11
07, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոլդովայի Հանրապետություն:

Մինչ մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկը, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության Նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-մոլդովական քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու և առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առկա ներուժը լիարժեքորեն չի օգտագործվել, և այժմ անհրաժեշտ է երկկողմ ակտիվ աշխատանքով, հաճախակի փոխայցելություններով ու տարբեր մակարդակի հանդիպումներով լրացնել բաց թողնվածը, ինչը բխում է երկու բարեկամ ժողովուրդների շահերից: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը:

Երկու երկրների նախագահների երկկողմ, ապա ընդլայնված ձևաչափով բանակցություններից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են ՀՀ մշակույթի նախարարության և ՄՀ մշակույթի նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՄՀ գյուղատնտեսության և սննդարդյունաբերության նախարարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ, քննարկել՝ փոխշահավետ տարբեր ոլորտներում Հայաստանի և Մոլդովայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները: Զրուցակիցները, այդ առումով, երկուստեք կարևորել են ՀՀ և ՄՀ միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Քիշնևում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Արևելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցեր:

Գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանրապետության Նախագահն անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, գործընկերության նախաձեռնությանն անդամագրվելով՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, երկրում իրականացվող բարեփոխումներին: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Նախագահը խոսել է նաև էներգետիկ համագործակցությունը էներգետիկ թելադրանքի վերածելու՝ ադրբեջանական քաղաքականության անթույլատրելիության մասին, երբ պարտադրում են լռել ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների խախտումների բացահայտ դեպքերի ժամանակ անգամ: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ապօրինի շրջափակման հարցին՝ շեշտելով, որ փակ սահմաններն իրենց բնույթով հակասում են Եվրոպական միության էությանն ու արժեհամակարգի առանցքին:

Սերժ Սարգսյանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է նաև համատեղ մամուլի ասուլիսին, որտեղ անդրադարձել է քննարկումների արդյունքներին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մեր երկրի համար կարևորագույն մի շարք հարցերի վերաբերյալ: Նախագահը գագաթնաժողովի քննարկումները համարել է օգտակար և կառուցողական: Նա ընդգծել է, որ վստահ է՝ գագաթնաժողովն իր դրական ներդրումն ունեցավ ինչպես ԵԺԿ, այնպես էլ Արևելյան գործընկերության նպատակների իրականացման ճանապարհին: «Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մոլդովական կողմին՝ այս գագաթնաժողովը հյուրընկալելու համար: Ընդամենը մի քանի ամիս առաջ մենք Երևանում հյուրընկալեցինք համանման միջոցառում և շնորհակալ ենք պարոն Մարտենսին, ԵԺԿ Արևելյան գործընկերության գագաթնաժողովների ավանդույթը և ձևաչափը ձևավորելու համար:

Գործընկեր պետությունների եվրամերձեցման գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ գործակցությունն է, քաղաքական մշակույթի և ի վերջո՝ արժեհամակարգի մերձեցումը: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կարևոր դերակատարում ունի եվրոպական ինքնության տարածման, գործընկեր պետությունների հետ համագործակցության խորացման գործում:

Այսօր մենք քննարկեցինք Արևելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Մեզ համար սրանք շատ շոշափելի, կոնկրետ հարցեր են: Արդյունավետ աշխատելու համար Արևելյան գործընկերությունը պետք է հասկանալի և հասու լինի գործընկեր պետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք ինքներս մեզ պետք է հարցնենք` ինչպե՞ս է մեր այս կամ այն համաձայնագիրը հեշտացնում քաղաքացու կյանքը, ինչպես է այն ազդում Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացու կյանքի որակի վրա: Լինի դա տնտեսության առաջընթաց, անվտանգության խնդիր, քաղաքական կայունության և ամրապնդված ժողովրդավարության տեսքով՝ մեր քաղաքացիները պետք է հստակ տեսնեն, թե ինչ իրենք ստացան այս գործընթացից:

Արևելյան գործընկերության գոյության ավելի քան չորս տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը ցույց է տալիս, որ այն իր մեջ պարունակում է մեծ ներուժ տարածաշրջանային համագործակցության և գործընկերության խորացման հարցերում: Մեր պատկերացման մեջ Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը:

Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեծապես կարևորում է փակ սահմանների պրակտիկային վերջ դնելը: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ Մաքսային միության հետ առևտուրը չի կարող լինել արդյունավետ»,-համատեղ մամուլի ասուլիսում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ