07
04, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան

 

Ապրիլի 8-ին Թուրքմենստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև համագործակցության մասին համաձայնագիր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի համագործակցության մասին պայմանագիր, Երևան և Աշգաբատ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Թուրքմենխովայելլարի» պետական ազգային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015 թվականների համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են բանակցությունների արդյունքներն ամփոփող հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն:

 

***

Հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն

 

2014 թվականի ապրիլի 8-9-ը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան:

Բանակցությունների ընթացքում, որոնք անցան բարեկամության և փոխվստահության մթնոլորտում, տեղի ունեցավ կարծիքների կառուցողական փոխանակում երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրի, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության շուրջ: Նախագահները նշեցին փոխհամաձայնության ձեռքբերումը հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:

Երկու պետությունների ղեկավարներն արտահայտեցին միահամուռ կարծիք առ այն, որ 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-թուրքմենական համագործակցությունը հասել է նշանակալի արդյունքների:

Նշելով քաղաքական միջպետական երկխոսության բարձր դինամիկան` երկու երկրների ղեկավարները դրական գնահատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված փաստաթղթերի իրագործումը, գոհունակություն հայտնեցին հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակից, ինչպես նաև հաստատեցին դրանց հետագա խորացման պատրաստակամությունը:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահները փաստեցին միջազգային քաղաքականության հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնումը, հաստատեցին միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցությունն ակտիվացնելու մտադրությունը: Նախագահներն ընդգծեցին ջանքերի համադրման անհրաժեշտությունը համընդհանուր և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում, որոնց անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքմենստանը: Կողմերը հաստատեցին գլոբալ հարցերի լուծման, կայուն զարգացման ապահովման, աշխարհում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Միավորված ազգերի կազմակերպության և նրա հաստատությունների դերի բարձրացման կարևորությունը:

Ղեկավարվելով հիշատակված սկզբունքներով` ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի հիման վրա, երկու պետությունների ղեկավարներն արտահայտվեցին բարձրագույն մակարդակում քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Երկու պետությունների ղեկավարները նշեցին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքմենական համատեղ միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը, մասնավորապես, հեռանկարային բնագավառներում գործնական փոխգործակցության ակտիվացման հարցում: Այդ կապակցությամբ, ընդգծվեց Հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը` առևտրատնտեսական կապերի բնագավառում կոնկրետ արդյունքների ձեռքբերման նպատակով: Պետությունների ղեկավարներն արտահայտվեցին երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի միջև կապերի հետագա ամրապնդման օգտին և այդ համատեքստում ողջունեցին Աշգաբատում գործարար համաժողովի անցկացումը:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն առանձին ուշադրություն դարձրեցին հումանիտար բնագավառում համագործակցությանը` ընդգծելով համապատասխան կազմակերպությունների, մշակույթի և արվեստի գործիչների, հետազոտական կենտրոնների, կրթական հաստատությունների ու զանգվածային լրատվամիջոցների միջև կապերի կարևոր նշանակությունը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն գիտության և տեխնիկայի, սպորտի և զբոսաշրջության բնագավառում համագործակցության զգալի ակտիվացման վերաբերյալ:

Երկու պետությունների ղեկավարները, ողջունելով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացումը, պայմանավորվեցին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի մշակույթի օրերի կազմակերպման համար:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն ընդգծեցին երկկողմ համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա կատարելագործման և ընդլայնման կարևորությունը:

Երկու պետությունների ղեկավարները հաստատեցին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, զենքի ապօրինի առևտրի դեմ պայքարի բնագավառում, ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ` համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հայկական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության, ջերմ և բարեկամական ընդունելության համար ու հրավիրեց Թուրքմենստանի Նախագահին պաշտոնական այցով այցելել Հայաստանի Հանրապետություն` իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվեց երախտագիտությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:


***

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

***

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 8-ին այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին Նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան, մզկիթ և Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան: Հայաստանի Նախագահը ծաղկեպսակներ է դրել Թուրքմենբաշու դամբարանում և Սահմանադրության հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել: Սահմանադրության հուշարձանի պատվավոր հյուրերի արահետում Սերժ Սարգսյանը նաև ծառ է տնկել:

***

 

Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 8-ի երեկոյան Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ և թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին, երկու երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հայաստանի Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ հայ-թուրքմենական հարաբերությունների, Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին հնչեցրած ջերմ խոսքերի համար: Սերժ Սարգսյանը խոսելով երկու ժողովուրդների պատմականորեն ձևավորված հարաբերությունների մասին՝ նշել է, որ դրանք հարյուրամյակների պատմություն ունեն՝ հայ-թուրքմենական առաջին շփումները հասնում են մինչև 13-15-րդ դարեր: Նախագահի համոզմամբ, պատմական անցյալը վկայում է երկու ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի, դժվարին պահին միմյանց աջակցելու պատրաստակամության վրա հիմնված խորը հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանն այդ համատեքստում երախտագիտությամբ է հիշել բարեկամ թուրքմեն ժողովրդի սրտացավ և հյուրընկալ վերաբերմունքը դժվարին իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր որպես փախստականներ լաստանավերով հասել են նախկին Կրասնովոդսկ՝ փնտրելով փրկություն 20-րդ դարի ինչպես սկզբում, այնպես էլ վերջում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ:

Նախագահը գոհունակությամբ է խոսել Թուրքմենստանում տարբեր բնագավառներում զգալի հաջողությունների հասած հայերի մասին, ընդգծելով, որ նրանք միշտ պատրաստակամությամբ և անկեղծ ցանկությամբ են մասնակցություն ունեցել Թուրքմենստանի զարգացման, հետագա բարգավաճման գործին: Թվարկելով մի շարք անուններ՝ Նախագահը նշել է, որ այդպիսի անունները և օրինակները հայ և թուրքմեն ժողովուրդների բարեկամական հարաբերությունների պատմության մեջ մեծաթիվ են: Սերժ Սարգսյանը կարևորել է հարաբերությունների նման բնույթը պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը, որին է միտված նաև ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Թուրքմենստան:

Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է բաժակ բարձրացնել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման ու երկու երկրների ժողովուրդների խաղաղության և բարեկեցության համար:

***


Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 9-ին մայրաքաղաք Աշգաբատից մեկնել է Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ դիտել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը:

 

← Վերադառնալ