08
07, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեհաստանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

Պատվիրակությունների ղեկավարներին գագաթնաժողովի անցկացման վայրում դիմավորել են ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան:

ՀՀ Նախագահը երեկոյան Վարշավայում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

***

Աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը ցավակցություն է հայտնել պետքարտուղար Քերիին` ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

ՀՀ Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել պետքարտուղար Քերիին` Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի պատճառով հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված գործուն քայլերի համար, նաև որոնց արդյունքում կայացան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ընդունվեցին համատեղ հայտարարություններ:

Սերժ Սարգսյանը և Ջոն Քերին անդրադարձել են ս.թ. հուլիսի 6-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկված հարցերին: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաքում մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով.

***


Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը

 

Մեծարգո՛ նախագահ Դուդա,

Հարգարժա՛ն պարոն Գլխավոր քարտուղար,

Հարգելի՛ գործընկերներ,

Բոլոր ներկաներիս այսօր միավորում է բարեկամ աֆղան ժողովրդի համար խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու անհրաժեշտության գաղափարը:
Հայաստանը, որպես համագործակցային անվտանգության ջատագով, հաստատակամ է իր համեստ ներդրումը բերելու միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին: 2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայացած Խաղաղապահության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը լրացուցիչ հանձնառություններ ստանձնեց՝ նախապատրաստել երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալ և ապահովել ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականությունը: Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչև 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում և պատրաստ ենք շարունակելու նաև 2016 թվականից հետո: Այս կապակցությամբ պետք է հատուկ ընդգծեմ Գերմանիայի հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որն իմ կարծիքով ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն և ուսանելի օրինակներից է:
Պատրաստակամություն ենք հայտնել նաև մասնակցելու ՆԱՏՕ-ի «Տևական գործընկերություն» առաքելությանը, երբ այն փոխարինի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Այդ նպատակով Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ժամանակավոր ներկայության պլանավորման գործընթացին:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանը խաղաղության և անվտանգության ակտիվ ջատագով է նաև մեր տարածաշրջանում և մշտապես հանդես է եկել մեզ համար խիստ կարևոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից: Սույն թվականի մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, և ընդգծվեց 1994 թվականի հրադադարի և 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի հարգման կարևորությունը:
Միաժամանակ հայտարարության մեջ ամրագրվեց ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը: Այս մոտեցումը ամրապնդվեց նաև Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, տեղին չեմ համարում մեր այս հանդիպումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը. դրա համար կա մասնագիտացված կառույց: Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:


Շնորհակալություն:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր հարցերում Ֆրանսուա Օլանդի հետևողական աջակցության և կարևոր դերակատարման համար, ընդգծելով, որ Հայաստանում իրապես հպարտանում են Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու իրողությամբ:

Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը տարիների ընթացքում նկատելիորեն ընդլայնվել է. ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի ընդունման համար, որում մեծ է Նախագահ Օլանդի անձնական ներդրումը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: ՀՀ Նախագահը մեծապես կարևորել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի, ակտիվ դերակատարությունը բանակցային ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում և շնորհակալություն հայտնել Նախագահ Օլանդին նաև անձնական ջանքերի հետևողական ներդրման համար։ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը երկուստեք կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններում ամրագրված դրույթների անվերապահ կատարումը: Նախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի առաջմղման հեռանկարի շուրջ:

← Վերադառնալ