18
11, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ավստրիայի Հանրապետություն

 

Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո:

Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ»:

***

Ավստրիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Նախագահ Հայնց Ֆիշերի հետ: Քննարկվել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին և այդ համատեքստում այսօր Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը և Հայնց Ֆիշերը գոհունակությամբ են արձանագրել, որ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող երկու բարեկամ երկրների միջև ձևավորված առևտրատնտեսական համագործակցությունը, մշակութային, կրթական կապերը զարգացման ներուժ ունեն: Այդ ներուժի լիարժեք օգտագործման համար զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունները, գործարարների միջև ակտիվ շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, ինչպես նաև հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է անցյալ տարի կայացած Ավստրիայի Նախագահի պաշտոնական այցը Հայաստան, որը, նրա խոսքով, մեծ խթան հանդիսացավ երկու երկրների և ժողովուրդների բարեկամության հետագա խորացման ու ամրապնդման համար:

Հանդիպման ավարտին Նախագահ Հայնց Ֆիշերը վերահաստատել է 2014թ. Ավստրիա այցելելու Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերը, որը ՀՀ Նախագահը սիրով ընդունել է:

 

 

← Վերադառնալ