Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 9-ին Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մասնավորապես անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին:
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանին և շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու և Սոչի այցելելու համար:
«Կարիք չկա բնութագրել հայ-ռուսական հարաբերությունները. դրանք կրում են բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթ, ինչի մասին են խոսում նաև Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի, Հայաստանի ղեկավարության վերջին որոշումները: Աշխատանքը կատարվում է, և ես կցանկանայի Ձեզ տեղեկացնել այն մասին, թե այդ ուղղությամբ ներկա պահին այն ինչ վիճակում է գտնվում:
Բայց, անշուշտ, մենք նաև երկկողմ օրակարգի շատ հարցեր ունենք, ինչի մասին մենք այսօր, անկասկած, կխոսենք, ինչպես նաև հնարավորություններ կան ավելի մանրամասն քննարկել ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերը: Ուստի մեր օրակարգը շատ մեծ և հագեցած է»,-ասել է ՌԴ Նախագահը:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այս հանդիպման նպատակով Սոչի այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել. «Մեր վերջին հանդիպումից անցել է երեք ամիս և մեր որոշ պայմանավորվածությունների արդյունքներն ամփոփելու անհրաժեշտություն կա: Բացի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգից, ես նույնպես կցանկանայի քննարկել որոշ հարցեր՝ կապված ինտեգրացիոն գործընթացների, ավելի կոնկրետ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հետ:
Իհարկե, մեզ անհանգստացնում է իրավիճակը Ուկրաինայում: Եթե Դուք անհրաժեշտ կհամարեք, Վլադիմիր Վլադիմիրի, տեղեկացրեք մեզ այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը, իսկ ես իմ հերթին մանրամասնորեն Ձեզ կտեղեկացնեմ մեր տարածաշրջանում իրավիճակի մասին և հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման պատճառների մասին»:
Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՌԴ Նախագահին՝ ջերմ ընդունելության և աշխատանքային լավ պայմաններ ստեղծելու համար:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 9-ին Սոչիում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարին:
***
Սոչիում օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները:
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է. «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանում ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար: Մենք երեկ հնարավորություն ունեցանք խոսել երկկողմ հարաբերությունների մասին և՛ Հայաստանի Նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ: Երեկոյան նաև ոչ պաշտոնական շփում ունեցանք: Իհարկե, փառք Աստծո, մենք երեկ երեկոյան չանդրադարձանք գործնական բնույթի հարցերի, բայց, այնուամենայնիվ, միմյանց հետ տարբեր թեմաներով խոսելու հնարավորություն կար: Իմ կարծիքով, դա որոշակի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի բացեիբաց խոսենք ամենադժվար, ամենածանր հարցերով՝ կապված տարածաշրջանային կարգավորման հետ: Բնականաբար, գոյություն ունեն այդ խնդիրների լուծման, ղարաբաղյան կարգավորման միջազգային ձևաչափեր, և, անկասկած, մենք հարգանքով ենք վերաբերում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց, ելնելով նրանից, որ մեզ մոտ ամեն դեպքում յուրահատուկ, առանձնահատուկ սերտ հարաբերություններ են, այնպիսի խոր նախապատմություն է, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել, թե որտեղ ենք մենք գտնվում և ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Ամեն դեպքում, ինձ թվում է, որ դա օգտակար է: Ամեն դեպքում օգտակար է: Եվ ես շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր հանդիպելու և բոլոր այդ թեմաներով խոսելու հնարավորության համար: Եթե ինչ-որ բան ունեք ավելացնելու, խնդրեմ»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ադրբեջանի նախագահն ասել է. «Շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրի: Շնորհակալ եմ այդ հարցում Ձեր վերաբերմունքի համար: Ինչպես մենք երեկ քննարկեցինք, այդ հարցը պահանջում է իր լուծումը, այն չափազանց երկար ձգձգվեց: Հուսով եմ, որ Ձեր անձնական մասնակցությունը այդ գործընթացում նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին: Ինչպես Դուք նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափը: Գոյություն ունի նաև հակամարտությունների կարգավորման իրավական բազա: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա: Մինսկի խումբը՝ ի դեմս իր համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես գտնում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև կհամապատասխանի արդարությանը»:
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի և՛ Ձեր ջանքերի, և՛ Ձեր ժամանակի համար՝ այս բարդ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ուշադրություն հատկացնելու համար: Մենք՝ անձամբ հայկական կողմը, դա, իհարկե, շատ բարձր ենք գնահատում: Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ տեղ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի: Ես շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք տրամադրված եք հիմնախնդրի լուծմանը, և այդ հարցի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից»:
«Ես հաճույքով եմ արձանագրում, որ Ադրբեջանի Նախագահն ուշադրություն դարձրեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա: Եվ Դուք, այժմ դրա մասին ասացիք: Դա, իրականում, ամենակարևորն է, քանի որ չկա ավելի ողբերգական բան, քան մարդկանց մահը: Պետք է, այնուամենայնիվ, ելնել նրանից, որ կոնֆլիկտային իրավիճակը ձևավորվել է վաղուց, մեզ է հասել անցյալից, մեզ է հասել, կարելի է ասել և պետք է ասել, որպես Խորհրդային Միության ժառանգություն, և մենք պետք է դրսևորենք համբերատարություն, խոհեմություն, հարգանք միմյանց նկատմամբ, որպեսզի այդ լուծումը գտնենք: Անկասկած, յուրաքանչյուր բարդ իրավիճակ կարող է լուծվել, եթե կա բարի կամքի դրսևորում: Ես կարծում եմ, որ նման բարի կամք և՛ ադրբեջանցի ժողովրդի, և՛ հայ ժողովրդի մոտ առկա է»,- ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: