05
06, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ին պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա:

Սենդայ քաղաքում Նախագահն այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք և Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ:

Նախագահն իր և պատվիրակության անունից ողջունել է աղետից տուժած Սենդայի բնակիչներին և նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մոտ մեկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցված էին և ուշի-ուշով հետևում ու աղոթում էին Ճապոնիայի ժողովրդի համար: «Այդ ժամանակ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց: Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքներին միացան հազարավոր հայեր և աղոթեցին բոլոր զոհերի հիշատակի համար:

Մենք գիտակցում և ընկալում էինք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը: Դուք բազմաթիվ հարազատներ ու մտերիմներ եք կորցրել, և ես գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առջև»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել բարեկամ Ճապոնիայի օգնությունն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ. Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում՝ միաժամանակ հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետևանքները: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պատմության ընթացքում մեծ արհավիրքների դիմակայած ճապոնացիներն այս դժվարությունն էլ կհաղթահարեն և Ճապոնիայի կառավարությունը ժողովրդի հետ միասին կկարողանա լիովին վերացնել աղետի հետևանքները:

«Ճապոնիայի ժողովուրդն այս փորձությունից ավելի կոփված է դուրս գալու: Ցանկանում եմ, որ բոլորն ունենան իրենց տանիքը, տներում մանկան ճիչ լսվի, ընտանիքները լցվեն ջերմությամբ ու խաղաղությամբ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Սենդայում Հանրապետության ղեկավարին ներկայացրել են նաև ցունամիի հետևանքով ավերված օդանավակայանում իրականացված վերականգնողական աշխատանքները:

***


Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ:

Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցած 20 տարիների ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները զարգացում են ապրել: Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը հույս է հայտնել, որ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների առավել զարգացման, համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման համար:

Տակահիրո Յոկոմիչին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ Ճապոնիա այցելության առաջին օրը աղետից տուժած բնակավայր մեկնելու, տուժածների հետ հանդիպման և կարեկցանքի ու զորակցության խոսքերի համար: Նա նշել է, որ Ճապոնիան չի մոռացել 2011թ. աղետից անմիջապես հետո Հայաստանի ցուցաբերած աջակցությունը և երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին, ով նույնպես նման մեծ արհավիրք է վերապրել:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է զարգացնելու Ճապոնիայի հետ հարաբերությունները և շնորհակալություն է հայտնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զգալի տեխնիկական և այլ աջակցության համար՝ ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը կարևորել են նաև միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցությունը:

Նրանք համոզվածություն են հայտնել, որ ՀՀ նորընտիր խորհրդարանում առաջիկայում Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ձևավորումից հետո միջխորհրդարանական կապերը երկու երկրների միջև ավելի կամրապնդվեն:

Հանդիպման ավարտին Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել Խորհրդարանում, այցելել նիստերի դահլիճ:

Տոկիոյում Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև «Տոշիբա» գիտությունների թանգարան, որտեղ Նախագահին ներկայացրել են ավելի քան 130 տարվա պատմություն ունեցող հանրահայտ «Տոշիբա» ընկերության անցած ուղին, գործունեությունը, ամբողջ արտադրատեսականին, ցուցադրել ընկերության հեռանկարային և առաջադեմ տեխնոլոգիաները:

 ***

Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա: Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ:

Հանդիպման սկզբում Նախագահը նախ ցավակցություն է հայտնել արքայազն Տոմոհիտո Միկասանոմիյայի մահվան կապակցությամբ:

Հանրապետության նախագահը և Ճապոնիայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նրանք երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում:

Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նոդայը նշել են, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հատկապես կարևորվել է բնական աղետների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաև գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտները:

Ճապոնիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը մտադիր է միջազգային հանրության հետ կիսվել ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված փորձով և այդ նպատակով երկուստեք կարևորվել է Ճապոնիայի հետ Հայաստանի համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև արդյունավետ և փոխաջակցության ոգով զարգացող փոխգործակցությանը և կարևորել դրա շարունակականությունը:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ հայ-ճապոնական քաղաքական երկխոսությունը վերջին շրջանում ակտիվացել է, ինչի վկայությունն է նաև Տոկիոյում ՀՀ դեսպանության բացումը, կարևորվել է Հայաստանում ևս Ճապոնիայի դեսպանատան հիմնումը: Զրուցակիցները քննարկել են նաև Հարավկովկասյան և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների արդի հիմնահարցեր՝ արձանագրելով դրանց խաղաղ և բանակցային ճանապարհով լուծման երկու երկրների մոտեցումների ընդհանրությունը:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Յոշիհիկո Նոդան ստորագրել են Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ճապոնիայի վարչապետի համատեղ հայտարարությունը:

Հունիսի 6-ի երեկոյան ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

 ***

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 7-ին Տոկիոյում հանդիպում է ունեցել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ, ում հետ առանձնազրույցում քննարկվել են հայ-ճապոնական բարեկամությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր:

***

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 7-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Նախագահը հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ:

Զրուցակիցները քննարկել են էլեկտրատեխնիկայի, բարձր տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, մեքենաշինության, թեթև արդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Կողմերը կարևորել են Հայաստանի մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հնարավորությունների ընդլայնումը, որի ուղղությամբ Ճապոնիայում վերջերս բացված ՀՀ դեսպանությունը ևս ակտիվ աշխատանք է սկսել:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան՝ Նախագահին հանձնելով ոսկե մեդալը և բաճկոնին ամրացնելով համալսարանի կրծքանշանը: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Տոկիոյի Սոկա համալսարանում՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նման պատվի արժանացնելու համար:

Օրվա ավարտին Սերժ Սարգսյանն ընթրիք է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի Ճապոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական լիգայի անդամների հետ:

Ավարտելով այցը Ճապոնիա՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

← Վերադառնալ