30
10, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վրաստան

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին: Նախագահներ Սարգսյանը և Մարգվելաշվիլին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարևորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի և Վրաստանի շարունակական համագործակցությունը:

Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ` ընդգծելով տարածաշրջանի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացման կարևորությունն ու այդ ուղղությամբ ևս համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև համատեղ հայտարարություններով: 

 

***

 

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

Զրուցակիցները ջերմությամբ են հիշել ընթացիկ տարվա փետրվարին Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան և երկուստեք կարևորել վերջին տարիներին պարբերական բնույթ ստացած բարձրաստիճան հանդիպումները, որոնք ՀՀ Նախագահի և Վրաստանի խորհրդարանի նախագահի համոզմամբ, նոր շունչ են հաղորդում երկկողմ հարաբերություններին՝ հնարավորություն տալով քննարկել հայ-վրացական համակողմանի օրակարգի արդիական հարցերը:

Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել և կարևորել է ՀՀ Նախագահի այցը, ընդգծելով, որ Սերժ Սարգսյանին Վրաստանում մեծապես հարգում և ընդունում են ոչ միայն որպես Հայաստանի Նախագահի, այլ նաև որպես Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդման մեծ ջատագովի: Դավիթ Ուսուպաշվիլին հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի այցը ևս մեկ առաջընթաց քայլ կդառնա երկու երկրների բարեկամության ամրապնդման գործում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է խորհրդարանականների դերը պատմական ամուր հիմքի վրա կառուցված հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում, նշելով, որ միջպետական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական կապերը վաղուց իրենց հաստատուն տեղն ունեն, ինչի մասին է վկայում երկու երկրների խորհրդարաններում համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների առկայությունը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Վրաստանի զարգացումը, երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցությունը մեծապես պայմանավորված են հայ-վրացական սերտ համագործակցությամբ և հարաբերությունների ամրապնդմամբ: Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին կարևորել են բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ, փոխգործակցության զարգացումը:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ս.թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում տեղի ունեցած Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի մասնակցության համար:

Հանդիպմանը խորհրդարանի նախագահը նշել է, որ Վրաստանում ուշադրությամբ հետևում են Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների գործընթացին և տեղյակ են, որ փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում մասնագիտական խումբն ուսումնասիրել է նաև Վրաստանի փորձը:

Զրուցակիցները կարևորել են երկու պետությունների կողմից` միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի ու խնդիրների նկատմամբ հավասարակշիռ, շրջահայաց և նրբանկատ վերաբերմունքն ու փոխադարձ շահերի հարգումը:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Վրաստանի դերը տարածաշրջանի անվտանգության և կայունության պահպանման գործում:

 

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան աշխատանքային այցի շրջանակներում Թբիլիսիում հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Սերժ Սարգսյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ ավանդական բարիդրացիության, երկու երկրների բարեկամ ժողովուրդների միջև պատմական հենքի վրա խարսխված միջպետական շփումները, այդ թվում` Հայաստանի և Վրաստանի կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը լուրջ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացումը, որոնք, նրանց համոզմամբ, զգալիորեն կխթանեն Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումը, կնպաստեն առևտրաշրջանառության ծավալների աճին:

Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը` ՀՀ Նախագահը և Վրաստանի վարչապետը մատնանշել են դրանց փոխլրացնող բնույթը և ենթակառուցվածքային ծրագրերի փոխկապակցման կարևորությունը:

← Վերադառնալ