Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն:
Հանրապետության նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման Հայաստան-Եվրամիություն բանակցություններին, մարդկանց տեղաշարժի դյուրացման, ինչպես նաև մեր երկրի բարեփոխումներին աջակցելու ձևաչափի շուրջ ԵՄ-ի հետ ծավալված երկխոսությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատելով Եվրոպական միության հետ Հայաստանի սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ընդգծել է որ անկախացումից ի վեր ԵՄ-ի հետ մեր երկրի մերձեցումը և եվրաինտեգրման քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի փոխայցելությունները:
Անդրադարձ է եղել ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին: Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը նշել է, որ կարևոր է շարունակել Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները, թեև կայացած խորհրդարանական ընտրությունները, տիկին Էշթոնի խոսքով, լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում:
***
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի և Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսի հետ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ նման հանդիպումները լավ առիթ են ինչպես միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, այնպես էլ Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության առաջընթացը և խնդիրները քննարկելու համար:
Հանդիպմանը կարևորվել է ԵՄ-ի հետ խորհրդարանական հարթությունում, նաև երկկողմ՝ ՀՀ ԱԺ-ի և Եվրախորհրդարանի, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոնեստի շրջանակներում համագործակցությունը: Կողմերի համոզմամբ, նման հարթակները օրենսդիրների համար լավ հնարավորություն են սերտ կապեր հաստատելու եվրոպացի և արևելյան գործընկերության ձևաչափի երկրների իրենց գործընկերների հետ և քննարկելու համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Երկուստեք նշվել է, որ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը վկայում է կողմերի պատրաստակամության և հիմնական խնդիրների շուրջ մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքին և Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսին ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ներկայում Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատանքներ են տարվում այդ բարեփոխումների ռազմավարությունից բխող համատեղ գործողությունների ծրագիր մշակելու շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է Եվրոպական հարևանության «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը:
***
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական միության հետ Հայաստանի վերընթաց զարգացող հարաբերություններին, համագործակցության ընդլայնման նպատակով մի շարք ուղղություններով՝ Ասոցացման համաձայնագրի, Մուտքի արտոնագրերի և Ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի, Հայաստան-Եվրամիություն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ ընթացող բանակցություններին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ քննարկումներում առանցքային նշանակություն ունեցող՝ Հայաստանում բարեփոխումների լայն օրակարգին:
Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին և իր մտահոգությունները ներկայացրել հակամարտության շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում արձանագրված ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների կապակցությամբ: ԵԺԿ գագաթնաժողովի մասնակիցներին Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումն այս հարցում՝ վերահաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով միջազգայնորեն ընդունված նորմերի սահմաններում լուծելու Հայաստանի պատրաստակամությունը, ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ ղեկավարությանը և բոլոր անդամ կուսակցություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և հայաստանյան երկու այլ՝ ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցություններին ԵԺԿ մեծ ընտանիքի մաս դառնալու հարցում ցուցաբերած աջակցության համար: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ դա կխթանի Հայաստանի եվրոպական ինտեգրմանն ու մեծապես կնպաստի համագործակցության ծրագրերի իրագործմանը:
Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորել է օրվա հիմնական քննարկման թեման՝ նշելով, որ եվրոյի ձախողումը անկանխատեսելի սպառնալիք է ոչ միայն Եվրոպայի ապագայի կամ հարևանների հետ ինտեգրացիոն գործընթացներին, այլև համաշխարհային տնտեսության համար:
***
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
Զրուցակիցները քննարկել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության ընդլայնմանը, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Հայաստանում համապարփակ բարեփոխումների իրականացմանը, ներքաղաքական միջավայրին, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Զրույցի ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական մարմիններում ՀՀԿ պատգամավորների անդամակցությունը ԵԺԿ խմբակցություններին: