16
10, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: ԱՊՀ պետությունների ղեկավարները մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը շնորհավորել են Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` երկրի Նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի, իսկ Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին` խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում նախագահները քննարկել և ընդունել են Համագործակցության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ստորագրել շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-ամյակի առիթով Հայտարարությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Հայտարարությունը, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-րդ տարելիցի կապակցությամբ Դիմումը:

Նիստում հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ապահովման խնդիրներին և կարևորվել այդ ոլորտում փոխգործակցությունը: ԱՊՀ պետությունների ղեկավարները ստորագրել են իրավապահ ոլորտի, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ մի շարք միջազգային պայմանագրեր: Խորհրդի նիստում ընդունվել են նաև մինչև 2020թ. Ռազմական համագործակցության հայեցակարգը, 2016-2020թթ. արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման հարցում համագործակցության ծրագիրը, հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորմանն ուղղվող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմում ներառվող կազմավորումների Ցանկը:

Համագործակցության մասնակից պետությունների նախագահների ուշադրության կենտրոնում են եղել նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության խորացման հարցերը: Կողմերը որոշել են «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրն իրականացնել Թուրքմենստանում՝ այդ երկրի Դաշողուզ քաղաքը հայտարարելով ԱՊՀ-ի 2016թ. մշակութային մայրաքաղաք:

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2016թ. սեպտեմբերի 16-ին, Ղրղզստանում: ԱՊՀ նախագահությունը 2016թ. փոխանցվել է Ղրղզստանի Հանրապետությանը:
 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստանի Հանրապետությունում, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո, մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

Քննարկումների ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկել են միության առավել արդիական խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են երրորդ երկրների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ փոխգործակցության կարգը սահմանող մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամները հաստատել են «2015-2016թթ. Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները» և «ԵԱՏՄ հիմնական գործընկերների հետ միջնաժամկետ հեռանկարում առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները»:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել Իսրայելի Պետության հետ սկսել բանակցություններ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ: Տվյալ որոշումն ընդունվել է համատեղ հետազոտական խմբի զեկույցի արդյունքներով:

Միության պետությունների ղեկավարները հաստատել են ծառայությունների տեսակների ցանկը, որոնց մասով ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլան-ժամանակացույցի համապատասխան: Կողմերը հաստատել են նաև ԵԱՏՄ մարմիններում արտաքին աուդիտի մասին դրույթները:

Կողմերը քննարկել են կադրային և ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետությունում ԵԱՏՄ դատարանի գտնվելու պայմանների և Ղրղզստանի Հանրապետությունից դատավորների պաշտոններում նշանակումների հարցը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունվել է նաև ԵԱՏՄ-ում նոր անդամների ընդունման և անդամակցության դադարեցման Կարգը:

Նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնի ստանձնման հարցը, ըստ որի, սահմանված կարգով այդ պաշտոնը 2016թ. փետրվարի 1-ից անցնում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Տիգրան Սուրենի Սարգսյանին:

← Վերադառնալ