18
03, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն

 


Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի եվրոպական օրակարգին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող՝ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, հայ ժողովրդի համար հատուկ խորհուրդ ունեցող 2015 թվականին, երբ աշխարհասփյուռ հայությունը հայրենիքում և նրա սահմաններից դուրս ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ կարևորելով ցեղասպանությունների լիարժեք միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես մարդկության դեմ գործած հանցագործության կանխարգելման միակ արդյունավետ միջոց: Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև ԵԺԿ-ի հետ Հայաստանի հանրապետական կուսակցության արդյունավետ փոխգործակցությանը:

Օգտվելով առիթից, Հանրապետության Նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ, ընդգծելով, որ դրանով ԵԺԿ-ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին և սկզբունքներին իր հավատարմությունը:

Հայաստանի Նախագահը կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին գագաթնաժողովին ներկա հրավիրյալների մասնակցությունը, ընդգծելով որ մեր ժողովրդի համար դա եվրոպական արժեքների հաղթանակի, եվրոպական առաջադիմության խորհուրդ կպարունակի և կլինի «Այլևս երբեք» կարգախոսի ամենախոսուն մարմնավորումը: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին՝ ապրիլի 24-ին Երևան այցելելու իր հրավերն ընդունելու և այդ օրը հայ ժողովրդի հետ Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու պատրաստակամության համար:

 

***


Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ կառուցողական երկխոսությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք, կողմերի համոզմամբ, կարևոր տեղ են զբաղեցնում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում:

Սերժ Սարգսյանը և Դոնալդ Տուսկն անդրադարձել են նաև 2014թ. տարեվերջից ԵՄ-ի հետ քննարկվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակը ձևավորելու հարցին և Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում Նախագահը Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանն այցի ավարտին ծավալուն հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և ընթացիկ տարում նախատեսված հիշատակի ոգեկոչման միջոցառումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին և մի շարք այլ թեմաների:

 

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ