Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ (Վատիկան)
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը Հռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյա արմատներ ունեցող` այժմ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակի, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա: Ցուցահանդեսում ընդգրկված են Մերձավոր Արևելքի ինը երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը:
Ցուցահանդեսը, որ ս.թ. օգոստոսի 24-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և նրա հովանու ներքո, Հռոմից բացի, կշրջի այլ քաղաքներում ևս:
Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսի թեմայի կարևորության, նպատակի, Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակի և առհասարակ քրիստոնեության գոյության, սոցիալական, մշակութային արժեքների պահպանման նկատմամբ խորը մտահոգության մասին իրենց ելույթներում խոսել են նաև Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցո, Սուրբ Աթոռի մշակույթի հարցերով քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին:
***
***
Նախագահն այցելել է նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին: Հանրապետության Նախագահը դիմելով եկեղեցում հավաքված հավատացյալ ժողովրդին՝ նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին առանձնահատուկ նշանակություն և դերակատարություն է ունեցել: Ընդգծելով, որ հայ ժողովուրդը տևական ժամանակ պետականություն չի ունեցել. վերջին հայկական թագավորությունը մարել է 600 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին պետության շատ գործառույթներ վերցրել է իր վրա: Նախագահի խոսքով, Հայաստանում համարում են, որ նաև դրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը կարողացել է անցնել պատմության քառուղիներով և հասնել 21-րդ դար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Սուրբ Բարդուղիմեոսը, ում անունով կոչվում է Հռոմում՝ Տիբեր կղզու վրա գտնվող այս եկեղեցին, համարվում է Հայ եկեղեցու հիմնադիրներից մեկը: «Թող Աստված մեզ բոլորիս ուժ ու կարողություն տա, որպեսզի մենք մեր քրիստոնեական արժեքները կարողանանք փոխանցել մեր սերունդներին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի պատիվ Հայաստանի Նախագահի՝ սեպտեմբերի 18-ին Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի անունից տրվել է ճաշ:
***
Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:
Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից: Զրուցակիցները կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու փոխադարձ պատրաստակամության մասին: Սերժ Սարգսյանը և Նորին Սրբությունը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության մասին: Հանդիպման ընթացքում Նախագահը Սրբազան Քահանայապետին պաշտոնապես հրավիրել է 2015թ. այցելել Հայաստան: Սրբազան Քահանայապետը սիրով ընդունել է հրավերը, վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան:
Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վատիկանյան հարաբերությունների ներկան և զարգացման հեռանկարը: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին ժամանակահատվածում այդ հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով և գործակցության ամենատարբեր հարթություններում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում քրիստոնիաներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող արդի հիմնախնդիրները: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կարդինալ Պիետրո Պարոլինին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել նաև Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին այցելել է Վատիկանյան թանգարաններ, որտեղ նրա մասնակցությամբ բացվել և մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարը տեղադրվել է Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։
Թանգարանային մասնաշենքի մուտքի մոտ ՀՀ Նախագահին դիմավորել են Վատիկանի նահանգապետ Կարդինալ Ջուզեպպե Բերտելլոն, Վատիկանյան թանգարանների տնօրեն պրոֆեսոր Անտոնիո Պաոլուչին և սեկցիաների ղեկավարները: ՀՀ Նախագահն ուղեկցվել է հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ: Խաչքարի բացմանը ելույթներ են ունեցել Կարդինալ Բերտելլոն և պրոֆ. Անտոնիո Պաոլուչին: Թանգարանի վիմագրական նմուշների պատասխանատու պրն. Ֆիլիպինին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ պրոֆ. Աննա Սիրինյանը ներկայացրել են խաչքարի պատմությունը, որից հետո ելույթ է ունեցել նաև Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Բանախոսները նշել են, որ հայկական մշակույթի վառ օրինակ խաչքարը հայտնաբերվել է 17-րդ դարում Վատիկանում Ս.Պետրոսի հրապարակի շրջակայքում։
ՀՀ Նախագահը Վատիկանյան թանգարաններին նվիրել է հայ ժամանակակից քանդակագործ Կարեն Բաղդասարյանի քանդակը։