26
02, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Հանրապետության Նախագահը Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստանում իրականացվող համընդգրկուն բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցման, ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությանը:

Սերժ Սարգսյանը և Ժոզեֆ Դոլը քննարկել են նաև միջազգային հարթակներում ԵԺԿ գործընկերների հետ Հայաստանի փոխգործակցությանը, ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի ամրապնդման վերաբերյալ:

Նշելով, որ Բելգիա իր աշխատանքային այցի ընթացքում Եվրամիության ղեկավարության հետ նախատեսված են հագեցած և բովանդակալից օրակարգով հանդիպումներ ու քննարկումներ, Հանրապետության Նախագահը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման գործում մեծ դեր է վերապահել ԵԺԿ-ին՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի: Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է ԵԺԿ-ի հետ ՀՀԿ-ի համագործակցության շարունակական խորացումը և երախտագիտություն հայտնել Հայաստանին և ՀՀԿ-ին մշտապես սատարելու պատրաստակամության ու գործնական աջակցության համար:

Այդ համատեքստում կարևորվել են նաև ԵԺԿ-ի հետ համագործակցությունը տարբեր միջխորհրդարանական հարթակներում՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատությունների երաշխավորմանը, ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը, սոցիալական, հումանիտար, մշակութային համագործակցությանը:

Հանրապետության Նախագահը և ԵԺԿ նախագահը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները, իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման, սադրիչ գործողությունների և իրավիճակի լարման մասին տեղեկություններ:

Նշելով, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում և, ի տարբերություն Ադրբեջանի, բնավ չի ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանը ևս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ։ Հանրապետության Նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը ջանքեր չի խնայելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը, Նախագահի համոզմամբ, նաև միջազգային հանրության հավաքական ընկալումն է:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահին ս.թ. մարտի վերջին Մալթայում կայանալիք ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու հրավերի համար:

***

 Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Բանակցությունները շարունակվել են ԵԽ նախագահի անունից ի պատիվ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահի տրված աշխատանքային ճաշի շուրջ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ, մեր շատ լավ բարեկամ պարոն Տուսկին՝ Բրյուսել այցելելու հրավերի և մեր հանգամանալից և անկեղծ զրույցի համար։ Մենք պարոն Տուսկի հետ բազմաթիվ անգամ ենք հանդիպել՝ հանդիպել ենք ինչպես նրա նախկին պաշտոններում, այնպես էլ ներկա պաշտոնում և ես, իհարկե, ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները: Գնահատում եմ անկեղծությունը: Շատ շնորհակալ եմ:

Ինչպես պարոն նախագահը նշեց՝ այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Եվ այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերը ավարտել են բանակցությունները։ Նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը: 

Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել ոլորտային համագործակցության առումով՝ ստորագրելով Փոքր և միջին ձեռնարկությունների և նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաև Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին և «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները: Ընդհանուր առմամբ նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Իհարկե, պարոն Տուսկի հետ քննարկեցինք նաև Հայաստան–Եվրոպական միություն օրակարգի այլ հարցեր, անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ Ակնկալում ենք, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչն ամրագրված էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում, և մեծապես կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը: 

Ինչպես գիտեք, մեր համագործակցության առանցքը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են: ԵՄ-ն Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում մշտապես եղել է մեր կողքին և տրամադրել էական ֆինանսական, տեխնիկական ու բարոյական աջակցություն, որի արդյունքը տեսանելի է ամենատարբեր բնագավառներում. բարեփոխվել են հանրային կառավարման, արդարադատության, գյուղատնտեսության, վիճակագրության, պետական գնումների ոլորտները, աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար կատարելագործվել է միջին մասնագիտական կրթության ոլորտը, և բարելավվել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը։ Մենք վճռական ենք առաջ մղելու այս փոխգործակցությունը վերոհիշյալ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նոր ձեռքբերումներ գրանցելու համար։ Շատ շնորհակալ եմ այս աջակցության համար:

Հայաստանում մեկ ամսից կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն են 2015 թվականին երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներից հետո։
Պետական կառավարման համակարգի փոփոխության մեր տեսլականը մեկն է՝ վստահորեն առաջընթաց քայլ կատարել ժողովրդավարության հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ: Այս ընտրությունները նախապատրաստելու համար լրջագույն փոփոխությունների է ենթարկվել նաև ընտրական համակարգը․ բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրք, որն ամրապնդել է բաց, թափանցիկ, ավելի արդար ընտրությունների անցկացման հիմքը: Մեր նպատակն է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք էականորեն կբարձրացնեն մեր հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Այդ նպատակով մենք հրավիրել և ողջունել ենք այս ընտրություններին հնարավորինս մեծաթիվ ու ներկայացուցչական միջազգային դիտորդական առաքելության մասնակցությունը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանից: Միաժամանակ խրախուսում ենք տեղական դիտորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լինել ակտիվ: 

Ես պարոն Տուսկին շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ Հայաստանի համար այս կարևոր փուլում ԵՄ-ն մեր կողքին է և զգալի միջոցներ է տրամադրում Ընտրական օրենսգրքի դրույթների իրագործման համար։ Վստահ եմ, որ այս օժանդակության և մեր համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն բոլորի համար: 
Բնական է, որ զրույցի ընթացքում անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և վերահաստատեցինք, որ այն չունի ռազմական լուծում: Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում, այլև վաղուց արդեն ճանաչված և ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում: 

Ասել է թե սա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ: Մենք շնորհակալ ենք խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ հավասարակշռված դիրքորոշման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վստահելու և աջակցելու համար: 

Եվ վերջում ուզում եմ ասել, որ Եվրամիությունը քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուսանելի պատմություն է՝ իր հիմքում դրված փիլիսոփայությամբ ու գաղափարով: Եվրամիությունը հարևանների միջև առկա խնդիրները միասնաբար հաղթահարելու ու դրա հիմքի վրա հաջողություն կառուցելու պատմություն է, ինչի կարիքն այսօր մենք այնքան ունենք: Մենք ըստ արժանվույն գնահատում ենք այս ձեռքբերումը և պատրաստ ենք ձեզ հետ միասին պահպանելու և փայփայելու այն։

Շնորհակալություն:

***
ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Ուրախ եմ ողջունել Նախագահ Սարգսյանին Բրյուսելում:
Այսօր Հայաստանը, որի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը մենք աջակցում ենք, Եվրոպական միության կարևոր գործընկերն է: Ես ուրախ եմ այսօր հայտարարել ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Այս նոր համաձայնագիրը կընդլայնի մեր հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքական և տնտեսական շահերը, որոնք մենք կիսում ենք, և այն մարտահրավերները, որոնք մենք ցանկանում ենք միասին հաղթահարել: Մենք ակնկալում ենք ավելի սերտ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը՝ առևտրի և ներդրումային նոր հնարավորությունների և ավելի ընդլայնված շարժունակության համար՝ ի շահ մեր քաղաքացիների:

Այսօր մենք քննարկել ենք մեր համընդհանուր արժեքները, այդ թվում՝ մեր հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը, որոնք ընկած են նոր համաձայնագրի և մեր ապագա համագործակցության հիմքում: ԵՄ-ն արդեն իսկ Հայաստանի արտաքին առևտրային առաջին գործընկերն է, առաջին միջազգային դոնորն է և բարեփոխումների ամենամեծ աջակիցը: Մենք մտադիր ենք այս հարաբերությունները է՛լ ավելի ընդլայնել առաջիկա տարիների ընթացքում: Խրախուսում ենք Հայաստանին շարունակելու բարեփոխումները մի շարք ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական զարգացման, գործարար միջավայրի, դատական համակարգի բարելավման, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և ազատ ու արդար ընտրություններ ապահովելու ուղղությամբ: Մենք նաև քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը. ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը պետք է վաղաժամ քաղաքական լուծում ստանա՝ միջազգային իրավունքին համահունչ: Այն ռազմական լուծում չունի: ԵՄ-ն շարունակում է ամբողջությամբ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին:

Պարո՛ն Նախագահ,

Հարգելի՛ Սերժ,

Շատ շնորհակալություն Բրյուսել գալու, այցի և մեր համագործակցության ուղղությամբ Ձեր բոլոր ջանքերի համար:

***

 Նախագահ Սերժ Սարգսյանը  Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքայի այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Սերժ Սարգսյանը և Յենս Ստոլտենբերգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում

Շնորհակալ եմ պարո՛ն Գլխավոր քարտուղար:

Ինձ համար շատ մեծ պատիվ է կրկին գտնվել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և հանդիպել Ձեզ հետ՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Այս տարի լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25-ամյակը: Քառորդ դար առաջ էր՝ 1992 թվականին, երբ նորանկախ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ հիմք դնելով ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների ձևավորմանը: Եվ ուրախությամբ եմ այսօր փաստում, որ այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը:
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, որոնք հիմնված են հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա, ունեն բավական հարուստ օրակարգ: Այն ներառում է թե՛ ամենաբարձր մակարդակներում քաղաքական երկխոսություն և թե՛ գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ:

Գլխավոր քարտուղարի հետ մենք երկուստեք կարևորեցինք քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակի պահպանումն ու պարբերական շփումների շարունակականությունը, ինչպես նաև քննարկեցինք ՆԱՏՕ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Արձանագրեցինք, որ հաջողությամբ իրականացվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 4 ծրագրեր, և ներկայումս հաստատման փուլում է գտնվում 2017-2019 թվականների համար արդեն հինգերորդ ծրագիրը: Հատուկ ընդգծեցինք Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության մոտալուտ մեկնարկի կարևորությունը: Եվ ես պարոն Գլխավոր քարտուղարին հրավիրեցի գալ Հայաստան, որը շատ լավ առիթ կլինի ի մի բերելու այս 25 տարիների ընթացքում մեր կատարածը և նախանշելու ապագա մեր գործողությունները:

Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի: Հայաստանն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության գործին, քաջ գիտակցելով, թե որքան է աշխարհն այսօր փոխկապակցված, և որ այլևս չկան առանձին պետությունների անվտանգային մարտահրավերներ: Դրանք պատկանում են առանձին երկրների և բոլորին: Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության արդյունքում զարգացնելով խաղաղապահության ոլորտում իր կարողությունները՝ Հայաստանը վերջին տարիներին ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը. Կոսովոյում և Աֆղանստանում ընդգրկվածությանը զուգահեռ այսօր մեր զինվորականները մասնակցում են նաև ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում և Մալիում իրականացվող առաքելություններին: Ուրախությամբ եմ նշում, որ Հայաստանը Դաշինքի և անդամ պետությունների կողմից գնահատվում է որպես «ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր»:

Հպարտ եմ նաև, որ մեր զինվորականները այս առաքելություններում գնահատվում են որպես պատրաստված, կարգապահ և պատասխանատու մասնակիցներ: Վստահ եմ, որ խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ձեռք բերված միջազգային փորձառությունն ու կարողությունները մեր զինվորականները լավագույնս կծառայեցնեն մեր բանակաշինության գործին:

Անշուշտ, անդրադարձ կատարեցինք մեր տարածաշրջանի ամենապայթյունավտանգ անվտանգային մարտահրավերին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: Այս համատեքստում մեծապես կարևորեցի ՆԱՏՕ-ի և անձամբ պարոն Ստոլտենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Շնորհակալ եմ, պարո՛ն Գլխավոր քարտուղար, մեզ աջակցելու համար, ես ի նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու համար:

Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ» է, և այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Մենք փաստեցինք, որ համաձայն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի՝ «Հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, ազատության և արդարության ապահովումը, և ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար»:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը շարունակելու աշխույժ դրական օրակարգ ձևակերպել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության և դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով: Հույս եմ հայտնում նաև, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ իմ հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:

Շնորհակալություն։


***
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում


Պարո՛ն Նախագահ,

Ջերմորեն ողջունում եմ Ձեզ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Հաճելի է Ձեզ կրկին հանդիպել: Մենք վերջին անգամ հանդիպել ենք անցյալ տարի հուլիսին Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ես նաև ողջունում եմ մեր շատ կառուցողական և հետաքրքիր քննարկումները, որ հենց նոր մեր հանդիպման ընթացքում անցկացրինք: Ողջունում եմ այն գործընկերությունը, որ երկար տարիների ընթացքում մենք զարգացրել ենք ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև: Դա լավ է և՛ Հայաստանի, և՛ ՆԱՏՕ-ի համար: Ես ողջունում եմ այն, որ մենք մեր հանդիպման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես կարող ենք առաջ մղել մեր գործընկերությունը և շարունակել ամրապնդել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը: Մենք զարգացրել ենք մեր գործընկերությունը երկար տարիների ընթացքում: Ի դեպ, այս տարի Ձեր՝ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին միանալու 25-րդ տարեդարձն է: Դա որոշիչ ժամանակ էր, որ հաջորդեց Սառը պատերազմի ավարտին: Հենց դա է մեր գործընկերության հիմքը, որի վրա երկար տարիների ընթացքում մենք կառուցել եք մեր հետագա համագործակցությունը:

Դուք մասնակցեցիք Վարշավայի գագաթնաժողովին, որովհետև Ձեր երկիրը կարևոր ներդրում է ունեցել Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Շատ շնորհակալ եմ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությանը Հայաստանի մասնակցության և այդ գործին իր ներդրման համար: Հայաստանը նաև աջակցում է Կոսովոյում մեր խաղաղապահ առաքելությանը, ինչը նպաստում է Արևմտյան Բալկաններում կայունություն ապահովելու: Հայկական զորքերը օգնում են կայունություն հաստատել այդ երկրներում: Մենք երախտապարտ ենք Ձեր ներդրած ավանդի համար, որն օգնում է Եվրոատլանտյան շրջանը դարձնել ապահով և առավել անվտանգ:
ՆԱՏՕ-ն հանձնառու է աշխատել ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս գործընկերների հետ, որովհետև համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև բխում է երկու կողմերի շահերից էլ: Այժմ մենք մշակում ենք նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, որ համապատասխանեցված է Ձեր կարիքներին և պահանջներին: Առավել սերտ համագործակցության ներուժ եմ տեսնում փոխգործակցելիության, պաշտպանական բարեփոխումների և այդ ոլորտում կրթության բնագավառներում: ՆԱՏՕ-ն և մեր դաշնակիցները ունեն զգալի փորձառություն պաշտպանության և անվտանգության ոլորտների բարեփոխումների համար: Հայաստանը կարող է ապավինել այդ ռեսուրսներին:

Ես ուզում եմ Ձեզ շնորհավորել նաև Բարեվարքության ամրապնդման ծրագրում մասնակցելու համար, որ ուղղված է բանակում կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև Ձեր՝ «Կանանց, խաղաղության և անվտանգության» վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման գործում գրանցած առաջընթացի կապակցությամբ: Սրանք կարևոր քայլեր են բոլորիս համար:

Մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես մտահոգված եմ շփման գծում շարունակական խախտումներով՝ ներառյալ այս հանգստյան օրերին: Շատ կարևոր է խուսափել լարվածության աճից, որովհետև այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա շարունակականությունը ետ է մղում ողջ տարածաշրջանի զարգացումը: Ուստի մենք խրախուսում ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին վերադառնալու բանակցային սեղանի շուրջ և աշխատելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Մինսկի խմբի ջանքերին այդ ուղղությամբ:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այսօր այստեղ գալու, ինչպես նաև մեր սերտ համագործակցության համար, որն իմ կարծիքով՝ լավ է թե՛ Հայաստանի և թե՛ ՆԱՏՕ-ի համար:
Շատ շնորհակալ եմ:

***

Բելգիայի Թագավորություն Հանրապետության Նախագահի աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է Բրյուսելի «Վիլլա Ամպեն» արևելքի և արևմուտքի մշակույթների և երկխոսության կենտրոնում կայացած հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ այցելությամբ:

Հետազոտական հեղինակավոր այս կենտրոնում հյուրընկալված Նախագահ Սարգսյանը հանդիպում ունեցել կենտրոնի փորձագետների հետ: Հանդիպման մոդերատորը՝ «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Ստեֆան Լեhնեն, ով զբաղվում է Լիսաբոնի համաձայնագրից ի վեր ԵՄ արտաքին քաղաքականության զարգացումների և անդամ երկրների հետ փոխհարաբերությունների ուսումնասիրությամբ, լսարանին հակիրճ ներկայացրել է Հայաստանի Նախագահին, որից հետո Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Լսարանին հետաքրքրել են ինչպես Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների շուրջ ՀՀ Նախագահի տեսակետներն ու գնահատականները:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Կարնեգի» կենտրոնում

Հարգելի՛ պարոն Լեհնե,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ինձ համար, իհարկե, պատիվ է ելույթ ունենալ «Հանուն համաշխարհային խաղաղության» Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակի կազմակերպած միջոցառման ժամանակ : Դուք առաջին անգամ եք ինձ հյուրընկալում, բայց ես ջերմությամբ եմ հիշում Վաշինգտոնի ձեր կենտրոնական գրասենյակում ունեցած հանդիպումներն ու քննարկումները: Նման հեղինակավոր հարթակները հնարավորություն են ընձեռում մի կողմից՝ ներկայացնելու մեր երկրում տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը, մյուս կողմից՝ հենց մենք աղբյուրից հաղորդակից ենք դառնում փորձագիտական վերջին մշակումներին, վերլուծություններին ու մոտեցումներին:

Եվ վերջապես, համաշխարհային խաղաղության գաղափարը, որ դրված է հիմնադրամի հիմքում, այն նպատակն է, ինչին մշտապես ձգտել և ձգտում է ողջ քաղաքակիրթ աշխարհը:

Հարգելի՛ գործընկերներ,

Էնդրյու Կարնեգին ասում էր. «Սովորեցրե՛ք մարդկանց լավ քաղաքացիներ լինել, և դուք կլուծեք կյանքի խնդիրը»: Անվիճելի է, որ քաղաքացին պետության հաջողության գրավականներից է: Որքան կայացած ու իրազեկ է քաղաքացիական հասարակությունը, այնքան արդյունավետ են գործում պետական ինստիտուտները: Ամուր քաղաքացիական հասարակությունը, իշխանության ճյուղերի տարանջատմանը զուգահեռ, զսպումների և հակակշիռների լավագույն մեխանիզմներից մեկն է:

Հենց դա էր մեր երկրում սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու շարժառիթը, որի մեջ մենք գտնվում ենք արդեն ավելի քան երկու տարի: Նորացված Սահմանադրությամբ մեր երկրում հստակեցվեց իշխանության տարբեր ճյուղերի իրավասությունների շրջանակը՝ շեշտադրելով բոլոր ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ու քաղաքացիների ձայնի լսելիությունը։

Արդյունքում, մեր երկրում արդեն մեկնարկել է այնպիսի քաղաքական համակարգի ձևավորումը, որտեղ ազդեցիկ դերակատարները կլինեն ոչ թե անձերը, այլ քաղաքական ուժերը, քաղաքական ինստիտուտները։ Այսօր արդեն Հայաստանում ընթանում է կուսակցությունների խոշորացման և քաղաքական կոալիցիաների ձևավորման մի գործընթաց, որը մենք շատ դրական ենք համարում և որին ձգտում էինք: Քաղաքական կուսակցություններն ամրապնդվում են որպես կայուն ինստիտուտներ, աստիճանաբար վերանում կամ ձուլվում են գաճաճ կուսակցությունները:

Հայաստանն իր փոփոխված Սահմանադրությամբ համարձակ քայլ կատարեց՝ ուղղված մի կողմից` իշխանության ապակենտրոնացմանը, մյուս կողմից՝ այնպիսի սահմանադրական համակարգի ձևավորմանը, որը կապահովի հետխորհրդային արատավոր երևույթների վերացումը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը և լավագույն պայմաններ կապահովի երկիրը կայուն զարգացման ուղիով առաջնորդելու համար:

Գալիք շաբաթների ընթացքում Հայաստանի քաղաքական համակարգն անցնելու է լուրջ քննություն. ապրիլի սկզբին նորացված Սահմանադրության և նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ մենք կանցկացնենք խորհրդարանական ընտրություններ: Ընտրական օրենսգրքում էլ արմատական փոփոխություններ ունենք, որոնց մի զգալի մասը մեր երկրում նախադեպը չունեցած՝ ընդդիմություն- իշխանություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության և կոնսենսուսի արդյունք էր: Ազատ և արդար ընտրությունների անցկացման և ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության էական բարձրացման նպատակով մենք սկսել ենք ակտիվորեն ներդնել ընտրությունների վերահսկման ժամանակակից տեխնիկական մեխանիզմներ։ Ավելին, անսալով ընդդիմության ցանկությանը՝ մենք համաձայնեցինք ներդնել ընտրությունների անցկացման այնպիսի թափանցիկ նորամուծություններ, որոնց հանդեպ վերապահումներ ուներ նույնիսկ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը: Բայց մենք գնացինք այդ քայլին, քանի որ այս փուլում ամենից կարևորն ընթացող գործընթացների նկատմամբ վստահության բարձրացումն է:

Այս համատեքստում շնորհակալություն եմ հայտնում միջազգային մեր բոլոր գործընկերներին և, մասնավորապես, Եվրոպական միությանը, գործընթացի ամենասկզբից մեզ աջակցելու համար: Իրականացված բարեփոխումների ընթացքն ու արդյունքները բարձր գնահատականի են արժանացել մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպական միության կողմից:

Մեր սահմանած նշաձողը բարձր է. անցկացնել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Վստահ եմ՝ իրականություն կդարձնենք մեր այդ նպատակը, և ընտրությունների մթնոլորտն ու ընտրական գործընթացի արդյունքները կհաստատեն մեր մոտեցումների ճշմարտացիությունը:

Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս մեր գլխավոր նպատակը ուղղակի խորհրդարանական համակարգի ներդրումը չէր, այլ ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդումը՝ իշխանության ապակենտրոնացման և ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու միջոցով: Կարծում ենք՝ այդ տեսանկյունից Հայաստանը կարող է ուսանելի օրինակ ծառայել թե՛ հետխորհրդային, թե՛ տարածաշրջանային շատ երկրների համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի երկարամյա ռազմատենչ քաղաքականության և քարոզչության կենսագործումն էր։ Այն լուրջ վնաս հասցրեց կարգավորման գործընթացին: Ադրբեջանի ագրեսիան կրկին ապացուցեց, որ Արցախի ժողովրդի պայքարը սեփական հողի վրա անվտանգ գոյության ու ազատության համար այլընտրանք չի ունեցել ու այսօր էլ չունի։ Սա կարծիք չէ, այլ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում ստեղծված և մեզ պարտադրված իրականություն։

Ահավասիկ, ապրիլյան պատերազմին հետևած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաև հակամարտության գոտում այդ ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Սակայն Ադրբեջանն իր՝ արդեն սովորական դարձած վարքագծի համաձայն շարունակաբար խուսափում է այդ պայմանավորվածությունների իրականացումից՝ հայտարարելով, որ դրանց իրագործումն իբր ամրապնդելու է ձևավորված ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում:
Եթե Ադրբեջանն իրապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է:

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը չէր գիտակցում, թե ինչ ծանր հարված է հասցնում խաղաղությանը, որքան է խորացնում ստատուս քվոն, որքան հետ է մղում բանակցային գործընթացը:

Ակնհայտորեն Բաքուն ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է իր ներքին հարցերի` սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների դեմ աճող դժգոհությունից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով:

Հենց այդ պատճառով Բաքվում վերջերս հայտարարեցին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն իբր իրենց «ներքին գործն է»: Ղարաբաղյան հիմնահարցով արդեն տարիներ շարունակ որպես միջնորդներ զբաղվում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով: Հավանաբար Բաքվում վատ երազ են տեսել և դրանից եզրակացրել, թե միջազգային հանրության այս երեք խոշորագույն դերակատարներն իրենց բոլոր բարդ գործերը թողած՝ հանկարծ սկսել են զբաղվել Ադրբեջանի «ներքին գործով»:

Դա ընդամենը մեկ օրինակ է աբսուրդի այն թատրոնի, որը բեմականացնում են Բաքվում: Մենք ստիպված ենք շարունակաբար բախվել դրան գրեթե ամենօրյա ռեժիմով: Սակայն երբեմն լինում են նաև անկեղծության պոռթկումներ: Դրանցից մեկի ժամանակ Ադրբեջանի ղեկավարը, փորձելով իր ենթակաների առջև արժևորել իրեն, հրապարակայնորեն խոստովանեց, որ բանակցությունների փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միայն ինքն է, որ կարողանում է դիմանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ճնշումներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ որպես միջնորդներ, կոչված են նաև կանխելու հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումները: Հրանոթների արկերի տակ ընթացող բանակցությունները երբեք խոստումնալից լինել չեն կարող:

Ահա այս հանգրվանում է այժմ գտնվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը: Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը և հանդես են գալիս հիմնահարցն օր առաջ խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու օգտին:
Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց իր՝ Ադրբեջանի համար: Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համարժեքորեն արձագանքելու ուժի կիրառման ցանկացած փորձի:

Չնայած Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է հաստատակամորեն կերտել սեփական ապագան։ Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը:

Արցախի ժողովուրդն իր ձայնը տվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգի ձևավորման օգտին: Ինչպես տեսնում եք, երկրի կառավարման մոդելի հարցում Հայաստանի և Արցախի պատկերացումները չեն համընկնում, սակայն նույնն է ժողովրդավարական հասարակարգ կառուցելու անխախտ վճռականությունը: Արցախի ժողովուրդն այդ կամքը դրսևորել է տասնյակ տարիներ շարունակ` ընտրությունների միջոցով ձևավորելով իր գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինները: Արցախի ժողովուրդն այլ ապագա չի պատկերացնում և լծված է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա հիմնված ազատ հասարակության կառուցման գործին:

Արցախցին, ժողովրդավարական աշխարհի հետ հավասար, իրավունք ունի վայելելու համամարդկային բոլոր հիմնարար ազատությունները, շատ ավելի լավ գիտի ազատ ապրելու գինը, ինչի համար նա վճարել է իր սեփական զավակների արյան գնով: Այսօր էլ Արցախը ժողովրդավարություն է կառուցում թշնամական կրակահերթերի ներքո: Իսկ Ադրբեջանն ամեն ինչ անում է ազատության այս ձայնը լռեցնելու համար, կոչ է անում դատապարտել ժողովրդավարական գործընթացը Արցախում: Մինչ Արցախը հաստատուն քայլեր է կատարում դեպի ավելի ամուր ժողովրդավարություն, նրա հարևան Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում հաստատուն քայլեր է կատարում դեպի ժառանգաբար փոխանցվող լիակատար բռնապետություն:

Այստեղ հավաքվածներդ, ես տեսնում եմ, հայտնի փորձագետներ եք: Եթե կա կառավարման, ինքնակազմակերպման այլընտրանքային մեխանիզմ չճանաչված միավորների համար, շնորհակալ կլինեմ, եթե հուշեք: Դժվար է բացատրել արցախցի գործընկերներին, թե ինչու ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և այդ կերպ ձևավորել իր կառավարման ինստիտուտները, իսկ իրենք դա անել չեն կարող:

Հայաստանը, թեև չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, այնուամենայնիվ ԵԱՀԿ-ի բյուջեն ֆինանսավորելու միջոցով մասնակից է այդ գործընթացին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակից:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայտնի է, որ կայուն զարգացումը հանրային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Իսկ պետության կտրվածքով առհասարակ որևէ զարգացում չի կարող կայուն լինել, եթե այն հիմնված չէ ամուր տնտեսության վրա:

Վերջին տարիների զարգացումները փաստում են, որ Հայաստանը կարողացավ սուղ ռեսուրսների պայմաններում ձևավորել ճկուն տնտեսական համակարգ: Այդ հաջողությունները գալիս են ապացուցելու, որ մեր տնտեսության զարգացման հիմնական աղբյուրը մարդկային կապիտալն է: Որպես օրինակ բերեմ տեղեկատվության և հաղորդակցության ոլորտը, որ վերջին տարիներին դարձել է մեր տնտեսության շարժիչներից մեկը: Այս ոլորտում Հայաստանում աշխատում են այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Մայքրոսոֆթը, «ԱյԲիԷմը», «Սիսկոն», «Դ-Լինկը», «Օրաքլը», «Սինոփսիսը», «Մենթոր Գրաֆիքսը» և այլն: Այս ոլորտում Հայաստանում գործում է շուրջ 400 կազմակերպություն, զբաղվածների թիվը հասնում է 15 հազարի: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանայք ամենաներգրավվածներից են աշխարհում։ Այս ուղղությամբ տարեկան մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% միջին աճ: ՀՆԱ-ում ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4%, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ:
Տնտեսական զարգացման ստանդարտ մոդելներով դժվար է ապահովել առաջընթացի այն մակարդակը, որը թույլ կտա դիմագրավելու առկա համաշխարհային մարտահրավերները: Ուստի, մեզ անհրաժեշտ էր նոր տեսլական՝ նորարարական մոտեցումներով և լուծումներով: Մենք կարողացանք ձևավորել հանքահումքային ռեսուրսներից անկախ տնտեսական համակարգ: Ի տարբերություն տարածաշրջանի մի շարք երկրների, որոնցում վերջին տարիների տնտեսական ճգնաժամը հանգեցրեց տնտեսության ապակայունացման, ազգային տարադրամի արժեզրկման՝ Հայաստանն ապացուցեց, որ նույնիսկ շրջափակման և ռեսուրսային սահմանափակման մեջ գտնվելով՝ կարողացավ ձևավորել կայուն և կանխատեսելի տնտեսություն, գրանցելով առաջընթաց մի շարք միջազգային ինդեքսներով, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես 2017», ինչպես նաև վարկանիշային «Ֆիտչ» գործակալության վերջին զեկույցներում: «Դուինգ բիզնես 2017» զեկույցի համաձայն՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը հինգ հորիզոնականով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում:

Եվ անցած տարվա վերջին ձևավորված մեր նոր կառավարությունը հանդես է եկել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել երկրի ճանաչելիության մակարդակն ու ներդրումային գրավչությունը, հատկապես՝ եվրոպական ներդրողների համար, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, պետության կողմից համակողմանի աջակցություն ցուցաբերել այն գործարար նախագծերին, որոնք թույլ կտան ապահովել արագ տնտեսական աճ:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի միջազգային միջավայրը քննարկելիս՝ չեմ կարող չանդրադառնալ սիրիական ճգնաժամին: Ճգնաժամի սկզբից մինչ օրս Հայաստանում ապաստան է գտել շուրջ 20 հազար սիրիահայ փախստական: Իհարկե, ցավով եմ այս բառն արտասանում, քանի որ նրանք մեր ընկալման մեջ փախստականներ չեն: Նրանք մեր մի մասնիկն են, որ պատմական զարգացումների բերումով ժամանակին փրկություն են գտել Սիրիայում: Այսօր, ողբերգական աշխարհաքաղաքական անցքերի արդյունքում նրանք ապաստանել են մեզ մոտ:

Սակայն մենք անում ենք ավելին: Հայաստանը պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա. օգնությամբ բեռնված հերթական օդանավն օրեր առաջ վայրէջք կատարեց սիրիական հողում: Այն նախատեսված է ոչ միայն մեր սիրիահայ հայրենակիցների համար, այլև բոլոր սիրիացիների՝ անկախ կրոնական և էթնիկական պատկանելությունից: Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել՝ ի երախտագիտություն մեր բարեկամ Սիրիայի ժողովրդի, որը ժամանակին իր դռները բացեց ցեղասպանությունը վերապրած հայերի համար:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Երեկ մենք նախագահ Տուսկի հետ հայտարարեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին:

Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «և՛, և՛»-ի քաղաքականության կենսունակությանը: Ճիշտ է, դեռևս 1996թ. մենք ստորագրել էինք Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող՝ Գործընկերության և համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, սակայն այն վաղուց արդեն չի արտահայտում ո՛չ Հայաստան-ԵՄ համագործակցության ընդգրկումը, ո՛չ էլ դրա խորությունը և առավել ևս` ո՛չ էլ հավակնությունները։ Ուստի, նոր համաձայնագրով, ամրագրելով տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման ուղենիշերը, մենք ազդարարում ենք, որ շարունակելու ենք բոլոր ոլորտներում զարգացնել երկկողմ օրակարգը:

Կարևորն այն է, որ մեր համագործակցությունն ունի արժեքային հենք։ Հայաստանն անգամ պատմության ամենադժվարին պահերին իր առջև քաղաքակրթական ընտրության խնդիր չի դրել։ Ոչ ոք մեզ չի պարտադրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, դա մեր ընտրությունն է: Մեր ժողովուրդն իրեն լիովին եվրոպացի է համարում. թե՛ մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը և թե՛ մեր կենսակերպը եվրոպական է։ Պատահական չէ, որ այսօր էլ հարյուր հազարավոր հայեր ապրում են Եվրոպայում և հանդիսանում օրինավոր քաղաքացիներ՝ իրենց տաղանդն ու աշխատասիրությունը ծառայեցնելով այդ երկրներին։ Սա ևս կարևոր կապող օղակ է Հայաստանի և Եվրոպական միության միջև։

Այսպիսով, մենք պարզապես ավելի ամուր իրավական հիմք ենք ապահովում այն համագործակցության համար, որը փաստորեն առկա է։ Համոզված ենք, որ դա թույլ կտա և նաև կպարտավորեցնի ունենալ ավելի արդյունավետ պետություն։

Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ուրախ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց:
Մենք պատրաստ ենք նպաստելու ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը: Հայաստանը շահագրգռված է համաեվրոպական համագործակցությամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ եղած խնդիրները լուծելու լավագույն ուղին համագործակցությունն է, իսկ հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականությունը ապագա չունի:

Միաժամանակ, Հայաստանը, պատմականորեն հարաբերությունների մեծ փորձ ունի Իրանի հետ, իսկ ներկա սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը դարձնում են Հայաստանը լավ հարթակ Իրան մուտք գործելու ցանկություն ունեցող եվրոպական ընկերությունների համար: Իրանի հետ զարգացնելով տարածաշրջանային օրինակելի համագործակցություն՝ Հայաստանն այսօր լավ նախադրյալներ ունի՝ դառնալու Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստների հետ կապող ամենաապահով և ամենակարճ տարանցիկ ուղին։ Դրան էր միտված Հյուսիս-հարավ ավտոմայրուղին՝ վրացական նավահանգիստներից դեպի Երևան, և ապա դեպի Իրանի սահմանակետ տանող ավտոճանապարհը ԵՄ-ի հիմնական երթուղում ներառելը։

Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները Հարավային Կովկասի անվտանգության կարևորագույն օղակներից են։ Վրաստանի հետ մենք մշտապես բոլոր ընթացիկ հարցերը կարգավորել ենք բարիդրացիության և փոխըմբռնման մթնոլորտում: Մեր համագործակցությունը երբևէ չենք պայմանավորել երրորդ երկրների հետ հարաբերություններով։

Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ի անդամի, և Վրաստանի՝ որպես ԵՄ-ի ասոցացված գործընկերոջ, այսօրվա համագործակցությունը փաստում է փոխշահավետ հարաբերությունների նոր հնարավորությունների մասին:

Հայաստանը պատրաստակամ է դառնալու այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջև հակասությունների հարթման, տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակման և ներդրումային արդյունավետ քաղաքականության ձևավորման գործընթացին:

Հարգելի՛ գործընկերներ,

Եզրափակելով իմ ելույթը՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս շեշտել աշխարհում և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման կարևորությունը: Համոզված եմ, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է լուծել միջազգային հանրության համախմբված ջանքերի շնորհիվ: Եվ խորհրդանշական է, որ Երևանի կոնյակի գործարանում պահվում է այսպես կոչված «խաղաղության տակառը»՝ շրջապատված Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դրոշներով։ Դա հաշտության և խաղաղության ակնկալիքի սոսկ մեկ խորհրդանշական դրսևորում է: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ աշխարհահռչակ հայկական կոնյակով կազդարարենք մեր տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը՝ զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով Հարավային Կովկասի բոլոր բնակիչների համար։

Շնորհակալություն:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում  հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով շնորհավորել և խորհրդարանականներին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները, որով պատգամավորները անցյալ տարի պարգևատրվել էին Հանրապետության Նախագահի կողմից: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Այս պարգևին են արժանացել նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության անդամներ Յացեկ Սարիուս-Վոլսկին, Կնուտ Ֆլեկենշտեյնը, Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը, ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինան` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել է նաև Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսը, ով Հայաստանի պետական այդ բարձր պարգևին արժանացել է Հայ-կիպրական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Չարլզ Թաննոքը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

 

***

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել աշխատանքային այցի բրյուսելյան իր բավականին հագեցած ու արդյունավետ օրակարգի մասին, հույս հայտնելով, որ ԵԽ նախագահ Տուսկի, ԵԺԿ նախագահ Դոլի հետ անկեղծ մթնոլորտում տեղի ունեցած քննարկումները, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Տայանիի հետ կայանալիք հանդիպումներն անպայմանորեն իրենց ներդրումը կբերեն Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության խորացմանը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նախօրեին նախագահ Տուսկի հետ միասին ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ավելի քան մեկ տարի ընթացող բանակցային գործընթացի ավարտի մասին հայտարարելը: Նոր համաձայնագիրը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, ամուր իրավական հիմք կհանդիսանա առաջիկա տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման ու զարգացման համար, և դրանում արտացոլված երկուստեք հանձնառություններով կուղղորդվեն նաև Հայաստանի քաղաքական ու տնտեսական լայնածավալ բարեփոխումները, որոնք ընկած են երկկողմ հարաբերությունների հիմքում: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ի լրումն ձեռք բերված պայմանավորվածությունների, առաջիկայում կողմերը աշխատանքներ կտանեն նաև ՀՀ-ԵՄ ներդրումների ներգրավման ուղղությամբ:

Միաժամանակ Նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին կլինի շարունակական: Սերժ Սարգսյանը անհերքելի փաստ է համարել այն, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն արդեն իսկ մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում զգալի առաջընթացին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ինստիտուտի ամրապնդմանը:

Հանդիպմանը զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց հեռանկարին:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը ևս ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, մեծ կարևորություն է տալիս ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացմանը` նպատակ ունենալով երկրում շարունակել և առաջ մղել բարեփոխումների օրակարգն ամենատարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և վերջին շրջանի զարգացումները:

Սերժ Սարգսյանը և Ժան-Կլոդ Յունկերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Հանրապետության Նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու մտահոգությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը, որը համահունչ է հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ձևակերպումներին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում` սիրիական ճգնաժամի շուրջ, անդրադարձել փախստականների հիմնախնդրին և բազմաթիվ երկրների հետ միասին Հայաստանի կողմից Սիրիայի բարեկամ ժողովրդին ու սիրիահայերին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ տիկին Մոգերինիի հետ հերթական հանդիպումը կայանում է Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համար կարևորագույն պահի, երբ մեկ օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հայտարարվեց նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ դեռևս մեկ տարի առաջ Երևանում կայացած հանդիպմանը քննարկում էին Հայաստան-Եվրամիություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, որի մեկնարկը ժամանակին տիկին Մոգերինին անձամբ է ազդարարել: Նախագահ Սարգսյանն այդ ձեռքբերումը փոխադարձ հանձնառության և երկու կողմերի թիմերի նվիրված ու լուրջ աշխատանքի արդյունքն է համարել:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է, որ, հիրավի, կարելի է գոհունակությամբ խոսել վերջին երկու տարիների համատեղ ձեռքբերումների մասին:

ԵՄ բարձր ներկայացուցչի հետ ՀՀ Նախագահի հանդիպմանը ևս, ինչպես նախորդ օրը կայացած ԵՄ կառույցների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, անդրադարձ է եղել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, Սահմանադրության փոփոխություններից հետո իրականացվող լայնածավալ աշխատանքներին` ուղղված երկրում ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Նախագահը, ի պատասխան տիկին Մոգերինիի հարցի, ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և շնորհակալություն հայտնել ընտրությունների անցկացմանը ԵՄ աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, առկա խնդիրներն ու մտահոգությունները: Նախագահը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն ու այդ երկրի կողմից ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով ու նաև Հայաստանի պետական սահմանի վրա պարբերաբար հրահրվող սադրանքները, հրաժարումը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից, որոնք, ըստ նրա, հարցականի տակ են դնում միջազգային հանրության՝ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված երկարամյա ջանքերը և ողջ բանակցային գործընթացը։

***

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն  հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նորանշանակ նախագահ Անտոնիո Տայանիի հետ: Մինչ այդ Հանրապետության Նախագահը հարցազրույց է տվել «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը:

Պատասխանելով լրագրողին հետաքրքրող հարցերին` Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին, ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը համարվող Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությանը, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորություններին և այդ կառույցի ապագայի մասին իր պատկերացումներին, դեպի Եվրոպա Հայաստանի արտահանման ներուժին, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը և իրականացվելիք առաջիկա ծրագրերին, ՀՀԿ ընտրական ցուցակում իր ընդգրկված չլինելու պատճառներին, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման նոր համակարգի անցնելուց հետո Հայաստանի ապագային:

Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը Նախագահ Սարգսյանը, օգտվելով առիթից, մեկ անգամ ևս շնորհավորել է նրան Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ պարոն Տայանիի պաշտոնավարման ընթացքում ԵՄ բարձրագույն օրենսդիր մարմինը կշարունակի իր ծանրակշիռ նպաստը բերել միջազգային այդ հեղինակավոր կառույցի հետագա վերելքին: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Անտոնիո Տայանին իր գործունեությամբ կնպաստի նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացմանը: Սերժ Սարգսյանը և Անտոնիո Տայանին երկուստեք ջերմությամբ են հիշել 2008 թվականին Բրյուսելում ունեցած իրենց հանդիպումը: Նախագահը բարձր է գնահատել պարոն Տայանիի աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող հարցերում, որը դրսևորվեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձևի ընդունման ժամանակ։

Հանրապետության Նախագահը սիրով հրավիրել է Եվրոպական Խորհրդարանի նախագահին`այցելելու Հայաստան և մոտիկից ծանոթանալու մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև հայկական հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությանը: Եվրոպական խորհրդարանի նախագահի այցը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, լավ ուղերձ կլինի՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի, որը շատ բնորոշ է եվրոպակա ժողովրդավարություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցությանը` գոհունակությամբ արձանագրելով, որ Եվրոպական խորհրդարանի հետ ակտիվ հարաբերություններ են զարգանում: Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները և նոր ձևավորվելիք խորհրդարանը՝ նոր Սահմանադրությամբ ընդլայնված լիազորություններով, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, էլ ավելի ակտիվ կլինի ինչպես Եվրախորհրդարանի, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության հարցերում:

Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ տեղի ունեցող բարեփոխումների գործում Սերժ Սարգսյանը անգնահատելի է համարել ԵՄ շարունակական աջակցությունը, ինչը, ըստ նրա, վստահաբար նոր թափ կստանա ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները, արձագանքելով հայկական կողմի հրավերին, մասնակցելու են սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին անգամ ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփմնան գծում իրավիճակը և Ադրբեջանի ոչ կառուցողական և սադրիչ քայլերը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել այն պատգամավորների ջանքերը, ովքեր անձամբ եղել են Արցախում և հստակ գիտեն, թե ինչ է իրականում ցանկանում Արցախի ժողովուրդը: Սերժ Սարգսյանը դատապարտելի է համարել և իր մտահոգությունը հայտնել Եվրոպական խորհրադարանի այդ պատգամավորներին Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարերելու կապակցությամբ:

← Վերադառնալ