Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան նախ այցելել է Զոհված հերոսների հուշարձան և Հո Շի Մինի դամբարան, ծաղկեպսակներ դրել և հարգանքի տուրք մատուցել:
Վիետնամի նախագահի նստավայրում այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Չիոնգ Տան Շանգի հանդիպումը, որին հաջորդել է հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին, ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին hամաձայնագրեր և ՀՀ արտաքին գործերի նախարարության ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, երկու երկրների ղեկավարները հանդիպում են ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ամփոփել բանակցությունների արդյունքները:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Չիոնգ Տան Շանգն ընդգծել են, որ Վիետնամը և Հայաստանն ավանդական սերտ բարեկամական կապեր և դինամիկ զարգացող քաղաքական երկխոսություն ունեն, հաջողությամբ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, սակայն տնտեսական հարաբերությունների մակարդակը դեռևս չի համապատասխանում հայ-վիետնամական քաղաքական հարաբերությունների մակարդակին և առկա ներուժին:
Հայաստանի և Վիետնամի նախագահները տնտեսական փոխգործակցության զարգացման համար կարևորել են իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ստեղծումը: Այսօր ստորագրված փաստաթղթերը երկու երկրների ղեկավարներն այդ ուղղությամբ արված առաջին քայլն են համարել:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կողմից միջկառավարական հանձնաժողովներ ձևավորելու մասին, ինչը, կողմերի համոզմամբ, ավելի գործնական հարթություն կտեղափոխի տարբեր ոլորտներում հայ-վիետնամական համագործակցությունը:
Հեռանկարային է համարվել առևտրատնտեսական, գիտատեխնիկական, անվտանգության, պաշտպանության, կրթության, կադրերի պատրաստման, իրավապահ մարմինների միջև փոխգործակցության, զբոսաշրջության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացումը:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Չիոնգ Տան Շանգը հանդիպման ավարտին ընդգծել են, որ Հայաստանը և Վիետնամն ունեն հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու քաղաքական կամք, ինչը երկու երկրների ժողովուրդների բարեկամության հետ միասին լավ հիմք են ընդլայնելու և խորացնելու Հայաստանի և Վիետնամի միջև կապերը: Այդ նպատակով, նախագահները կարևորել են նաև երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը:
Վիետնամի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` իր երկրի համար դժվարին ժամանակներում՝ դեռևս խորհրդային տարիներին, Վիետնամին ցուցաբերած օգնության, ինչպես նաև հայաստանյան բուհերում վիետնամցի բազմաթիվ ուսանողների համար պատշաճ կրթության ապահովման համար: Նախագահ Չիոնգ Տան Շանգի հավաստմամբ, այդ բուհերի շրջանավարտներից շատերը վերադառնալով Վիետնամ, մեծ ներդրում են ունեցել երկրի վերականգնման ու զարգացման գործում և այժմ էլ շարունակում են իրենց գիտելիքներով ու փորձով օգտակար լինել Վիետնամին:
Երկու երկրների նախագահները հայ և վիետնամցի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում կարևորել են հայաստանյան բուհերի հիշյալ շրջանավարտների դերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հանոյում այսօր հանդիպում է ունեցել նաև նրանց հետ, ովքեր մայրաքաղաք Հանոյ են ժամանել երկրի տարբեր բնակավայրերից:
Վիետնամցի շրջանավարտները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին հանդիպման հնարավորության համար և նշել, որ Վիետնամում հայաստանյան բուհերի հազարից ավելի շրջանավարտներ կան, ովքեր մինչև այժմ հետաքրքվում են Հայաստանով, հետևում նրա զարգացումներին:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ջերմ և անմիջական զրույցի ընթացքում հայաստանյան բուհերի վիետնամցի շրջանավարտները պատմել են Երևանի մասին իրենց տպավորությունները, հիշել այնտեղ անցկացրած ուսանողական տարիները և ցանկություն հայտնել կրկին այցելել Հայաստան:
Հանրապետության ղեկավարը նրանց բոլորին սիրով հրավիրել է Երևան, ներկայացրել, թե ինչպիսին է այժմ ժամանակակից Հայաստանը, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Նախագահը Հանոյում այցելել է նաև Գրականության տաճար: «Կրթության այս հազարամյա տաճարը վկայում է գիտելիքի հանդեպ վիետնամցի ժողովրդի տածած ակնածանքի և սիրո մասին»,-Գրականության տաճարում շրջայցից հետո պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել Նախագահ Սերժ Սարգսյանը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նգույեն Տան Զունգի, Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի և Ազգային Ժողովի նախագահ Նգույեն Շին Հունգի հետ:
Հանդիպումների ժամանակ բարձր են գնահատվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Վիետնամի նախագահ Չիոնգ Տան Շանգի բանակցությունների արդյունքները, կարևորվել են ստորագրված փաստաթղթերը: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի ամրապնդման համար՝ հայ-վիետնամական հարաբերությունները բարձրացնելով որակական նոր մակարդակի:
Հանդիպումների ժամանակ կողմերն ընդգծել են, որ չնայած Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 20 տարի առաջ, սակայն երկու բարեկամ ժողովուրդները միմյանց հետ շփվել են շատ ավելի վաղուց:
Վիետնամի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը քննարկել է տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վիետնամի կողմից միջկառավարական հանձնաժողովների ստեղծումը: Կարևորվել է նաև երկու երկրների շուկաների հնարավորությունների և պահանջարկի մասին տեղեկացվածության բարձրացման, Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման նպատակով գործարար համաժողովների, ցուցահանդեսների անցկացումն ու գործարարների միջև շփումների խթանումը:
Նկատի առնելով, որ և՛ Հայաստանը, և՛ Վիետնամը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են ու տնտեսական քաղաքականության մեջ առաջնորդվում են ընդհանուր շատ կանոններով՝ Նախագահ Սարգսյանը և Վիետնամի վարչապետն անդրադարձել են երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում փոխգործակցության զարգացմանն ու հայ-վիետնամական առևտրատնտեսական կապերի ամրապնդման հնարավորություններին:
Վարչապետ Նգույեն Տան Զունգը վստահեցրել է, որ Վիետնամի կառավարությունը կանի հնարավորը՝ կյանքի կոչելու Հայաստանի և Վիետնամի նախագահների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Վիետնամի Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի հետ հանդիպմանը քննարկվել են ինչպես երկու երկրների միջև տարբեր մակարդակներում հարաբերությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի և Վիետնամի իշխող կուսակցությունների միջև համագործակցության ձևավորման հետ կապված հարցեր:
Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգույեն Շին Հունգի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել է հայ-վիետնամական միջխորհրդարանական կապերի ստեղծման և ամրապնդման, այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում պատգամավորական բարեկամական խմբերի ստեղծման հնարավորությունները:
Նգույեն Շին Հունգը Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում ԱԺ ընտրությունների հաջող անցկացման և Նախագահի գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Օրվա ավարտին ի պատիվ Հայաստանի նախագահի՝ Վիետնամի նախագահ Չիոնգ Տան Շանգի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: