինտենսիվորեն քննարկվում են Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցեր: Դա, անկասկած, նպաստում է միջազգային ասպարեզում ԵԱՏՄ-ի հնարավորությունների ընդլայմանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Բառացիորեն երկու շաբաթ առաջ Հայաստանը և ԵՄ-ն ավարտեցին նոր շրջանակային փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները, որի դրույթները արտացոլում են մեր հարաբերությունների ծավալն ու մակարդակը: Դրանք թույլ են տալիս ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն միավորումներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

Հայաստանը զարգացնում է ակտիվ գործընկերային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ՝ տարբեր մակարդակներով: Վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները ասիական-խաղաղօվկիանոսյան և լատինաամերիկյան տարածաշրջանների հետ: Զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, ինչը թույլ կտա զանազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության այլ երկրների լոգիստիկ հնարավորությունները:

Գտնվելով տարբեր տարածաշրջանների և շահերի կիզակետում՝ մեր արտաքին քաղաքականությունը, հիմնվելով հազարամյա պատմության վրա, բխում է այն համոզմունքից, որ կարելի է և պետք է ազգային շահերը համադրել առանցքային գործընկերների շահերի հետ՝ խաղաղության, կայունության և տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով: Մենք համոզված ենք, որ այս մոտեցումը ըմբռնելի և ընդունելի է մեր գործընկերների համար:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ամփոփելով խոսքս՝ Միջազգային հարաբերությունների ինստիտուտին մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, իսկ ուսանողներին՝ ապագա միջազգայնագետներին, հաջողություններ ուսման մեջ:
Ֆեոդոր Դոստոևսկին ասում էր. «Սովորեք և կարդացեք: Կյանքը կանի մնացածը»:

Հարգելի՛ Անատոլի Վասիլիի,

Շնորհակալություն ջերմ խոսքերի և ընդունելության համար:

Մաղթում եմ բոլորիդ նորանոր հաջողություններ:

 

***

Ռուսաստանի Դաշնությունում Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ հանդիպմամբ, որին ներկա է եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծելով, որ իր արտերկրյա այցերի օրակարգում առանձնակի նշանակություն է տալիս սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումներին, քանի որ նրանք այլ երկրների հետ Հայաստանի համագործակցության ամուր հիմքն են` Նախագահը ասվածն առավել քան տեղին է համարել Ռուսաստանի դեպքում, որտեղ հայկական համայնքը աշխարհում ամենաազդեցիկներից է: 

Սերժ Սարգսյանը նշել է, թե հպարտ է, որ մոսկվայաբնակ հայազգի բժիշկները հավատարիմ են իրենց կոչմանն ու շարունակում են մեծ ներդրում ունենալ առողջապահության զարգացման գործում և անկախ գտնվելու վայրից՝ դժվարին պահին միշտ պատրաստ են համախմբվել ի նպաստ Հայրենիքի: Նախագահը այդ համատեքստում հիշել է, թե ինչպես անցած տարի ապրիլին` Հայաստանի և Արցախի համար դժվարին պահին, մոսկվայաբնակ հայ բժիշկները օգնության եկան, կանգնեցին երիտասարդ զինվորների կողքին` ցուցաբերելով բժշկական օգնություն և այդպիսով նաև անհրաժեշտ բարոյական աջակցություն: 

Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է նաև առողջապահության ոլորտում ձևավորված և հաջողությամբ զարգացող հայ-ռուսական փոխգործակցությանը: Ծավալված զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկներն են ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների, այդ թվում՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության խորացման վերաբերյալ, ինչպես նաև Նախագահի առաջարկով տեսակետներ են հայտնել Հայաստանում ընթացող գործընթացների մասին:

ՀՀ դեսպանությունում Հանրապետության Նախագահը երեկոյան հանդիպում է ունեցել ռուսաստանյան պետական, քաղաքական գործիչ Սերգեյ Ստեպաշինի հետ: Նախագահը Սերգեյ Ստեպաշինին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնային համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:


***

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 15-ի առավոտյան այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան: «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարում մոմավառությունից հետո, Հանրապետության Նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Անհայտ զինվորի հուշարձան, ծաղկեպսակ դրել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Կեսօրին Նախագահ Սարգսյանը կմեկնի Կրեմլի Մեծ պալատ, որտեղ հանդիպում կունենա գործընկերոջ` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Նեղ կազմով հանդիպման սկզբում ՌԴ Նախագահը, ողջունելով գործընկերոջը, ասել է, որ ապրիլի 3-ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ: «Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում:

Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խորը արմատների հիման վրա: Դրանք նույնկերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում:

Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»,-նշել է Նախագահ Պուտինը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ՌԴ պաշտոնական այցի հրավերի համար և նշել, որ երկու երկրների փոխգործակցությունն անընդհատ համալրվում է՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, և բարձրագույն մակարդակով մշտական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով կատարված աշխատանքը, և բնականաբար, նախանշել համագործակցության գլխավոր ուղղությունները մոտ ապագայի և հեռանկարի համար: «Իսկապես, այս տարին հոբելյանական է՝ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, և մեզ հաջողվել է ձևավորել իսկապես դաշնակցային հարաբերություններ:

Նման բնույթի հարաբերությունները միշտ թելադրում են մեր օրակարգը:

Վլադիմիր Վլադիմիրի, վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը ևս կլինի բովանդակալից և կանցնի լիարժեք փոխվստահության մթնոլորտում:

Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նեղ կազմով հանդիպումից հետո, կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Ի պատիվ պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

 

***

Կրեմլում այսօր կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:

 

***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո

 

 

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Վլադիմիր Վլադիմիրին մանրամասն ներկայացրեց մեր հանդիպման արդյունքները: Իմ կողմից ցանկանում եմ անդրադառնալ հետևյալ հարցերին.

Մենք իսկապես անցկացրեցինք կառուցողական և բավականին հագեցած բանակցություններ: Ինչպես միշտ, դրանք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը հատուկ է մեր գործընկերության դաշնակցային ոգուն: Յուրաքանչյուր հանդիպում լավ հնարավորություն է՝ վերլուծելու և քննարկելու ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ նախագծերի իրականացման ընթացքը, նախանշելու մեր պետությունների փոխգործակցության նոր ուղղությունները:

Այս տարին մեր հարաբերությունների համար հոբելյանական է. մենք նշում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այսօր մենք անցկացրինք մեր պետությունների անցած քառորդդարյա ճանապարհի բավականին հանգամանալից դիտարկում:

Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցությունը ձեռք է բերել նոր դինամիկա, ավելի խոր բովանդակություն: Մենք Վլադիմիր Վլադիմիրիի հետ արձանագրեցինք, որ ռազմավարական փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակականությունը բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից: Երկկողմ հարցերի ընդհանուր համալիրի քննարկման արդյունքներով մեր կողմից հաստատվեց պատրաստակամություն` առաջիկայում ևս ջանքեր ներդնել և խորացնել համագործակցությունն անվտանգության, արտաքին քաղաքականության, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ոգուն և սկզբունքներին համապատասխան:

Այս համատեքստում կուզեի ընդգծել մեր պետությունների զինված ուժերի միացյալ զորախմբի մասին միջպետական համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարևորությունը: Անկասկած, այս փաստաթղթերը կնպաստեն Հարավային Կովկասում անվտանգության հետագա ամրապնդմանը:

Մենք անդրադարձել ենք առևտրատնտեսական հարաբերությունների ողջ շրջանակին: Հատուկ ուշադրություն ենք դարձրել փոխգործակցությանն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ առևտուրը, ներդրումները, էներգետիկան և տրանսպորտը: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: 2016 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը, մեր հաշվարկներով, աճել է 15 տոկոսով: Ավելին, ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է ցուցանիշների զգալի աճ: Դա վկայում է լուրջ ներուժի մասին, որը պետք է կիրառել, այդ թվում՝ նաև ԵԱՏՄ մեխանիզմների միջոցով՝ ի շահ մեր գործարարների և քաղաքացիների:

Որպես կազմակերպության ակտիվ անդամ՝ Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմամբ, դրա բոլոր կառույցների և մեխանիզմների՝ առանց արհեստական խոչընդոտների լիակատար գործառնությամբ, ինչպես նաև դրա միջազգային հեղինակության բարձրացմամբ:

Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսական ներդրումների մաքուր պաշարը գերազանցում են 4.5 միլիարդ դոլարը: Ռուսական բիզնեսը ներկայացված է հայկական տնտեսության բոլոր ճյուղերում. դա ավելի քան 1400 ձեռնարկություն է և հաշվի առնելով անհատ ձեռներեցներին՝ ավելի քան 2000:

Ատոմային էներգետիկան, գիտությունը և նորարարական տեխնոլոգիաները փոխգործակցության այն ոլորտներն են, որոնք, անկասկած, հարստացնում են ավանդական երկկողմ համագործակցության ներկապնակը:

Մենք պատրաստ ենք պատշաճ ուշադրություն դարձնել տրանսպորտային-լոգիստիկ ծառայությունների ոլորտում որոշ նախագծերի զարգացմանը: Հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, աշխարհագրական դիրքը և անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանով Իրան և Պարսից ծոց տարանցիկ ճանապարհի ապահովման գործում:

Մեր փոխգործակցության կարևորագույն ուղղություններից մեկը միջտարածաշրջանային համագործակցությունն է: Մենք հստակ տրամադրված ենք խթանելու և աջակցելու մեր երկրների շրջաններին՝ ուղիղ առևտրատնտեսական և հումանիտար կապերը զարգացնելու իրենց ցանկության մեջ:

Մենք քննարկեցինք արտաքին քաղաքական համակարգման հարցերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև այլ միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերը: Անդրադարձանք Եվրասիական տնտեսական միության գործուներության որոշ ասպեկտներին, այդ թվում՝ երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ կապերի զարգացման հեռանկարներին: Նշել ենք ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքի, Կազմակերպության հիմնարար փաստաթղթերի նորմերի և սկզբունքների ու մեր կողմից ստանձնած պարտավորությունների պահպանման անհրաժեշտությունը:

Քննարկեցինք նաև առանցքային միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ հակազդեցություն ահաբեկչությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին սիրիական ժողովրդին Հայաստանի կողմից հումանիտար օգնության փոխադրման գործում աջակցության համար:

Մանրամասն քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԼՂ խնդրի կարգավորմանը, բանակցային գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների ներդրումը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կրկին ընդգծվել է 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանման և կատարման կարևորությունը: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Մենք համակարծիք ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անթույլատրելի են և վնասում են խաղաղ գործընթացին:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք համատեղ ջանքեր կգործադրենք, որպեսզի առաջիկայում ևս զարգացնենք դաշնակցային գործընկերությունը՝ ի նպաստ մեր երկրների առաջընթացի, հօգուտ մեր ժողովուրդների բարեկամության:

Համոզված եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն բարեկամության և փոխաջակցության ոգով մեր երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը՝ փոխգործակցության ողջ շրջանակով:

Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Նախագահին. շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն ռուսաստանցի բարեկամներին հյուրընկալության, արդյունավետ և կառուցողական բանակցությունների համար:

Եվ առանձնահատուկ շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրիին մեծանուն նկարիչ Մ. Ա. Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը դեռևս 1995 թվականին հափշտակվել էր Հայաստանից: Ռուսաստանի համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այս կտավը գտնվել է, և այսօր Վլադիմիր Վլադիմիրին հայտնեց Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին: Շատ շնորհակալ եմ:

 

***
Նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո

Հարգելի՛ Սերժ Ազատի,

Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ,

Հայաստանի Նախագահի հետ բանակցությունները, ըստ ավանդույթի, անցան գործնական և կառուցողական մթնոլորտում: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության առանցքային հարցեր, մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ:

Նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրեցինք բանակցություններ, որոնց ընթացքում հանգամանորեն քննարկեցինք հայ-ռուսական բազմակողմ փոխգործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները:

Ցանկանում եմ նշել, որ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի քաղաքական կյանքում կարևոր մի շրջանում՝ ավարտին են հասնում խորհրդարանական հանրապետության ստեղծմանն ուղղված սահմանադրական բարեփոխումները, առաջիկայում նախատեսվում են Ազգային ժողովի ընտրություններ: Գիտեմ, որ Հայաստանի իշխանությունները և Դուք, Սերժ Ազատի, անձամբ մեծ ջանքեր եք ներդնում, որպեսզի նախընտրական քարոզարշավը, քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումն անցնեն ազատ և ժողովրդավարական հիմքի վրա: Ցանկանում եմ այդ գործում մաղթել Ձեզ հաջողություններ:

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով:

Մեր երկրների հարաբերությունները կրում են իսկապես բարեկամական և դաշնակցային բնույթ: Շուտով՝ ապրիլի 3-ին, նշելու ենք կարևոր հոբելյան՝ դիվանագիտական կապերի հաստատման 25- ամյակը: Ռուսաստանը և Հայաստանը անկեղծորեն ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը և բազմակողմ ռազմավարական գործընկերությունը:

Առկա է ինտենսիվ քաղաքական երկխոսություն՝ ակտիվ փոխգործակցում են կառավարությունները, հաճախակի կապեր են հաստատվում արտաքին քաղաքական գերատեսչությունների,անվտանգության խորհուրդների միջև, գործուն հիմքերի վրա է դրված ճյուղային նախարարությունների համատեղ խորացված աշխատանքը, ընդլայնվում են միջխորհրդարանական շփումները:

Նշեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Անցած տարվա արդյունքներով երկկողմ ապրանքաշրջանառությունը աճել է վեց տոկոսով: Համարում ենք նման արդյունքը մեծ առաջընթաց, որը ձեռք է բերվել անկայուն գլոբալ իրավիճակում: Առևտրի հետագա ընդլայնման և բազմազանեցման նպատակով այժմ մշակվում է ազգային արժույթներով փոխվճարումների հնարավորությունը:

Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում գերազանցել են երեք միլիարդ դոլարը: Հանրապետությունում գործում են շուրջ երկու հազար ռուսական կապիտալով ընկերություններ: Ակտիվ զարգանում է համագործակցությունը էներգետիկայի ոլորտում :


Ռուսաստանը հանդիսանում է Հայաստան բնական գազի ամենախոշոր մատակարարը՝ Հայաստանում սպառվող գազի 100 տոկոսը ռուսական է: «Գազպրոմ»-ի աջակցությամբ վերակառուցվել է Հրազդանի ջերմաէլեկտրակայանի հինգերորդ էներգաբլոկը, հզորությունը հասցված է չորս հարյուր ութսուն մեգավատի: «Ռոսատոմը» իրականացնում է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներ:

Հաջողությամբ ընթանում է համագործակցությունը լեռնահանքային արդյունաբերության ոլորտում: Ռուսական «Պոլիմետալ» ընկերությունը զբաղվում է Հայաստանում ոսկու հանքավայրերի ուսումնասիրությամբ: «Ռուսալ»-ը 120 միլիոն դոլարի ներդրում է կատարել ալյումինե արտադրանքի համատեղ ձեռնարկությունում: Ռուսաստանն աջակցում է Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը: «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը իրականացնում է երկաթուղային ցանցի տեխնոլոգիական վերազինման լայնամասշտաբ ծրագիր. ներդրումները կազմում են հինգ հարյուր միլիոն դոլար:

Հաստատված են ամուր գործընկերային կապեր Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավելի քան յոթանասուն շրջանների միջև: Անցած տարվա հոկտեմբերին Երևանում անցկացվեց հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովը: Հույս ունենք, որ երկկողմ փոխանակումների հետագա ամրապնդմանը կնպաստի 2016-2021 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացումը, որը ստորագրվել է ս.թ. հունվարի 24-ին: Մեր երկրների համար հատուկ նշանակություն ունեն մարդկանց միջև սերտ շփումները՝ մշակութային, գիտական, կրթական կապերը: Ռուսական բուհերում ուսուցանվում են շուրջ հինգ հազար հինգ հարյուր Հայաստանի քաղաքացի այդ թվում՝ ավելի քան հազար հինգ հարյուրը՝ ռուսական դաշնային բյուջեի հաշվին: Անցած տարի կրթական-հումանիտար համագործակցության ծրագրի շրջանակներում հաջողությամբ անցկացվեցին համապատասխանաբար Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի օրերը:

Միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում արձանագրվել է Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնումը:
Մեր երկրները ձգտում են համակարգել գործողությունները ՄԱԿ-ի շրջանակներում: Մենք հաջող համագործակցում ենք Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղությամբ, զարգացնում ենք կառուցողական փոխգործակցություն ՀԱՊԿ-ում, երախտապարտ ենք հայ բարեկամներին այս կարևոր ուղղությամբ համագործակցության, Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար. 2016 թվականի հոկտեմբերին և այս տարվա փետրվարին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով Հայաստանից Սիրիայի Հանրապետություն է տեղափոխվել հումանիտար բեռ:

Առանձնակի ուշադրություն ենք հատկացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին: Ռուսաստանը շարունակում է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել հակամարտության փոխադարձ ընդունելի լուծումների որոնման ուղղությամբ՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ անմիջական շփումների ընթացքում:

Ամփոփելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին և անձամբ Սերժ Ազատի Սարգսյանին այսօր տեղի ունեցած բովանդակալից և արգասաբեր երկխոսության համար:

Համոզված եմ, որ ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

***

Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ Նախագահը և ՌԴ վարչապետն անդրադարձել են ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև բոլոր ուղղություններով առկա փոխգործակցության ընթացքին, ամփոփել մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքներն ու քննարկել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հայ-ռուսական երկկողմ հարաբերություններից բացի, Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցերին: Հանրապետության Նախագահը և ՌԴ վարչապետը մտքեր են փոխանակել այլ պետությունների հետ ԵԱՏՄ համագործակցության զարգացման հեռանկարի և այդ ուղղությամբ ՀՀ և ՌԴ կողմից իրականացվող քայլերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցերը ևս եղել են Նախագահ Սարգսյանի և վարչապետ Մեդվեդևի քննարկման առանցքային թեմաների շարքում:

← Վերադառնալ