Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տաջիկստանի Հանրապետություն
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Երկու պետությունների ղեկավարները քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտերում, ՀԱՊԿ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, երկկողմ կապերի հետագա ամրապնդման ու փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորություններին: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովորդների բարեկամությունը և Հայաստանի ու Տաջիկստանի միջև փոխըմբռնման և հարգանքի առկա մակարդակը ամուր հիմք են` համատեղ ջանքերով զարգացնելու և խորացնելու միջպետական հարաբերությունները, սերտացնելու միջխորհրդարանական կապերը, հեռանկարային նախագծերով հարստացնելու հայ-տաջիկական համագործակցության տնտեսական օրակարգը:
Էմոմալի Ռահմոնը ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանին և ընդգծել, որ Տաջիկստանը շահագրգռված է Հայաստանի հետ շարունակելու զարգացնել ավանդական բարեկամական հարաբերությունները, խորացնել կապերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Միջպետական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման տեսանկյունից Նախագահ Ռահմոնը կարևորել է երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որը, նրա համոզմամբ, կնպաստի նաև առևտրաշրջանառության ծավալների աճին:
Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման տեսանկյունից երկուստեք կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այցելություն կատարել Հայաստան, որը Նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհակալությամբ ընդունել է:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը մտքեր են փոխանակել երկու երկրների համար օրակարգային հարցերի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, որոնց նախագահները հանգամանորեն կանդրադառնան նաև վաղը կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում: ՀՀ Նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ՀՀ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Բանակցություններն ընթացել են նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նիստը շարունակել են ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների Հայտարարությունը:
Խորհրդի նստաշրջանում ունեցած ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնին` հրավերի և հյուրընկալ Դուշանբեում ջերմ ընդունելության համար, բարձր գնահատել 2015թ. Կազմակերպությունում Տաջիկստանի ակտիվ նախագահությունն ու ՀԱՊԿ անդամ պետությունների միջև փոխգործակցության զարգացման գործում ունեցած էական ներդրումը, ապա ներկայացրել ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված ձևաչափով բանակցությունների ժամանակ իր ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ ամփոփել են նստաշրջանի արդյունքները: