Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում մարտի 10-ի երեկոյան հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
«Հարգելի Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Կարիք չկա բնութագրել մեր երկկողմ միջպետական հարաբերությունները. դրանք, իրոք, ռազմավարական գործընկերային հարաբերություններ են: Ինձ շատ հաճելի է դա փաստել և նշել, որ մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են հաջող:
Իհարկե, կան նաև օբյեկտիվ բնույթի խնդիրներ, նկատի ունեմ, առաջին հերթին, մեր տնտեսական փոխգործակցությունը, չնայած այստեղ էլ մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ մենք կարող ենք բավարաված լինել նրանով, թե ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունների հիմքը: Ես ոչ մի կասկած չունեմ, որ հիմնվելով նախորդ տարիների մեր համատեղ որոշումների վրա, մենք կզարգանանք նաև այդ ուղղությամբ:
Դուք այս տարի ղեկավարում եք ՀԱՊԿ-ը, և մեծ հույս ունեմ, որ կհաջողվի խոսել Ձեզ հետ՝ որպես այդ միջազգային կազմակերպության նախագահողի, քանի որ հենց այդ կազմակերպությունն է պատասխանատու անվտանգության հարցերի, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, նրա համար, որպեսզի մեր սահմաններում ամեն ինչ հանգիստ լինի: Եվ իհարկե, Հայաստանի ներկայացուցիչը՝ արդեն ոչ թե ազգային, այլ միջազգային պաշտոնյայի կարգավիճակում, բայց այնուամենայնիվ` Ձեր գործընկերը, այժմ գլխավորում է մեր առաջատար ինտեգրացիոն տնտեսական միավորումը՝ ԵԱՏՄ-ն: Այդ իսկ պատճառով, մենք խոսելու շատ բան ունենք, և ես ուրախ եմ Ձեզ տեսնել: Բարով եք եկել»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրի: Շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և հարյուր տոկոսով համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում: Սա ընդհանրապես շատ լավ ավանդույթ է՝ հանդիպել տարեսկզբին՝ անցած տարվա աշխատանքի արդյունքներն ամփոփելու և ընթացիկ տարվա ուղեցույցները սահմանելու համար: Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմատեխնիկական, և՛ հումանիտար ոլորտներում մենք լիակատար փոխըմբռնում ունենք, ու այդ հարաբերությունները շատ լավ են զարգանում:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ բոլոր այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք մենք ձեռք ենք բերել մեր նախկին հանդիպումների ընթացքում: Լինելով ՀԱՊԿ-ում նախագահող, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն որոշումների իրականացմանը, որոնք ընդունել ենք ՀԱՊԿ սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջաններում: Մեզ, իհարկե, մտահոգում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարակից տարածաշրջաններում լարված իրավիճակը: Ինչպես դեկտեմբերյան նստաշրջանի, այնպես էլ իմ այլ ելույթներում ես ևս մեկ անգամ բարձրաձայն հայտարարում եմ, որ մենք հաստատապես աջակցում ենք Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը և, իհարկե, ողջունում ենք այն պայմանավորվածությունը, որը Դուք ձեռք եք բերել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ: Այն կարող է դառնալ այդ հարցի քաղաքական լուծման բանալին:
Այսօր, Վլադիմիր Վլադիմիրի, մեկնարկում է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, և քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հանդիսանում է այդ մրցաշարի հովանավորը, մենք բացումը նվիրել ենք Հայաստանի անկախության 25-ամյակին:
Այսօր նաև բացվում է քաղաքակրթական մեծ ցուցահանդես Ռուսաստանի պատմության թանգարանում, և ես վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը Ռուսաստանի քաղաքացիներին դուր կգա և իր ներդրումը կունենա մեր ժողովուրդների բարեկամություն ամրապնդման գործում:
Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք հավատարիմ ենք մնում այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ՌԴ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ավելի ուշ ներկա է գտնվել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը:
ՌԴ մայրաքաղաքում մարտի 10-29-ը կայանալիք մրցաշարին աշխարհահռչակ 8 մասնակիցների հետ մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Երկու շրջանից բաղկացած այդ ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կայանալիք չեմպիոնական մրցախաղին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին այցելել է Պատմության պետական թանգարանում բացված «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպվել է Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում:
Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 160 ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանից: Կազմակերպիչները հրատարակել են նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը` վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման:
Շրջայցի ավարտին թանգարանի հյուրերի մատյանում Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել. «Որպես Հայաստանի Նախագահ՝ ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Ռուսաստանի հնագույն շենքերից մեկում՝ Պատմության պետական թանգարանում, որտեղ անցկացվում է «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված հայ ժողովրդի բազմահազարամյա պատմությանը, որում քիչ չեն մեր եղբայրական ժողովուրդների պատմութան և մշակույթի միահյուսման մասին փառավոր էջերը: Համոզված եմ, որ այստեղ պահվող յուրահատուկ փաստաթղթերի և ցուցադրանմուշների շարքը այսուհետ ևս կհամալրվի հայ-ռուսական հարատև եղբայրության նոր արժեքավոր վկայություններով»:
Նույն օրը Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ՀՀ Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև սահմանադրական արդարադատության ոլորտում բազմամյա և արդյունավետ համագործակցության համար, Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Դմիտրիի Զորկինին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Բարեկամության շքանշանով: ՀՀ Նախագահի կողմից նույն բարձր պարգևին են արժանացել նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Յակովի Չայկան և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Իվանի Բաստրիկինը` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11–ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: Նախագահը ողջունել է մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին և նրանց խաղին հետևող բազմաթիվ երկրպագուներին, մրցաշարին մաղթել հաջողություններ և կատարել առաջին քայլը միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասնակցությամբ շախմատային խաղում: Հայաստանի և ՖԻԴԵ-ի նախագահները մրցաշարին զուգահեռ կայծակնային խաղի չնախատեսված պարիտա են անցկացրել, որն ավարտվել է ՀՀ Նախագահի հաղթանակով:
Ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Ռաշնություն` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր երեկոյան կվերադառնա Երևան: