Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լատվիայի Հանրապետություն
ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշի հետ:
Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան և ընդգծել այդ դինամիկան զարգացնելու կարևորությունը: Սերժ Սարգսյանը և Անդրիս Բերզինշը երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հետագա ընթացքին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը Լատվիայի Նախագահը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը, իր գնահատմամբ, պրագմատիկ որոշում էր, իսկ ՀՀ բազմակողմ հավասարակշիռ մոտեցումը ողջունելի է: Ըստ նրա, այսօր ԵՄ-ում դրա արդյունավետությունն ու օգտակարությունն ավելի ու ավելի են ըմբռնում:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Լատվիայի հետ զարգացնել հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում: Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդհանուր սկզբունքների հիման վրա բարեփոխումների իրականացման և երկրում ժողովրդավարության խորացման ուղղությամբ:
Նախագահներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին Ռիգայում մասնակցել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական միջպետական հարաբերություններին վերաբերող հարցեր՝ գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին շրջանում նշանակալիորեն ընդլյանվել և հարստացել է հայ-գերմանական համագործակցության օրակարգը, որն ամրապնդվել է համագործակցության շուրջ վեց տասնյակ համաձայնագրով:
Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:
Հայաստանի Նախագահը և Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին: Այդ հարաբերությունների խորացման գործում ՀՀ նախագահը կարևորել է ԵՄ-ում ծանրակշիռ դեր ունեցող Գերմանիայի դերը:
Անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այդ կապակցությամբ Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում Գերմանիայում տեղի ունեցած հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին: Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում արտահայտած դիրքորոշման համար:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
***
Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 22-ին Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 22-ին Ռիգայում հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ:
Քննարկվել են հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հարցեր:
Նշելով, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Եվրոպական միության ռազմավարական գործընկերներից մեկը, Շվեդիայի վարչապետը ողջունել է Հայաստանի՝ Եվրասիական միության և ԵՄ միջև կապող կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը, ինչը, նրա համոզմամբ, կարող է դառնալ համագործակցության կարևոր հարթակ:
ՀՀ Նախագահը և Շվեդիայի վարչապետը միջպետական հարաբերություններում կարևոր տեղ են վերապահել առևտրատնտեսական կապերին և ընդգծել այդ ոլորտում փոխգործակցությունը խորացնելու, հայաստանյան շուկայում շվեդական ներդրումներն ու նոր ընկերությունների մուտքը խթանելու և խրախուսելու ուղղությամբ երկկողմ աշխատանքի անհրաժեշտությունը:
Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը հայ-շվեդական հարաբերությունների առավել ամրապնդման գործում կարևորել են Երևանում և Ստոկհոլմում բացված դեսպանությունների գործունեությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի իշխանություններին՝ ս.թ. ապրիլին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայացած ոգեկոչման միջոցառումներին Շվեդիայի պաշտոնական մասնակցության համար: