28
09, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

***

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության վարչապետ Մատեո Ռենցիի հետ:

Սերժ Սարգսյանը և Մատեո Ռենցին քննարկել են հայ-իտալական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական փոխգործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստանի և Իտալիայի միջպետական կապերը մշտապես զարգացել են փոխըմբռնման ոգով, սակայն, նրանց կարծիքով, երկու երկրների ներուժը թույլ է տալիս առավել սերտացնել երկկողմ հարաբերությունները: ՀՀ Նախագահը և Իտալիայի վարչապետը կարևորել են երկու երկրների միջև կայուն քաղաքական երկխոսության ակտիվացումը, որին, զրուցակիցների համոզմամբ, կարող են զգալիորեն նպաստել հաճախակի փոխայցերը: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ս.թ. ապրիլին Իտալիա կատարած իր պաշտոնական այցը և դրա ընթացքում Նախագահ Սերջո Մատարելայի հետ ունեցած բովանդակալից ու հետաքրքիր հանդիպումը:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, թե համատեղ ջանքերով երկու երկրները կարող են որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-իտալական միջպետական հարաբերությունները, ինչպես նաև` համագործակցությունը Եվրոպական Միության շրջանակներում։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Իտալիան Հայաստանի համար կարևոր է նաև որպես ԵՄ առաջատար երկիր, որի հետ համընդգրկուն համագործակցության զարգացումը շարունակում է ծանրակշիռ տեղ զբաղեցնել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նախագահը հույս է հայտնել, որ Իտալիան կշարունակի աջակցել ՀՀ-ԵՄ ընթացիկ օրակարգի իրականացմանը:

Հանրապետության Նախագահը կարևորել է 2012թ-ից հայ-իտալական երկկողմ հարաբերությունների օրակարգում իր ուրույն տեղն զբաղեցնող ռազմական փոխգործակցությունը` ընդգծելով, որ ռազմական ոլորտում համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով․ անցյալ նոյեմբերից 32 հայ խաղաղապահ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում, ինչը, ըստ Նախագահի, հիրավի, կարելի է համարել հայ-իտալական համագործակցության հաջողված օրինակ։

ՀՀ Նախագահը և Իտալիայի վարչապետը հանդիպմանը երկուստեք կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Նշելով, որ հայ-իտալական օրակարգի կարևորագույն բաղկացուցիչներից մեկն առևտրատնտեսական հարաբերություններն են` զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին 4 տարվա ընթացքում, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն զգալիորեն մեծացել է: Ավելին՝ նախորդ տարվա ցուցանիշով, Իտալիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի 2-րդ առևտրային գործընկերն է (Գերմանիայից հետո): Սա, կողմերի համոզմամբ, վկայում է, որ ավելի լավ արդյունքների հասնելու լուրջ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվ ջանքեր ներդնել:

ՀՀ Նախագահը և Իտալիայի վարչապետն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ որպես բարեկամ երկիր՝ Հայաստանի համար կարևոր է Իտալիայի շարունակական հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնահարցում։

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել նաև Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ:
Նախագահը բարձր է գնահատել հայ-շվեդական համագործակցությունը, որը, ըստ նրա, վերջին տարիներին նկատելի զարգացում է արձանագրել՝ նշանավորվելով արտաքին գերատեսչությունների ղեկավարների ակտիվ երկխոսությամբ, դեսպանությունների բացմամբ, բազմաբնույթ փոխայցերի իրականացմամբ:

ՀՀ Նախագահը և Շվեդիայի վարչապետը հայ-շվեդական համագործակցության օրակարգում կարևոր տեղ են վերապահել Հայաստան-ԵՄ հարաբերություններին և փոխգործակցությանը: Հանրապետության Նախագահն ընդգծել է Շվեդիայի՝ որպես Արևելյան գործընկերության համահեղինակ երկրի դերակատարումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցները նշել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այդ ոլորտում արձանագրված ցուցանիշներն այսօր, ցավոք, դեռևս չեն համապատասխանում Հայաստանի և Շվեդիայի տնտեսական փոխգործակցության առկա մեծ ներուժին, որի ամբողջական բացահայտման համար, կողմերի համոզմամբ, անհրաժեշտ է պետական մակարդակով խթանել փոխադարձ շփումները, տեղեկատվության փոխանակումը, ձևավորել իրավական լիարժեք բազա, կազմակերպել գործարար համաժողովներ։

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի:

Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը կարևորել են բարեկամ երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության ակտիվացումը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը և այս փուլում առկա մտահոգությունները, մասնավորապես՝ վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածությունը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: Ընդունելության ընթացքում Նախագահներ Բարաք Օբաման և Սերժ Սարգսյանը կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության հարցեր:

***

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: Նախագահը նախ շնորհավորել է Գլխավոր քարտուղարին Կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանը 23 տարի առաջ դառնալով ՄԱԿ-ի անդամ, առաջին իսկ օրվանից զգացել է Կազմակերպության աջակցությունը պետականության կերտման գործում: Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել օրեր առաջ «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» ծրագրի եզրափակիչ գագաթնաժողովի հաջող ավարտի կապակցությամբ, որում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ունի իր ներդրումը: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նոր, համապարփակ ծրագիրը կնպաստի մոլորակի բնակիչների կյանքի որակի բարելավմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Նախագահը Բան Կի-Մունին տեղեկացրել է գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարվածության մասին, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի 70-րդ վեհաժողովի նստաշրջանում: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, աշխարհում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունների` նորանոր հակամարտությունների, տարածվող ահաբեկչության և ծայրահեղականության, Միջին և Մերձավոր Արևելքում աճող լարվածության շուրջ: Բան Կի-Մունը ողջունել և շնորհակալություն է հայտնել մեր երկրին` Հյուսիսային Իրաքից և Սիրիայից փախստականներին Հայաստանում ապաստան տալու քայլերի համար: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կարևորել է առաջիկայում Երևանում կայանալիք խաղաղապահության գլոբալ մարտահրավերներին նվիրված համաժողովը:

***

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ի երեկոյան Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն: Նախագահը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ Նախագահի կազմակերպված ընդունելությանը, որին Հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ներկա են եղել շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ռոբերտ Դոլդը, Ջիմ Կոստան-Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադոն, Ջուդի Չուն և այլոք, հայ համայնքի ազդեցիկ գործիչներ: Կոնգրեսական ընդունելության ժամանակ ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով, որի ավարտին հիմնադրամի անդամները Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուին հանձնել են «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալը: Կոնգրեսականները և հանդիպմանը հրավիրված մյուս գործիչները ողջունել են ՀՀ Նախագահին, ընդգծել, որ, որպես Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամներ, այսուհետ էլ շարունակելու են մնալ Հայաստանի կողքին` օժանդակելով նրա համար կարևորագույն խնդիրների լուծման գործին և նպաստելով Հայաստանի զարգացմանը, հզորացմանն ու բարեկեցությանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության ղեկավար անդամների, «Հայ դատի» գրասենյակի և ԱՄՆ արևելյան ափի ՀՅԴ ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահը ողջունել և կարևորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը, բարձր գնահատել նրանց դերը նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում, քննարկել վերոնշյալ կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը, նաև` դրանց հեռանկարին վերաբերող հարցեր` նկատի առնելով արագ փոփոխվող աշխարհում ի հայտ եկող նոր իրողություններն ու մարտահրավերները, որոնք պահանջում են նորովի, համարժեք մոտեցումներ ու գործողություններ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԱՄՆ իր աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումներն ու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70–րդ նստաշրջանում ունեցած ելույթի հիմնական շեշտադրումները, Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարված իրավիճակը, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Վերոնշյալ հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին` սիրիահայության աջակցության խնդիրների լուծումը պետական հոգածության ներքո պահելու, Հայաստանում մեր հայրենակիցներին ապաստան տալու, նաև Սիրիայում նրանց հնարվորինս աջակցություն ցուցաբերելու համար:

Սեպտեմբերի 30–ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունում հանդիպում կունենա նաև ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

 ***

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի վերջին օրը` հոկտեմբերի 1-ին, Վաշինգտոնում մասնակցել է «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված` «առանց հղումների» ձևաչափով քննարկմանը: ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչների առջև իր ծավալուն խոսքում Նախագահն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին: Նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներն ու իրավիճակը տարածաշրջանում: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև մերձավորարևելյան ճգնաժամին, այդ հարցում Հայաստանի մոտեցումներին: Հանրապետության Նախագահը ներկայացրել է Եվրոպական գործընկերների աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը և Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխությունների տրամաբանությունը:

Սերժ Սարգսյանը պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի` անդրադառնալով, մասնավորապես, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածության միջոցով կայուն տնտեսական աճի հասնելու` մեր երկրի քաղաքականությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին և այլն:

Սերժ Սարգսյանը նաև առանձնազրույց է ունեցել «Քարնեգի» Հիմնադրամի նախագահ Ուիլյամ Բըրնզի հետ:

 

 

← Վերադառնալ