07
12, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը, որպես պատվավոր հյուր, դեկտեմբերի 7-ին մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 20-րդ կոնգրեսի լիագումար նիստին:

ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսն իր ելույթում կարևորելով Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը ԵԺԿ կոնգրեսին՝ ընդգծել է, որ Հայաստանի նախագահը Մարսել է ժամանել իր երկրի պատմության համար այս կարևորագույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, հազարավոր զոհերի մահվան պատճառ դարձած 1988թ. ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը: Նա նշել է, որ հիշում է համերաշխության այն զգացումը, որով այդ օրը համակվել էին Հայաստանին օգնելու համար: Դիմելով Նախագահ Սարգսյանին՝ ԵԺԿ նախագահն ասել է. «Հարգելի՛ Նախագահ, Դուք կգտնեք այդ նույն համերաշխությունը նաև այստեղ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընտանիքում: Ես մեր առաջին հանդիպմանը տպավորված էի Ձեր համոզմունքների ուժից, երկրի ներսում իրավիճակի Ձեր խորաթափանց տեղեկացվածությունից և իրականացվելիք բարեփոխումներից: Դուք համարձակ նախաձեռնությունների դիմեցիք Ձեր հարևանների նկատմամբ, առաջին հերթին՝ նկատի ունեմ Թուրքիան: Դուք հանձն առաք ներքին շատ հավակնոտ բարեփոխումներ: Հայաստանը խաղաղ ժողովրդավարություն է կառուցում, և այդ ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի: Հայաստանը շուկայական տնտեսության է անցել: Հայաստանը գտավ իր տեղը միջազգային ասպարեզում և այժմ իր ուշադրությունն ուղղում է դեպի Եվրոպա:

Հարգելի՛ Նախագահ, Հայաստանից երկու շաբաթ առաջ վերադարձած ԵԺԿ պատվիրակությունը, որը եկել էր գնահատելու ԵԺԿ-ին անդամակցության հայտ ներկայացրած չորս կուսակցությունները, խանդավառված էր: Մենք կասկած չունենք, որ Ձեր կուսակցությունը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը», կարող են մոտ ապագայում դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ: ԵԺԿ-ին անդամակցելու մասին որոշումն ընդունվելու է մեր համագումարի ժամանակ՝ 2012թ. փետրվարին:

Հարգելի՛ Նախագահ, այսօրվանից մենք Ձեզ համարում ենք Եվրոպայի ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ: Մենք հաճույքով ողջունելու ենք Ձեզ վաղը՝ ԵԺԿ գագաթնաժողովին, մեր պետությունների և կառավարությունների այլ ղեկավարների հետ»:

Նշելով, որ Հայաստանում ավանդույթը թելադրում է հպարտությամբ կրել կուսակցական կրծքանշանը, որն արտացոլում է նվիրվածությունն այդ կրծքանշանը խորհրդանշող արժեքներին, Վիլֆրիդ Մարթենսը Հանրապետության ղեկավար, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել իր կուսակցության՝ ԵԺԿ-ի կրծքանշանը: Նա ընդգծել է, որ դա խորհրդանշում է նվիրվածությունը ԵԺԿ-ին և ԵԺԿ-ի արժեքներին: Վիլֆրեդ Մարթենսն ասել է, որ իր նշած մյուս երկու կուսակցությունների նախագահներին կրծքանշանը կհանձնի ավելի ուշ:

Հայաստանի վերաբերյալ իր խոսքի սկզբում ԵԺԿ նախագահը նշել է նաև, որ Հայաստանը ներկա է Եվրոպայում, հատկապես՝ Ֆրանսիայի այդ հատվածում և դարպաս է Արևելքի ու Արևմուտքի միջև:



***



Ի պատիվ աշխատանքային այցով Մարսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 7-ի երեկոյան Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի կողմից տրվել է ընդունելություն, որին մասնակցել են նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:



***



Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ


Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Պատգամավորնե՛ր, Քաղաքային խորհրդի անդամնե՛ր,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ Մարսելի քաղաքապետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժան-Կլոդ Գոդենին ջերմ ընդունելության և այս հրաշալի հանդիպման համար: Բայց ավելին, ես շնորհակալ եմ նրան հայ ժողովրդին և հայկական հիմնահարցերին շարունակական նվիրված լինելու համար:

Սփյուռքի յուրաքանչյուր գաղութ այցելելիս յուրահատուկ հպարտության զգացում եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի հաջողությունների են հասել իմ հայրենակիցները:

Մարսելին իրապես հատուկ տեղ է վերապահված ոչ միայն ֆրանսահայ համայնքի, այլև հայության պատմության մեջ: Միջերկրական ծովի ամենանշանավոր նավահանգիստներից մեկը լինելով՝ Մարսելն ընդունեց Հայոց ցեղասպանությունը վերապրած տարագիրներին՝ մարդկանց, ովքեր անցել էին մարդկային զրկանքներ, բայց չէին կորցրել իրենց հավատը մարդկության և արարման հանդեպ:

Ցեղասպանությունը վերապրածներից շատերը հաստատվեցին Մարսելում: Այսօր այստեղ են նրանց ժառանգները: Ձեր ծնողների և նախնիների անցած ուղին վավերագրեց և գեղարվեստական կերպարով արարեց Անրի Վերնոյն իր «Մայրիկ» ֆիլմում: Այդ ֆիլմի առաջին տեսարանները ցույց են տալիս, թե ինչպես էին ունեզրկված հայերը, ովքեր անգամ տանիք չունեին գլխներին, Մարսելի նավահանգստում հետևում Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը: Բեռլինում ընթացող այդ դատավարությունից յուրաքանչյուր նորություն անդրադարձ էր գտնում Մարսելի նավահանգստում իջևանած հայերի մեջ: Եվ այդ մարդիկ ցնծացին այն ժամանակ, երբ ստացան Թեհլերյանի արդարացման լուրը: Դա ոչ թե վրեժի, այլ արդարության ցնծության լուր էր:

Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, որտեղ էլ նա լինի` Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում, պահանջում է արդարություն: Մենք ատելություն կամ վրեժ չենք քարոզում, որքան էլ Հայոց ցեղասպանության մեծ ողբերգությունն ուրացողները փորձում են մեզ ուղղորդել և դրդել այդ կողմը: Նրանք պարզապես մեզ թերագնահատում են:

Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ Եղեռնը, և ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն: Մեր նախնիներին իրենց հայրենիքում ոչնչացնելուց հետո Հայոց ցեղասպանության վերջին փուլն այդ ահավոր հանցագործության մասին հիշողության ոչնչացումն է: Բայց մենք միասնական ենք և երբեք դա թույլ չենք տա:

Մեզ հետ է առաջավոր մարդկությունը, և քաղաքապետի ելույթից, նաև վերջին իրադարձություններից շատ հստակ երևաց, թե ինչպիսի դիրքորոշում ունի Ֆրանսիան և ֆրանսիական ժողովուրդը: Ես ուզում եմ իմ հայրենակիցներին հավաստիացնել, որ Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի վերջին այցը Երևան, իրոք, պատմական այց էր, և աշխարհի որևէ երկրի ղեկավար մեր ժողովրդի ցավերի՝ կապված հենց հայ-թուրքական հարաբերությունների հետ, ցեղասպանության հետ, որևէ մեկն այդպիսի խոսքեր չէր արտաբերել երբեք, և մենք ուղղակի պետք է երախտապարտ լինենք այս չքնաղ երկրի իմաստուն նախագահին:

Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ:

Մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին: Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում:

Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ինչպես պարոն քաղաքապետն ասաց, իմ գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մարսել, որպեսզի մասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին: Անկախ մեր ակնկալած և ստացած արդյունքից` սա էական ձեռքբերում է Հայաստանը դեպի Եվրոպա բերելու ճանապարհին: Եվ ուզում եմ իմ հայրենակիցներին ասել, որ այսօր Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահը, մեծ դահլիճում ինձ հանձնելով ԵԺԿ կրծքանշանը, ասաց, որ մենք եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ ենք: Սա մեզ համար լուրջ ձեռքբերում է: Մեզ համար նաև էական է, որ այդպիսի կարևոր իրադարձությունը տեղի ունեցավ մեզ համար այդքան հարազատ քաղաք Մարսելում:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եվրոպական ուղղությունն առաջնահերթ է մեզ համար: Վերջին տարիներին լուրջ հաջողություններ ենք արձանագրել այս բնագավառում: Եվրոպական միությունը դարձել է ոչ միայն մեր կարևորագույն գործընկերներից մեկն արտաքին աշխարհում, այլև շատ լուրջ դերակատարում ունի Հայաստանի ներսում` նպաստելով մեր բարեփոխումների անցկացմանը և մեր երկրի տնտեսական ու ընդհանուր կայունության ամրապնդմանը:

Մեր աշխատանքի էական ուղղություններից մեկը համաեվրոպական կառույցներում Հայաստանին արժանի տեղն ու դերն ապահովելն է: Իսկ դա ճշմարիտ է ամբողջ քաղաքական համակարգի տեսանկյունից: Այսօր նաև Հայաստանի քաղաքական դաշտն է դառնում եվրոպական և յուրացնում եվրոպական արժեքները, հուսով եմ, որ նաև գործելաոճը:

Ու նաև այս առումով եմ ցանկանում հատուկ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին և մասնավորապես Ֆրանսիայի Նախագահին՝ հայ ժողովրդի մեծ բարեկամին, մեր ջանքերին սատար կանգնելու համար:

Ո՞վ, եթե ոչ նաև Եվրոպայի հայերը, կարող են օգտակար լինել մեզ՝ հայրենիքին այս ճանապարհին: Երկքաղաքացիության ինստիտուտն այսօր գործում է իրականում: Ըստ էության, վերացել է այն հոգեբանական պատնեշը, որը խոչընդոտ էր սփյուռքահայերից շատերի համար: Ուրախությամբ կարող եմ նշել, որ այսօր բազմաթիվ սփյուռքահայեր Հայաստանի կյանքում աշխույժ ու անմիջական մասնակցություն ունեն: Ես մի քիչ դժվարությամբ եմ այս բառն արտաբերում՝ սփյուռքահայը, որովհետև ինձ համար խորթ է: Հասկանում եք՝ հայը հայ է, որտեղ էլ նա ապրի:

Անշուշտ, դա հեշտ բան չէ: Հեշտ չէ թողնել ծանոթ միջավայրը և նոր գործ ձեռնարկել հարազատ, բայց իրականում անծանոթ հայրենիքում: Իսկ դրա համար անհրաժեշտ է ազատ ու բաց քննարկել առկա խնդիրները, որպեսզի մեր հայրենիքում հաղթեն խաղի եվրոպական կանոնները: Թերությունները մատնանշելը միայն գործի կեսն է, կեսն էլ չկա: Մենք էական առաջընթաց ենք ապրել, բայց ունենք բոլորիս քաջ ծանոթ խնդիրներ, պրոբլեմներ: Եվ անհրաժեշտ է համատեղ փնտրել այդ դժվարությունները վերացնելու ուղիներն ու կիսել հաջողության պատիվն ու պատասխանատվությունը:

Մենք հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Հայաստանի խնդիրները լուծելու ազնիվ գործին: Սփյուռքի մեր արյունակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի: Եվ հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք եղած թերությունները: Պիտի քննարկենք մեր խնդիրները` առանց յուրաքանչյուրս իր պատասխանատվության բաժնից խուսափելու: Եվ առաջին պատասխանատուն այդ թերությունների համար, իհարկե, ես եմ: Բայց ուզում եմ, որպեսզի բոլորդ մասնակցեք, մեզ հետ կիսեք պատասխանատվությունն ու, ինչպես ասացի, նաև հաջողության պատիվը:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Խոսքիս վերջում ցանկանում եմ ձեզ հետ կիսել ևս մեկ ուրախալի լուր: Վստահ եմ, որ շատերդ տեղյակ եք, բայց ոչ բոլորդ. այս այցի նախօրյակին ես ստորագրեցի «Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» հրամանագիրը։ Այսուհետև Երևանը և Մարսելը կկապվեն եղբայրական ևս մեկ ամուր օղակով, իսկ Մարսելի հայկական ավանդական հաստատությունների կողքին կլինի նաև մեր երկրի գլխավոր հյուպատոսությունը: Եվ, իհարկե, շնորհակալ եմ պարոն Սրմաքեշին ՝ իր մասնակցության համար:

Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական սերտ հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության համատեքստում գլխավոր հյուպատոսության հիմնումն առավել արդյունավետ է դարձնելու հյուպատոսական ծառայությունների մատուցումը: Ամփոփելով խոսքս` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային և ֆրանսահայերին, մարսելցիներին ու մասնավորապես, մարսելահայերին՝ իրենց վերաբերմունքի համար, իրենց եռանդի համար ու նաև իրենց հաջողության համար, որովհետև աշխարհի որևէ երկրում հաջողության հասած հայը Հայաստանը դարձնում է ավելի ճանաչելի: Շատ շնորհակալ եմ ձեզ: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունը հայտնել պարոն Գոդենին իր բոլոր գործերի համար և հաճույքով նրան հրավիրում եմ Երևան:



← Վերադառնալ