05
03, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 05-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, Նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ըստ Հանրապետության ղեկավարի, Հայաստանը և Բելգիան չափերով համադրելի երկրներ են, և Հայաստանում Բելգիան մշտապես ընկալվել է որպես ուսանելի զարգացման մոդել։

ՀՀ նախագահը և Բելգիայի Սենատի նախագահը կարևորել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն ու հետևողական երկխոսությունը:

Զրուցակիցներն ընդգծել են 2000թ. սկզբից երկու խորհրդարաններում ձևավորված հայ-բելգիական բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, որը, նրանց համոզմամբ, լավագույնս կծառայի հայ-բելգիական բարեկամության խորացմանը, ինչպես նաև եվրոպական ընտանիքին Հայաստանի առավել մերձեցմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականներին և հանդիպման պատեհ առիթից օգտվելով, մեկ անգամ ևս ընդգծել այն խոշոր նպաստը, որ բերեց միջազգային հանրությանը Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Բելգիայի գործադրած ջանքերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ավելի ուշ հանդիպում կունենա նաև Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:



***



Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ի երեկոյան հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նախագահը կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը: «Շնորհակալ եմ, որ դուք ապացուցում եք, որ կարելի է լինել բելգիացի և պահպանել, զարգացնել հայկական ինքնությունը»,-Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի և հայրենիքի միջև, և իր ցանկությունն է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան: «Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները պահպանեն հայկական ինքնությունը՝ իրենց նպաստը բերելով հայ-բելգիական բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը: Ասածս ճշմարիտ է յուրաքանչյուրիդ համար առանձին-առանձին և բոլորիս համար միասին: Մենք ուժեղ ենք մեր վառ անհատականություններով, բայց առավել ուժեղ ենք մեր միասնությամբ»,-հանդիպման մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն իր ներածական խոսքում, այնուհետ նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է Բելգիայի, Եվրոպական միության և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի հարաբերություններին ու զարգացման հեռանկարին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և մի շարք այլ հարցերի:

Նախագահը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ հարաբերություններում, և այսօր բանակցում է մի կողմից Ասոցացման համաձայնագրի, իսկ մյուս կողմից՝ Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի ու մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը դյուրացնելու շուրջ, ինչը զգալի խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման ու հարաբերությունների զարգացման գործում:



***



Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ:

Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

(Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ավարտին ամբողջությամբ ներկայացված է կայքի Նորություններ բաժնում)



***



Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 06-ին մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձևաչափով նիստին:

Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին:

Հանրապետության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների և դրանց արդյունքների մասին: Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի անդամ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ, ովքեր բարձր են գնահատել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների դինամիկան, Հայաստանում իրականացվող քաղաքականության արդյունքներն ու այն հանձնառությունները, որոնք մեր երկիրն ստանձնել ու հաջողությամբ է իրականացնում՝ որպես գործընկեր երկիր:

Քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը, որտեղ ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը համարվել է որպես այլընտրանք չունեցող:

Նախագահ Սարգսյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, շնորհակալություն հայտնել գնահատանքի և քաջալերանքի խոսքերի համար:



***



Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 06-ին հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

(Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպման ավարտին ամբողջությամբ ներկայացված է կայքի Նորություններ բաժնում)



***



Բրյուսելում Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 06-ի երեկոյան հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

(Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպման ավարտին ամբողջությամբ ներկայացված է կայքի Նորություններ բաժնում)



***



Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 06-ի երեկոյան հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, որտեղ հանդես է եկել ելույթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:

Նախագահն անդրադարձել է անկախությունից ի վեր եվրոպական զարգացման ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության եվրամերձեցման քաղաքականության իրագործման ուղղությամբ եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին: Հայ ժողովրդի այդ ընտրությունը համարելով միանգամայն բնական՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում նաև փոքրիկ պատմական անդրադարձ է կատարել, նշելով, որ հայ ժողովուրդն աստիճանաբար վերագտնում է իր ժողովրդավարական ավանդույթները, որոնց արմատները դարերի խորքում են: Հանրապետության ղեկավարը հիշել է դեռևս Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում 1860թ. ընդունված «Որոգայթ փառաց» կոչվող Ազգային սահմանադրությունը, որը մի քանի տարի անց եվրոպական պետությունների ճնշման տակ ստիպված էր հաստատել նաև սուլթանը: Այն նախատեսում էր արևմտահայերի ներկայացուցչական մարմինների ձևավորում համընդհանուր և գաղտնի քվեարկությամբ: Ավելորդ համարելով նշել, որ օսմանյան իշխանությունները երկար չհանդուրժեցին հայերի կողմից առաջադիմության այս բռնկումը և առաջին իսկ առիթի պարագայում դադարեցրին դրա գործունեությունը՝ Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, թե ինչով ավարտվեց հայ առաջադիմականության և օսմանյան դժնդակ իրականության բախումը, որը հայտնի է համաշխարհային պատմությանը ծանոթ յուրաքանչյուր անձնավորության:

Եվրամերձեցման քաղաքականությունը, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլև արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է: «Հայաստանում և Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածությունը կարևորում ենք ոչ միայն նրա համար, որ ԵՄ­ն գլոբալ դերակատար է, այլև առաջին հերթին` ժողովուրդների խաղաղ, անվտանգ և կայուն գոյակցության ամենահաջողված մոդելն է: Հարավային Կովկասի լիարժեք զարգացման մեր տեսլականը խարսխված է այն արժեքների և գիտակցության վրա, որոնք հնարավոր են դարձրել Եվրոպայի հաջողությունը: Վստահ եմ, որ միայն ընդհանուր արժեքային համակարգի շնորհիվ կարող ենք կառուցել անվտանգ և զարգացող տարածաշրջան: Մեր տարածաշրջանն իսկապես ընդհանուր արժեքների գիտակցության սերմանման, անվտանգության օրակարգի մշակման և ինտեգրված տնտեսության ձևավորման կարիք ունի` մասնավորապես ի նկատի ունենալով մեր տարածաշրջանի յուրահատկությունները և առկա մարտահրավերների բազմազանությունը:

Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը մոտ է Եվրոպային և եվրոպական արժեհամակարգին ոչ միայն պետականաշինության իմաստով, այլև իր վարքագծով` որպես հուսալի գործընկեր թե՛ տարածաշրջանային, և թե՛ միջազգային համատեքստում: Հայաստանը հանդես է գալիս առկա բոլոր խնդիրները քաղաքական բանակցությունների, փոխհամաձայնության, բոլոր կողմերի շահերի հարգման և խաղաղ ճանապարհներով լուծման օգտին: Մենք պատրաստ ենք անել ամեն հնարավորը կանխելու աղետաբեր զարգացումները, վտանգավոր դիմակայությունները, նոր բաժանարար գծերի առաջացումը և գործով ենք ապացուցել մեր մտադրությունների լրջությունը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

Ելույթի ավարտին Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից և մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության իրապես ժողովրդավարական ճանապարհը: «Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ հավուր պատշաճի հարգվում են մարդու իրավունքները, երկիր, որտեղ դատաիրավական համակարգը գործում է լիովին անկախ, երկիր, որտեղ կա հավասար մրցակցություն քաղաքական ու տնտեսական դաշտերում, և ամենակարևորը` երկիր, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոկ ձև է, այլ նաև բովանդակություն: Սա է զարգացած երկիր և բարեկեցիկ ժողովուրդ ունենալու ճանապարհը, և մենք հետամուտ ենք այն անցնել մինչև նպատակի իրագործում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:



***



Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 07-ին հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական խորհրդարանի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

(Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպման ավարտին ամբողջությամբ ներկայացված է կայքի Նորություններ բաժնում)



***



Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 07-ին հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ հանդիպումները լավ առիթ է համարել միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր և գաղափարներ փոխանակելու, նաև Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության առաջընթացն ու գլոբալ առումով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները քննարկելու համար:

Հանրապետության ղեկավարը հանդիպման պատեհ առիթն օգտագործելով ՝ ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ԵԺԿ-ին հայաստանյան մի քանի քաղաքական ուժերի, այդ թվում՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամակցության գործում պարոն Մարտենսի անձնական աջակցության համար, նշելով, որ համաեվրոպական մեծ ժողովրդավարություն վայելող ԵԺԿ-ին անդամակցելը հայաստանյան կուսակցությունների համար եվրոպական քաղաքական դաշտին լիարժեք ինտեգրման գործում մեծ խթան կհանդիսանա:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ երկխոսությանը, մի շարք ուղղություններով եվրոպական կառույցների հետ հաջողությամբ իրականացվող համագործակցությանն ու մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, իր բրյուսելյան աշխատանքային այցի արդյունքներին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ինչպես նաև առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններին: ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել ընտրությունները եվրոպական չափանիշներին հարիր անցկացման հարցում ԵԺԿ-ի հարուստ փորձի օգտագործման և խորհրդատվական աջակցության վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վիլֆրիդ Մարտենսին՝ այդ հարցում ևս աջակցության պատրաստակամության համար:



***



Նախագահ Սերժ Սարգսյանի Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցն ավարտվել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակին, եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ԵՄ օժանդակությամբ իրականացվող և հեռանկարային ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանում ձեռնարկված լայնածավալ բարեփոխումների գործընթացին, որը մեր երկիրը, Նախագահի հավաստմամբ, վճռական է զարգացնելու ԵՄ չափանիշներին համապատասխան:

Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ չափազանց տպավորված է այն առաջընթացով, որը կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է Արևելյան գործընկերության ծրագրի ներքո իրականացված բարեփոխումներով:

ՀՀ նախագահը և ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը մանրամասն քննարկել են բոլոր ուղղություններով ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց:



← Վերադառնալ