28
03, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

Մարտի 28-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ: Սերժ Սարգսյանը նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում: Այն հիմնվել է 1971 թվականին: Թանգարանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող կարևոր կառույցներից է` ունի դրամների, հախճապակյա իրերի, խեցեգործական իրերի, գորգերի, կրոնական պարագաների, դրոշմանիշների, տեքստիլի, մետաղյա իրերի, քարտեզների, տպագիր նյութերի և միջնադարյան մանրանկարչության հարուստ հավաքածու: ՀՀ Նախագահը շրջել է գրադարան-թանգարանում, ծանոթացել ցուցադրանյութին, մշակութային այս հաստատության գործունեության վերաբերյալ զրուցել պատասխանատուների հետ: Հանրապետության Նախագահը գրադարան-թանգարանի հավաքածուն համալրել է Ժանսեմի ստեղծագործություններից մեկով, որը նվեր է հանձնել հաստատությանը:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» և Հայ Յեղափոխական Դաշնակցության «Հայրենիք» կենտրոններ, ծանոթացել հիշյալ կենտրոններում հայկական ավանդական այդ երկու կուսակցությունների ծավալած գործունեությանն ու պայմաններին: Բոստոնի «Հայրենիք»-ը ԱՄՆ արևելյան ափի ամենահին հայկական կենտրոնն է: Այստեղ են տեղակայված ՀՅԴ ԱՄՆ արևելյան ափի գրասենյակը, Հայ օգնության միության կենտրոնակայանը, ինչպես նաև «Հայրենիք» ռադիոկայանի, «Armenian Weekly» և «Hayrenik Weekly» պարբերականների խմբագրատները: ՀՅԴ «Հայրենիք» կենտրոնում է գտնվում նաև կուսակցության արխիվը, որտեղ պահվում են 1918-1920 թվականների Հայկական առաջին հանրապետության և դրան հաջորդող տասնամյակների ընթացքում ՀՅԴ գործունեությանը վերաբերող նյութերը: Կենտրոնում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ: ՀՀ Նախագահը ողջունել և հավասարապես կարևորել է ավանդական կուսակցությունների ազգանվեր գործունեությունն ու մաղթել հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ այցի առաջին օրը եղել է նաև Բոստոնի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում: Ի դեպ, 1991թ. Ուոթերթաունի հայկական համայնքի առաջարկով, Սուրբ Ստեփանոս եկեղեցու փողոցը վերանվանվել է «Արցախ», իսկ 2012թ․ օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով կոչ էր անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին` աջակցել Լեռնային Ղարաբաղի անկախության և ինքնորոշման իրավունքին:

Սուրբ Երրորդություն եկեղեցի այցելությամբ մարտի 28-ին ավարտվել է ՀՀ Նախագահի աշխատանքային այցի առաջին օրը: Սերժ Սարգսյանը եկեղեցու պատվավոր հյուրերի գրքում կատարած գրառման մեջ ընդգծել է հայոց եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը հայապահպանության գործում` չափազանց կարևոր համարելով այդ պատմական առաքելությունը:

***

 Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Մասաչուսեթս նահանգում շարունակում է հանդիպումներ ունենալ այս նահանգում զգալի դերակատարություն և կշիռ ունեցող տեղի հայկական կառույցների, համայնքային գործիչների, ինչպես նաև իրենց հայանպաստ գործունեությսմբ աչքի ընկած նահանգային իշխանությունների ներկայացուցիչների ու հայ ժողովրդի այլ բարեկամների հետ:

ՀՀ Նախագահը մարտի 29-ին այցելել է Բոստոնի Հին հյուսիսային եկեղեցի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Ստեֆան Այերսի և հայ հոգևորականների մասնակցությամբ մատուցվել է Սուրբ պատարագ: Հենց այս եպիսկոպոսական եկեղեցին էր առաջինը, որ դեռևս 18-րդ դարում ԱՄՆ ներգաղթող հայերին հնարավորություն է տվել Պատարագ մատուցել իր պատերից ներս: Բոստոնի հյուսիսային մասում 1723թ. կառուցված եկեղեցին համարվում է քաղաքի ամենահին եկեղեցական շենքը: ՀՀ Նախագահի այցը Ամերիկյան հեղափոխության վրա նշանակալից ազդեցությունն ունեցած հռչակավոր Հին հյուսիսային եկեղեցի նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել ԱՄՆ-ի անկախության խորհրդանիշներից մեկին և գնահատել հայերի նկատմամբ այս եկեղեցու և, առհասարակ, անգլիկան եկեղեցու բարյացկամ վերաբերմունքը:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Հայկական ժառանգության պուրակ», որը հիմնվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության և դրան հետևած այլ ցեղասպանությունների զոհերի, ինչպես նաև ի փառաբանումն Մասաչուսեթսում և Բոստոնում ապաստանած ամերիկահայերի և այլ ներգաղթյալ համայնքների մեծ ներդրման: Հանրապետության Նախագահը պուրակի հիմնման գործում մեծ դերակատարություն ունեցած Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Պատրիկ Դևալի, Բոստոնի քաղաքապետարանի ներկայացուցիչների, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող Մասաչուսեթսի կոմիտեի համանախագահ Ջեյմս Գալուստյանի, պուրակի կառուցումն իրականացրած «Հայոց ժառանգություն» հիմնադրամի գործադիր կոմիտեի անդամ, Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթր Քութուջյանի, հիմնադրամի այլ անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել քաղաքային զբոսայգում, որտեղ գտնվում է «Հայկական ժառանգության պուրակը», այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր` ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Շրջայցի ավարտին ՀՀ Նախագահը նաև հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի հուշարձանի մոտ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Այն հիմնվել է 2011 թվականին և զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաև տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից: Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում և Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում: ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի և գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի հետ, այնուհետև նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մոդեռնա թերափեութիքս»-ում, ծանոթացել ընկերության գործունեությանը, օգտագործվող նոր տեխնոլոգիաներին և միջազգային մի շարք խոշոր դեղագործական ընկերությունների ու հետազոտական հաստատությունների հետ համագործակցություն հաստատած այդ ընկերության առաջիկա ծրագրերին:

Հանրապետության Նախագահը նույն օրը այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ և կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա: Սերժ Սարգսյանը նախ հանդիպում է ունեցել ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, ապա մեդիա լաբորատորիայի համահիմնադիր Նիկոլաս Նեգրոպոնտեի և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մեդիա լաբորատորիայում, որից հետո այցելել է «Սամբերգ» համաժողովների կենտրոն: Այստեղ տեղի է ունեցել ամերիկահայ գիտնականների մասնակցությամբ ընդունելություն և հանդիպում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ու շրջանավարտների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի երրորդ օրը` մարտի 30-ին, այցելել է Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց: Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել միջազգային հարաբերություններով զբաղվող աշխարհի լավագույն դպրոցներից մեկի` Ֆլեթչերի դեկան Ջեյմս Ստավրիդիսի, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի, հիմնադրամի «Թավիթյան կրթական ծրագրի» շրջանակներում Ֆլեթչեր դպրոցում սովորող ՀՀ քաղաքացիների, դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Սերժ Սարգսյանն այդ հանդիպումների ընթացքում պատասխանել է նաև դասախոսներին ու կրթական ծրագրի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման հեռանկարային ու գերակա ուղղություններին և այլն: Թաֆթս համալսարանում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել նաև կրթական այս հաստատության նախագահ Էնթոնի Մոնակոյի հետ:

Ֆլեթչերն առաջարկում է տարբեր կրթաթոշակային ծրագրեր՝ դպրոցում սովորելու ցանկանություն ունեցող ուսանողներին: Ծագումով հայ երիտասարդներին աջակցելու համար 1980-ական թվականներին Ասո Թավիթյանի կողմից հիմնադրվել է «Թավիթյան» հիմնադրամը, որի միջոցներով Հայաստանի անկախացումից հետո Հանրապետության տաղանդավոր բազմաթիվ երիտասարդներ ուսանել են հեղինակավոր այս բուհում, և մինչ այժմ տարբեր պետական հաստատությունների երիտասարդ մասնագետներ շարունակում են օգտվել այդ հնարավորությունից` կատարելագործելով իրենց մասնագիտական կարողությունները Թավթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցում։ Առ այսօր հիմնադրամը ֆինանսավորել է շուրջ 16 ծրագիր ՀՀ պետական հատվածի համար` շուրջ 15 մլն դոլար ներդրում կատարելով կրթաթոշակային ծրագրի իրականացման նպատակով։ «Թավիթյան» հիմնադրամը ֆինանսավորել է նաև Ֆլեթչեր դպրոցի դեկանների և ականավոր դասախոսների այցերը Հայաստան՝ հնարավորություն ընձեռելով նրանց ավելի լավ ծանոթանալու հայ ժողովրդին, տարածաշրջանին և առկա աշխարհաքաղաքական իրողություններին։ Ամեն տարի ծրագրին դիմում են հարյուրավոր մասնակիցներ։ Հիմնադրամը հանձնառու է շարունակելու ծրագիրն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարությունը դրա կարիքը կունենա։ «Թավիթյան» հիմնադրամի և Ֆլեթչեր դպրոցի միջև համագործակցության արդյունքը ծրագրի ավելի քան 250 շրջանավարտներն են, ովքեր վերադարձել են Հայաստան՝ աշխատելու և այդպիսով իրենց ստացած գիտելիքներն ու ունակությունները ներդնելու հայրենիքում։

***

 Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացած հանդիպմանը ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա են սերտ գործընկերային, բարեկամական հարաբերություններ և երախտագիտություն է հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ԱՄՆ-ը ցուցաբերում է Հայաստանին ամենատարբեր ոլորտներում:

Երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է նահանգների և հատկապես Մասաչուսեթսի դերակատարությունը: Հանրապետության Նախագահը նշել է, թե Հայաստանը կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը և այդ առումով ցանկանում է ուղիղ կապեր հաստատել Մասաչուսեթս նահանգի հետ: Համագործակցությունը, Նախագահի համոզմամբ, կարող է կրել ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ նպաստել կրթության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում սերտ կապերի հաստատմանը:

ՀՀ Նախագահը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նահանգապետ Չարլի Բեյքերի վճռական դիրքորոշման և հայ ժողովրդին աջակից լինելու համար: Սերժ Սարգսյանը նշել է, թե ուրախ է, որ Մասաչուսեթս նահանգի ղեկավարությունը պատմականորեն արդար դիրքորոշում է ունեցել այս հարցում, ինչի մասին է վկայում այն, որ 19-րդ դարավերջի համիդյան ջարդերից և Հայոց ցեղասպանությունից մազապուրզ հայերի մի ստվար մաս հաստատվեց հենց այս նահանգում: Ըստ Նախագահի, այդ մասին է խոսում նաև այն, որ նահանգային դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմություն է դասավանդվում:

ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի անկախության համար մղված պայքարում վճռական դեր կատարած Մասաչուսեթս նահանգի առանձնակի վերաբերմունքը ԼՂ հիմնախնդրի նկատմամբ:

Առանձնացնելով Մասաչուսեթսի պատկառելի ներուժը գիտակրթական ոլորտում և նշելով, որ բավական է միայն նահանգում գտնվող մի շարք հեղինակավոր բուհերի շարքում հիշատակել Հարվարդի համալսարանն ու Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիուտը, Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտությամբ է նշել, որ Մասաչուսեթսը և ընդհանրապես ԱՄՆ-ն իր գիտակրթական ներուժով Հայաստանի անկախությունից ի վեր նպաստել է նաև մեր պետականության ամրապնդմանը: Բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում ՀՀ Նախագահը բարձր է գնահատել ամերիկյան կառավարության աջակցությունը:

Ընդգծելով, որ Հայաստան-Մասաչուսեթս հարաբերություններն ունեն խոստումնալից ապագա և Հայաստանը շահագրգռված է Մասաչուսեթսի հետ ակտիվ կապեր հաստատելու հարցում, Սերժ Սարգսյանը հրավիրել է նահանգապետ Չարլի Բեյքերին մեր երկիր։

Հանդիպման ավարտին աշխատանքային ճաշ է տրվել` նահանգապետ Չարլզ Բեյքերի, համայնքային ղեկավարների և Ներկայացուցիչների պալատի անդամների մասնակցությամբ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում մարտի 30-ին այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ: ՀՀ Նախագահը դասախոսություն է կարդացել կառավարման դպրոցում, որից հետո պատասխանել է ունկնդիրներին հետաքրքրող հարցերին` անդրադառնալով հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների օրակարգին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի արդյունքներին, ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին ու ընտրական օրենսգրքի մշակման ընթացքին, իրավական նոր և բարեփոխված կարգավորումներով Հայաստանում անցկացվելիք հետագա ընտրություններին, Հայաստանի տնտեսական զարգացման ներուժին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին:


Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ’Նիլի հետ: Հանդիպման ավարտին Նախագահը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում.«Թերևս ամենաերաշխավորված ներդրումը կրթության մեջ կատարված ներդրումն է. այն մնայուն է` ամբողջ կյանքի համար:


Հարվարդի համալսարանը դրել է որակյալ կրթության ավանդույթների մի բացառիկ նշաձող` իր ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ լաբորատորիաներով, հետազոտական կենտրոններով, գրադարաններով և ամենակարևորը` մարդկային ներուժով:


Ուրախ եմ, որ այսօր հայ երիտասարդները հնարավորություն ունեն սովորելու այս համալսարանում և այստեղ ստացած հիմնավոր գիտելիքները ծառայեցնելու մարդկության առաջընթացին, Հայաստանի ամրապնդմանն ու հասարակության բարգավաճման խնդիրներին»,-գրել է ՀՀ Նախագահը:

 

***

ՀՀ Նախագահի ելույթը Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում

***

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի: Հանրապետության Նախագահը Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արք. Պարսամյանի, Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Օշական արք. Չոլոյանի, «Հայաստան ծառ» ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարի ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Ավելի ուշ կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգևով, խրախուսել շնորհակալագրերով: Մասնավորապես` ՀՀ անկախության տոնի առթիվ, ինչպես նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար բժիշկ, Բոստոնի համալսարանի նախագահ Արամ Չոբանյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար միջոցառումները համակարգող Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոստոնի տարածաշրջանային հանձնախմբի անդամներ `Էնթոնի Բարսամյանը, Ջեյմս Գալուստյանը և Արա Նազարյանը պարգևատրվել են ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

 ***

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

***

Մարտի 31-ին ՀՀ Նախագահը այցելել է Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան: Տնօրեն Հուրի Բոյամյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջել է վարժարանում, հետաքրքրվել կրթական այս հաստատության ընթացիկ գործունեությամբ, առկա խնդիրներով ու ծրագրերով, շփվել վարժարանի սաների և ուսուցիչների հետ: Սուրբ Ստեփանոս եկեղեցու կողմից հիմնված շուրջ 30-ամյա պատմություն ունեցող այս կրթօջախ են հաճախում համայնքի ամենատարբեր տարիքի 170-ից ավելի երեխաներ:

Հանրապետության Նախագահը նույն օրը այցելել է Էդվարդ Քենեդիի անվան ինստիտուտ, որտեղ նրան դիմավորել է ԱՄՆ սենատոր Թեդ Քենեդիի այրի Վիկտորիա Քենեդին և հրավիրել շրջայցի: Ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ինստիտուտի հուշամատյանում: «Ինձ համար խորհրդանշական է գտնվել Էդվարդ Քենեդիի անունը կրող ինստիտուտում. մեծ ամերիկացու, ով իր գործունեությամբ լիարժեքորեն վաստակել է «Հայաստանի բարեկամ» լինելու կոչումը:

Այս ինստիտուտը, որի տեսլականը Սենատորն ուներ դեռ իր կենդանության օրոք, լավագույնս արտացոլում է նրա՝ ժողովրդին անշահախնդիր ծառայելու նվիրումը և հասարակության մեջ քաղաքական ինստիտուտների, մասնավորապես՝ Սենատի նկատմամբ վստահության ամրապնդման ձգտումը: Հենց նման հաստատություններում են աճում քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող սերունդներ, այդ թվում՝ ապագա առաջնորդներ»,-գրել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին Բոստոնից ժամանել է Վաշինգտոն, որտեղ նույն օրը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, ով ՀՀ Նախագահին հանդիպել էր նաև գրեթե մեկ տարի առաջ` 2015թ. մայիսի 7-ին, Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքի առիթով:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրում համատեղ ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ և գոհունակությամբ են փաստել, որ ներկայումս երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության, որոնց շրջանակներում տարեցտարի երկու երկրները նոր ձեռքբերումներ են արձանագրում:

Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, փոխադարձ ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան գործընկերությունն այժմ գտնվում է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում նաև վերջին տարիների տարբեր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների օժանդակությունը` ուղղված ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հանդիպմանը հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակին, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումների շուրջ:

ՀՀ Նախագահը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու գործում հայկական կողմը ապավինում է միջազգային հանրության և հատկապես համանախագահող երկրների ակտիվ միջամտությանը` ձեռնարկելու գործուն քայլեր, քանի դեռ դրանք կարող են որևէ բան փոխել:

Նախագահ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂ հիմնախնդրի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և խաղաղ կարգավորմանն ուղղված ակտիվ ջանքերի համար: Վերջիններիս կողմից իրականացվող քայլերը, ըստ Նախագահի, օրինակելի կարող են լինել շատ այլ երկրների խորհրդարանականների համար:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում խիստ մտահոգված են երկրի անմիջական հարևանությամբ ահաբեկչական խմբավորումների գործունեությամբ և խստորեն դատապարտում են այն: Նախագահը ցավով է նշել, որ տեղի ունեցող վայրագությունների հետևանքով սպանվում և փախստական են դառում նաև Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր, վնասվում և ոչնչացվում են տարածաշրջանում բազմադարյա հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները:

Փոխնախագահ Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը` Սիրիայից մեծ թվով փախստականների ապաստան տալու և սիրիահայերի համար կենսագործունեության հնարավոր պայմաններ ստեղծելու համար:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ Միջին Արևելքում փոքրամասնությունների խնդիրները լուծելու, քրիստոնեական համայնքների վերադարձը խթանելու, նրանց բազմադարյա մշակույթը և ժառանգությունը պաշտպանելու նպատակով գործուն ու արդյունավետ մեխանիզմներ կմշակվեն: Սերժ Սարգսյանը և Ջոզեֆ Բայդենը նաև վստահություն են հայտնել, որ համատեղելով ջանքերը` հնարավոր կլինի դիմակայել առկա մարտահրավերները:

***

Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Միացյալ Նահանգների մայրաքաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր մակարդակի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, միջազգային արդի խնդիրներին, մերձավորարևելյան ճգնաժամին, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ Նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների դերակատարումը տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման գործում, հատկապես՝ ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող: Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ 2014թ. սեպտեմբերին կայացած եռակողմ հանդիպումը, ըստ Նախագահ Սարգսյանի, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԱՄՆ շահագրգռվածության օրինակներից մեկն է:

***

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

***

 

Միջուկային անվտանգության վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են փաստել էներգետիկայի բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցության զարգացումը, որն ամրապնդվել է ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև 2012թ. հոկտեմբերի 18-ին Երևանում ստորագրված «Էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագրով` ամրագրելով երկու երկրների միջև հիշյալ բնագավառում համագործակցության ուղղությունները, ներառյալ միջուկային և վերականգնվող էներգետիկան:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը մեծ ներդրում ունի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներում, որոնք շարունակվում են վերաթողարկումից մինչ այժմ: Նախագահը կարևորել է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի աջակցությունը «Հայատոմ» ԳՀԻ-ին, ինչպես նաև 2012թ-ից մինչ այժմ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ՀՀ էներգահամակարգի տարածաշրջանային ինտեգրմանը միտված մի շարք ծրագրերի իրականացումը:

← Վերադառնալ