Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանը Բիշկեկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել նախագահների և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի մասնակցությամբ նեղ, ապա նաև պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ ընդլայնված ձևաչափով:
Պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, ինչպես նաև նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր, որից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահները ստորագրել են ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը, Նյուրնբերգյան դատավարության աշխատանքների ավարտի 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը, ժամանակակից իրողություններին ԱՊՀ ադապտացմանը վերաբերող որոշումը: Խորհրդի նիստում որոշումներ են ընդունվել նաև ԱՊՀ-ում 2017 թվականը Ընտանիքի տարի և 2018 թվականը Մշակույթի տարի հայտարարելու մասին:
Նիստում ի թիվս ստորագրված փաստաթղթերի եղել են ԱՊՀ մասնակից պետություններում 2020թ. փուլի մարդահամարի անցկացմանը վերաբերող որոշումը, Միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը վերաբերող կոնվենցիան, 2017-2019թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնությունների դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի մասին և 2016-2020թթ. տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի մասին որոշումները:
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը որոշվել է անցկացնել 2017թ. Մոսկվայում: ԱՊՀ նախագահությունը 2017թ. փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հադես է եկել ելույթով:
***
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահը Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ այցելել է Արաշան համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել: Պատվիրակությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել նաև Ղրղզստանում 1916թ. ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին:
Նրանք այնուհետև այցելել են «Գազպրոմը երեխաներին» ծրագրի շրջանակներում կառուցված սպորտային համալիր, ծանոթացել ստեղծված պայմաններին: