16
09, 2013

Նախագահ մասնակցել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը


Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:

Մայր Տաճարի օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Արարողությանը ներկա է եղել և իր օրհնությունն է բերել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ներկա են եղել նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի պետական և հասարակական գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանի և արտերկրի խոշորագույն թեմերի առաջնորդներ, Ռուսաստանի Դաշնության կրոնական հարանվանությունների առաջնորդներ, ներկայացուցիչներ և բարերարներ:

Մոսկվայի կենտրոնում ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառուցված հայկական եկեղեցական համալիրը, որի շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռևս 2006 թվականից, ընդգրկում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով և գոտևորված է խաչերով, զարդաքանդակներով ու մեսրոպատառ գրերով: Համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին և ՌԴ մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդի մասին, ներկայացնում Հայոց պատմության դարակազմիկ էջերը` գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, ոսկե դար և այլն: Զարդաքանդակներն ու պատկերաքանդակները ներդաշնակորեն համադրված են եկեղեցական համալիրով մեկ սփռված հայ քանդակագործության խորհրդանիշը դարձած բազմաթիվ խաչքարերի հետ:

Մայր Տաճարի օծման հանդիսավոր արարողությունից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպիչների, բարերարների և հյուրերի հետ միասին եկեղեցու վարչական շենքի նախասրահում դիտել է «Հայերը Մոսկվայում. պատմական ուղին» ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը, Հայաստանի ազգային արխիվը, ՌԴ արխիվի դաշնային գործակալությունը, Մոսկվայի արխիվի գլխավոր վարչությունը և Մոսկվայի կենտրոնական պետական արխիվը:

Հարուստ ցուցադրանյութը ներկայացնում է Մոսկվայի հայ համայնքի պատմության ավելի քան հինգհարյուրամյա ժամանակաշրջանը՝ XIV դարի վերջից մինչև XX դարի սկիզբը: Ցուցահանդեսը կոչված է նպաստելու հայ ժողովրդի կյանքում եկեղեցու և համայնքի դերի ընկալմանն ու բարձրացմանը, հայկական և ռուսական մշակույթների փոխհարստացման գործընթացին:

Հանրապետության Նախագահն այցելել է նաև համալիրի կրթամշակութային և հյուրանոցային մասնաշենքեր, որից հետո եկեղեցու բակում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Սիրո և եղբայրության» հուշաղբյուրի բացման արարողությանը:

← Վերադառնալ