08
05, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին. Հայաստանի Նախագահը Կարմիր հրապարակում, բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ՌԴ Նախագահի տոնական ընդունելությանը: Երեկոյան՝ Կարմիր հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ և հրավառություն: Նախագահ Սերժ Սարգսյանը միջոցառումներին մասնակցող հյուրերի հետ Կարմիր հրապարակում դիտել է Մեծ հաղթանակի եզրափակիչ միջոցառումը:
Մայիսի 10-ին Սերժ Սարգսյանը Կարմիր հրապարակում այցելել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորավարի հիշատակին:

 

***

 

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ:
Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունների հետագա զարգացումն ու այդ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը: Երկկողմ կապերի ամրապնդման գործում նախագահները մեծ տեղ են վերապահել փոխայցելությունների ակտիվացմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի կողմից ձեռնարկված բարեփոխումները, որոնք ուղղված են երկրում կայունության հաստատմանն ու Եգիպտոսի զարգացմանը և արդեն իսկ տալիս են որոշակի արդյունքներ, հիմքեր կստեղծեն նաև հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելու նախկին ակտիվությամբ ու արդյունավետությամբ:

Եգիպտոսի Նախագահը վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները և համագործակցությունը շատ ավելի մեծ զարգացում կունենան, քան նախկինում էր:

Նա նշել է, որ իր երկիրը բարդ ժամանակաշրջան է անցել, և նախորդ տարվա ընթացքում Եգիպտոսում շատ բան է արվել անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ: Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին դրվատանքով է խոսել եգիպտահայ համայնքի մասին, նշելով, որ հայերին Եգիպտոսում մշտապես վերաբերվել են որպես եղբայրների: Հայաստանի և Եգիպտոսի նախագահները երկուստեք կարևորել են եգիպտահայ համայնքի դերը երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում: Այս համատեքստում ընդգծվել է Եգիպտոսի պետականաշինության մեջ մեծ դեր ունեցած այնպիսի անհատների դերը, ինչպիսին է եգիպտահայ քաղաքական գործիչ, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ընթացիկ տարում տեղի ունեցող միջոցառումներին, Մերձավոր Արևելքի ներկա իրավիճակին և տարածաշրջանային այլ խնդիրների:

 

← Վերադառնալ