05
06, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ին հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ:

Քաղաքապետ Էստրոզին ողջունելով Նախագահին՝ նշել է, թե մեծ պատիվ է, որ Հայաստանն աշխարհի ամենահայտնի փառատոններից մեկի՝ «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի պատվավոր հյուրն է:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ Նիցցան Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ քույր քաղաք է, իսկ բարեկամ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար՝ յուրահատուկ երկիր: Նախագահը նշել է, որ Հայաստանում ծանոթ են քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի գործունեությանը և հայերի նկատմամբ նրա հոգատար վերաբերմունքին: Սերժ Սարգսյանի խոսքով, ս.թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Նիցցայում անցկացված հիշատակի ոգեկոչման միջոցառումները, հայ ժողովրդի մեծ վշտին հաղորադակից լինելը և այլոց ևս հաղորդակից դարձնելը այդ վերաբերմունքի վկայությունն է:

Նիցցայի քաղաքապետը նշել է, թե հայ ժողովրդի ապրած ողբերգության ճանաչումը, իր համոզմամբ, բոլորի պարտքն է: Նա գոհունակությամբ է խոսել Երևանի և Նիցցայի միջև ձևավորված հարաբերությունների ու համագործակցության մասին, ընդգծել, որ Հայաստանի Նախագահն իրենց համար մշտապես ցանկալի հյուր է: Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին նաև տեղեկացրել է, որ ծրագրում է մինչև տարեվերջ այցելել Երևան և ավելի ամրապնդել Երևանի ու Նիցցայի միջև բարեկամական կապերը, քննարկել համագործակցության նոր հնարավորությունները:

 

***

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ՝ ս. թ. հունիսի 5-8-ը, Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը:

Հայաստանն այս հեղինակավոր փառատոնին ներկայանում է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով: Որպես «Միդեմ-2015» փառատոնի խորհրդանիշ է ընտրվել և մշակվել նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով և խորհրդանշում է ոգեշնչման չորս հիմնական հայկական տարրերը` հողը, օդը, ջուրը և կրակը:

Կաննում Հայաստանը փառատոնի օրերին լիարժեք ներկայացված է նաև վիզուալ առումով: Ողջ քաղաքը զարդարված է հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարում են հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված է Հայաստանին։

Կաննի գլխավոր պողոտան՝ Կրուազետը, հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ողջ երեկո փակվել է, և դադարեցվել է երթևեկությունը։ Կաննի ամենահայտնի և պատմական առումով հիշարժան «Կարլտոն» հյուրանոցում տեղի է ունեցել «Միդեմ»-ի բացման երեկոն, որտեղ հանդես է եկել «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթը։ Կառլտոնի ծովափնյա հատվածում մինչև ուշ գիշեր ելույթ են ունեցել «Դորիանս» ռոք խումբը, «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը և DJ Beatman-ը։

«Կարլտոն» հյուրանոցի սրահում բացվել է յուրօրինակ ցուցահանդես, որտեղ ներկայացվել է նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երկու մեծամասշտաբ, նոր գեղանկարները, ինչպես նաև դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած՝ հնագույն հայկական մոտիվներով հագուստները:

Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաև հայ ազգային խոհանոցն ու խմիչքները:

Հունիսի 5-ին Միդեմում Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը: Նախագահը համերգային ծրագրերին ներկա գտնվելուց բացի, երեկոյի ընթացքում հանդիպումներ է ունեցել երաժշտական աշխարհում ամենահեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների հետ։
Ֆլորիան Դրուկեն Գերմանական երաժշտական արդյունաբերության դաշնային ասոցիացիայի գործադիր տնօրենն է։ Այս ասոցիացիան աշխարհում երրորդն է ԱՄՆ-ից, Ճապոնիայից հետո։ Հեղինակավոր այս կառույցի ղեկավարն առաջարկել է ՀՀ Նախագահին Կոմիտասի ժառանգության հիման վրա համատեղ նոր ծրագրեր ու նախագծեր իրականացնել։

«Մոնտրո» ջազի միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն Մեթյու Ջեյթոնը Նախագահ Սերժ Սարգսյանին իր հիացմունքն է հայտնել դաշնակահար Տիգրան Համասյանի տաղանդի ու պրոֆեսիոնալիզմի մասին, ապա առաջարկել է հեղինակավոր այս փառատոնի մասնաճյուղը բացել Հայաստանում։

Ժան Նոել Թրոնքը «Sacem» աշխարհի երկրորդ ամենամեծ երաժշտական ասոցիացիայի գլխավոր տնօրենն է, ով ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է իրենց կազմակերպսւթյան 90-ամյակի առթիվ հաջորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել հեղինակային իրավունքին նվիրված մեծ կոնֆերանս։

«Միդեմ» երաժշտական փառատոնը կշարունակվի ևս երեք օր՝ հագեցած համերգային ծրագրերով, դասախոսություններով ու ցուցադրություններով։

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին Կաննի փառատոնների պալատում մասնակցել է «Միդեմ-2015» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է փառատոնի տաղավարներով, այցելել պատվավոր հյուրի կարգավիճակով այս տարի փառատոնին մասնակցող Հայաստանի տաղավար, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի տաղավարներ: Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է «Հայաստանի պուրակ»: Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնառի, արարողությանը հրավիրված պաշտոնատար այլ անձանց և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի զոհված հայորդիների հիշատակին` ՀՀ Նախագահը և Կաննի քաղաքապետը ծաղկեպսակներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Կաննում հունիսի 6-ին ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլյոր Պերրելինինին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նախագահ Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ապրիլին Փարիզի Շատլե թատրոնում տեղի ունեցած «Համաշխարհային հայկական նվագախմբի» համերգի առթիվ։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու և հարգանքի տուրք մատուցելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտների կազմած ժամանակավոր նվագախմբի համերգները շարունակական կդառնան։

Հայկական կողմն առաջարկել է Ֆրանսիայում բացել սյուռեալիստական դպրոցի հայ ներկայացուցիչների ցուցահանդես։ Ինչպես նաև Ֆրանսիայի նախարարին առաջարկվել է շարունակել հայ-ֆրանսիական համատեղ կինոարտադրությունը, և որպես դրա լավագույն օրինակ նշվել են Ռոբեր Գեդիկյանի ֆիլմերը։ Երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել կինոփառատոն, որի ընթացքում կներկայացվեն համատեղ նկարահանված ֆիլմերը։ Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարները ՀՀ Նախագահին զեկուցել են վերոնշյալ հարցերի շուրջ փոխգործակցություն ծավալելու նպատակադրվածության մասին:

 

***


Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ի երեկոյան Կաննում մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տրված գալա ընթրիքին և հանդես է եկել ելույթով:

Մինչ այդ ցուցադրվել է «Մենք հայեր ենք» խորագրով հոլովակը: «Մենք հայեր ենք» 5 րոպե տևողությամբ հոլովակում ներկայացվել են աշխարհասփյուռ մոտ 50 ճանաչված հայեր, ովքեր իրենց նվաճումներով հայտնի են ամբողջ աշխարհում:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն: Հանրապետության Նախագահը երգչուհի Ռոզի Խուրշուդի Հովհաննիսյանին (Ռոզի ԱՐՄԵՆ) Հանրապետության տոնի առթիվ, հայապահպանության, հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Պատվո շքանշանով: Պատվո շքանշանով է պարգևատրվել նաև կինոռեժիսոր, դերասան Ռոբեր Գեդիգյանը՝ հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման, հայապահպանության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

Սերժ Սարգսյանը հունիսի 7-ին Կաննում ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին:

← Վերադառնալ