28
11, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լիտվայի Հանրապետություն

 

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:

ԵԺԿ-ի նախաձեռնած հանդիպման նպատակն է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ քննարկել գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերություններին և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Լիտվայի Նախագահի անունից Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարների պատվին տրվող պաշտոնական ճաշին:

***

Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում մասնակցել է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի լիագումար նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:


***

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովում ընդունվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համատեղ հայտարարություն:

***


Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ է ունեցել: Քիչ առաջ ավարտվել է Հանրապետության Նախագահի հանդիպումը Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս այցելած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին, ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն զգալիորեն նպաստում են հաճախակի փոխայցելությունները, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակներում:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կարևորել են նաև ակտիվորեն զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը, երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենի արդյունքում հաջողությամբ զարգանում են հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանում ներդրումների ծավալով Ֆրանսիան ԵՄ երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համակարծիք են եղել, որ այդուհանդերձ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացման զգալի ներուժ գոյություն ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք նպատակաուղղված աշխատանք իրականացնել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:

Սերժ Սարգսյանը և Մարիանո Ռախոյը քննարկել են հայ-իսպանական հարաբերությունների օրակարգին և երկկողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումն ու փոխգործակցության ամրապնդումը առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, համագործակցությունը բազմակողմ ձևաչափում՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ:

Անրի Մալոսը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ: Հանրապետության Նախագահը Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել փոխգործակցությունը ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հետ՝ ակտիվորեն ներգրավվելով հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերում:

 

← Վերադառնալ