05
04, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

  Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 6–ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:

Զրուցակիցները հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը, որի զարգացման գործում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Նորբերթ Լամմերթի ավանդը: «Դուք ոչ միայն խրախուսում եք երկու խորհրդարանների միջև կապերը, որոնք գործնական հարթակ են ձևավորում փոխադարձ շահերի լիարժեք ընկալման համար, այլև ձեր ուշադրության ներքո եք պահում հայ ժողովրդին վերաբերող հարցերը»,- Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահը, որպես ասվածի վկայություն, նշել է պարոն Լամմերթի մասնակցությունը Գերմանիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին, ինչպես նաև նրա ելույթը Բունդեսթագի Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստին։ Նորբերթ Լամմերթը վստահություն է հայտնել, որ ՀՀ Նախագահի պաշտոնական այցը և դրա շրջանակներում հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ, նոր մակարդակի կբարձրացնեն հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու կընդլայնեն համագործակցությունը:

Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ և հույս է հայտնվել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի տեսանելի ապագայում: Ի պատասխան ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Լամմերթի հարցին, Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված առաջիկա զարգացումների մասին և շնորհակալություն հայտնել գերմանական կողմին այդ գործընթացում տրամադրված խորհրդատվական աջակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին:

***

 Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Նշելով, որ իր այցը Գերմանիա կայանում է այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի կողմից լրջագույն մարտահրավեր է նետված ԼՂ, ինչպես նաև ՀՀ անվտանգությանը, ՀՀ Նախագահը հանգամանորեն ներկայացրել է այս օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման և իրադրության աննախադեպ սրման պատճառով առաջացած լարված իրավիճակն ու վերջին զարգացումները:

«Այն, որ այս դժվարին պահին ես այստեղ եմ, առավել քան խոսում է այն կարևորության մասին, որ Հայաստանը վերապահում է երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Գերմանիայի դերակատարությանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր»,-ասել է Նախագահ Սարգսյանը` ընդգծելով, որ հաշվի առնելով, որ Մինսկի խմբի համանախագահներին է վստահված ԼՂ խնդրի կարգավորումը՝ ակնկալիքները մեծ են հենց ԵԱՀԿ-ից: Նախագահը նշել է, որ ակնկալվում են խաղաղությանն ուղղված գործնական քայլեր, իսկ 1994թ. զինադադարի ռեժիմի վերականգնումից հետո` այն խստորեն պահպանելուն միտված մեխանիզմների կիրառում։

Գերմանիայի արտգործնախարարը վերահաստատել է իրավիճակի կապակցությամբ հակամարտության կողմերին արված իր կոչը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն ու վերադառնան Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցություններին: Արտգործնախարար Շտայնմայերը կարևորել է ԼՂ հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում մոնիտորինգի վերսկսումը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Նախագահ Սերժ Սարգսյանն այդ առումով անհրաժեշտ է համարել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնումը և նրա գլխավորությամբ գործող գրասենյակի կարողությունների մեծացումը:

ՀՀ Նախագահը և Գերմանիայի արտգործնախարարը քննարկել են դինամիկ զարգացող երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգը, նախանշել մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:

***

 Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր` հանգամանորեն անդրադառնալով ԼՂ հակամարտության շփման գծում իրադրությանը:

Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը

***

Բեռլինում կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հետ:

Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել Նախագահ Գաուկին` նրա մարդասիրական գործունեության համար, նշելով, որ դրա շնորհիվ ԳԴՀ Նախագահի անունն ու գործունեությունը քաջ հայտնի են նաև Հայաստանում։ ՀՀ Նախագահը պատահական չի համարել, որ համայն հայությունը երախտիքով ընդունեց անցյալ տարվա ապրիլին Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագի ժամանակ Նախագահ Գաուկի ելույթը, որը հայ ժողովրդի համար մեծ կարևորություն ունի։ Նախագահ Սարգսյանը նշել է, թե ուրախ է հանդիպել մի մարդու, ով գտավ ամենաճիշտ բառը` բնութագրելու Հայոց ցեղասպանությունը: Նա չափազանց կարևոր է համարել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որով, ըստ Նախագահի, կամբողջանա Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Սերժ Սարգսյանը Գերմանիայի Նախագահին տեղեկացրել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի և կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպումների մասին, գոհունակությամբ նշելով, որ տպավորված է տեղի ունեցած քննարկումներից՝ միտված դինամիկ զարգացող հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը։

ՀՀ Նախագահն ընդգծել է, որ ԳԴՀ հետ հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերն է: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տնտեսական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա, որին կարող է նպաստել նաև զարգացող ապակենտրոնացված փոխգործակցությունը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Յոախիմ Գաուկը հանգամանորեն անդրադարձել են ԼՂ հակամարտության շփման գծում իրավիճակին: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ:

***

 Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 6-ի երեկոյան Բեռլինից մեկնել է Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամ:

Բրանդենբուրգի կառավարությունում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել այդ երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեի հետ:

Նշելով, որ Բրանդենբուրգն ամենաարագ զարգացող երկրամասն է Գերմանիայում, Սերժ Սարգսյանը դրանում կարևորել է երկրամասի քաղաքային իշխանությունների ներդրումը: «Լիահույս եմ, որ մեր երկխոսությունը շարունակական կլինի, և Ձեր արժեքավոր փորձն ու գիտելիքները կծառայեցնեք նաև Հայաստանի և Բրանդենբուրգի միջև համագործակցությանը, այդ թվում՝ ապակենտրոնացված կապերի ընդլայնմանը»,-վարչապետ Վոյդկեի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են տնտեսական ոլորտում փոխգործակցությունը, գործարար համայնքի ներկայացուցիչների միջև շփումների խրախուսումը, այդ համատեքստում` գերմանական ներդրումների ներգրավումը հայաստանյան շուկա: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումներին: Վարչապետ Վոյդկեն կարևորել և ողջունել է բարեփոխումները, որոնք, նրա խոսքով, միտված են ապագային և զարգացման ամենահուսալի ճանապարհն են:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի և Բրանդենբուրգի երկրամասի վարչապետի ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բրանդենբուրգ երկրամասի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար Մարտինա Մյունխը:

ՀՀ Նախագահն այցելել է նաև Յոհաննես Լեփսիուսի տուն-հետազոտական կենտրոն: Սերժ Սարգսյանը կենտրոնի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի ուղեկցությամբ շրջայց է կատարել հետազոտական հաստատությունում, եղել է Լեփսիուսի առանձնասենյակում, որտեղ նրան ցուցադրել են գաղտնի արխիվներում պահվող Լեփսիուսի ձեռագիր փաստաթղթերը:

Շրջայցի ավարտին ՀՀ Նախագահը գրառում է կատարել կենտրոնի պատվավոր հյուրերի գրքում. «Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ և պարզապես որպես հայ՝ խոր երախտիքով եմ գրում այս տողերը: Միայն մեծ մարդասերն ու արդարության անմնացորդ նվիրյալը այդքան հաղորդակից կարող էր լինել մեկ այլ ժողովրդի ցավին։ Յոհաննես Լեփսիսուսի գրչի շնորհիվ է նաև, որ այսօր՝ շուրջ մեկ դար հետո ճշմարտությունը կենդանի է, իսկ ժամանակն անզոր՝ սքողելու մարդկության սև էջերը։ Հայաստանն այսօր կանգուն է՝ հայ ժողովրդով, ինչպես դա ինքն էր փափագում»:

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին Գերմանիայում նաև հարցազրույց է տվել ԳԴՀ հանրային ARD հեռուստաընկերությանը:

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ավարտելով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցը` Հայաստան վերադարձից առաջ հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի և Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ:

Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքն ու հեռանկարները, տնտեսության գերակա ուղղությունները, տարածաշրջանի երկրների համեմատությամբ Հայաստանի հարաբերական առավելությունները, ներդրումային և գործարար միջավայրը, երկրում իրականացվող շարունակական բարեփոխումները, օտարերկրյա ներդրումների հուսալիությունը երաշխավորող Հայաստանի երկկողմ և բազմակողմ իրավապայմանագրային դաշտը, հայաստանյան շուկայում գործող գերմանական ընկերությունների գործունեությունը և հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները:

Գերմանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները ՀՀ Նախագահից հետաքրքրվել են Հայաստանում հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական և բանկային ծառայությունների, ճանապարհաշինության, այլընտրանքային էներգետիկայի, զբոսաշրջության, հյուրանոցաշինության և մի շարք այլ ոլորտների զարգացման միտումներով ու փոխգործակցության հնարավորություններով: ՀՀ Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող այս և բազմաթիվ այլ հարցերի:

Սերժ Սարգսյանը Բեռլինում նաև հարցազրույց է տվել «Դոյչե Վելլե» հեռուստաընկերությանը: 

← Վերադառնալ