09
11, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ Նախագահի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի և Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի առանձնազրույցը:

Նշելով, որ Հայաստանը շահագրգիռ է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և համընդգրկուն փոխգործակցության զարգացմամբ, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ պաշտոնական այցի շրջանակներում կայանալիք բանակցություններն ու ձեռքբերվելիք պայմանավորվածություններն իրենց զգալի ներդրումը կունենան հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները վերջին տասնամյակում թևակոխել են զարգացման նոր, ավելի գործնական փուլ. երկու երկրների միջև ստորագրվել են տարբեր բնագավառներում համագործակցության մասին երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք կհամալրվեն պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվելիք նոր փաստաթղթերով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ և արաբ ժողովուրդների բարեկամությամբ պայմանավորված ամուր հիմքի վրա այսօր Հայաստանի և արաբական երկրների, այդ թվում` Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները: Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների, ինչպես նաև տարբեր մակարդակի փոխայցելությունների իրականացումը:

ՀՀ Նախագահը և թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հայ-էմիրաթական առևտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ կհանդիսանա միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների ընթացքին հետևելու համար: Կողմերը պայմանավորվել են ինտենսիվացնել Հայաստանի տնտեսության մեջ էմիրաթական ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները և գտնել արդյունավետ մեխանիզմներ ներդրումային ծրագրերի իրագործման նպատակով:

Հանդիպմանը երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերից բացի, անդրադարձ է եղել միջազգային արդի խնդիրներին, մերձավորարևելյան ճգնաժամին, այդ տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:  

Նախագահ Սերժ Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել նաև ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Հանդիպումից հետո ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն:

Աբու Դաբիում հայկական եկեղեցու կառուցման համար 2006թ. հողատարածք է նվիրաբերել Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը: Նորակառույց եկեղեցին օծվել է 2014թ. դեկտեմբերի 12-ին, նույն օրը հիմնադրվել է նաև Աբու Դաբիի Ազգային առաջնորդարանը: 2016թ. մայիսից եկեղեցուն կից գործում է «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանը, որտեղ այժմ ուսանում է 36 աշակերտ: Եկեղեցու բակում տեղադրված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար: Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբոց Նահատակաց եկեղեցի այցի ժամանակ ծաղիկներ է դրել խաչքարին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հանրապետության Նախագահը ելույթ է ունեցել, որում անդրադարձել է եկեղեցու նշանակությանը մեր ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևության գործում: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխող ընտանիքին՝ ի դեմս Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանիի, ով հնարավոր դարձրեց հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արաբական աշխարհի սրտում կանգնեցված այս եկեղեցին, միջկրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ու համակրանքի խոսուն վկան է, որ բարեբեր հող է ստեղծում նաև տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ համակեցության համար: Ազգային առաջնորդարանում Հանրապետության Նախագահը կարճատև հանդիպում է ունեցել համայնքային և եկեղեցական գործիչների հետ:

ԱՄԷ հիմնադիր Նախագահ շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելության ժամանակ ՀՀ Նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի հիշատակին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում, որից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն:

«Անգնահատելի է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր Նախագահ շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի դերն այս հիասքանչ երկրի կայացման ու բարգավաճման գործում:

Նրա կառավարման օրոք հիմք դրվեց հայ-էմիրաթական միջպետական բարձր մակարդակի համագործակցությանը, որի համար հայտնում եմ հայ ժողովրդի և անձամբ իմ երախտագիտությունը»,-գրել է Նախագահ Սարգսյանը:

ԱՄԷ պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Հանրապետության Նախագահն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը Էմիրաթների մեր հայրենակիցներին ներկայացրել է իր պաշտոնական այցի առաջին օրն ունեցած հանդիպումների արդյունքները, անդրադարձել` հայ-էմիրաթական միջպետական բարեկամական հարաբերությունների ներկայիս վիճակին և պատմական խորը արմատներ ունեցող այդ հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստան-սփյուռք կապերի առավել ամրապնդման, համահայկական խնդիրների լուծման և հայրենիքի հզորացման նպատակով հայոց ներուժի համախմբման կարևորությանը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա հայրենանվեր գործունեության համար Նախագահը  Հրայր Սողոմոնյանին, Արա Խանոյանին և Հարություն Օհանեսյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել արաբական աշխարհի և հատկապես ԱՄԷ-ի հետ Հայաստանի ջերմ բարեկամական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, որը նրանց բնորոշմամբ, ցավոք, դեռևս չի համապատասխանում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ներկայիս մակարդակին: Այդ ոլորտում հարաբերությունները, կողմերի համոզմամբ, զարգացնելու շատ մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:

ՀՀ Նախագահի այցը ԱՄԷ և արդյունավետ հանդիպումները երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ, ըստ Էմիրությունների ներդրումային և զարգացման ընկերությունների ներկայացուցիչների, վկայում են երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին` ակտիվացնելու հայ-էմիրաթական հարաբերությունները նաև առևտրատնտեսական ոլորտում: Նրանք վստահեցրել են, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով և պատրաստ են այդ առումով քննարկել տարբեր ոլորտներում Հայաստանի առաջնահերթությունները, այցելել Հայաստան և տեղում ուսումնասիրել միջավայրը, առաջ մղել բանակցությունները:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է հանդիպմանը ներկա ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ներդրումային ծրագրերով հետաքրքրված ընկերությունների հետ հետագայում շարունակել սերտ փոխգործակցությունը և նրանց ներկայացնել իրենց բիզնես հետաքրքրությունների շրջանակում գտնվող ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է զրուցակիցներին, որ հայկական կողմը պատրաստել է ներդրումային ռազմավարական փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում, և կողջունվի ու անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Էմիրությունների ներդրողներին, իսկ խոշորածավալ ներդրումների առկայության դեպքում` հատուկ որոշումով կտրամադրվի առավել արտոնյալ պայմաններ:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:

Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցելության ընթացքում ՀՀ պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի գործնական քննարկումներ ծավալել և փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք նոր մակարդակի կբարձրացնեն հայ-էմիրաթական բազմոլորտ բարեկամական հարաբերություններն ու իրենց լուրջ ներդրումը կունենան երկկողմ համագործակցության հետագա զարգացման գործում:

Կարևորելով հայ-արաբական պատմամշակութային հարուստ անցյալը, բազմաթիվ հարցերում ընդհանուր շահերի համընկնումները, ինչպես նաև արաբական երկրներում հայկական համայնքների առկայությունը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանը մշտապես նշանակալի տեղ է զբաղեցրել, և Հայաստանը 25-ամյա անկախությունից հետո արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն է ծավալել արաբական երկրների հետ:

ՀՀ Նախագահի գնահատմամբ, հայ-էմիրաթական հարաբերություններն այս առումով առանձնակի տեղ են զբաղեցնում և փոխգործակցության լավագույն օրինակներից են: 

Հանդիպման ժամանակ կողմերը թանկ են գնահատել երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել դրանք ավելի զարգացնել և ամրապնդել:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորելով Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը՝ Հայաստանը Էմիրությունները դիտարկում է կարևորագույն հանգույց ինչպես Հայաստանից դեպի Ծոցի տարածաշրջան և այլ երկրներ, այնպես էլ հակառակ ուղղությամբ: Նա տեղեկացրել է շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջարկ է ներկայացրել Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին` Էմիրություններում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով կազմակերպելու վերաբերյալ։ Հանրապետության Նախագահի համոզմամբ, նմանօրինակ համաժողովների հաջող անցկացման Արաբական Միացյալ Էմիրությունների փորձն ու բարի համբավը կնպաստեն էմիրաթական կողմի և տարածաշրջանի ներդրող խոշոր կազմակերպություններին ի մի բերել, այն վերածել գործնական հանդիպման և հնարավորություն ստեղծել Հայաստանում ներդրումների զարգացման համար: 

Զրուցակիցները երկուստեք կարևորել են մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հնարավորությունը, որը զգալիորեն կխթանի նաև զբոսաշրջությունը: Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը նշել է, թե էմիրաթական կողմը մտադրություն ունի եկող տարվանից Ֆլայ Դուբայ ավիաընկերության դեպի Երևան ուղիղ չվերթները դարձնել ամենօրյա:

ՀՀ Նախագահը և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: 

Հանդիպումից հետո տեղի է ունեցել մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության մասին», «Հայաuտանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև գիտական և տեխնիկական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Արաբական Միացյալ Էմիրությունների առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև` Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման մասին»: 

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո ի պատիվ պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ Նախագահի, Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

***


 Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ: ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Շարժայի կառավարիչ շեյխի անձնական մեծ ներդրումը մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերություններն ու փոխգործակցությունը խորացնելու գործում:

Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ է նշել, մասնավորապես, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի անմիջական աջակցությամբ Հաղարծինի վանական համալիրի հիմնովին վերանորոգումն ու համալիրին կից վանատան կառուցումը, ընդգծելով, որ տարիներ առաջ շեյխի Հայաստան կատարած այցելությունն իր նշանակալի հետքն է թողել երկու երկրների հարաբերություններում, և վերոնշյալ օրինակելի ու աստվածահաճո քայլը միջկրոնական երկխոսության և հանդուրժողականության լավագույն դրսևորում էր:

Նախագահը գնահատելի է համարել նաև Շարժայում Հայաստանի առևտրատնտեսական կենտրոն բացելու գործում Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի ունեցած անմիջական դերակատարությունը և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու հետագա խորացման տեսանկյունից առանձնակի կարևորել է այդ քայլը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ կենտրոնն իր առավել ակտիվ գործունեությամբ կնպաստի երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև հաստատված ուղիղ ավիաչվերթերից առաջինը Շարժա-Երևան-Շարժա երթուղին էր, որի ներկայիս պարբերականությունը խոսուն կերպով վկայում է փոխադարձ հետաքրքրության մեծացման մասին:

Շարժայի կառավարիչ շեյխի հետ հանդիպմանը Հանրապետության Նախագահը խոսել է նաև ԱՄԷ ներդրումային և զարգացման տարբեր հիմնադրամների հետ հարաբերություններն ակտիվացնելու Հայաստանի ցանկության մասին, որի իրագործման նպատակով արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռքբերվել այցի շրջանակներում:


← Վերադառնալ