Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարում է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:
Գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են տնտեսական առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, անդրադարձել միջազգային արդի մարտահրավերներին, այդ թվում` սիրիական ճգնաժամին, Եվրոպայում լուրջ մարտահրավեր դարձած փախստականների խնդիրներին, ԵՄ անդամ պետություններում քաղաքական իրավիճակին և ԵՄ հարևանության քաղաքականությանը վերաբերող հարցերին:
Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ հետ մեր երկրի հարաբերություններում կարևորագույն տեղ են զբաղեցնում: Սերժ Սարգսյանը խոսել է նաև Մերձավոր Արևելքում զարգացումների ու դրանց հետևանքով ոչ միայն եվրոպական երկրների, այլև գործընկեր պետությունների և համայն մարդկության համար լրջագույն մարտահրավեր դարձած փախստականների ճգնաժամի մասին:
ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում Նախագահը հանդիպում է ունեցել Հունաստանի «Նեա դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ շրջանակներում միջկուսակցական համագործակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Անդրադարձ է եղել նաև ՀՀ Նախագահի օրերս Հունաստան կատարած պաշտոնական այցին և դրա շրջանակներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններին: