15
03, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն


Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 15-ի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն: Նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Նիկոս Անաստասիադիսի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, որի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2016-2018թթ. համագործակցության մասին ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը:

Հայաստանի և Կիպրոսի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարություններով:

Կիպրոսի Նախագահը ողջունել է ՀՀ Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը և վստահություն հայտնել, որ այցի արդյունքում ավելի կամրապնդվեն ու կխորանան հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները: «Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և վերահաստատեցինք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև Կիպրոսի և Հայաստանի գերազանց համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: Մենք հանձնառություն ենք ստանձնել` է՛լ ավելի ամրապնդել և խորացնել մեր համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Այդ փոխադարձ հանձնառության վկայությունն են այն երեք պայմանագրերը, որոնք ստորագրվեցին կրթության և մշակույթի ոլորտներում: Երկու երկրների միջև մինչ այժմ ստորագրվել են տասնհինգ պայմանագրեր, որոնք ցույց են տալիս Կիպրոսի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը: Անշուշտ պետք է նշեմ, որ մեր եղբայրական հարաբերությունների վկայությունն է նաև Կիպրոսում հայկական համայնքի ակտիվ ներկայությունը, որը ներդաշնակ կերպով ինտեգրվել է Կիպրոսի մշակույթին, միևնույն ժամանակ` հպարտությամբ պահպանելով իր մշակույթը, լեզուն և կրոնական ինքնությունը: Մեր հայ հայրենակիցները երկու երկրները շաղկապող շատ կարևոր օղակ են, և նրանց հաջողվում է Հայաստանը մշտապես պահել կիպրոսցիներիս սրտում: Այսօր հաշվի առնելով մեր պատմական, մշակութային և կրոնական կապերը՝ վերահաստատում ենք պատրաստակամությունը շարունակելու և ակտիվացնելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում` մշտապես հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքներին փոխադարձ հարգանքը: Ասածներիս ապացույցը միձայն որոշումն էր, որ 2015թ. ապրիլի 2-ին ընդունեց Կիպրոսի խորհրդարանը` քրեականացնելով Հայոց ցեղասպանության ժխտումը: Մենք Եվրոպական միության անդամ առաջին երկիրն էինք, որ 1982թ. Ճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը: Մեր հնարավորության շրջանակներում և սփյուռքի աշխարհով մեկ սփռված կառույցների միջոցով մենք միավորում ենք մեր ձայնը և դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բանակցությունների ժամանակ մենք հնարավորություն ունեցանք մեկս մյուսին տեղեկացնելու թե՛ կիպրական հարցի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Տեղեկացնեմ այն ջանքերի մասին, որոնցով փորձում ենք լուծում գտնել վերամիավորելու Կիպրոսն ու ձերբազատվել բռնազավթողներից` երկգոտի, երկհամայնքային դաշնության շրջանակներում: Մենք մշտապես ջանում ենք, որպեսզի լուծումը հիմնված լինի եվրոպական արժեքների, սկզբունքների վրա` ամբողջովին պահպանելով մարդու իրավունքները կղզու ամբողջ բնակչության` թե հույն, թե թուրք կիպրոսցիների համար: Եվ այն ինչին մենք ձգտում ենք հասնել, այնպիսի լուծում չէ, որ պետք է ունենա հաղթողներ ու պարտվողներ: Դա մի լուծում է, որ ունի հեռանկար այս կղզու բոլոր քաղաքացիների համար:

Այս հանդիպմամբ հնարավորություն ունեմ նաև տեղեկանալ իմ լավ բարեկամից և ընկերոջից ՝ Սերժից, այն զարգացումների մասին, որոնք կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկխոսությամբ և զերծ ուժի կիրառումից: Կիպրոսը ողջունում է այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորվի այդ հարցը:

Իմ ընկերոջ` ՀՀ Նախագահի հետ մենք նաև քննարկեցինք Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր, և ես կրկնեցի, որ Կիպրոսը կայուն կերպով սատարում է բոլոր հնարավոր ոլորտներում ավելի խորացնելու փոխշահավետ հարաբերությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև: Կիպրոսը սատարում է Հայաստանին Արևելյան գործընկերության շրջանակներում, որովհետև ձեր երկիրը, պարոն Նախագահ, շատ կարևոր և գնահատելի գործընկեր է և բանակցող: Միևնույն ժամանակ, ամբողջությամբ հարգում ենք ձեր կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը, ձեր որոշումները և ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Ավարտելով խոսքս`ուզում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և վստահեցնել, որ այսուհետ էլ ավելի կխորանան և կամրպանդվեն մեր եղբայրական հարաբերությունները»,-ՀՀ Նախագահի հետ բանակցություններից հետո ԶԼՄ-ների առջև հայտարարել է Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

 ***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ-ների առջև` Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ավարտին

***

 Ի պատիվ պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսի անունից մարտի 15-ի երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք, որի ժամանակ երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով : Նրանք անդրադարձել են դարավոր բարեկամությամբ և նույնակունք արժեհամակարգով միմյանց հետ սերտորեն կապված հայ և կիպրացի ժողովուրդների միջև հարաբերությունների առավել խորացման, միջպետական կապերի ամրապնդման երկկողմ հանձնառություններին, ինչպես նաև այդ տեսանկյունից ՀՀ Նախագահի այցից ակնկալիքներին:

«Մեր ժողովուրդների պատմությունները հաճախ նույնական են եղել և ընդհանուր:

Եթե հալածվել ենք, հալածվել ենք նույնանուն արժեհամակարգի համար, որի հիմնադիրն ու կրողն ենք եղել: Եթե պայքարել ենք, պայքարել ենք համատեղ՝ ապավինելով մեր արժեքներին ու մտածողությանը: Եվ այսօր էլ, հավատարիմ մեր որդեգրած սկզբունքներին, անսասան մեր համոզմունքներում, նեցուկ ենք միմյանց մեր արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելիս:

Դրա վառ ապացույցն այն է, որ անցյալ տարի ապրիլին պարոն Անաստասիադիսն անձամբ էր ժամանել Երևան՝ հայտարարելու, որ հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ և որ` «բնականաբար, Կիպրոսը և Հայաստանը միասնաբար են պայքարում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացրած հանցագործների դեմ»:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայ և կիպրացի ժողովուրդների ընդհանուր պատմությունն ու կապերը ոգեշնչման աղբյուր են մեր միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման համար: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր քաղաքական երկխոսությունը, հատկապես վերջին տարիներին, կայուն զարգացում է ապրում: Դրա վառ ապացույցն են Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների, արտգործնախարարների փոխայցերն ու հանդիպումները, շփումները խորհրդարանական մակարդակով: Առկա են բազմաթիվ մշակութային, կրթական առնչություններ: Նշված բոլոր ոլորտների բնականոն գործունեությունն ապահովում է երկկողմ իրավապայմանագրային դաշտը: Առանձնացնեմ մեր երկկողմ ռազմական համագործակցությունը, որ տարեցտարի ավելի է ամրապնդվում:

Հայաստանն ու Կիպրոսն օրինակելի համագործակցություն են իրականացնում նաև միջազգային, եվրոպական ձևաչափերում: Եվ այն, որ մեր երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերում մենք հիմնվում ենք միջազգային իրավունքի տարբեր սկզբունքների վրա, բայց միաժամանակ շարունակում ենք սերտ գործակցել և անկողմնակալ դիրքերից հանդես գալ բազմակողմ հարթակներում, ևս մեկ անգամ փաստում է, որ մեր հարաբերությունները վեր են ցանկացած տեսակի քաղաքական շահերից՝ ամրագրված անցյալի բարեկամությամբ, ներկա եղբայրությամբ և ապագա սերտ համագործակցությամբ:

Հարգելի՛ ներկաներ,

Ասածիս համար պետք չեն ապացույցներ, մեր ողջ պատմությունն է փաստում այդ մասին. ինչի՞ մասին են խոսում Կիպրոսի Թագավորության և Կիլիկյան Հայաստանի միջև ստեղծված քաղաքական և տնտեսական հարաբերությունները, կղզին օտար նվաճողներից պաշտպանելու համար ուս ուսի մղած համատեղ պայքարը, եթե ոչ մեր անցյալի բարեկամության: Ինչի՞ մասին է խոսում Կիպրոսի բարձր ղեկավարության ներկայությունը Երևանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, եթե ոչ ներկա եղբայրության: Ինչի՞ն է միտված իմ այս այցը, ստորագրվող փաստաթղթերը, ընդլայնվող համագործակցության օրակարգը, եթե ոչ ապագա սերտ համագործակցության:

Առաջարկում եմ բաժակ բարձրացնել՝ ի փառս մեր դարավոր բարեկամության, ի փառս հայ և կիպրացի ժողովուրդների և ի փառս այն ընդհանուր արժեքային համակարգի, որ անսասան է դարձնում մեր եղբայրությունը»,- ասել է Հայաստանի Նախագահը:

Կիպրոսի Նախագահը ևս իր բաժակաճառում խոսել է երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության և այդ բարեկամությունն առավել ամուր դարձնող Կիպրոսի հայ համայնքի մասին, որի տաղանդաշատ ներկայացուցիչները, Նախագահ Անաստասիադիսի խոսքով, հարյուր տարի առաջ մազապուրծ լինելով օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից և հաստատվելով Կիպրոսում, տարիներ ի վեր իրենց աշխատասիրությամբ, ստեղծագործ ուժով մեծ նպաստ են բերում Կիպրոսի տնտեսության և այլ ոլորտների զարգացմանը` լինելով գիտնականներ, գործարարներ և ամենատարբեր բնագավառների որակյալ մասնագետներ:

***

 

Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին Կիպրոսի Նախագահի Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: 1598թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել է կիպրական կողմին` Կիպրոսի Հանրապետություն իր պաշտոնական այցի կապակցությամբ:

Նախագահ Անաստասիադիսը շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ խաչքար հուշարձանն արտացոլում է հայ և կիպրացի ժողովուրդների, երկու բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Կիպրոսի միջև անքակտելի կապը. «Մեր ժողովուրդները, որ զոհ են դարձել նույն հանցագործություններին, պայքարել և պայքարում են միջազգային ասպարեզում հանուն իրենց իրավունքների և արժեքների պահպանման: Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այդ ոճրագործությունը: Մեր երկրներն ու ժողովուրդները, իմ ընկեր`Հայաստանի Հանրապետության պարոն Նախագահ, հավատարիմ են միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, խաղաղությամբ խնդիրների լուծմանը և իրենց ապագան որոշում են` հարգանքով վերաբերելով մարդու իրավունքներին: Հայ ժողովրդի այն զավակները, որոնք հարյուր տարի առաջ ցեղասպանությունից փախչելով հաստատվեցին Կիպրոսում, այսօր Կիպրոսի հասարակության ակտիվ և շատ կարևոր մաս են կազմում` միևնույն ժամանակ պահպանելով իրենց լեզուն, ինքնությունը, ավանդույթները և հարգանքով վերաբերելով իրենց ծագմանը, իրենց երկրին ու նաև այն երկրին, որն ընդունեց իրենց: Մենք հպարտ ենք, որ նրանք մեր հասարակության մաս են կազմում:

Կիպրոսը և Հայաստանը շարունակում են զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ միավորելով ուժերը երկու ժողովուրդների կողմից հանուն արդարության տարվող իրենց պայքարում հաղթանակ արձանագրելու համար: Այսօրվա այս հուշարձանի բացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս և հիշեցնում է բոլորին այն խորը և պատմական բարեկամական հարաբերությունների մասին, որոնք առկա են մեր ժողովուրդների միջև»,-ասել է Նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

ՀՀ Նախագահը խորհրդանշական է համարել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից պուրակում տեղադրված` հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ժառանգության ամենայուրօրինակ հորինվածքների մեկի՝ խաչքարի ընտրությունը որպես նվեր և նշել, որ այն այսուհետ Կիպրոսի ժողովրդին ու Կիպրոս այցելող օտարազգիներին կներկայացնի Հայաստանն ու հայ ժողովրդին և կհանդիսանա հայ-կիպրական եղբայրության խոսուն վկան: Այն նաև ահազանգ կհնչեցնի, որ մշակութային ցանկացած դրսևորման դեմ ոտնձգություն ոճիր է մարդկության հանդեպ և կպատգամի միասնականություն աշխարհի առաջադեմ մարդկությանը՝ պայքարելու պատմության ու մշակույթի ինքնատիպ կրիչ հանդիսացող կոթողներին սպառնացող բիրտ ուժի դեմ. «Հայ ժողովրդի հոգևոր արժեքների և քրիստոնեական ոգու խորհրդանիշ դարձած արվեստի այս գլուխգործոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս է կազմում:

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված է ավելի քան 10 հազար խաչքար, և դրանցից յուրաքանչյուրը եզակի է իր հորինվածքով և տարբերվող զարդանախշերով:

Մեզ՝ հայերիս համար, խաչը, եկեղեցին բացառիկ պատմական դերակատարություն են ունեցել։ Պետականության երկարատև բացակայության պայմաններում եկեղեցին հաճախ ստանձնել է պետության դերը, համախմբելով մեր ժողովրդին, իսկ խաչքարը՝ փայփայել ու պահպանել հայ ինքնությունը, ինչն էլ մեզ 25 տարի առաջ հնարավորություն տվեց վերակերտել մեր անկախ պետականությունը:

Ուստի բարեկամ կիպրացի ժողովրդին այս խորհրդանշական նվերի ընտրությունը պատահական չէր: Ոգեղենն ու նյութականը՝ խաչն ու քարը միավորվել ու ոգի են ստացել՝ ամփոփելով մեր պատմությունը, մշակույթը, հավատքը, հոգեկերտվածքը, մտածողությունը: Եթե մեկտեղենք աշխարհով մեկ սփռված բոլոր խաչքարերը, կստանանք թերևս հայ ժողովրդի քրիստոնեական շրջանի ողջ անցած ուղին:

Պատմության ընթացքում արարված յուրաքանչյուր խաչքար խոսում է առանց բառերի, պատմում՝ մեր պատմության փառապանծ էջերի ու ձախողումների մասին, վերելքների ու անկումների մասին: Դրանց շարքերում կան այնպիսիք, որ ցայսօր կանգուն են մայրենի հողում՝ որպես Հայոց պետականության դարավոր վկաներ, կան այնպիսիք, որ սփռված են աշխարհի տարբեր երկրներում՝ կրելով մեր ազգի հիշողությունը: Կան և այնպիսիք, որ մարտնչել են զինվորների պես, ինչպես ավերումից փրկված արցախյան խաչքարերը: Եղել են, ցավոք, և այնպիսիք, որոնք ոչնչացվել են բարբարոսաբար, ինչպիսիք են Ադրբեջանի կողմից Նոր Ջուղայում ոչնչացված 3000 խաչքարերը:

Այստեղ տեղադրված այս հիասքանչ նմուշը կրկնօրինակն է ոչնչացված այդ խաչքարերից մեկի, որը թվագրվում է 16-րդ դարին: Այն ոչնչացվել է, բայց վերածնվել՝ ոչնչացվել է քարը, բայց ոչ երբեք խաչը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Օմիրուին`Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է հյուրընկալվել եղբայրական Կիպրոսում, որի հետ Հայաստանի ներկայիս հարաբերություններն իրենց որակով ոչնչով չեն զիջում երկու երկրների անցյալի բարեկամական կապերին: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ապագայում հայ-կիպրական հարաբերությունները կառուցողները ևս մեծ նվիրվածությամբ են վերաբերելու իրենց գործին` մշտապես հիշելով առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը պահպանելու և ամրապնդելու պատասխանատվության մասին:

ՀՀ Նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը երկուստեք ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները: Նրանք համակարծիք են եղել, որ հայ և կիպրացի ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված ջերմ կապերը նոր արժեք ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո, և միջպետական հարաբերությունները զարգացան փոխըմբռնման ու բարեկամության ոգով: Նախագահ Սերժ Սարգսյանը այդ ամենում բարձր գնահատանքի արժանի է համարել պարոն Իանակիս Օմիրուի անձնական մեծ ավանդը և հիշել նրա նախաձեռնությամբ Կիպրոսում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունումը, ինչպես նաև Կիպրոսի Նախագահի հետ միասին նրա մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի երևանյան միջոցառումներին։


ՀՀ Նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կարևորել են խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների սերտ փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանը և Իանակիս Օմիրուն մտքեր են փոխանակել Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ և փոխադարձաբար վստահեցրել, որ Հայաստանը և Կիպրոսը ամուր կանգնած են կողք կողքի` այդ հարցերի լուծման ճանապարհին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին այցելել է Կիպրոսի համալսարան` հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հանրապետության Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ այդ, ՀՀ Նախագահին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարտկես Մահդեսյանը:

 

← Վերադառնալ