24
04, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Չեխիայի Հանրապետություն


Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին մասնակցել է Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:


***


Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը

***


Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հնարավորություններին, նախանշել միջպետական կապերի ամրապնդման հեռանկարները: Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելություններն ու հանդիպումները, որոնք, նրանց համոզմամբ, երկու երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության հավաստիքն են և զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակներում հայ-վրացական հարաբերությունների հետագա ակտիվացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար, ինչը լայն հնարավորություններ է ընձեռնում երկու պետությունների միջև կառուցողական համագործակցության համար՝ նկատի առնելով Հայաստանի և Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերը:

Խոսելով տնտեսական փոխգործակցության զարգացման մասին՝ նախագահներ
Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին կարևորել են տրանսպորտի և տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև փոխշահավետ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը:

Հայաստանի և Վրաստանի նախագահներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին Չեխիայում մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը

***

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին Պրահայում ներկա է գտնվել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը: Այն չեխահայ համայնքին և Պրահային է նվիրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Միջոցառմանը մասնակցել են չեխ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, Չեխիայի խորհրդարանի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի և չեխ հասարակայնության ներկայացուցիչներ: Օծման արարողությունից հետո Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել խաչքարին՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:

← Վերադառնալ