Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից տրված հանդիսավոր ընդունելությանը, որը նվիրված է ԱՊՀ 20-ամյակին:
***
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Նստաշրջանը մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
ՀԱՊԿ-ում նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին:
Տեղի է ունեցել նաև համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ստորագրվել է թվով 23 փաստաթուղթ, որոնք միտված են հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը, կազմակերպության ներուժի մեծացմանը, ռազմական ու ռազմա-տնտեսական համագործակցության խորացմանը:
Նստաշրջանում կարևոր որոշումներ են ընդունվել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հատուկ ստորաբաժանումների վերազինման, տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի ձևավորման, թմրանյութերի ապօրինի շրջանառության ու ահաբեկչության դեմ պայքարի, Աֆղանստանի տարածքից եկող սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդելու ընդհանուր միջոցառումների վերաբերյալ:
Փոփոխություններ են կատարվել ՀԱՊԿ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով ավելի նպաստել կազմակերպության ներքին ինստիտուցիոնալ ամրապնդմանը: Ընդունվել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակը և ՀԱՊԿ հիմնադրման 10-ամյակը 2012թ. նշելու միջոցառումների ծրագիրը:
***
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը նվիրված է ԱՊՀ 20-ամյակին:
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարներն ընդունել են Հայտարարություն, որում հաստատել են իրենց մտադրությունն ուղղված՝ համագործակցության զարգացմանը և փոխըմբռնման ու փոխգործակցության ամրապնդմանը, մարդկանց կյանքի իրական բարելավմանը, նրանց բարեկեցության բարձրացմանն ու փոխադարձ շփման ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքից գործնական արդյունավետության բարձրացմանն աջակցելուն: Փաստաթղթում նշված են ԱՊՀ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ռազմավարական խնդիրները: Պատրաստակամություն է հայտնվել անել ամեն հնարավորը, որպեսզի ԱՊՀ-ն հետագայում ևս մնա կայունության և անվտանգության կարևոր գործոն, փոխշահավետ համագործակցության տարածք, կայուն քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և գիտատեխնիկական զարգացման տարածաշրջան:
ԱՊՀ երկրների ղեկավարները քննարկել են նաև 2012թ. ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Առանցքային է համարվել հատկապես կապի և տեղեկատվայնացման ոլորտներում փոխգործակցությունը: Որոշում է կայացվել ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունների դերի բարձրացման մասին ևս: